HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

Գառնի բանավանի բնակչուհին պահանջում է ավարտել թանկարժեք խաղահրապարակի կառուցումը

Գառնիի բանավան թաղամասի բնակչուհի Զոյա Հարությունյանը բանավանի խաղահրապարակի կառուցումը վերահսկելու խնդրանքով առաջին դիմումը Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանին հասցեագրել է 2016 թ.-ի մայիսին:

«Երբ մեկ տարի առաջ, դպրոցին կից, սկսվեց խաղահրապարակի շինարարությունը՝  մենք մեծ ուրախությամբ սպասում էինք դրա ավարտին: Սակայն անցել  է  մեկ տարի, շինարարական  աշխատանքներն այդպես էլ մնացել են անավարտ: Այս հարցով մի քանի անգամ դիմել ենք համայնքապետ Աշոտ Վարդանյանին, նա խոստացավ, որ մինչեւ սեպտեմբերի 1-ը կավարտեն շինարարությունը, բայց այդպես էլ չկատարեց իր խոստումը»,- մարզպետին տեղեկացրել է Զ. Հարությունյանը:

Բնակչուհու այս գրությունը մարզպետարանում ուշադրության չի արժանացել, իսկ մի քանի ամիս հետո, 2016 թ.-ի նոյեմբեր ամսից նախկին համայնքապետ Աշոտ Վարդանյանն արդեն համայնքի ղեկավար չէր:  

Առ ժամանակ հետո նա կրկին դիմել է մարզպետին՝ խնդրելով հետամուտ լինել խաղահրապարակի կառուցումն ավարտին հասցնելուն: «Քանի որ գոյություն ունի խաղահրապարակի կոնկրետ նախագիծ, ընտրված է կոնկրետ շինարարական կազմակերպություն, որն իրականացրել է շինարարության մի մասը, կարելի է ենթադրել, որ տվյալ խաղահրապարակի կառուցումը բյուջեով նախատեսված ծրագիր է: Մեզ մոտ հարց է առաջացել, թե ինչո՞ւ է այդ ծրագիրն անավարտ մնացել, ինչո՞ւ շինարարական կազմակերպությունը նախագծով նախատեսված  ժամանակահատվածում չի ավարտել շինարարությունը, եւ ովքեր պետք է պատասխանատվություն կրեն դպրոցի տարածքում կիսակառույց շինության համար»,- գրում է նա:

Զոյա Հարությունյանն այս հարցով դիմել է նաեւ վարչապետ եւ կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի նախագահ Կարեն Կարապետյանին: Տեղեկացրել է, որ Կոտայքի մարզպետին հասցեագրված իր երկրորդ գրությունը վերահասցեագրվել է Գառնիի համայնքապետին: Նոր համայնքապետը որոշակի գույք է տեղադրել, սակայն շինարարությունն անավարտ է մնացել: Նա խնդրել է վերահսկել աշխատանքները եւ պարզել, թե ինչու արդեն 3 տարի չի իրականացվում բյուջեով նախատեսված ծրագիրը, ով է պատասխանատվություն կրելու դպրոցի տարածքում կիսակառույց խաղահրապարկի համար:

Կոտայքի մարզպետի հանձնարարությամբ ստեղծված հանձնաժողովն ուսումնասիրել է շինաշխատանքների կատարման որակն ու քանակը: Գառնիի բանավան թաղամասում երեխաների խաղահրապարակի վերանորոգման եւ բարեկարգման աշխատանքներ կատարելու համար համայնքի նախկին ղեկավար Աշոտ Վարդանյանը 2015 թ. օգոստոսի 3-ին կապալային աշխատանքների կատարման պայմանագիր է կնքել «Հակոբյան Յու.Ա.» ՍՊԸ-ի հետ: Խաղահրապարակն ավարտուն տեսքի բերելու համար, պայմանագրի համաձայն, բանավանում պետք է կատարվեր 4 մլն 998 հազար դրամի բարեկարգման աշխատանք: Հանձնաժողովը պարզել է, որ շինաշխատանքները կատարվել են 2 800 000 դրամի թերակատարումով, իսկ կատարված աշխատանքները  պատշաճ որակի չեն: Կապալառուն տեղադրել է ցեմենտբետոնյա ցանկապատ, որն ունի ճաքեր եւ ջարդվածքներ:

Պայմանագրով աշխատանքների կատարման ժամկետ է սահմանվել մինչեւ 2015 թ.-ի սեպտեմբերի 18-ը, սակայն շինաշխատանքները մինչ օրս չեն ավարտվել: Առանց հիմնավորման, կապալառու ընկերությունը դադարեցրել է շինարարական աշխատանքները: Պայմանագրի համաձայն՝ համայնքապետարանը չպետք է վճարեր կապիտալ շինարարության համար կատարված աշխատանքների ընդհանուր գումարի  5%-ը, մինչեւ հանձնման-ընդունման ավարտական արձանագրությունն ստորագրելը: Կապալառուի հետ աշխատանքների հանձնում-ընդունում չի կատարվել, գույքը չի հանձնվել պատվիրատուի տնօրինությանը, սակայն համայնքապետարանը գումարն ամբողջությամբ վճարել է ընկերությանը:

Պայմանագրով կազմակերպությունը պետք է երեխաների խաղահրապարակի վերանորոգման եւ բարեկարգման աշխատանքներ իրականացներ, իսկ «Հակոբյան Յու.Ա.» ՍՊԸ-ն շինարարական կազմակերպություն չէ: Ընկերությունը բետոնե հավաքովի շինարարական կոնստրուկցիաներ է արտադրում եւ իր արտադրած կոնստրուկցիաները հատկացված տարածքում տեղադրելով՝ աշխատանքն ավարտված է համարել:

Բացի այն, որ խաղահրապարակի կառուցման համար ուռճացված բյուջե է կազմվել,  հանձնաժողովը նաեւ պարզել է, որ չկատարված աշխատանքների դիմաց կազմակերպությանը 2 մլն 800 հազար դրամ ավել է վճարվել: Մարզպետարանը ընկերությանը պարտավորեցրել է ավարտին հասցնել աշխատանքերը:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter