HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վանաձորի փակված գրադարաններում գրքերը փտում են. ի՞նչ ճակատագիր է սպասվում այս տարի փակված գրադարանին

Գայանե Սարգսյան

«Գիրքը ոչ միայն մեր բարեկամն է, այլև մեր հավերժական ուղեկիցը»,- հուշում է Վանաձորի Ավետիսյան 59 շենքի առաջին հարկում գտնվող գրադարանի ցուցապաստառներից մեկը, որը հայտնվել է գետնին՝ փոշու ու անձրեւաջրերի տակ:

2009թ.-ին փակված այս գրադարանում շուրջ 40.000 գիրք է հաշվառված: Գրքերի վիճակին տեղում ծանոթանալու համար փորձում ենք մտնել ներս: Դժվարությամբ ենք կարողանում հաղթահարել անտանելի գարշահոտն ու առաջ շարժվել: Մի քանի սենյակից բաղկացած երբեմնի գրավիչ գրադարանում գրեթե գույք չկա, հիմնականում անխնամ թափթփված գրքեր են՝ հատակին, պատուհանագոգերին, սենյակների տարբեր անկյուններում: Սենյակներից մեկի դուռը բացում ենք ու ապշում՝ ողջ սենյակը  հատակից մինչև առաստաղ իրար վրա նետված գրքեր են՝ ծածկված սպիտակադեղնավուն բորբոսով: Հայ, ռուս, արտասահմանյան գրականության լավագույն նմուշներն այստեղ անուշադրության պատճառով այլևս պիտանի չեն, 40.000 գիրք այս գրադարանում ենթակա է ոչնչացման, քանի որ անզեն աչքով էլ պարզ է՝ դրանք փրկելն այլևս անհնար է:


Ուղեկիցներս առաջարկում են արագ դուրս գալ գրադարանի տարածքից` զգուշացնելով, որ սնկային հիվանդությամբ վարակված գրքերն ու գրադարանի օդը կարող են վտանգավոր լինել:

Ութ տարի առաջ փակված գրադարանում փտող գրքերի վիճակին ծանոթացել ու առկա վիճակի մասին օրերս բարձրաձայնել էին նաև «Լուսավոր Հայաստան» խմբակցության ավագանու անդամները:

«Փաստացի նշվում է, որ այդտեղ եղել է  մոտ 40.000 գիրք,  որոնք այսօր հոտած են, անպիտան են օգտագործման համար: Եթե մեկ գիրքը նվազագույնը հաշվենք 1500 դրամով, դա շատ ցածր գին եմ ասում, կստացվի 60 մլն դրամ: Ահռելի չափերի համայնքային գույք է ոչնչացվել, մեծ վնաս է պատճառվել համայնքին»,- վրդովված ասում է «Լուսավոր Հայաստան» խմբակցության ավագանու անդամ Ա. Եղիազարյանը:

Քաղաքի գրադարանների առկա վիճակն ուսումնասիրելիս պարզում ենք, որ 2008-2009թթ. Վանաձորում ևս մեկ գրադարան է փակվել: Այցելում ենք նաև այս գրադարան, որը գտնվում է Ներսիսյան փողոցի բարձրահարկերից մեկի առաջին հարկում: Պատուհաններից երևացող փոշոտ ցուցանակը հուշում է՝ համար 3 գրադարանի մասնաճյուղն է: Չորսսենյականոց գրադարանում ամենուր գրքեր են: Թեև դրանք ավելի բարվոք վիճակում են, քան նախորդ գրադարանում հանդիպածները, սակայն այստեղ ևս անխնամ վիճակ է: Տարիների փոշով ծածկված գրքերը ոչ միայն գրադարակներում են, այլև սեղաններին, հատակին...  Տարբեր հատվածներում գունաթափված առաստաղը հուշում է, որ այստեղ ժամանակ առ ժամանակ նաև վերին հարկերից ջուր է թափվում: Գրքերի մի մասի վրա փոշուց զատ նաև սնկային հիվանդության հետքեր կան: Ակնհայտ է, որ հրատապ քայլեր չձեռնարկելու դեպքում այս գրադարանի գրականությունը ևս կհայտնվի ոչնչացման եզրին:

Պաշտոնական տվյալներով` այս գրադարանում հաշվարկվում է շուրջ 37.000 գիրք: Վանաձորի գրադարանների կենտրոնացված համակարգի տնօրեն Խորեն Գասպարյանի խոսքով` այստեղ առկա հազվագյուտ գրքերից ժամանակ առ ժամանակ տեղափոխում են քաղաքի այլ գրադարաններ: Գրադարանում մնացած գրականության ահռելի մասի ճակատագիրը, սակայն, դեռ պարզ չէ:

Խ. Գասպարյանը, որը գրադարանային կենտրոնացված համակարգի տնօրենն է  2012թ.-ից, որպես ժառանգություն բաժին հասած փակված գրադարանների գույքի խնդրով բազմիցս դիմել է քաղաքապետարան: Որևէ գործուն քայլ գույքը ոչնչացումից փրկելու համար քաղաքապետարանը չի ձեռնարկել:

Այս տարի Վանաձորի 8 գրադարաններից 4-ի աշխատակիցները կրճատվեցին, 1 գրադարան փակվեց, 3-ի գույքը կհանձնվի դպրոցներին

Վանաձորի ավագանու որոշմամբ այս տարվա հունիսից օպտիմալացման ենթարկվեցին քաղաքի 8 գրադարաններից 4-ը, կրճատումների արդյունքում աշխատակիցների թիվը 62-ից հասցվեց 28-ի, 57.5 դրույքից՝ 21-ի:

Դիմաց թաղամասում Ուսանողական փողոցի բարձրահարկերից մեկի առաջին հարկում գտնվող թիվ 5 գրադարանը փակվեց անմխիթար պայմանների պատճառաբանությամբ, Վանաձորի թիվ 25, 28 դպրոցներում գտնվող գրադարաններում էլ աշխատակիցների թիվը կրճատվեց, գրադարանները ժամանակավորապես դադարեցրին գործունեությունը՝ քաղաքապետարանի կողմից  սեպտեմբերից  առկա գրականությունը դպրոցներին հանձնելու տրամադրվածությամբ: Քաղաքի խնամքի կենտրոնում գտնվող գրադարանի գույքն էլ օրերս տեղափոխվել է  թիվ 16 դպրոցի տարածք՝ գրքերը նոր ուսումնական տարվանից այդ դպրոցին ի պահ տալու համար:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ավագանու անդամները գրադարանների ամբողջ աշխատակազմին աշխատանքից ազատելու քաղաքապետարանի մոտեցմանը դեմ են:

«Օպտիմալացումը չի նշանակում կոշտ, մեկ քայլանի գործողություն»,- ասում է Ա. Եղիազարյանը` խնդրի լուծման առավել արդյունավետ տարբերակ համարելով աշխատակիցների թվի նվազեցման արդյունքում գրադարանների պահպանումը:

«Մեր ուսումնասիրությունները ցույց են տվել, որ գրադարաններից օգտվողների 90 տոկոսը դպրոցի աշակերտներ են եղել: Նշված դպրոցների տնօրենների հետ արդեն իսկ պայմանավորվածություն կա, որ գրադարանները դպրոցներում գործեն»,- վստահեցրեց Վանաձորի քաղաքապետի առաջին տեղակալ Արտյոմ Գրիգորյանը:

Վերջինիս խոսքով` ավագանու առաջիկա նիստում կքննարկվի ու որոշում կկայացվի, թե ինչ սկզբունքով կարող է համայնքը գրադարանների գրականությունը հանձնել դպրոցներին, որպեսզի համայնքային բյուջեցից դրանց պահպանման ու աշխատակիցների աշխատավարձերի համար լրացուցիչ ֆինասական միջոցներ չծախսվեն:

Այս հարցի վերաբերյալ լսեցինք նաև վերը նշված դպրոցների տնօրենների տեսակետները: Ե´վ Վանաձորի թիվ 25 դպրոցի տնօրեն Անահիտ Ղազումյանը, եւ´ թիվ 16 դպրոցի տնօրեն Նաիրա Հարությունյանը մեր հարցերին խուսափողական պատասխաններ տվեցին` ասելով, թե արձակուրդում են ու հարցերին կարող են պատասխանել միայն վերադառնալուց հետո:

Ինչ վերաբերում է 2009թ. փակված երկու գրադարաններին, որոնցից մեկի գույքն ամբողջությամբ, իսկ մյուսինը մասնակի վնասված է, Ա. Գրիգորյանն ասում է. «Կամ անփույթ են  վարվել ժամանակին այդ գրքերի հետ, կամ պահպանման պայմանները չեն պահպանվել: Ուսումնասիրում ենք երկու գրադարանների գրքերը, եթե պիտանի լինեն, պետք է փրկենք, եթե ոչ՝ ի՞նչ կարող ենք անել»:

Ավագանու անդամ Ա. Եղիազարյանը չի ընդունում ներկայիս տեղական իշխանության այն պնդումը, թե գրադարանների գույքը ոչնչացել է նախկին իշխանության օրոք:

«Այդ տարիների ու ներկայիս ավագանու կազմում մեծ մասը նույն մարդիկ են: Ես չեմ ընդունում պատճառաբանությունը, թե նախկին իշխանությունն է եղել, մենք տեղյակ չենք»,- նկատում է Ա. Եղիազարյանը:

Ա. Գրիգորյանը, որը նախորդ գումարման ավագանու կազմում է  եղել, հակադարձում է՝ փակված գրադարանների ու դրանցում առկա գույքի մասին ավագանին տեղյակ չի եղել, նմանատիպ քննարկումներ ու հարցեր ավագանու օրակարգում չեն եղել:

Մտավախությունը, որ անհրապույր վիճակում գտնվող թիվ 5 գրադարանի գույքը (որն առավել հայտնի է Ուսանողականի գրադարան անվամբ) ևս կարող է արժանանալ նախկինում փակված գրադարանների ճակատագրին, փոխքաղաքապետը տեղին չի համարում: «Հետք»-ի հետ զրույցում նա վստահեցրեց՝ նախկին դառը փորձը մենք չենք կրկնելու:

Գրադարանի վիճակին ծանոթացանք տեղում:

Շուրջ մեկ ամիս առաջ փակված գրադարանի մուտքին կից սալաքարերի բացակայությունը նկատեցի թե´ ես, թե´ մեզ ուղեկցող գրադարանի աշխատակիցները: Մուտքի վերնամասից ջուր էր ծորում՝ ինչ-որ խողովակներից անընդմեջ թափվող ջուրը երկար հոսելու դեպքում քայքայելու էր այդ հատվածը: Նախասրահում հատակը տեղ-տեղ ամբողջովին քայքայված էր: Թեև գրադարանը վերջերս է փակվել, սակայն այստեղ ևս գրքերը ոչ միայն գրադարակներում էին, այլև` հատակին: Սրահների մի մասում հատակն ու առաստաղն այնքան վնասված էին, որ, չիմանալու դեպքում, կարող էինք կարծել, թե գրադարանը տարիներով չի գործել:

«Մենք տեսնելու ենք` ինչ գրքային ֆոնդ ունենք այդտեղ, որը չկա մյուս գրադարանների ֆոնդերում ու առաջին հերթին հարստացնենք այդ ֆոնդերը, իսկ եթե կրկնվում է, բնականաբար, պետք է պահպանենք այդ գրքերը, մինչև հետագայում նոր գրադարան բացելու ու այդ գրքերը տեղափոխելու հնարավորություն լինի»,- նշում է Ա. Գրիգորյանը:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ավագանու անդամներն առաջիկայում պատրաստվում են դիմել Վանաձորի քաղաքապետին՝ օպտիմալացված գրադարանները փոքր աշխատակազմերով վերաբացելու առաջարկով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter