HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Հայաստանի մի քանի բանկից հափշտակություն կատարելու մեջ մեղադրվող օտարերկրացու համար դատախազը տասը տարվա ազատազրկում է պահանջում

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ավարտին է մոտենում Հայաստանի բանկերից  քարտերի կեղծ կրկնօրինակների միջոցով հափշատկություն կատարելու վերաբերյալ դատական ևս մեկ գործ: Խոսքը 9 տարի առաջ Ազգային անվտանգության ծառայությունում հարուցված քրեական գործի մասին է, որով անցնում են օտարերկրյա քաղաքացիներ: Խմբի անդամներից շատերը Հայաստանի դատարանների կողմից դատապարտվել են  տարբեր ժամկետներով ազատազրկման, և դատարանները կամայական և անհասկանալի պատժաչափեր են սահմանել նրանց նկատմամբ:

Դատարանում այժմ քննվում է խմբի անդամ, Լոնդոնում բնակված Մարիուս Գիոչելի Պրուտեանուի վերաբերյալ քրեական գործը, որով տեղի ունեցած դատական նիստին մեղադրող դատախազն ընթերցեց մեղադրական ճառը` տասը տարի ազատազրկում պահանջելով ամբաստանյալի համար:

Մարիուս Գիոչելի Պրուտեանուն ձերբակալվել է 2014-ի սեպեմբերին և առ այսօր գտնվում է կալանքի տակ: Վերջինիս մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով`գողությունը, որը կատարվել է կազմակերպված խմբի կողմից, առանձնապես խոշոր չափով,  203-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝  կազմակերպված խմբի կողմից,  առանձնապես խոշոր չափով կեղծ վճարային փաստաթղթեր պատրաստելը կամ իրացնելը և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով` հանցավոր ճանապարհով ձեռք բերված առանձնապես խոշոր չափով գույքն օրինականացնելը:

Նշենք, որ ըստ արդեն իսկ դատապարտված ամբաստանյալների վերաբերյալ դատավճիռների՝ կազմակերպված խումբը կեղծ քարտերը պատրատել և տեղափոխել է Հայաստան, որտեղ տարբեր բանկերից այդ քարտերի միջոցով գումար է կանխիկացվել, ապա  այդ գումարը անձնագրային տվյալներով տարբեր բանկերում  փոխանակել է եվրոյի: Այսպիսով խմբի անդամներն, ըստ մեղադրանքի, օրինականացրել են  հափշտակված գումարները:

Խմբի յուրաքանչյուր անդամ հստակ գործառույթ է ունեցել: Ամբաստանյալ Մարիուսն, ըստ մեղադրանքի, Լոնդոնում պատրաստված կեղծ քարտեր է տեղափոխել Հայաստան:

Գործի շրջանակներում հայտնաբերված 100-ից ավելի պլաստիկ քարտերը ենթարկվել են փորձաքննություն: Փորձագիտական եզրակացության համաձայն՝դրանք  որպես բանկային քարտեր պիտանի են օգտագործման համար, բայց քարտերի մագնիսական շերտի վրա առկա գրառումներն ամբողջությամբ չեն համապատասխանում բանկային քարտերի մագնիսական շերտի վրա առկա գրառումներին, այսինքն՝ քարտերը  չեն համապատսխանում սահմանված նմուշներին:

Այս գործով տուժող են ճանաչվել  «Էյչ-Էս-Բի-Սի», «Անելիք», «ՎՏԲ-Հայաստան», «Կոնվերս» բանկերը:

Մարիուս Գիոչելի Պրուտեանուն  խոստովանական ցուցմունքներ է տվել, ընդունել իրեն առաջադրված մեղադրանքը, փոխհատուցել բանկերին պատճառված վնասը, որի արդյունքնում վերջիններս  վնասի հատուցան վերաբերյալ քաղաքացիական հայց չեն ներկայացրել դատարան:

Ամբաստանյալի պաշտպան  Սարգիս Ասլանյանը «Հետք»-ի հետ զրույցում ասաց, որ իր պաշտպանյալը խմբի կազմում գործած վերջին անդամն է, որ այս պահին գտնվում է իրավապահների ձեռքում: Ասլանյանի խոսքով՝ ևս մեկ անձ ձերբակալվել է Գերմանիայում, սակայն Գերմանիան նրան Հայաստանին չի արտահանձնում:

Պաշտպանը կարծում է, որ պատճառը խմբի մյուս անդամների նկատմամբ Հայաստանի դատարանների կողմից սահմանված կամայական պատիժներն են: Օրինակ՝ խմբի անդամ  Կոռնել Կոստանտին Ստենգաչուինի համար, ով, ըստ գործի հանցավոր խմբի պարագլուխն է, դատարանն ավելի խիստ  պատիժ է սահմանել, քան դատախազությունն է պահանջել։ Նշենք, որ Ստենգաչուինի դատապարտվել է 12 տարի ժամկետով ազատազրկման, իսկ դատախազությունը պահանջել է տասը տարվա ազատազրկում:

«Վստահ եմ, որ խմբի վերջին անդամին չեն արտահանձնի»,- մեզ հետ զրույցում ասաց Սարգիս Ասլանյանը՝ ընդգծելով, որ դատախազության համար որևէ նշանակություն չունի հանգամանքը, որ ամբաստանյալն ընդունել է իրեն առաջադրված մեղադրանքը,  փոխհատուցել պատճառված վնասը:

Այս գործով դատական հաջորդ նիստին , որը նշանակվել է հոկտեմբերի 2-ին, ամբաստանյալի պաշտպան Ասլանյանը հանդես կգա պաշտպանական ճառով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter