HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

Գանձախուզության մոլուցքը կանխելու համար իրավական կարգավորումներ են անհրաժեշտ

Քննչական կոմիտեում հունիսի 8-ին քննարկվեցին պատմամշակութային հուշարձանների եւ անտիկ գտածոների ոչնչացման դեպքերով հարուցված քրեական գործերի քննության արդյունքները: Քննարկման համար հիմք էր հանդիսացել պատմամշակութային արժեքները ոչնչացնելու վերաբերյալ այս տարվա մայիսին «Հետք»-ում հրապարակված հետաքննությունը: Հոդվածներից մեկում այսպիսի եզրահանգում էինք արել. «Հուշարձաններն ավերելու վերաբերյալ հարուցված բոլոր քրեական գործերը կասեցվել են՝ կատարողին չբացահայտելու պատճառաբանությամբ: Հայտնաբերված գանձագողերն անգամ պատասխանատվության չեն ենթարկվում, գողոնն առգրավելու դեպքերում կամ՝ քրեական գործի հարուցումը մերժվում է, կամ՝ քրեական գործը կարճվում է: Լավատեղյակները պնդում են, որ գանձագողությունը Հայաստանի վերնախավի կողմից կառավարվող բիզնես է

Քննչական կոմիտեն եւս ամփոփել էր պատմության եւ մշակույթի հուշարձաններն ավերելու եւ պատմամշակութային արժեքները ոչնչացնելու վերաբերյալ 2014-2017թթ. առաջին կիսամյակի ընթացքում հարուցված քրեական գործերի քննության արդյունքները եւ իրավական առումով մի շարք խնդիրներ առանձնացրել.

  • Պատմամշակութային վայրերը հստակ տարանջատված չեն հարակից հողատարածքներից, տարբերանշաններ տեղադրված չեն, որով հանրությանը կիրազեկեն, որ այդտեղ հնավայր է:
  • Բավարար իմացությամբ փորձագետներ չկան, որպեսզի պատմամշակութային հուշարձանին կամ պատմամշակութային իրերին պատճառված վնասի դրամական գնահատում կատարեն, որի պատճառով փորձաքննությունները ձգձգվում են:
  • Պարզ չէ, թե փորձագետն ինչպես է որոշում` փորձաքննության ներկայացված հնությունն առանձնակի արժեք ունեցո՞ղ է, թե՞ ոչ, քանի որ փորձագետները չեն նշում, թե ինչ հատկանիշներից ելնելով են դրանք որակում առանձնակի արժեք ունեցող:
  • Քննիչները մասնագիտական պատրաստվածության կարիք ունեն նմանատիպ գործերը քննելու համար եւ այլն:

Ասվեց, որ իրավական առումով խնդիրները բազմաթիվ են, եւ դրանք խոչընդոտում են քննության արդյունավետությանը: Իրավական կարգավորումները կօգնեն, որպեսզի հստակեցվեն այդ հարցերը:

Քննչական կոմիտեի ներկայացրած բացթողումների եւ խնդիրների ցանկը լրացրին քննարկմանը մասնակցող մշակույթի եւ բնապահպանության նախարարությունների ներկայացուցիչները, հնագիտության ինստիտուտի տնօրենը եւ հնագետները:

Նշվեց, որ անշարժ հուշարձանների դեպքում չունենք նաեւ մշակութաբանական փորձաքննություն, առանձնակի արժեքը հստակեցնելու, վնասի չափը որոշելու մեթոդաբանություն չկա: «Սրա պատճառներից մեկն այն է, որ մենք փոձաքննության սկզբունք չունենք: Կարգի բացակայությունն ազատ մեկնաբանելու իրավունք է տալիս մասնագետին, Կառավարության որոշում պետք է լինի»,- իր խոսքում նշեց հնագիտության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանը: Նա հայտնեց, որ հանքավայրերի շահագործման, ճանապարհաշինարարական, հողային այլ աշխատանքների դեպքերում ավերվում կամ վտանգվում են հնավայրերը: «Կանխարգելիչ հնագիտություն» հասկացություն կա, եւ այն պետք է կիրառվի այս դեպքերում:

Տնօրենը նշեց նաեւ, որ պահպանվող տարածքներում տարբերանշաններ չկան, որոնք կհուշեն, որ այդտեղ հնավայր է, հուշարձանները պահպանական գոտի չունեն, հողերի կարգավիճակը հստակեցված չէ՝ մի քարտեզով այն հնավայր է, մյուսով՝ հանքավայր: Հուշարձանների մեծամասնությունը չունի պահպանական գոտի, այս հարցի լուծումը պետք է արագացվի եւ սահմանները ճշտվեն:

Մասնակիցներին չէին գոհացնում նաեւ գանձագողերի նկատմամբ կիրառվող պատիժները, ուստի առաջարկեցին վերանայել պատժի համաչափության հարցը: Մայր աթոռի ներկայացուցիչն առաջարկեց խստացնել տույժերն ու տուգանքները:

Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը նշեց, որ հանրապետությունում 232 բնության հուշարձան է հաշվառված եւ 17 բնապատմական հուշարձան: Դրանց մեծ մասը պատմական հուշարձաններ են եւ անձնագիր չունեն: Ինչ վերաբերում է պահպանական գոտի ունենալուն, հիշեցրեց, որ Խոսրովի արգելոցի տարածքում գտնվող հուշարձաններն անգամ չեն կարողանում վերահսկել, ինչպես, օրինակ, Հավուց թառ վանական համալիրի դեպքում է:

«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրեն Գագիկ Գյուրջյանի ասելով՝ ամեն ինչ սկսվեց նրանից, որ պատմական հուշարձանների պահպանության կոմիտեն վերածվեց գործակալության եւ զրկվեց բոլոր լծակներից, իսկ դրանով հնարավոր չէ բարելավել հուշարձանների պահպանման վիճակը: Նախկինում բոլոր հուշարձանները միավորված էին եւ անվանում էին՝ բնության-պատմության-մշակույթի հուշարձաններ, հետո բնությանն առանձնացվեց, եւ ստացվեց այս իրավիճակը: Ստեղծեցին բնության հուշարձանների ցանկ, որոնք օրենք չունեն, բնության հուշարձաններն անձնագիր չունեն:

Հարցերի հարցն այն է, թե ով պետք է զբաղվի հուշարձանների եւ պատմամշակութային արժեքների պահպանությամբ: Պավել Ավետիսյանը նշեց, որ հուշարձանների տարածքները քանդելը երկար եւ ժամանակատար աշխատանք է, դա կատարվում է բոլորի աչքի առաջ, եւ ոչ ոք չի խոչընդոտում: Նրա կարծիքով՝ դա պետք է տեղական ինքնակառավարման մարմինների պատասխանատվության ներքո լինի:

Մշակույթի նախարարությունն ունի մի շարք կառույցներ՝ Մշակութային արժեքների պահպանության գործակալություն, Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության գործակալություն, «Պատմամշակութային արգելոց թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ եւ այլն, որոնք հենց այդ նպատակով են ստեղծված: Սակայն, ինչպես նկատեց Գ· Գյուրջյանը, ոլորտի կառավարման համակարգ գոյություն չունի, դրանք առանձին-առանձին կան, բայց գործող համակարգ չկա: Թանգարանի տնօրենը շեշտեց նաեւ, որ «այս ոլորտում մասնագետներ չեն աշխատում, դրա համար էլ այս վիճակն է»:

Գանձագողությունը կանխելու համար մասնագետներն առաջարկում են ազատականացնել ոլորտը, մասնավոր անձանց թույլատրել հնագիտական իրեր ձեռք բերել, եթե նրանք պահպանում են այդ իրերի պահպանման, հանրահռչակման եւ այլ պայմաններ:

Քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը քննարկման մասնակիցներին առաջարկվեց գրավոր ներկայացնել ոլորտը կարագավորելու վերաբերյալ առաջարկները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter