ՈՒրբաթ, 17 նոյեմբերի

«Զինված խմբի» անդամները չընդունեցին մեղադրանքները. Շիրխանյանը դրվագներից մեկն անգրագիտություն անվանեց



Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ՊՆ նախարարի նախկին տեղակալ Վահան Շիրխանյանի և մյուսների վերաբերյալ դատական գործով մեղադրողներն այսօր վերջապես ավարտին հասցրին ամբաստանյալների վերաբերյալ մեղադրանքների ընթերցումը:

Դրանցից յուրաքանչյուրը շուրջ 30 րոպե էր տևում, և գրեթե ամբողջությամբ կրկնում նախորդին: Շուրջ 3 ժամվա ընթացքում 6 ամբաստանյալի վերաբերյալ մեղադրանքները լսելուց հետո դատարանը ճշտեց  ամբաստանյալների դիրքորոշումները դրանց վերաբերյալ:

Հիշեցնենք, այս գործով ամբաստանյալներին մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 223, 235 և 35-300 հոդվածներով, այն  է՝ հանցավոր համագործակցություն ստեղծելը կամ հանցավոր համագործակցությանը մասնակցելը, ապօրինի զենք-զինամթերք կրելը և իշխանությունը զավթելու նախապատրաստումը՝ բռնություն գործադրելու միջոցով կամ գործադրելու սպառնալիքով:

Արթուր Վարդանյանը, որը, ըստ մեղադրանքի, ստեղծել և ղեկավարել է խումբը, հայտարարեց, թե զենք-զինամթերքն իրենն է, բայց հանցավոր համագործակցություն չի եղել:

Ինչ վերաբերում է իշխանությունը զավթելու մեղադրանքին, Արթուր Վարդանյանը դա առհասարակ անտրամաբանական համարեց:

«Ես ինչո՞ւ պիտի զավթեմ իշխանությունը, եթե այն ինձ է պատկանում»,- ասաց Արթուր Վարդանյանը՝ նկատի ունենալով Սահմանադրության 2-րդ հոդվածը, որը շարադրված է այսպես. «Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին»:

Ամբաստանյալ Անտոն Դիկրան Թոթոնջյանը, որն ըստ մեղադրանքի` ֆինանսավորել է խմբին, ևս չընդունեց մեղադրանքը:

Պաշտպանության նախարարի նախկին տեղակալ Վահան Շիրխանյանը հայտարարեց, որ ինքը ոչ մի բանի հետ կապ չունի:

«Ես ոչ միայն մեղադրանքի հետ կապ չունեմ, այլ նաև ամաչեցի. ո՞նց կարելի է РПК-ով ( Ручной пулемёт Калашникова) ինքնաթիռ խոցել. անգրագիտությունը պետք է սահման ունենա»,- ասաց Վահան Շիրխանյանը: 

Գառնիկ Մարգարյանը հայտարարեց, որ իրեն առաջադրված մեղադրանքը քաղաքական հետապնդում է իր քաղաքական գործունեության համար, որն ուղղված է եղել կոռուպցիայի և այլ հանգամանքների դեմ:

«Ես կապ չունեմ հանցավոր խմբի հետ և չեմ համարում, որ առհասարակ հանցավոր կա. ապշում և զարմանում եմ, թե ոնց են այս երիտասարդ երեխաներին բերել ու փաթաթել այս ծանր մեղադրանքները»,- ասաց Գառնիկ Մարգարյանը:

«Զվարճալի կլիներ, եթե ճակատագրական չլիներ»,- անդրադառնալով մեղադրանքներին՝ ասաց ամբաստանյալ Խաչիկ Ավետիսյանը:

Վլադիմիր Առաքելյանը նշեց, որ մեղադրանքն իրեն հասկանալի է, բայց ինքն իրեն մեղավոր չի ճանաչում:

«Այստեղ շատերը պատերազմի մասնակից են, պարո՛ն Բեկթաշյան, դուք էլ եք պատերազմի մասնակից: Այն ժամանակ մենք բոլորս գիտեինք՝ ինչի համար ենք գնում և ուր ենք գնում: Հիմա, երբ նայում եմ էս էրեխեքին, ուղղակի զարմանում եմ. ո՞նց են Ազգային  անվտանգության մարմինները փչած գործ սարքել, իբր էս  էրեխեքը պիտի գնային իշխանություն գրավեին»,- ասաց Առաքելյանը՝ նշելով, որ ինքը, 1999-ի հոկտեմբերի 27-ին Ազգային ժողովի վրա զինված հարձակման ժամանակ հարազատ անձինք կորցրած լինելով, երբեք թույլ չէր տա, որ Հայաստանում զինված հեղաշրջում իրականացվի:

Նշենք, որ այսօր դատական նիստը շուրջ 30 րոպե ուշ սկսվեց, քանի որ Առաքելյանը գտնվում էր «Արմենիա» բժշկական կենտրոնում: Վերջինս առողջական խնդիրներ ուներ: Լրագրողների հետ զրույցում ասաց, որ հիմա իրեն լավ է զգում:

Ամբաստանյալ Հարություն Սարիբեկյանն, ըստ մեղադրանքի, առաջարկել է «Զվարթնոց» օդանավակայանի մոտ գտնվող իր տան տարածքից խոցել նախագահի ինքնաթիռը:

Վերջինս դատարանին հայտնեց, որ ոչ միայն մեղադրանքը չի ընդունում, այլ առհասարակ խմբի անդամներին դատարանում է տեսել:

«Չեմ ճանաչել այս խմբից ոչ մեկին. նրանց դատարանում եմ ճանաչել: Ես` որպես կռվող տղա, իմ ազգի համար եմ դուրս եկել, այլ ոչ թե ազգիս դեմ: Մենք երեք եղբայրներով կռվել ենք, երկուսս վիրավորվել ենք, մեկն՝ անհայտ կորել: Նույնիսկ իմ կինն է հղի վիճակում, զենքը ձեռքին իմ հետ կռվել: Եթե ինձ դրա համար են դատում, խնդրեմ»,- ասաց Արցախյան պատերազմի  մասնակից Սարիբեկյանը:

Անդրադառնալով իր վերաբերյալ մեղադրանքի այն դրվագին, թե իբր ինքն առաջարկել է իր տան տարածքից խոցել նախագահի ինքնաթիռը՝ Սարիբեկյանը նշեց, որ իր տնից շատ հեռու է օդանավակայանի այն հատվածը, որտեղից իբր պիտի խոցվեր ինքնաթիռը:

«Ես այդքան հիմար չեմ, որ իմ տան մոտից խփեմ ինքնաթիռը, կամ ինչո՞ւ պիտի խոցեի, կամ, առհասարակ, որտե՞ղ է այն РПК-ն, որով պիտի խոցեի: Թող բերեն, ցույց տան»,- ասաց Սարիբեկյանը:

Ամբաստանյալ Տիգրան Բոյաջյանը կարծիք հայտնեց, թե գործը պետք է վաղուց կարճված լիներ: Մենք խոսում ենք 200 հոգու, 300 հոգու մասին, բայց 20 հոգով այստեղ նստած ենք»,-ասաց Բոյաջյանը:

«Բա ի՞նչ ես էդքան գրել, ապո՛ւշ»,- տեղից արձագանքեց ամբաստանյալ Նելլի Մինասյանը, ով ավելի ուշ լրագրողների հետ զրույցում ասաց, որ ամբաստանյալների մեղադրանքներն ամբողջությամբ հիմնված են Տիգրան Բոյաջյանի ցուցմունքների վրա:

Մեղադրանքը չընդունեցին նաև ամբաստանյալներ Ավետիս Բերբերյանը, Վաղինակ Ստեփանյանը, Արթուր Եղիազարյանը, Վահագն Սալնազարյանը, Արման Հայրապետյանը, Էդվարդ Ներսիսյանը, Արա Պողոսյանը, Արկադի Մարդոյանը, Նելլի Մինասյանը, Ասյա Մկրտչյանը, Մարինե Կաթանյանը:

Դատարանն այսօր սահմանեց նաև ապացույցների հետազոտման հաջորդականությունը, համաձայն որի` նախ կլսեն այս գործից անջատված մասով ամբաստանյալներին, ապա վկաներին, հետո կապացուցվեն գործում առկա փաստաթղթերը, որից հետո  դատարանը կլսի ամբաստանյալներին: 


Գլխավոր էջ

Տպել    |  In English


Տես նաև՝

ավելին



Մեկնաբանություններ (3)
1. Վարազ Սյունի (Ամստերդամ)01:41 - 12 օգոստոսի, 2017
Արթուր Վարդանյանն ինձ վրա բավականին հայրենասեր տղայի տպավորություն թողեց: Մեղադրող կողմից ես համոզիչ ապացույցներ մինչև հիմա դեռ չեմ տեսել. մեղադրանքների մեծագույն մասը բակային բամբասանքների մակարդակի է:
2. Վարազ Սյունի (Ամստերդամ)01:43 - 12 օգոստոսի, 2017
ՀՀ Ոստիկանությունն ու ԱԱԾ-ն միայն սեփակա՛ն ժողովրդին ջարդել գիտեն: Պերմյակովի գործի ժամանակ չգիտես ուր էին: Հայաստանի դատաիրավական համակարգը անկախ չէ,որ մարդ հաստատ իմանա: Հնարավոր է նաև,որ մարդկանց գլխին սարքում են: Ոստիկանությունն ու ԱԱԾ-ն «սարքել-թքել-կպցնելու» մեծ վարպետներ են. Սովետից մնացած հիվանդություն է: ԱԱԾ-ն իբր գործ է անում:Թուրքական «գորշ գայլերի» ղեկավարներն եկան Երևանի կենտրոնում նկարվեցին ու նույնիսկ կաթողիկոսարան գնացին,բայց ԱԱԾ-ն քնած էր:
3. Միսակ09:29 - 17 սեպտեմբերի, 2017
Սերժի հրամանով այդ մարդիկ /հատկապես Շիրխանյանը/, ինչպես նաև Ժիրայրն ու մյուսները, կմնան փակված մինչև 2018-ի ամառը, երբ երբ դառնալով Հայաստանի միահեծան կառավարիչ, Արցախն իրշրջակա տարածքներով կհանձնի /գուցե և արդեն ծախել է/ թուրքին և Հայաստանն էլ դարձնելով Ռուսաստանի նահանգ պուտինի ձեռքից կնդունի ցմահ նահանգապետի պաշտոնը։
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Արխիվ