HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Բջջային կապը զիջում է իր տեղն ինտերնետին

Բջջային կապի շուկան չի դիմանում OTT ծառայությունների հետ մրցակցությանն ու իր տեղն աստիճանաբար զիջում է ինտերնետ հասանելիության ծառայություններին։ Վերջինի կշիռը կապի ոլորտում ամրապնդվում է, հասույթն էլ՝ զգալի տեմպերով աճում։ Դրա մասին են վկայում Ազգային վիճակագրական ծառայության (ՀՀ ԱՎԾ) հրապարակած ցուցանիշները:

Այսպես` այս տարվա առաջին կիսամյակում Հայաստանում կապի ոլորտի ընդհանուր հասույթը կազմել է 70.2 մլրդ դրամ։ 2016 թվականի առաջին կիսամյակի համեմատ այն 6.7%-ով նվազել է։ Ոլորտի հասույթի 94%-ը գոյացել է հեռահաղորդակցությունից։ Այստեղ նկատելի վերադասավորումներ են կատարվում։ Բջջային ոլորտը, չդիմանալով OTT ծառայությունների հետ մրցակցությանը, գնալով անկում է ապրում, փոխարենը նկատելիորեն մեծանում է ինտերնետի դերն ու կշիռը։ Տարվա առաջին կեսին հեռահաղորդակցության ոլորտի հասույթը կազմել է 65.9 մլրդ դրամ։ Այն, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, 7.7%-ով կրճատվել է։

Հեռահաղորդակցության հասույթի 30 մլրդ դրամը գոյացել է բջջային կապի ծառայություններից, որը նվազել է 24.7%-ով։ Իսկ, ահա, ինտերնետ հասանելիության ծառայությունների մատուցումից գոյացել է 21.7 մլրդ դրամ, որը զգալի տեմպերով աճել է՝ 34.8%-ով։ Արդյունքում ստացվել է, որ կապի ոլորտում, ըստ հասույթի, առաջին տեղում շարունակում է մնալ բջջային շուկան, սակայն՝ ավելի փոքր մասնաբաժնով, քանի նախկինում էր։ Իսկ ինտերնետի շուկան երկրորդ տեղում է և ավելի մեծ կշռով, քան նախկինում։ Պատկերն ավելի պարզ ցույց տալու համար Ազգային վիճծառայության տվյալներից առանձնացրել ենք վերջին հինգ տարիների առաջին կիսամյակները։ Ինֆոգրաֆիկայում ենթաոլորտների կշիռն է՝ կապի ընդհանուր ոլորտում (ըստ հասույթի)։

Ըստ ՀՀ ԱՎԾ տվյալների

Ինչպես երևում է առաջին կիսամյակների տվյալներից (ի դեպ, տարեկան կտրվածքով ևս դինամիկան նույնն է), վերջին հինգ տարիներին կրճատվել է նաև լարային հեռախոսի դերը։ Եթե ինտերնետ հասանելիության ծառայություններ մատուցողների հասույթը շարունակի աճել, կգա մի ժամանակ, երբ ինտերնետ կապի շուկան իր մասնաբաժնով առաջ կանցնի բջջային կապի շուկայից։ Սա մի կողմից կրկին կնվազեցնի բջջային կապի օպերատորների հասույթն այդ շուկայից, մյուս կողմից՝ նույն օպերատորները նաև ինտերնետ կապի ծառայություններ են մատուցում, հետևաբար՝ ինտերնետից ստացվող հասույթի աճը կարող է լրացնել բջջայինից ստացած վնասները։ Սակայն, տվյալները ցույց են տալիս, որ նման իրավիճակ շատ մոտ ապագայում դժվար թե լինի։ Խոսքն այստեղ տարիների մասին է։

Կապի մոտ 90%-ն ապահովում են 6 խոշոր խաղացողները

Հայաստանյան կապի ոլորտում, ըստ պաշտոնական վիճակագրության, գործում է 173 կազմակերպություն, սակայն նրանցից միայն 6-ն են խոշոր։ Եվ հենց այդ 6-ն էլ ապահովում են ոլորտի հասույթի 87%-ն ու աշխատատեղերի հիմնական մասը։ Այսպես` այս տարվա հունիսի վերջի դրությամբ կապի ոլորտում գործող 173 կազմակերպություններից 123-ում աշխատում է մինչև 9 մարդ։ Այսինքն՝ դրանք գերփոքր ընկերություններ են։ 33-ում աշխատողների թիվը 10-49 է։ Դրանք դասակարգվում են որպես փոքր ընկերություններ։ Միջին ընկերություններ են համարվում նրանք, որոնք ունեն 50-249 աշխատող։ Կապի ոլորտում այդպիսի 11 ընկերություն կա:

Իսկ, ահա, 6 ընկերություններ ունեն ավելի քան 250 աշխատող (յուրաքանչյուրը)։ Դրանք ոլորտի խոշոր խաղացողներն են։ Այս տարվա առաջին վեց ամիսներին կապի ոլորտի 70.2 մլրդ դրամ հասույթի ավելի քան 61 մլրդ դրամը գոյացել է հենց այդ 6 ընկերությունների գործունեությունից։ Չնայած վիճծառայությունը չի առանձնացնում, թե որոնք են այդ խոշոր ընկերությունները, սակայն կասկած չկա, որ նրանցից երեքը բջջային օպերատորներն են՝ «ՄՏՍ Հայաստան»-ը (VivaCell-MTS), «ԱրմենՏել»-ը (Beeline) և «Յուքոմ»-ը (Ucom): 

Ընդհանուր առմամբ, կրկին ըստ վիճակագրության, կապի ոլորտում աշխատողների միջին ցուցակային թվաքանակը կազմել է 7 963: Նրանցից 5 664-ն աշխատում են խոշոր ընկերություններում։

 

Ըստ ՀՀ ԱՎԾ-ի

Լուսանկարը` www.dacast.com-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter