HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կառուցապատման և ազգային անվտանգության կապը

Նախորդ ամիս «Հետքը» համագործակցության էր հրավիրել տարբեր մասնագիտությունների տեր անձանց: Մեր նպատակը մի կողմից «Հետքի» բարեկամ-ընթերցողների համայնք ձեւավորելն էր, նրանց հետ կապն ամրապնդելը, մյուս կողմից' նոր հեղինակներ ներգրավելը եւ նոր բովանդակություն ստեղծելը:

Մեր հրավերին արձագանքեց ավելի քան հինգ տասնյակ մարդ, որոնցից ընտրեցինք 15-ին: Նրանց թվում են տարբեր մասնագիտությունների տեր երիտասարդներ' պատմաբան-մարդաբան, արեւելագետ, ճարտարապետ, ՏՏ մասնագետներ, դիզայներ, նյարդալեզվաբան եւ այլն: Եվ ահա, մեկ շաբաթ առաջ կայացավ «Հետքի» խմբագրակազմի եւ ընթերցողական այդ փոքր խմբի հանդիպումը, որի ժամանակ նախանշվեցին համագործակցության ձեւաչափը եւ ոլորտները:

Նրանք մեր լսարանին առաջարկում են այնպիսի թեմաներով նյութեր, որոնց «Հետքը» նախկինում չի անդրադարձել: Այսօր ներկայացնում ենք մեր նոր հեղինակի` ճարտարապետ Արթուր Հայրապետյանի հոդվածը եւ խնդրում հայտնել ձեր կարծիքը։  

 

Երևան. քաղաք, որն ասոցացվում է արևի, ջերմության ու…Թամանյանի հետ, ում կողմից 1924 թվականին մշակվեց քաղաքի գլխավոր հատակագիծը 150 հազար բնակչի համար: Ժամանակի ընթացքում քաղաքն աճեց և 1934 թվականին Թամանյանը սկսեց մշակել «Մեծ Երևանի» հատակագիծն արդեն 500 հազար բնակչի համար, որը մնաց անավարտ:

Այսօր քաղաքում բնակչության թիվը մեկ միլիոնին մոտ է և օր օրի ավելանում է: Դրա հետ կապված առաջանում է նոր բազմաբնակարան շենքերի կառուցման, հին շենքերի բնակմակերեսի ավելացման, կցակառույցների կառուցման պահանջարկ, որը շատ հաճախ ուղեկցվում է քաղաքաշինական ու սեյսմիկ նորմերի կոպիտ խախտմամբ:

Սովորաբար մարդիկ դասեր են քաղում անցյալում կատարված սխալներից: Սակայն արի ու տես, որ միշտ չէ այդպես: Շատերն են ապրել 1988 թվականի ավերիչ, աղետալի երկրաշարժը, որի հետևանքները դեռ վերացված չեն, բայց դա չի խանգարում, որ մարդիկ այսօր էլ շենքերի սեյսմիկ անվտանգությանը նայեն մատների արանքով:

Տպավորություն է, թե մենք ապրում ենք հենց այնպես, կյանքը տրված է, և մենք այլ բան չունենք անելու, քան՝ ապրելը: Անտարբեր ու անփույթ վերաբերմունք օտարի հանդեպ՝ մի կերպ հասկանալ դեռ կարելի է, չնայած դա էլ ընդունելի չէ, սակայն նման վերաբերմունք սեփական անձի ու, առավել ևս, ընտանիքիդ հանդեպ՝ անհասկանալի է:

Մարդկանց մոտ կա կարծիք, թե՝ «եթե երկրաշարժ լինի, միևնույն է՝ ամեն ինչ կփլվի, դրա համար չարժե ծախս անել ու ավելի ամուր տուն կառուցել», կամ՝ «մեկ է, ոչ մի բան էլ չի լինի, եթե կրող տարրերից մեկը կտրեմ կամ վնասեմ, մարդիկ ինչե՜ր են անում, իմ էս արածը մի փոքր բան է, բա տունս լույս չի ընկնում…»:

Ինչպես հայտնի «Մենք ենք, մեր սարերը» ֆիլմում է ասվում՝

«Մեծ հանցանքը ծնվում ա «փոքր» հանցանքից, այսինքն թե՝ չկա «փոքր» հանցանք»:

Ներկայացնեմ առկա մտահոգություններս

Ի՞նչ խնդիրներ կան այսօր այս ոլորտում, որոնք կարող են նոր աղետի պատճառ դառնալ.

1. գոյություն ունեցող շենքերին կցակառույցների, նոր հարկերի ավելացում, բաց պատշգամբների փակում ծանր նյութերով

2. գոյություն ունեցող շենքերի կրող տարրերի քանդում, կտրում, վնասում

3. նոր կառուցվող կառույցների սեյսմիկ, կոնստրուկտիվ ու քաղաքաշինական նորմերի անտեսում:

Ընտանիքի անդամների  թվի ավելացմանը զուգընթաց առաջանում է նոր բնակմակերեսի անհրաժեշտություն: Այս հարցի լուծման համար բնակիչն ունի 2 լուծում՝ գնել նոր բնակարան, որն ավելի մեծ մակերես կունենա, կամ էլ ունեցած բնակարանը մեծացնել՝ ի հաշիվ շենքին կցակառույց ավելացնելու, տանիքին հարկ ավելացնելու կամ էլ բաց պատշգամբի փակման միջոցով:

Նոր բնակարանի ձեռք բերում ամեն մեկն իրեն թույլ տալ չի կարող, հետևաբար արվում է երկրորդ տարբերակը. շենքը, որը նախագծվել ու կառուցվել է առավել ցածր սեյսմիկ ռիսկի հաշվարկով (1988 թվականի երկրաշարժից հետո վերանայվել ու խստացվել են սեյսմակայուն շինարարության նորմերը) և ունի բնական մաշվածություն, նախ ենթարկվում է նոր բացվածքների «գրոհին»՝ դուռ, պատուհան, կրող պատերի մեջ ներկառուցվող պահարանների համար բացվածքներ, կրող պատերի քանդում և այլն, ապա, արդեն էլ ավելի թուլացած շենքի «գլխին» ավելացվում է նոր հարկ՝ դառնալով ավելորդ բեռ, կամ նոր սենյակներ են հայտնվում շենքին կից՝ նրանից տարբերվող կոշտությամբ ու կոնստրուկտիվ լուծումներով՝ առանց հակասեյսմիկ կարանի:

Վերը նշված բոլոր դեպքերն էլ թուլացնում են շենքը, ծանրացնում ու վնասում նրա կրողունակությունը, դարձնում առավել ռիսկային երկրաշարժի ժամանակ:

Կա այլ խնդիր ևս՝ կապված նորակառույց բնակելի տների հետ: Վերջին տարիներին  ապօրինի կառուցապատման հանդեպ բավական կոշտ քաղաքականության արդյունքում քաղաքացիները ստիպված դիմում են մասնագետներին նախագծի համար, սակայն կառուցելու ընթացքում կրկին անտեսում են թե՛ նախագիծը, թե՛ մասնագետների հորդորները՝ կառուցել առանց խախտումների, պահպանել բոլոր նորմատիվ պահանջները, իսկ սեփականատերն այլևս կարող է ինքն իր տունը կառուցել առանց լիցենզավորված շինարարական ընկերության միջամտության և առանց տեխնիկական հսկողության՝ կախված որոշ չափորոշիչներից՝ շինության տեսակ, որոշակի մակերես և այլն:

Կան նաև մարդիկ, ովքեր կարողանում են կոռուպցիոն մեխանիզմների օգտագործմամբ շրջանցել նույնիսկ օրենքն ու իրականացնել իրենց վտանգավոր կառուցապատումը:

Չմոռանանք վտանգի հետ միասին նշել նաև քաղաքի տեսքի, քաղաքաշինական սխալների, հակահրդեհային նորմատիվ պահանջների խախտման մասին, իսկ Թամանյանին ամեն երկրորդ նախադասության մեջ հիշելուց առաջ գուցե լավ կլինի հարգել նրա կատարած աշխատանքն ու քաղաքի զարգացումը կազմակերպել շրջակա միջավայրին, արդեն կառուցված ու Երևանի հոգևոր մաս կազմող շենքերին ներդաշնակ՝ առանց աղճատելու երբեմնի քաղաքն ու քաղաքի փիլիսոփայությունը…գոնե այն, ինչ մնացել է դրանից:

Հ. Գ. Այս խախտումների բացակայության պայմաններում, նույնիսկ հզոր երկրաշարժի դեպքում, հնարավոր է խուսափել մարդկային կորուստներից ու լուրջ ավերածություններից, եթե խստորեն պահպանվեն սեյսմիկ շինարարության բոլոր պահանջները, սակայն քաղաքացիներն իրենց անփույթ վերաբերմունքի պատճառով վտանգում են թե՛ իրենց, թե՛ իրենց ընտանիքի կյանքն ու առողջությունը, ինչը, համատարած բնույթ կրելու դեպքում, դառնում է ազգային անվտանգության խնդիր:

 

Շենքի լուսանկարները՝ Photolure-ի

Մեկնաբանություններ (1)

Հովհաննես
Իսկ համագործակցության համար մասնագետների ընտրությունը փակվել է?։ Եթե ոչ, ապա էներգետիկայի հետ կապված կարող ենք փորձել համագործակցել։ Շնորհակալություն

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter