HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

ՍԱՊԾ-ն դատի է տվել նախկին աշխատակցին, քաղծառայության խորհուրդը խախտումներ է գտել ՍԱՊԾ-ի աշխատանքում

Ինչպես արդեն հայտնել էինք, քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահի հանձնարարությամբ հուլիսի 20-24-ը «Գոգավան» սահմանային հսկիչ կետի նախկին պետ Նարեկ Մանթաշյանի բարձրաձայնած մեղադրանքների հիման վրա ուսումնասիրություններ են կատարվել Սննդի անվտանգության պետական ծառայությունում (ՍԱՊԾ):

Մանթաշյանը երեկ հրապարակել է այդ ուսումնասիրության արդյունքները: Քաղաքացիական ծառայության խորհուրդը պարզել է, որ սահմանված փորձաշրջանն ավարտելուց հետո Մանթաշյանը չի ստացել զբաղեցրած պաշտոնի համար նախատեսված համապատասխան դասային աստիճանը, իսկ զբաղեցրած պաշտոնից ազատվելու մասին դիմումում ազատման օրվա մասին ժամկետ նշված չի եղել, այն չի թվագրվել: Մանթաշյանի այն մեղադրանքների առնչությամբ, թե պաշտոնավարման ընթացքում ՍԱՊԾ-ի կողմից իրեն չեն հանձնվել սահմանված կնիքները, Խորհուրդը պարզաբանել է, որ դրանք բաշխելու կարգը սահմանված է, սակայն հանձնման-ընդունման հստակ ընթացակարգ և ժամկետներ չկան:

Ազատման դիմումի հանձնման առումով Խորհուրդը պարզել է, որ թեև Մանթաշյանը նշել է, որ զբաղեցրած պաշտոնից ազատվելու մասին դիմումը ներկայացրել է մայիսի 31-ին, ըստ ՍԱՊԾ աշխատակազմի անձնակազմի կառավարման բաժնի պետ Արսեն Վարդանյանի՝ Մանթաշյանը ազատման դիմումը առձեռն ներկայացրել է հուլիսի 7-ին, որը ՍԱՊԾ ընդհանուր բաժին մուտքագրվել է հուլիսի 12-ին: Կատարված ուսումնասիրությունների ընթացքում Մանթաշյանի կողմից ազատման դիմում ներկայացնելու օրվա մասին այլ հիմնավորումներ Խորհուրդը ձեռք չի բերել և սահմանային հսկիչ կետի նախկին պետին հորդորել է իրավունքները վերականգնելու համար դիմել դատարան, քանի որ հուլիսի 12-ն նա այլևս քաղաքացիական ծառայող չէր:

Կատարած ուսումնասիրությունների արդյունքների հիման վրա Քաղաքացիական խորդուրդը որոշել է միջնորդել ՍԱՊԾ աշխատակազմի ղեկավարին՝ ծառայողական պարտականությունները անհարգելի պատճառով չկատարելու համար ծառայության աշխատակազմի անձնակազմի կառավարման բաժնի պետ Արսեն Վարդանյանի նկատմամբ կիրառել խիստ նկատողություն, հանձնարարել ՍԱՊԾ ղեկավարին միջոցներ ձեռնարկել քաղաքացիական ծառայողներին համապատասխան դասային աստիճաններ շնորհելու` օրենքով նախատեսված դրույթներն ապահովել՝ այսուհետ խախտումները իսպառ բացառելու նպատակով:

Խորհուրդը նաև միջնորդել է ՍԱՊԾ պետին սահմանային հսկիչ կետերի աշխատողների կնիքների ու դրոշմակնիքների հանձնման-ընդունման ընթացակարգը կարգավորել օրենսդրությանը համապատասխան: Այս գործընթացի վերաբերյալ Խորհուրդը նաև ՍԱՊԾ-ին հորդորելու է քննարկել ծառայության աշխատակազմի սահմանային հսկիչ կետերի համակարգման բաժնի պետ Էլեն Ծառուկյանի գործողությունները և անհրաժեշտության դեպքում նրա նկատմամբ օրենքով սահմանված միջոցներ ձեռնարկել: 

ՍԱՊԾ-ն դատի է տվել իր նախկին աշխատակցին

ՍԱՊԾ-ն իր հերթին դատական հայց է ներկայացրել ընդդեմ Նարեկ Մանթաշյանի՝ իր գործարար համբավի պաշտպանության պահանջով: Մասնավորապես՝ հայցադիմումում ծառայությունը նշել է, որ Նարեկ Մանթաշյանը ԶԼՄ-ների միջոցով տարածել է մի շարք վիրավորական և զրպարտող հայտարարություններ՝ ծառայության ղեկավարության և ծառայության կողմից օրենքով իրեն վերապահված գործունեության ոչ լիարժեք իրականացման վերաբերյալ: ՍԱՊԾ-ն պահանջում է, որպեսզի Մանթաշյանը հրապարակայնորեն ներողություն խնդրի լրատվության միջոցներով տարածված ապատեղեկատվության համար, ինչպես նաև հրապարակայնորեն հերքի զրպարտություն համարվող փաստացի տվյալները: ՍԱՊԾ-ն հայցադիմում ներկայացրել է նաեւ Մանթաշյանի այս գրառումը:

Մասնավորապես՝ Ծառայությունն ընդգծել է, որ Մանթաշյանը, առանց հիմնավոր ապացույցներ ներկայացնելու, հրապարակայնորեն հայտարարել է ծառայության և ղեկավարության կողմից այնպիսի տվյալների մասին, որոնք իրականությանը չեն համապատասխանում և արատավորում են ՍԱՊԾ-ի և նրա ղեկավարության պատիվն ու արժանապատվությունը:

Ծառայությունը մեջբերել է Քաղաքացիական օրենսգիրքը և շեշտել, որ եթե Նարեկ Մանթաշյանը չապացուցի իր հնչեցրած փաստերի իսկությունը, օրենքով պատասխանատվության կենթարկվի: «Երբ Իշխան Կարապետյանը հայտարարեց, որ ապատեղեկատվություն է ու դատի ենք տալու, դրանից երկու օր հետո ես «Ֆեյսբուք»-ում գրել եմ ի պատասխան Կարապետյանի: Մի՞թե կարող է պետական լուրջ մարմնի ղեկավարն այսքան ցածր իրավագիտակցություն ունենալ: Դուրս է գալիս՝ հայտարարել են, որ դատի են տալու ու սպասել են մի բան գրեմ»,- մեզ հետ զրույցում նշեց Նարեկ Մանթաշյանը:

Հիշեցնենք, որ հուլիսի 13-ին նյութ էինք հրապարակել «Գոգավան» սահմանային հսկիչ կետի արդեն նախկին պետ Նարեկ Մանթաշյանի մասին։ Նարեկը հուլիսի 12-ին տեղեկացել էր, որ ազատվել է պաշտոնից՝ սեփական դիմումի համաձայն, սակայն, իր խոսքով, չէր կարող ազատման դիմում ներկայացնել, քանի որ հիվանդ էր թոքաբորբով և գտնվում էր Ստեփանավանում։

Լուսանկարը` Նաեկ Մանթաշյանի ֆեյսբուքյան էջից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter