Երկուշաբթի, 23 հոկտեմբերի

Լևոն Արոնյանը 4-րդ հորիզոնականը զբաղեցրեց Սինքֆիլդի գավաթի խաղարկությունում



ԱՄՆ-ի Սենտ Լյուիս քաղաքում ավարտվեց Grand Chess Tour-ի 3-րդ մրցափուլը՝ Սինքֆիլդի գավաթի խաղարկությունը, որին, ի թիվս մյուս ուժեղագույն գրոսմայստերների, մասնակցում էր նաև հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը:

Մրցաշարի վերջին տուրից առաջ Արոնյանը Մաքսիմ Վաշիե-Լագրավի և Վիշվանաթան Անանդի հետ բաժանում էր 1-3-րդ հորիզոնականները, այսինքն՝ մրցաշարի հաղթողի անունը պետք է վճռվեր հենց վերջին տուրում, որտեղ հայ գրոսմայստերի մրցակիցը աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենն էր: Սև խաղաքարերով խաղացող Արոնյանը պարտիայի 52-րդ քայլին ընդունեց իր պարտությունը:

Լևոն Արոնյանի հիմնական մրցակիցներից Վիշվանաթան Անանդը վերջին տուրում ոչ-ոքի խաղաց Ուեսլի Սոյի հետ, իսկ Մաքսիմ Վաշիե-Լագրավը, սպիտակ խաղաքարերով պարտության մատնելով Յան Նեպոմնյաշչուն, վաստակեց 6 միավոր և ճանաչվեց մրցաշարի միանձյա հաղթող, իսկ Արոնյանը վերջնական արդյունքում իր վաստակած 5 միավորով զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը: Անանդն ու Կարլսենը 5,5-ական միավորով հանգրվանեցին համապատասխանաբար 2-րդ և 3-րդ հորիզոնականներում:

Ընդհանուր առմամբ, Սինքֆիլդի գավաթի խաղարկության ընթացքում Արոնյանը տարավ 3 հաղթանակ, խաղաց 4 ոչ-ոքի և կրեց 2 պարտություն: Մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում էր 300 հազար դոլար, որից 30 հազարը բաժին հասավ  Արոնյանին: Նշենք, որ 34-ամյա շախմատիստը հաղթել էր Սինքֆիլդի գավաթի 2015 թվականի խաղարկությունում:

Այս տարվա մրցաշարում ունեցած ելույթների շնորհիվ Արոնյանը բարելավել է իր դիրքերը ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում՝ անհատական վարկանիշային միավորների քանակը հասցնելով 2807-ի, ինչը աշխարհում երկրորդ ցուցանիշն է Մագնուս Կարլսենի արդյունքից հետո:

Հիշեցնենք, որ հայ գրոսմայստերը այս տարվա ընթացքում հաղթել է շախմատային երկու սուպերմրցաշարերում. ապրիլին` Բադեն-Բադենում կայացած «GRENKE Chess Classic»-ում, իսկ հունիսին՝ Ստավանգերի «Norway Chess» մրցաշարում:

Լևոն Արոնյանը սեպտեմբերի 2-27-ը Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում կմասնակցի աշխարհի գավաթի խաղարկությանը: Մրցաշարում իրենց ուժերը կփորձեն նաև Հայաստանի տղամարդկանց հավաքականի անդամ Հրանտ Մելքումյանը և գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյանը: 

Լուսանկարը՝ grandchesstour.org-ի


Գլխավոր էջ

Տպել    |  In English



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ