HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«ԱրմենՏել»-ի գործով մեղադրյալ Վլադիմիր Սաչկովի կինը դիմել է ԱԺ նախագահ Արա Բաբլոյանին

«ԱրմենՏել» ՓԲԸ-ում զարտուղի կապուղի ստեղծելու գործով Տեխնիկական բլոկի նախկին տնօրեն Վլադիմիր Սաչկովի կինը դիմել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանին:

Եկատերինա Ազյոման օգնություն է հայցել ԱԺ նախագահից՝ փոփոխություն մտցնել օրենքներում, որպեսզի, ի վերջո, իր ամուսնու գործի դատաքննությունն ավարտվի:

«Դատական նիստերի մշտական տեղափոխումները բարոյապես և նյութապես կամաց-կամաց սպանում են, ցույց են տալիս, որ անմեղության կանխավարկած Հայաստանում չկա: Այն, ինչ տեղի է ունենում իմ ընտանիքի հետ, 1937 թվականի կրկնություն է: Տարբերությունն այն է, որ Հայաստանում հնարավորություն կա բողոքարկել ազգային դատարանի վճիռները Եվրոպական դատարանում: Ես համոզված եմ, որ մենք կշահենք մուտքագրած և դեռևս մուտք արվելիք գանգատները»,- գրել է Եկատերինա Ազյոման:

Եկատերինա Ազյոման նշել է, որ իր ամուսնու գործով նշանակված 52 նիստերից 19-ն է միայն կայացել: Մինչդեռ գործը դատարան է ուղարկվել 2015 թվականի նոյեմբերին: Միջինը մեկ դատական նիստ է կայանում ամեն ամիս՝ չնայած նշանակվել է շատ ավելի հաճախ:
7 նիստ հետաձգվել է մեղադրողի բացակայության պատճառով, մնացածները Եկատերինա Ազյոման վերագրել է դատարանի կազմակերպչական ոչ բավարար աշխատանքին:

«Ինձ մոտ հարց է առաջանում. ինչի համար է այդ տեսակի դատարանը, որն, ըստ էության, չի տալիս պաշտպանվելու հնարավորություն: Չորրորդ տարին է, իմ ամուսինը չի կարողանում դատարանում ներկայացնել իր անմեղության ապացույցները, հրավիրել իր վկաներին: Եվ ինչպես հրավիրել վկաներ, եթե երբեք նախապես հայտնի չէ, կլինի նիստ թե ոչ: Գուցե ավելի հեշտ կլինի չվատնել հարկ վճարողների գումարները և լիազորել նախաքննությանը ազատազրկման ժամկետը որոշելու հարցում: Այդպես ավելի ազնիվ կլիներ Ձեր ընտրողների առջև: Այդպես ես միանգամից կկարողանամ ասել մեր երեք երեխաներին, թե երբ նրանք կտեսնեն իրենց հորը»,- գրել է Վ. Սաչկովի կինը:

Նա հայտնել է, որ ավագ երեխաները չեն տեսել հորը 2014թ-ի մայիսից, իսկ կրտսերը՝ ծնված օրվանից: Սաչկովին արգելված են երկարաժամկետ հանդիպումներն իր ընտանիքի անդամների հետ: Դրանք նախատեսված են միայն դատապարտյալների համար:

«Ինձ համար անթույլատրելի շքեղություն է երեխաներին բերել Սանկտ Պետերբուրգից մեկժամյա հանդիպման իրենց հոր հետ, «ապակու ետևից»: Երեխաները չորրորդ տարին է մեծանում են որբ՝ կենդանի հոր օրոք: Նրանք չեն հիշում նրան, նա իրենց համար դառնում է օտար: Իսկ Հայաստանի գործող օրենսդրությունը խրախուսում է ընտանեկան կապերի բաժանումը»,- նշել է Եկատերինա Ազյոման:

Վլադիմիր Սաչկովի գործով վերջին դատական նիստը նշանակված էր օգոստոսի 3-ին, սակայն այն չի կայացել դատավոր Արմեն Բեկթաշյանի արձակուրդ գնալու հիմքով:

Հիշեցնենք՝ ըստ մեղադրանքի, «ԱրմենՏել» ՓԲԸ-ի որոշ պաշտոնյաների և նույն կազմակերպության հետ անուղղակիորեն կապված անձանցից կազմված խումբը ստեղծել է մի կապուղի, որի միջոցով արտերկրյա օպերատորներից ստացվող միջազգային զանգերը շրջանցել են ընկերության հաշվարկային համակարգը: Ընկերության հաշվարկային համակարգը շրջանցած կապուղին գործել է 2011-2013թթ.: Խմբի գործունեության արդյունքում վնաս է հասցվել թե´ ընկերությանը, թե´, համապատասխանաբար, պետությանը՝ հարկերի մասով: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter