HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սակավարյունությունը նվազել է. կառավարությունը փոխել է մարտավարությունը

«Ցորենի ալյուրի հարստացման մասին» օրինագիծը դարձյալ վերադառնում է հանրային օրակարգ: Նախաձեռնողը առողջապահության նախարար Լևոն Ալթունյանն է, ով օգոստոսի 3-ին կառավարության նիստին ներկայացրել էր օրինագծին կրկին անդրադառնալու հիմնավորումը: Այն չզեկուցվող հարցերի շարքում էր:

Նախարար Ալթունյանը հիմնավորման մեջ նշել էր, որ օրինագծի ընդունմանը խոչընդոտել էր հանրության շրջանում ստեղծված բացասական կարծիքը, ինչպեսև սպառողների իրազեկման հարցերով զբաղվող հասարակական կազմակերպությունների կարծիքը: Իսկ այդ կարծիքի վրա ազդելու գործուն միջոցառումներ իրականացնելու համար նախարարությունը հնարավորություն չէր ունեցել: Բացասական կարծիքը փոխելու ուղղությամբ առաջիկա երկու տարիներին ԱՆ-ն իրականացնելու է հանրային իրազեկման աշխատանքներ, այդ թվում՝ հանրային և մասնագիտական քննարկումներ:

Կենսաֆիզիկոս Աշոտ Կարապետյանի կարծիքով՝  նախարարարությունը, հավանաբար, գործի է դնելու պաշտոնյա մասնագետներին՝ լրատվության միջոցով ժողովրդին համոզելու համար, որ այդ ծրագիրը չափազանց օգտակար և անհրաժեշտ է, հետազոտություն կանեն և սակավարյունության շատ մեծ թվեր կնկարեն: «Միակողմանի տրված ինֆորմացիայի միջոցով անվնասության միֆ կձգտեն ստեղծել, ինչպես պատվաստումների դեպքում են անում: Օրինակ՝ որոշել են 13 տարեկաններին պապիլոմայի դեմ պատվաստում մտցնել, կիսաճշմարտություններ են հայտարարում, իբր պաշտպանություն է ապահովում քաղցկեղի որոշ տեսակի դեմ, բայց չեն խոսում բազմաթիվ ռիսկերի, պատվաստանյութի վատ հետազոտված լինելու, պատվաստվածների մահացության և այլնի մասին»,- նշում է Ա. Կարապետյանը, ապա հավելում, որ մինչ օրս այդպես էլ չհաջողվեց լուծել հղի կանանց 5 մգ ֆոլաթթու նշանակելու հարցը: Ըստ նրա՝ ոչ ոք չգիտի, թե ինչու են այդ «փղի դոզան նշանակում, եթե ազգային չափորոշիչով և ԱՀԿ ուղեցույցով 0,4 մգ է խորհուրդ տրվում»:

Ինչ վերաբերում է ալյուրի հարստացմանը, կենսաֆիզիկոսի կարծիքով, FFI-ի կողմից (Food Fortification Initiative – Սննդի հարստացման նախաձեռնություն), որը ծրագիրը համաշխարհային մակարդակով իրականացնողն է ճնշում կա ԱՆ-ի վրա, կամ էլ տրվել են ինչ-որ խոստումներ: «Անձամբ իմ կարծիքն այն է, որ հետազոտություններ և պրոպագանդա անելու համար պարզապես փողեր են ուզում ստանալ միջազգայիններից, պարտադիր ֆորտիֆիկացումը հակասում է ԵԱՏՄ միջպետական կանոնակարգին: Վտանգավորն այն է, որ կարող են զարտուղի ճանապարհներ գտնել, շահագրգռել մեծ ալրաղացներին, որ կամավոր ֆորտիֆիկացնեն: Կարող են անել և նույնիսկ չմակնշել: Լրիվ անտերություն է ոլորտում, ո՞վ չգիտի»,- նշում է Աշոտ Կարապետյանը:

Հիշեցնենք, որ 2014 թ. նոյեմբերի 13-ին կառավարությունը հավանություն է արժանացրել երկու օրինագիծ՝ «Ցորենի ալյուրի հարստացման մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» (դեռևս 2011-ին կառավարությունը հավանություն էր տվել ցորենի հարստացման մասին հայեցակարգին): Առաջին օրինագծի համաձայն՝ Հայաստանում օրական 30 տոննա և ավելի հզորություն ունեցող ալրաղացներում բարձր և առաջին կարգի ցորենի ալյուրը հարստացվելու է պրեմիքսներով, այսինքն՝ վիտամինահանքանյութային հավելումներով (ըստ ԱՆ-ի՝ երկաթով ու ֆոլաթթվով): Մեր երկրում ծրագրի նախաձեռնողը ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամն է՝ ՅՈւՆԻՍԵՖ-ը (FFI նախաձեռնության առաջամարտիկներից է), որը հայտնել էր, թե անվճար կտրամադրի սարքավորումներ, մեդոթաբանական գիտելիքներ:

Դեռևս 2014-ին ԱՆ փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը «Հետքին» հայտնել էր, որ 2012-ին ՅՈՒՆԻՍԵՖ-ը Հայաստան է ներկրել հարստացման համար անհրաժեշտ սարքավորումները, սակայն դրանք ԱՆ-ն չի ստացել: Հավելանյութերի հարցն էլ, փոխնախարարի տեղեկացմամբ, դեռևս քննարկման փուլում է:

Սարքավորումները ներկրելու մասին տեղեկությունը հաստատել էր նաև ՅՈւՆԻՍԵՖ-ը: «Հետքի» գրավոր հարցերին պատասխանելով՝ կազմակերպությունը հայտնել էր, որ սարքավորումներն իրենք իսկապես գնել են, և դրանք գտնվում են իրենց պահեստում: Իսկ դրանք համապատասխան մարմիններին տրամադրվելու որոշումը, ըստ ՅՈւՆԻՍԵՖ-ի, կընդունվի ալյուրի հարստացման նախագծի իրականացման վերաբերյալ ՀՀ կառավարության վերջնական դիրքորոշումից հետո:

2015-ի հունվարին ԱԺ առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովը որոշեց մեկ տարով հետաձգել օրինագծի քննարկումը: Այն ժամանակ հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանն առաջարկել էր շարունակել ուսումնասիրությունները: Սակայն 2016-ի սեպտեմբերի 6-ին ցորենի ալյուրի հարստացման օրինագիծը դուրս եկավ ԱԺ շրջանառությունից: Պատճառը, ըստ ԱՆ-ի, «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 30-րդ հոդվածի 5-րդ մասի «բ» ենթակետն է: Իսկ այդ դրույթը հետևյալն է. «Եթե Ազգային ժողովի հերթական նստաշրջանի կամ չորսօրյա նիստերի օրակարգի նախագծում հարցի ընդգրկվելը գլխադասային հանձնաժողովի եզրակացությամբ՝ Ազգային ժողովի որոշմամբ հետաձգվել է, ապա այդ հարցը բ) հետաձգման ժամկետը լրանալու օրվան հաջորդող օրը դուրս է գալիս Ազգային ժողովում շրջանառությունից, եթե մինչը հետաձգման ժամկետը լրանալու օրը հեղինակը գրավոր չի դիմում գլխադասային հանձնաժողով»:

ԱՆ-ին դրանից հետո հարցրել էինք, թե հնարավոր է արդյոք, որ առաջիկայում կառավարությունը նախարարության առաջարկով հանդես գա ցորենի ալյուրը հարստացնելու մասին նմանատիպ օրինագծով: Նախարարությունը պատասխանել էր. «Նախագծի վերաբերյալ ՀՀ ԱՆ հետագա քայլերը կախված կլինեն ՀՀ ժողովրդագրության և առողջության հարցերի 4-րդ հետազոտության արդյունքներից (hետազոտությունը մեկնարկել է 2015 թ.-ին, արդյունքների վերլուծությունը ամփոփման փուլում է), միաժամանակ Եվրասիական տնտեսական միության շրջանակներում գործող օրենսդրության պահանջներից (հիմք ընդունելով այն հանգամանքը, որ Հայաստանի Հանրապետությունը 2014-ին միացել է Եվրասիական միությանը)»:

Ի՞նչ են վկայում թվերը

Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է 2015-16 թթ. Հայաստանի ժողովրդագրության և առողջության հարցերի հետազոտությունը (ՀԺԱՀՀ), ինչի մասին դեռևս նախորդ տարի նշել էր ԱՆ-ն: Հետազոտությունն անցկացվում է 5 տարին մեկ: Եթե 2000 և 2005 թթ.-ին սակավարյունության ցուցանիշները կարող ենք տեսնել, ապա 2010-ին դրանք բացակայում են: Այսինքն՝ հեմոգլոբինի չափում չի կատարվել, քանի որ, ըստ ԱՆ փոխնախարար Սերգեյ Խաչատրյանի, հետազոտությունը ֆինանսավորող USAID-ի ֆինանսավորումը չէր բավականացրել: Ավելորդ չէ նշել, որ USAID-ը նույնպես FFI-ի անդամ է:  

Ըստ ՀԺԱՀՀ-2000-ի՝ սակավարյունություն է ունեցել 6-59 ամսական երեխաների 24 տոկոսը և 15-49 տարեկան կանանց 12,4 տոկոսը:  

2005-ի տվյալներով՝ երեխաների սակավարյունությունը կազմել է 36,5 տոկոս, իսկ կանանցը՝ 24,6:

Իսկ ահա 2015-16 թթ. տվյալներով՝ թե երեխաների, թե կանանց շրջանում սակավարյունությունը նվազել է: Առաջին խմբի մոտ գրանցվել է 15,6 տոկոս, իսկ երկրորդի դեպքում՝ 13,4:

Թվում է, թե հենց սակավարյունության ցուցանիշների նվազումն է պատճառը, որ առողջապահության նախարարությունը որոշել է շեշտը դնել հանրային իրազեկման աշխատանքների վրա՝ փորձելով մարդկանց բացատրել, թե ինչ լավ բան է ալյուրի հարստացումը: Բայց ճիշտ կլինի, որ ԱՆ-ն քաղաքացիներին իրազեկելիս խոսի կոնկրետ փաստերով ու թվերով, որոնք ապացուցում են, որ սակավարյունության խնդրի դեմ կարելի է պայքարել առանց սնունդն արհեստականորեն հարստացնելու:    

Մեկնաբանություններ (1)

Սվետլանա Գալստյան
Այս պահին չեմ հիշում՝ որտեղ, բայց վերջերս շատ հոդվածներ եմ կարդացել հարստացված ալյուրի վտանգների մասին , ու շատ երկրներ հրաժարվել են։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter