HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանն ու Չինաստանը նախաստորագրել են օդային հաղորդակցությունների մասին նոր համաձայնագիր

Հայաստանի կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանի հրավերով օգոստոսի 8-ին Հայաստանի Հանրապետություն է ժամանել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության քաղաքացիական ավիացիայի վարչակազմի պետի տեղակալ Վանգ Ճիցինգի գլխավորած բարձրաստիճան պատվիրակությունը՝ մասնակցելու երկօրյա բանակցությունների: Այս մասին տեղեկացնում է վարչության մամուլի ծառայությունը:

ՔԱԳՎ պետի տեղակալ Արսեն Պողոսյանը չին գործընկերներին ներկայացրել է Հայաստանի քաղաքացիական ավիացիայի ոլորտի ներկա վիճակը, կատարված բարեփոխումները, այդ թվում նաև՝ Չինաստանի քաղաքացիների համար մուտքի արտոնագրի դյուրացումը:

Չին պատվիրակները, իրենց հերթին ներկայացնելով Չինաստանի ավիացիոն իշխանության ոլորտում արձանագրած ցուցանիշները, նշել են իրենց հետաքրքրվածությունը Չինաստանի և Հայաստանի միջև ուղիղ չվերթների կազմակերպման վերաբերյալ, անդրադարձ են կատարել մասնագետների վերապատրաստումների կազմակերպմանը, փորձի փոխանակմանը և միջկառավարական համագործակցության զարգացմանը:

Այցի շրջանակներում նախաստորագրվել է «Հայաստանի Հանրապետության կառավարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության միջև օդային հաղորդակցությունների մասին» համաձայնագիրը և ստորագրվել է երկու պետությունների ավիացիոն իշխանությունների միջև փոխըմբռնման հուշագիրը:

Համաձայնագրով կարգավորվում են երկու պետությունների հարաբերությունները թռիչքային, ավիացիոն անվտանգության ապահովման, լիցենզիաների և վկայականների փոխճանաչման և մի շարք այլ ոլորտներում, ինչպես նաև՝ ամրագրվում են երկու պետությունների ավիաընկերություններին թույլտվությունների տրամադրման սկզբունքները:

Բանակցությունների արդյունքում երկու պետությունների ավիացիոն իշխանությունները եկել են համաձայնության երկու պետությունների ավիաընկերություններին փոխադարձաբար տրամադրել օդի 5-րդ ազատության իրավունքով երթուղիների շահագործման իրավունք:

Հայկական պատվիրակությունը, ՔԱԳՎ պետ Սերգեյ Ավետիսյանի գլխավորությամբ, Չինաստանի Ժողովրդական Հանրապետության քաղաքացիական ավիացիայի վարչակազմի պետի տեղակալ Վանգ Ճիցինգից ստացել է հրավեր՝ մեկնելու Չինաստան՝ չինական ավիաընկերությունների ներկայացուցիչների հետ տեղում քննարկելու դեպի ՀՀ չվերթների իրականացման համար գործնական քայլերը:

ՔԱԳՎ-ն հիշեցնում է, որ 1997 թվականին ընդունված «Հայաստանի Հանրապետության կառավարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության միջև քաղաքացիական ավիացիայի վերաբերյալ» համաձայնագիրը կորցրել էր արդիականությունը և առաջացել էր վերանայման անհրաժեշտություն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter