HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաբամուսուլմանական աշխարհն ու կարծրատիպերը

Նախորդ ամիս «Հետքը» համագործակցության էր հրավիրել տարբեր մասնագիտությունների տեր անձանց: Մեր նպատակը մի կողմից «Հետքի» բարեկամ-ընթերցողների համայնք ձեւավորելն էր, նրանց հետ կապն ամրապնդելը, մյուս կողմից' նոր հեղինակներ ներգրավելը եւ նոր բովանդակություն ստեղծելը:

Մեր հրավերին արձագանքեց ավելի քան հինգ տասնյակ մարդ, որոնցից ընտրեցինք 15-ին: Նրանց թվում են տարբեր մասնագիտությունների տեր երիտասարդներ' պատմաբան-մարդաբան, արեւելագետ, ճարտարապետ, ՏՏ մասնագետներ, դիզայներ, նյարդալեզվաբան եւ այլն: Եվ ահա, մեկ շաբաթ առաջ կայացավ «Հետքի» խմբագրակազմի եւ ընթերցողական այդ փոքր խմբի հանդիպումը, որի ժամանակ նախանշվեցին համագործակցության ձեւաչափը եւ ոլորտները:

Նրանք մեր լսարանին առաջարկում են այնպիսի թեմաներով նյութեր, որոնց «Հետքը» նախկինում չի անդրադարձել: Այսօր ներկայացնում ենք մեր նոր հեղինակի` Աստղիկ Գաուդյանի հոդվածը եւ խնդրում հայտնել ձեր կարծիքը։ 

Արաբական աշխարհ հասկացությունն այնքան լայն է ու մեծ, որ դժվար է համընդհանուրի մասին գրելը։ Արաբական պետություններն իրարից տարբեր են, արաբերենը ամեն երկրում տարբեր է, մշակույթը տարբեր է, սովորույթները տարբեր են: Մեկ տարի ապրելով և սովորելով Հորդանանում և ներսից ծանոթանալով այդ բազամազան մշակույթին՝ հասկացա, թե ինչքան գունեղ, տարբեր, խառը աշխարհի հետ գործ ունեմ։ Արաբական երկրներից Հորդանանը, Եգիպտոսը, Լիբանանը, Պաղեստինը, Սիրիան ընդհանրություններ շատ ունեն։ Հորդանանում շատ էին պաղեստինցիները, եգիպտացիները, սիրիացիները, և նրանց մշակույթին ծանոթանալ նույնպես ստացվեց։

Արևելքի և արևմուտքի միջև գոյություն ունեցող բաժանումն ու արժեհամակարգերի տարբերությունը շատ երկար պատմություն ունեն։ Հասկացություններ կան, որոնք տարբեր ընկալումներ ունեն արևելքում ու արևմուտքում։ Թյուր ըմբռնում կա այդ հսկայական արաբամուսուլմանական բազմազան աշխարհի նկատմամբ։ Չնայած որ հայ-արաբական առնչությունները դարերի պատմություն ունեն, այնուամենայնիվ հայ հասարակության մեջ արաբամուսուլմանական աշխարհի մասին պատկերացումները բավականին քիչ են և երբեմն` ոչ ճշգրիտ: Երևի թե սխալ կլինի ասելը, թե Հայաստանում կա իսլամաֆոբիա, սակայն որոշակի կարծրատիպեր արաբների և մուսուլմանների նկատմամբ առկա են։

Ամբողջ աշխարհում ամենատարածված կարծրատիպերից է, թե մուսուլմանները ահաբեկիչներ են կամ ծայրահեղականներ։ Վերջին տարիներին ահաբեկչական ակտերի ավելացման հետ կապված և «Իսլամական պետություն» կառույցի հայտնվելը Մերձավոր Արևելքում կարծես ավելի ծայրահեղ դարձրին ընկալումները մուսուլմանական աշխարհի մասին։ Իսլամն ասոցացվում է ահաբեկչության հետ։ Ծայրահեղականության և ահաբեկիչ դառնալու պատճառների և հիմքերի մասին հիմա չենք խոսի, քանի որ այդ թեման չափազանց նուրբ է և հակասական։ Իրականում պարզ է, որ դա իսլամի հետ է կապված, բայց անհեթեթ է բոլորի մասին նման պատկերացում կազմելը։ Կարող ենք ասել ընդամենը, որ սովորական մուսուլմաններն ամբողջովին հեռու են ահաբեկիչ լինելուց։  Գաղտնիք չէ, որ կրոնները ստեղծված են մարդկանց զանգվածները կառավարելու համար։ Իսլամի մեջ այդ կառավարման մեխանիզմները բավականին շատ են։ Խոցելի խմբերը նույնպես շատ են։ Ամեն անգամ արաբի հետ զրուցելիս նկատում ես, թե որքան ճնշվածության զգացում կա մեջը ահաբեկիչների ու նրանց գործունեության պատճառով։ Բոլորն ամեն կերպ փորձում են ցույց տալ և հասկացնել, որ իրենք մուսուլման են, սակայն ահաբեկիչ չեն և չեն ցանկանում կրել իրենց վրա այդ բեռը։ Ընդհանուր առմամբ տհաճ է ինչ-որ տիպի պիտակավորում ունենալ։

Կարծիք կա, թե կանայք արաբական երկրներում ճնշված են։ Մարդկանց իրավունքները ամբողջ աշխարհում ոտնահարվում են, և արդարության մասին խոսելը ծիծաղելի է։ Նույն կերպ ամբողջ աշխարհում ոտնահարվում են կանանց իրավունքները, և արաբական երկրներին առանձնացնելը ընդհանուրից սխալ է։ Պետք է կրկնել, որ արաբական հասարակության մեջ ամեն երևույթի և հասկացության մասին խոսելիս միշտ անհրաժեշտ է հաշվի առնել մշակութային և գաղափարական առանձնահատկություններն ու տարբերությունները արևմտյանից։ Եթե մենք ամեն բան դիտարկենք եվրոպական արժեհամակարգի դիրքերից, ապա արևելքի սովորույթններն ու նորմերը կդառնան անընդունելի և անտրամաբանական։ Սակայն ի՞նչ պարտադիր է ամեն ինչին նայել Եվրոպայի աչքով։ Յուրաքանչյուր տարածաշրջան թելադրում է իր կանոներն ու բարքերը։ Եթե Եվրոպայում և քրիստոնեական արժեհամակարգում կանայք գլխաշորեր չեն կապում և երկրորդ, երրորդ կին չեն դառնում, ապա արաբական հասարակարգում դրանք ընդունված նորմեր են եղել դարեր շարունակ։ Արաբական անապատներում դեռևս նախաիսլամական շրջանից են կանայք գլխաշորերով ման եկել, քանի որ ավազային քամուց պաշտպանվելու լավ միջոց է։ Իսլամի ընդունումից հետո զուսպ հագնվելը ամրագրվել է Ղուրանում։

Երբ եմենցի ընկերուհուս ասում էի, թե անիմաստ է հիմա գլխաշորերով ման գալը, ժամանակավրեպ բան է, ինքը բոլոր պատասխաներն ուներ. ասում էր` կինը պետք է զուսպ հագնվի, որ տղամարդու կողմից ցանկություններ չառաջանան: Հակադարձում էի, թե միայն մարմնին նայելով չի ախր, պարզամիտ է այդպես մտածելը: Երկար բանավեճից հետո միևնույնն է, ինքն այդ կարծիքին էր, և մեծամասնությունն էլ նույն կարծիքին է: Դրան հակառակ` հետս բնակվող հորդանանցի աղջիկը մազերը չէր ծածկում հիջաբով ու ամբողջ օրն ասում էր. «Ես ազատ եմ, ես ազատ եմ»: Իսկ Սաուդյան Արաբիայում բաց հագնված կանանց հատուկ սահմանված ոստիկանությունը ձերբակալում է: Սաուդյան Արաբիան մի առանձին թեմա է՝ չափազանց խառը ու բարդ:

Բազմակնության մասով նույնպես տեսակետները տարբեր են: Մի քանի կին ունենալու տղամարդու իրավունքը միջնադարում ընդունված է եղել թե՛ Հայաստանում, թե՛ Եվրոպայում։ Մուսուլմանական մշակույթում այդ ամենը պահպանվել է, քանի որ Մուհամմադ մարգարեն ապրել է միջնադարում և Ղուրանում ամրագրվել է մինչև չորս կին ունենալու իրավունքը։ Քանի որ Ղուրանը հավերժ է, սուրբ տեքստը անբեկանելի է, այդ պատճառով այնտեղ գրված յուրաքանչյուր միտք դուրս է ժամանակից և պարտադիր է բոլոր ժամանակներում։ Սա է պատճառը, որ մուսուլմանները աշխարհի բոլոր ծայրերում հետևում են իրենց սովորույթներին ու մշակույթին: Աշխարհները տարբեր են. եթե մեզ համար կնոջ իրավունքի ոտնահարում է երկրորդ կին լինելը, ապա մուսուլմանական աշխարհում հարցը այդ տեսանկյունից անգամ չի էլ դիտարկվում։ Ներկա ժամանակներում շատ քչերը կարող են իրենց թույլ տալ մի քանի կին ունենալ, քանի որ չափազանց մեծ գումարներ են պետք կին և ընտանիք պահելու համար։ Ի տարբերություն հայկական ավանդույթի, որտեղ կինն է օժիտ տանում ամուսնու տուն, արաբական ավանդույթում հակառակն է՝ տղամարդն է պարտավորվում վճարել որոշակի գումար կնոջ համար, որպեսզի վերջինս գնի իր համար անհրաժեշտ բոլոր տեսակի իրերն ու զարդերը։

Արաբական երկրներում կանայք չեն դժգոհում իրենց իրավունքներից և կարգավիճակից։ Իհարկե, կան կանանց շարժումներ, նրանց իրավունքների լայնացման համար պայքարողներ, ֆեմինիստներ, ովքեր գոհ չեն տիրող իրավիճակից, սակայն նրանք շատ քիչ մասն են կազմում հասարակության։ Մեծամասնությունը իր առջև նման հարցեր չի դնում, քանի որ որպես այդպիսին` խնդիրն էլ չի տեսնում։ Կրկին գալիս ենք այն կետին, երբ արժեհամակարգը ամեն տեղ տարբեր է։

Վերջաբանի փոխարեն կարելի է ավելացնել, որ արաբները չափազանց հյուրասեր, գրկաբաց են և մշակութային շատ ընդհանրություններ ունեն հայերի հետ։ Ազգային բնավորությամբ բավականին նման են մեզ։ Հայերի նման հատկապես առանձնանում են իրենց ջերմ հյուրասիրությամբ։ Օտարին հաց տալու մշակույթը չափազանց հին արմատներ ունի արաբական միջավայրում։ Այն հասնում է մինչև նախաիսլամական շրջանը, երբ արաբները ապրում էին ցեղախմբերով ու քոչվոր կյանք էին վարում Արաբական թերակղզում։ Միջավայրը չոր անապատային էր` ապրելու համար չափազանց դժվար պայմաններով։ Անապատում մոլորվելու դեպքում՝ մարդ դատապարտված էր մահվան։ Յուրաքանչյուր մեկը, ով հայտնվում էր ինչ-որ օազիսում, ինչ-որ ցեղի կացարանում, առանց երկար-բարակ քննարկման մեծ պատվի էր արժանանում, անգամ եթե նա թշնամի ցեղից էր։ Հյուրին առանց հյուրասիրության թողնելը բեդվինի պատվից ցածր բան էր։ Կային հատուկ կոդեքս, մշակված կարգուկանոն, չգրված օրենքներ, որոնց յուրաքանչյուր բեդվին պիտի հետևեր, այլապես նա հարգանք չէր ունենա համայնքում։ Հյուրասեր լինելը այդ չգրված օրենքներից էր, որը շարունակվում է մինչև օրս:

Մեկնաբանություններ (2)

Վարազ Սյունի (Ամստերդամ)
Վատ հոդված չէ, թեև մի փոքր միայն լավ կողմերից է գրված: Հեղինակը ճիշտ է,որ «կրոնները ստեղծված են մարդկանց զանգվածները կառավարելու համար»: Բայց հոդվածի հեղինակն էլ կրկնում է նրանց,որ «եթե մենք ամեն բան դիտարկենք եվրոպական արժեհամակարգի դիրքերից, ապա արևելքի սովորույթններն ու նորմերը դառնում են անընդունելի և անտրամաբանական»։ Ես համաձայն չեմ այս մոտեցման հետ: Սա «եվրոպական աչքերով նայել» չէ: Գոյություն ունեն համամարդկայի՛ն հիմնարար արժեքներ (universal basic human rights),որը ավելի լավ ձևավորվել է Արևմուտքում (ու հատկապես 1945-ից հետո). հենց սա՛ է քաղաքակրթություն կոչվածը (այլ ոչ երգ ու տաղ գրելը): Արաբներին ես համակրում եմ,բայց իսլամն էլ կարծրացել-քարացել ու մնացել է 7-րդ դարում ու դարձել հսկայակա՛ն մի դոգմա,որի դեմ խոսողներին ու բարեփոխումներ անել ցանկացողներին (ֆիզիկապես) պարզապես ոչնչացնել են ձգտում: Եվ մի մոռացեք իսլամական «ջիհադը»,որի 3 մեկնաբանություններից մեկը «անհավատների» դեմ պայքարելն է: «Անհավատի» սպանելիս մուսուլմանը «խղճի խայթ չպիտի զգա»,որովհետև «անհավատն էլ է դրախտ գնում, քանի որ մուսուլմանի կողմից է սպանվել»:
Թալին Ոսկերիչեան
Հետք հետաքրքական եւ կարեւոր նախաձեռնութիւն մը ճամբայ հանած է։ Սկսիլ այս ձեռնարկը արաբմուսլուման աշխարհով ինքնին առչեւ նայող ընտրութիւն մըն է. ինչպէս ձեր յօդուծը կը նշէ «հայ հասարակության մեջ արաբամուսուլմանական աշխարհի մասին պատկերացումները բավականին քիչ են և երբեմն` ոչ ճշգրիտ:» Ոչ ճշգրիտ եւ նաեւ երբեմն ռասիստ։Կայ նաեւ այլ ազդակ մը. այսօր՝ արաբական եւ մուսլուման աշխարհը կ՚անցնի շատ բարդ յանգրուանէ մը որ հետաքրքրական ըլլալէ զատ նաեւ կրնայ ճակատաքրական ըլլալ գոնէ «մեր շրջանին» համար։ Նոյնքան շահեկան պիտի ըլլայ ուրեմն փորձել հասկնալ նիւթը այս տեսանկիւնէն նաեւ, այսինքն ոչ թէ միայն պարունակային (արեւելքը եւ արիւմուտքը տարբեր հասկացողութիւններ ունին ահաբեկչութեան, կամ կիներու իրաւունքներու մասին եւ մենք պէտք է հասկնանք արեւելքը այս պրիսմակէն) այլ նաեւ իբրեւ շարժուն եւ ժամանակակից, տարբեր հոսանքներու ազդեցութեան տակ եւ դառն իրականութիւններ որ ընդհանրապէս արեւմուտքի մտածողութեան մէջ մեծ կշիրք չունի—աղքատութիւն, անգործութիւն, քաղաքները խուժումը, արաբերէն լեզուի տկարանալը անգլերէնի ուժին տակ, եւայլն--դասակարքային, քաղաքական, կրօնական եւ ամէնէն կարեւորը կարավարման հարցեր։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter