Հինգշաբթի, 17 օգոստոսի

Պարո՛ն նախարար, հիմքեր էիք ուզում, ներկայացնում ենք դրանք



«Հետք»-ը պարբերաբար ուսումնասիրում է սննդամթերքի անվտանգության ոլորտը և ժամանակ առ ժամանակ բարձրաձայնում այնտեղ առկա խնդիրների մասին, որոնք վերաբերում են թե՛սննդամթերքի որակին և թե՛ մակնշման խախտումներին:

 

28.07.2017 «Երկիր Մեդիա TV» յութուբյան ալիքում հրապարակված ««Կփոխհատուցենք միայն 80 տոկոսից ավելի վնաս կրած գյուղացիներին». Իգնատի Առաքելյան, Երկրի հարցը» հաղորդման ժամանակ, ինչպես նաև՝ հեռուստաեթերում : 

21:21 րոպեից, գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը,  որպես Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության վերադաս մարմին, մեկնաբանելով դրա գործունությունն ու մեկնաբանելով ՍԱՊԾ հասցեին հնչեցրած կարծիքներն ու մեղադրանքները, ասում է, որ «եթե դա հիմնավորված է, հիմքերը կարող եք ներկայացնել Գյուղատնտեսության նախարարություն էլ, Սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն էլ», այնուհետև ավելացնում է, որ ԶԼՄ «հայտարարություններն արված են ընդհանուր կարգով»:

 «Մենք գնացել ենք, նայել ենք, էստեղ խնդիր կա, Սննդի անվտանգության պետական ծառայությունը վատ է աշխատում, դա հայտարարություն չի, դա ուղղակի ընդհանուր առմամբ ինչ-որ կարծիք է որի հիման վրա...  ամեն կարծիքին արձագանք տալը, համաձայն չենք, որ պետք է տալ» ,-նշում է Իգնատի Առաքելյանն իր խոսքում:

 Որպես սննդամթերքի անվտանգության ոլորտն ուշադրության տակ պահող ԶԼՄ ՝ «Հետք»-ը ձեր ուշադրությունն է հրավիրում մեր մի շարք հրապարակումներին՝ խնդրելով դրանք համարել հիմք՝ հաշվի առնելով պետության կողմից համապատասխան լիզենզիա ունեցող լաբորատորիայի տրված փորձաքննության արձանագրությունները, ինչպես նաև՝ խախտում արձանագրած փաստական տվյալ համարվող լուսանկարները

Մնացած կից «հիմքերը», որոնցում առկա են «գնացած, նայած խնդիր»-ներ, լուսանկարների և օրենքից մեջբերումների տեսքով, կարող եք ընդունել ՝ որպես դիմում, ինչի իրավունքը, ըստ «Ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» օրենքի, ունի ցանկացած սպառող:

Որպես հիմք  գյուղնախարարին ներկայացնում ենք «Հետք»-ի հրապարակումներից մի քանիսը:

 

 

Հիմք N 1

Հենց վերջերս՝ 2017թ. հուլիսի 16-ին «Հետք»-ը հրապարակել էր «Պաղպաղակ՝ բուսական յուղով. 8-ից միայն 3-ն են համապատասխանում նորմերին» հոդվածը, որտեղ ներկայացրել է 8 արտադրողի «Պլոմբիր» տեսակի պաղպաղակի հետազոտության արդյունքները։ Այդ պաղպաղակներից միայն 3-ն են համապատասխանել սահմանված նորմերին և չեն պարունակել բուսական յուղ։

Բայց այդ 3-ում էլ եղել են անհամապատասխանություններ՝ յուղի փաստացի և իրական պարունակության մեջ, ինչը «Սննդամթերքի անվտանգության մասին» օրենքի խախտում է, և նմանատիպ սննդամթերքը համարում է կեղծված:

Լաբորատոր փորձաքննության արձանագրությունը կցված է հրապարակմանը:

Արձագանք եղել է միայն այն ժամանակ, երբ նշված հրապարակման վերաբերյալ լրագրողները հետաքրքրվել են ՍԱՊԾ պետ Իշխան Կարապետյանից։ Վերջինս պատասխանել է, որ «ծառայությունն իրականացնում է նախապես պլանավորած ստուգումներ» (հուլիսի 20, 2017թ):

Դրանից հետո «Հետք»-ի հրապարակման հիման վրա դիտարկում է բացվել, ՍԱՊԾ կայքում նշված է, որ «կասեցվել է պաղպաղակի 4 արտադություն», բայց թե որոնք են դրանք, ինչ խախտումներ են ունեցել, հայտնի չէ: Ստացվում է՝ «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» օրենքով սահմանված հանրային իրազեկումը պատշաճ չի կատարվել, քանի որ նշված չէ՝ որ պաղպաղակները սպառողը պետք է «չուտի»:

 

 

Հիմք N 2

Դրանից առաջ՝ 2017թ. հունիսի 29-ին  հրապարակվել էր «Մանկական և շշալցված ջրեր՝ նորմայից ցածր միկրոտարրերով և ՄԱՖԱՄ անթույլատրելի քանակով» վերնագրով հոդվածը, որտեղ ներկայացրել էինք, որ մանկական ջրերից միայն 2-ն էին համապատասխանել նորմերին, իսկ 2-ում էլ առկա էր մարդու համար վտանգավոր ՄԱՖԱՄ և պսևդոմոնաս աէրոգինոզա մանրէ:

Լաբորատոր փորձաքննության արձանագրությունը դարձյալ կցված է հոդվածին:

ՍԱՊԾ-ն արձագանքել է, երբ դիմել ենք ՝ խնդրելով մեկնաբանել նշված հրապարակումը:

ՄԱՖԱՄ և պսևդոմոնաս աէրոգինոզա մանրէ պարունակող ջրերը շարունակվել և մինչ օրս էլ շարունակվում են մնալ վաճառքում, քանի որ ՍԱՊԾ-ն դրանց մեջ խախտում չի հայտնաբերել:

Այս մասին ևս չի կատարվել հանրային իրազեկում:

 

Հիմք N 3

2016թ. հոկտեմբերի 10-ին հրապարակել է, «Կաթնաշոռ՝ աղիքային ցուպիկով և խմորասնկերի ու բորոսասնկերի անթույլատրելի քանակով» հոդված:

Ներկայացվել էին կաթնաշոռի 7 նմուշի հետազոտության արդյունքները։ Պարզվել էր, որ դրանցից և ոչ մեկը չի համապատասխանում նորմերին. դրանց մեջ հայտնաբերվել էր աղիքային ցուպիկ, խմորասնկերի, բորբոսասնկերի և կաթնաթթվային մանրէների անթույլատրելի  քանակ:

Լաբորատոր փորձաքննության արձանագրությունը կցված է:

Դարձյալ՝ դիտարկումներ, ստուգումներ: Արդյունքների մասին՝ ոչ մի հանրային իրազեկում:

Ի՞նչ փոխվեց, ո՞ր կաթնաշոռն ուտել...

 

Հիմք N 4

Նմանատիպ փաստական հիմքեր ունենք նաև նրբերշիկների վերաբերյալ:

2016թ սեպտեմբերի 20-ին հրապարակվել է «Նրբերշիկներ՝ աղիքային ցուպիկով և նորմայից 800 անգամ ավելի մանրէներով․ լաբորատոր փորձաքննության արդյունքները»  հոդվածը:

Ըստ կատարված հետազոտության արդյունքների՝ փաթեթավորված նրբերշիկի 7 նմուշից՝ հավի և տավարի, ոչ մեկը չի համապատասխանել սահմանված նորմերին։ Դրանց մեջ եղել է աղիքային ցուպիկ և մանրէների անթույլատրելի քանակ,  որոնք կարող են վտանգավոր լինել մարդու առողջության համար:

Արդյունքը. որոշակի խմբաքանակի հետկանչ, հանձարարականներ:

Բարելավվե՞լ է հիմա այդ նրբերշիկների որակը, ՍԱՊԾ-ն կրկնակի ստուգումներ իրականացրե՞լ է:

Ոչ ոք չգիտի:

 

Հիմք N 5

2016թ. օգոստոսի 8-ին հրապարակվել է  «Տարեկանի հաց՝ առանց տարեկանի ալյուրի.լաբորատոր փորձաքննության արդյունքները» հոդվածը։

Փորձաքննվել են տեղական արտադրության տարեկանի և տարեկանի ու ցորենի ալյուրի խառնուրդից պատրաստված 5 հացատեսակ, որոնցից միայն մեկում է եղել տարեկանի ալյուր։ Մնացածի դեպքում՝ բաղադրությունը չի համապատասխանել մակնշմանը. 5 հացատեսակներից 4-ը եղել են կեղծված ։

Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը՝ դիտարկումներ է իրականացնել հացի շուկայում: ՍԱՊԾ-ն կազմակերպել է հանդիպումներ հաց արտադրողների հետ, «քննարկել «Հետք»-ի բացահայտումները», իսկ «հաց արտադրողները չեն համաձայնել հրապարակման արդյունքներին»։

Անհասկանալի է, բայց ՍԱՊԾ-ն դիմել էր դատախազություն՝ խախտում կատարած արտադրողներից միայն մեկի՝ «Թոռնուհի Մանե» ՍՊԸ-ի նկատմամբ պատասխանատվության միջոցներ կիրառելու համար։

Հացերի «հետագա ճակատագիրը» ևս հայտնի չէ:

 

Այլ հիմքեր...

 

Մակնշման խախտումներ

Կատարված լաբորատոր փորձաքննություններին զուգահեռ անդրադարձել ենք նաև իրացման շուկայում հայտնված ապրանքների մակնշման խախտումներին: Փոփոխվել է միայն մակնշումների մի մասը:

Խախտում 1

Խախտում 2

Խախտում 3

Խախտում 4

 

Խախտումներ, որոնք չեն փոխվել նույնսիկ ՍԱՊԾ հանձնարականից հետո

Վերջերս անդրադարձել էինք նաև իրանական խուրմաների մակնշման թերություններին, ինչպես նաև՝ պահման պայմանների խախտումներին:

Դիտարկում սկսվեց, հայտարարվեց դրա վաճառքի կասեցման մասին, ինչպես նաև նշվեց, որ հանձնարարական է տրվել ներկրողին՝ վերացնել խախտումները:

Սակայն ՍԱՊԾ-ի այդ հանձարարականից հետո մակնշումները փոփոխվել են, իսկ պահպանման պայմանները՝ մինչ օրս ոչ:

Մանկական կերերի դեպքում, ՍԱՊԾ հայտնել էին, որ առանց մակնշման մանկական սնունդ շուկայում չկա:

Այնինչ մենք իրացման ցանցում հայտնաբերել էինք մի քանիսը:

Նույնն է եղել նաև «ՍԱՍ» սուպերմարկետում հայտնաբերված խախտումներից հետո:

 

Բարձր ռիսկային մթերքների վրա EAC նշանի բացակայությունը

Բարձր ռիսկայնություն ունեցող սննդամթերքը չի ունեցել ԵԱՏՄ առևտրային գոտում իրացվելու համար անհրաժեշտ EAC նշանը:

Խախտում 1

Խախտում 2

Հրապարակումներից հետո Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության սննդամթերքի անվտանգության և որակի հսկողության տեսչության պետ Վահե Դանիելյանը, «Հետք»-ին տված իր հարցազրույցում նշել էր, որ դա ուղղակի «անփութություն է», և տնտեսվարողները «չեն հասկացել, որ EAC նշանի մակնշումն այդ ապրանքների վրա պարտադիր է»:

Ի՞նչ պատասխանատվության ենթարկվեցին տնտեսվարողները կամ իրացման կետի տնօրենները վերը թվարկված «անփութությունների» համար....

 

Ստուգումներ՝ առանց ստուգաթերթի

ՍԱՊԾ-ն 2017թ մարտին անասնաբուժասանիտարական լաբորատորիաներում ստուգումներ և կասեցումներ էր իրականացրել՝ առանց կառավարության կողմից հաստատված և օրենքով անհրաժեշտ ստուգաթերթի, որն այդպես էլ չկարողացավ տրամադրել «Հետք»-ին, այնինչ ՍԱՊԾ պետ Իշխան Կարապետյանը հավաստիացնում էր, որ այն կա:

Այսքանը բավարար հիմք համարելով՝ միևնույն հիմնավորումներով և հղումներով հարցում ենք ուղարկել հենց գյուղնախարար Իգնատի Առաքելյանին՝ խնդրելով համապատասխան գնահատականը տալ իր վերասհսկողության տակ գտնվող Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության գործունեությանը, և պատասխանել՝ արդյոք ԶԼՄ, տվյալ դեպքում՝ «Հետք»-ի հրապարակումները, կցված փաստական տվյալներով՝ (լաբորատոր փորձաքննության արձանագրություն, խախտման արձանագրում-լուսանկար, սննդաբան–մասնագետի մեկնաբանություն և այլն) ուղղակի հայտնած անհիմն գնահատողական կարծիքներ են: Ի վերջո, ի՞նչ է փոխվել ոլորտում:

 

Պարո՛ն նախարար, այնուամենայնիվ, ի՞նչ թերություններ եք տեսնում ՍԱՊԾ աշխատանքում և ինչպե՞ս եք պատրաստվում, որպես վերադաս, շտկել դրանք:

 

Շնորհակալություն:

 

գլխավոր լուսանկարը՝ snund.am-ի


Գլխավոր էջ


Տես նաև՝

ավելին



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ