Երկուշաբթի, 23 հոկտեմբերի

Կապան-Երեւան ավիատոմսի արժեքը կլինի մոտ 20.000 դրամ


Սյունիքի մարզպետին վերջերս մի շարք հարցեր էինք ուղղել Կապանի օդանավակայանի վերագործարկման մասին: Հետաքրքրվել էինք նաեւ շարքային քաղաքացիներին ամենաշատը հուզող թեմայով՝ ավիատոմսի արժեքով (մեկ ուղղության համար՝ առանց հետադարձի): Ահա թե ինչ են պատասխանել մարզպետարանից. «Կապան-Երեւան ուղղության տոմսի նախնական արժեքն, ըստ արված հաշվարկների, լինելու է 20.000 դրամի սահմաններում։ Պետք է նշենք, որ Սյունիքի մարզի զարգացման եւ ներդրման հիմնադրամը արդեն պատրաստակամություն է հայտնել սուբսիդավորել առողջության նկատառումներով մայրաքաղաք շտապ տեղափոխվելու անհրաժեշտություն ունեցող ուղեւորների ճանապարհածախսը»։

20.000-ը, բնականաբար, թանկ է ոչ միայն կապանցիների, այլեւ երեւանցիների համար: Մայրաքաղաքից կանոնավոր մեկնող տաքսիները մոտ 5 ժամում հասնում են Կապան, ինչի դիմաց ուղեւորը վճարում է 6000 դրամ: Եթե հրատապ անհրաժեշտություն չլինի (օդանավը տեղ է հասնում 40 րոպեում), դժվար թե ինչ-որ մեկը (խոսքը պաշտոնյաների, գործարարների կամ ունեւոր խավի մասին չէ) ցանկանա սովորական դարձած գնի ավելի քան եռապատիկը մուծել:

Միաժամանակ մարզպետարանից տեղեկանում ենք, որ սկզբնական փուլում օդանավակայանից նախատեսվում է իրականացնել Կապան-Երեւան-Կապան կանոնավոր թռիչքներ, այլ ուղղությունների մասին առայժմ խոսք չկա։ Շեշտենք, որ ԽՍՀՄ փլուզումից հետո, երբ դադարեցին շահագործվել ներքին օդային գծերը, սա կլինի առաջին կանոնավոր չվերթը Հայաստանի ներսում:

Ուղեւորային համալիրը ժամում կսպասարկի մինչեւ 100 հոգու

Կապանի օդանավակայանում այս պահին ընթանում են թռիչքադաշտի վերանորոգման եւ բարեկարգման, ինչպես նաեւ ուղեւորային համալիրի նախագծման աշխատանքներ։ Այս մասին հայտնում է մարզպետարանը:

Հունիսին մենք այցելել ենք օդանավակայան ու հանդիպել աերոդրոմի ինժեներ, շինարար Գեւորգ (Գագիկ) Ղազարյանին, որը Երեւանից է հրավիրվել՝ մասնագիտական աջակցություն ցուցաբերելու համար: Վերջինիս տեղեկացմամբ՝ շինաշխատանքները սկսվել են մայիսի 15-ին: Մեր այցի ժամանակ վերակառուցվում էին թռիչքադաշտի անվտանգության գոտիները, կատարվում էին հողային աշխատանքներ: Գ. Ղազարյանի փոխանցմամբ՝ մինչ այս եղածը չէր համապատասխանում ԻԿԱՕ-ի չափանիշներին, եւ աշխատանքները հենց դրան են ուղղված: Շինարարն ասում է, որ թռիչքուղու ասֆալտբետոնե ծածկն այս տարի ամբողջությամբ դժվար թե փոխեն, իսկ եթե գալիք տարի հաջողվի դա անել, ապա շատ լավ կլինի: Փոխարենը այս տարի ծածկելու են թռիչքուղու բոլոր փոսերն ու անհարթությունները: Շինաշխատանքները կատարում է «Կապանի Նորոգշին» ՍՊԸ-ն:

Հիշեցնենք, որ Կապանի օդանավակայանի թռիչքուղու երկարությունը 1590 մ է, լայնությունը՝ 40 մ: Վերակառուցումից հետո այն սերտիֆիկացվելու է որպես «3C» դասի աերոդրոմ: ԻԿԱՕ-ի դասակարգման համաձայն՝ 3-ը համապատասխանում է 1200-1800 մ երկարությամբ թռիչքուղուն, իսկ C-ն՝ թեւերի 24-36 մ երկարություն ունեցող օդանավեր սպասարկելու հնարավորությանը: Գ. Ղազարյանի ասելով՝ այս պարագայում Կապանի աերոդրոմը կարող է ընդունել մինչեւ 50-80 հոգի տեղավորող օդանավեր: Համեմատության համար նշենք, որ «Զվարթնոցն» ու «Շիրակը» ավելի բարձր դասի աերոդրոմ ունեն՝ «4D»: Ինժեներն ասում է, որ եթե ասֆալտի նոր շերտ դրվի, եւ թռիչքուղու ծանրաբեռնվածությունը մեծացվի, կարելի է եւ փոխել դասը: Այդուհանդերձ, թվում է, թե եղածը բավարար է ներկայի համար, քանի որ ի սկզբանե Կապանի օդանավակայանը նախատեսված չի եղել մեծ ինքնաթիռների համար, հիմնական օդանավերը եղել են «Յակ-40»-ները (մինչեւ 40 ուղեւոր տեղավորող), այլ կերպ ասած՝ տեղական կամ ռեգիոնալ նշանակության օդանավակայանի համար ներկա թռիչքուղին լիովին բավարար է: Երկրորդ՝ մեծ օդանավերի համար անհրաժեշտ է երկար թռիչքուղի, իսկ Կապանինն ավելի մեծացնելու հնարավորություն, կարելի է ասել, չկա:

Աերոդրոմի հարեւանությամբ լինելու է ուղեւորային համալիր: Գեւորգ Ղազարյանի տեղեկացմամբ՝ այն ունենալու է 900-1000 քմ մակերես: Ժամում կարող է սպասարկել մինչեւ 100 ուղեւորի: Մարզպետարանից հայտնել են, որ համալիրի շինարարությունը կսկսվի նախագծման աշխատանքների ավարտից հետո, համապատասխան շինարարական եւ այլ թույլտվություններն ստանալուն պես։ Նախագծի հեղինակը «Տրանսպորտային շինարարության նախագծահետազննական ինտիտուտ «Տրանսնախագիծ»» ՓԲԸ-ն է: Համալիրի հարեւանությամբ նախատեսվում է կառուցել նաեւ ավտոկանգառ: Օդանավակայանի ամբողջ տարածքը ցանկապատվելու է:

Ուղեւորային համալիրը լինելու է այս հատվածում

Հիշեցնենք, որ, ըստ մարզպետ Վահե Հակոբյանի, նախատեսվում է 2018-ի առաջին կիսամյակում օդանավակայանը հանձնել շահագործման: Գ. Ղազարյանի հավաստմամբ՝ միանգամայն հնարավոր է տեղավորվել այդ ժամկետների մեջ:  

Վիզուալ թռիչք

Ուղեւորային համալիրի շենքում են աշխատելու նաեւ կարգավարները (դիսպետչերները): Սակայն դրանք չեն լինելու օդանավը երկնքում ղեկավարող կարգավարներ (օրինակ՝ թռիչք-վայրէջքի, մոտեցման, շրջադարձի), քանի որ չվերթները կատարվելու են վիզուալ թռիչքների կանոններով (ՎԹԿ), համենայն դեպս, այդպես է լինելու սկզբնական շրջանում: Ըստ այդմ՝ անձնակազմը կատարում է թռիչքը՝ ղեկավարվելով նախապես հաստատված պլանով, որտեղ նշված են բոլոր տվյալներն ու կոորդինատները, միաժամանակ օդաչուները վիզուալ հետեւում են այլ օդանավերից ու խոչընդոտներից անվտանգ հեռավորության պահպանմանը: ՎԹԿ-ով թույլատրվում է թռիչք նաեւ գիշերը, ինչպես նաեւ ամպերից վեր, սակայն բոլոր դեպքերում սահմանված են տեսանելիության նվազագույն չափանիշներ: Նման սահմանափակումներ կան նաեւ վայրէջքի վերաբերյալ: Մասնավորապես, եթե եղանակային պայմաններն այնպիսին են, որ վայրէջքի համար սահմանված նվազագույն պահանջները չեն բավարարում, օդանավը պետք է երկրորդ շրջան գնա կամ վայրէջք կատարի այլ աերոդրոմում:  

Մարզպետարանից հայտնել են, որ թռիչքուղու վրա լուսազդանշանային համակարգի տեղադրում սկզբնական ժամանակահատվածում չի նախատեսվում, սակայն պլանավորվում է հետագայում անդրադառնալ հարցին՝ կախված ոչ լուսավոր ժամերին թռիչքների պահանջարկից։ Սա նշանակում է, որ թռիչքներն առայժմ լինելու են միայն օրվա ընթացքում: Միաժամանակ գերատեսչությունը նշել է, որ օդանավակայանում առկա են լինելու բոլոր այն ռադիոտեխնիկական սարքավորումները, որոնք անհրաժեշտ են դրա շահագործողական աշխատանքներն անխափան իրականացնելու համար, իսկ դրանց կոնկրետ անվանումները պարզ կլինեն միայն ՔԱԳՎ համապատասխան մասնագետների պատասխաններից հետո՝ ուղեւորային համալիրի շինարարության ընթացքում։

Ըստ Գեւորգ Ղազարյանի՝ օդանավերը թռիչքի մեկնարկին կարող են բարձրություն հավաքել թե դեպի արեւմուտք՝ քաղաքի, թե դեպի արեւելք՝ Սյունիք գյուղական համայնքի ուղղությամբ: Փոխարենը Կապանում վայրէջք են կատարելու միայն Սյունիքի կողմից, ինչպես ժամանակին անում էին «Յակ-40»-ները: «Միայն եթե մեր հին հայ օդաչուները լինեն, կարող են նաեւ քաղաքի կողմից նստել»,- ասում է ինժեները՝ շեշտելով հին ավիատորների վարպետությունը:

Կապանը կոնցեսիոն կառավարման կհանձնի օդանավակայանը

Ինչպես ժամանակին գրել ենք, 2000 թ. դեկտեմբերին կառավարության որոշմամբ Կապանի օդանավակայանը սեփականության իրավունքով անհատույց հանձնվել է համայնքին: Մինչ այդ այն ««Էրեբունի» տարածքային օդանավակայաններ» պետական ՓԲԸ-ի հաշվեկշռում էր: Սյունիքի մարզպետարանից մեզ հայտնել են, որ սեփականատիրոջ փոփոխություն չի նախատեսվում, օդանավակայանը շարունակելու է մնալ Կապան համայնքի գույք:

Իր հերթին Կապանի քաղաքապետ Աշոտ Հայրապետյանը դեռ հուլիսի 14-ին «Սոսի» մարզային հեռուստաընկերության եթերում նշել է, որ քաղաքապետարանն ու օդանավակայանի վերագործարկման ծրագրի ներդրողներից Սյունիքի մարզի զարգացման եւ ներդրման հիմնադրամն աշխատանքներ են տանում կոնցեսիոն պայմանագրի գաղափարի շուրջ: Այսինքն՝ նպատակ կա կոնցեսիոն պայմանագրով օդանավակայանը հանձնել շահագործողին, որի անունը չի հստակեցվել: Սակայն մինչ այդ նույն լրատվամիջոցին մարզպետի խորհրդական Սահակ Հակոբյանն ասել էր, թե շահագործողը կլինի այն կազմակերպությունը, որը հնարավորություն ունի ներդրումներ կատարել:

Սրա համատեքստում տեղին է նշել, որ օդանավակայանի վերագործարկման ծրագիրը ֆինանսավորում են «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն եւ Սյունիքի մարզի զարգացման եւ ներդրման հիմնադրամը, բյուջետային միջոցների ներգրավում չի նախատեսվում։ Նախնական գնահատմամբ՝ օդանավակայանի համալիրի (ներառյալ ուղեւորային համալիրը), թռիչքադաշտի եւ աերոդրոմային ծառայությունների համար անհրաժեշտ ներդրումը կազմում է շուրջ 2 մլն դոլար (օդանավերի ձեռքբերման գինը ներառված չէ)։ Այսինքն՝ պիտի ենթադրենք, որ նշված ներդրողներից մեկն էլ կլինի կոնցեսիոն կառավարիչը:

Հիշեցնենք, որ Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանը 2002-ի հունիսից 30 տարով կոնցեսիոն պայմանագրով կառավարման, շահագործման եւ օգտագործման է հանձված արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանի ««Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ին: 2007-ին կոնցեսիոն պայմանագրի մեջ ներառվել է նաեւ Գյումրու «Շիրակը»:

Կապանի օդանավը կլինի «L-410»-ը

Մեր հարցին թե ինչ ավիաընկերություն(ներ) է շահագործելու օդանավակայանը, արդյոք ստեղծվելու է նոր ավիաընկերություն, թե լինելու է համագործակցություն արդեն գոյություն ունեցողների հետ, մարզպետարանից հայտնել են, որ այս փուլում չեն կարող տրամադրել օդանավակայանը շահագործողների վերաբերյալ որեւէ տեղեկություն։ Միեւնույն ժամանակ, սակայն, հայտնի է, որ կիրառվելու են չեխական «L-410» տիպի օդանավեր, դրանց կոնկրետ քանակը կորոշի ավիափոխադրողը: Ինչպես արդեն գրել ենք, չեխական «Let» (ներկայում կոչվում է «Aircraft Industries») ընկերության «L-410» տուրբոպտուտակային օդանավերը նախատեսված են հենց տեղական նշանակության ավիագծերի համար, ինչպիսին Կապան-Երեւանն է: Այս ինքնաթիռները շահագործվում են 1971-ից: Անձնակազմը 2 հոգի է, կոմերցիոն ծանրաբեռնվածությունը՝ 15-19 ուղեւոր կամ 1430-1800 կգ բեռ (կախված կոնկրետ տեսակից): Թռիչքի հեռավորությունը 990-1500 կմ է: «L-410»-ից (ներառյալ դրա տարատեսակները՝ մոդիֆիկացիաները) արտադրվել է ավելի քան 1000 հատ:

2008-ից «Aircraft Industries»-ի 51 տոկոսի բաժնետեր է դարձել ռուսական «Ուրալի լեռնամետալուրգիական ընկերություն» ԲԲԸ-ն, որը 2013-ին ձեռք է բերել նաեւ մնացած 49 տոկոսն ու դարձել ավիաձեռնարկության միակ սեփականատերը: Այսքանից հետո «L-410» ինքնաթիռների արտադրություն է սկսվել նաեւ Եկատերինբուրգում: 

Թե ինչու հենց տուրբոպտուտակային ինքնաթիռներ, Սյունիքի մարզպետարանը պատասխանել է. «Շահագործողական տվյալներից ելնելով՝ այս պահին ավելի նպատակահարմար է տուրբոպտուտակային շարժիչներով օդանավերի շահագործումը, ինչը չի բացառում այլ օդանավերի սպասարկումը օդանավակայանում»:

«L-410» օդանավերի ձեռքբերման հետ կապված հարցերն, ըստ մարզպետարանի, այս պահին բանակցային վերջնական փուլում են։ Մարզպետ Վ. Հակոբյանն էլ «Սոսի» հեռուստաընկերությանը հայտնել է, որ արդեն տեսել են 2016 թ. արտադրված այն «L-410»-ը, որը լինելու է օդանավակայանի հիմնական ինքնաթիռը: Իսկ Սահակ Հակոբյանը մանրամասնել է, որ բանակցություններն իրականացվել են մարզպետի ու ԶՊՄԿ-ի կողմից: Ըստ խորհրդականի՝ 19 հոգի տեղավորող օդանավը պատրաստ է, պարզապես մի քանի սարքավորումների հետ կապված խնդիրներ կան: Ինչ վերաբերում է ինքնաթիռի գնին, ապա համացանցում կարելի է գտնել «L-410»-ի տարբեր մոդիֆիկացիաներ, որոնք շահագործված են մի քանի հարյուր ժամ եւ ըստ այդմ վաճառվում են տարբեր գներով՝ մի քանի հարյուր հազար դոլարով: Բայց քանի որ վերը նշվածը նոր արտադրված ինքնաթիռ է, ենթադրելի է, որ շատ ավելի թանկ կլինի: 


Գլխավոր էջ

Տպել    |  In English


Տես նաև՝

ավելին

Մեկնաբանություններ (2)
1. Վարազ Սյունի 06:01 - 11 օգոստոսի, 2017
Շնորհակալություն «Հետքին» և Վահե Սարուխանյանին՝ հարցումների և Կապանի օդանավակայանի վերագործարկմանը կրկին անդրադառնալու համար:Սա շատ կարևոր թեմա է. խոսքը Հայաստանի ստրատեգիական հարավի կարևորագույն օբյեկտի մասին է:Կապանի օդանավակայանը Գյումրու ու Ստեփանակերտի օդանավակայաններից շատ ավելի ստրատեգիական է, ուստի այս հարցին շատ լու՛րջ պիտի վերաբերել:.......................Ինչպես արդեն 24.07.2017-ին «Հետքում» տպագրված իմ «Կապանի օդանավակայանի վերաբացումը օլիգարխային բիզնես չպիտի դառնա» հոդվածում գրել եմ՝ Կապանի քաղաքապետարանն ու Սյունիքի մարզպետարանն եթե իրականում ցանկանում են, որ շարքային կապանցին և սյունեցին Կապանի օդանավակայանից օգտվել կարողանա, ապա օդանավակայանի շահագործման իրավունքը շահագործողին պիտի հանձնեն առավելագույնը 50%-ով: Օդանավակայանի շահագործման իրավունքի առնվազն 50%-ը պիտի մնա Կապանի քաղաքապետարանի և/կամ Սյունիքի մարզպետարանի ձեռքում: Իմ հոդվածում նշել եմ բոլոր փաստարկները:
2. Վարազ Սյունի 06:03 - 11 օգոստոսի, 2017
«Օդանավակայանը շարունակելու է մնալ Կապան համայնքի գույք». սա չէ ամենակարևորը: Ամենակարևո՛րն այն է,թե ո՞վ է ՇԱՀԱԳՈՐԾԵԼՈՒ այդ գույքը: Սյունիքի հանքերն էլ «համայնի գույքն» է, բայց դրանք շահագործողնե՛րն են հարստանում: Իմ վերոհիշյալ հոդվածը գրելուց առաջ՝ այս բոլոր գործառույթներին ծանոթ տեղական մի պաշտոնյա ինձ անձնական նամակ էր գրել (անոնիմ մալու պայմանով) ու հայտնել,որ օդանավակայանի շահագործումը կոնցեսիոն պայմանագրով ցանկանում են հանձնել «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին» (ԶՊՄԿ) ու տոմսի գինը 30-40 հազար դրամ պիտի լինի/դառնա: «Հետքում» տպագրված իմ այդ հոդվածը բավականին «փոշի» էր բարձրացրել. հավանաբար հենց սրա համար են հի՛մա տոմսը 20000 դրամ ասում ու խոսում որոշ դեպքերում սուբսիդավորման մասին ( սյունեցիների մեծ մասի համար 20000 դրամն էլ անմատչելիորեն թանկ է): Նորից կրկնեմ՝ Եթե ԶՊՄԿ-ն Կապանի օդանավակայանի բացառիկ շահագործողը դառնա, շարքային կապանցին չի՛ կարողանալու օգտվել Կապանի օդանավակայանից: Թե ինչու,կարդացեք իմ հոդվածը:
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։