HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Կառավարությունը ինչո՞ւ էր թաքցնում «Կյանքի որակի մասին» ուսումնասիրության արդյունքները

Կառավարության աշխատակազմը սովորություն է դարձրել պաշտոնական կայքէջը (www.gov.am) խմբագրելը, հետին ամսաթվով հայտարարություններ, նորություններ հրապարակելը: Հերթական նման դեպքն արձանագրվեց «Հետք»-ի ուսումնասիրությունից հետո:

Գրել էինք, որ 9 տարի է` կառավարությունը պայմանագրեր է կնքում «ԱՅ ՓԻ ԷՍ ՍԻ» քաղաքական և սոցիոլոգիական խորհրդատվությունների ինստիտուտ» ՍՊԸ-ի հետ: 2009-2017 թվականների ընթացքում կնքվել է մոտ 893 մլն դրամի պայմանագիր: Սակայն այդ ուսումնասիրություններն ու հետազոտությունները կամ չէին հրապարակվում կառավարության պաշտոնական կայքում, կամ թերի էին հրապարակվում:

Կառավարությունը պնդում էր, թե հետազոտության արդյունքները պրեզենտացիայի տեսքով եռամսյակային կտրվածքով «տպագրվում են ՀՀ կառավարության պաշտոնական կայքէջում  հետևյալ հասցեովսակայն իրականում այդ պարբերականությամբ հրապարակումներ չկային:

Քանի որ 2016թ. վերաբերյալ ուսումնասիրությունները բացակայում էին կայքէջից, գրավոր դիմեցինք վարչապետին՝ խնդրելով տրամադրել նշված տարվա ուսումնասիրությունների արդյունքները: Կառավարությունը տրամադրեց պահանջված տեղեկատվությունը, սակայն ևս մեկ անգամ նշեց, թե տեղեկատվությունը հրապարակված է:

Այո, հետազոտությունների արդյունքներն արդեն հրապարակվել էին, բայց որոշ դեպքերում՝ հետին ամսաթվով:

Ձախից՝ հետին ամսաթվով հրապարակված տեղեկատվությունը

Գործազրկության եւ արտագաղթի դիրքորոշման բարձր մակարդակ

«Կյանքի որակի» 2016թ. հետազոտությամբ պարզվել է, որ Հայաստանում 2016-ին, ընդհանուր առմամբ, սննդամթերքի ֆինանսական մատչելիությունը եղել է խնդրահարույց: Հիմնական սննդամթերքի տեսակներից ձուկը և ձկնեղենը մատչելի են եղել բնակչության 49%-ին, միսը և թռչնամիսը՝ 59.4%-ին: Սննդամթերքի ֆինանսական մատչելիությունը հատկապես մտահոգիչ է ցածր բարեկեցությամբ ընտանիքների համար։ Մասնավորապես, միսը և մսամթերքը մատչելի են նրանց 39%-ին, ձուկը՝ 30%-ին, կաթը՝ 65%-ին։ 2016թ. Հայաստանում աճել է ընդեղենի, ձվի, կաթի և կաթնամթերքի, ձկան ֆինանսական մատչելիությունը, սակայն նվազել է մսի, մրգերի ու բանջարեղենի մատչելիությունը:

Երկրում արտագաղթի դիրքորոշում ունեցող և այդ ուղղությամբ ինչ-որ քայլեր կատարող անձանց քանակը շատ բարձր է` համապատասխանաբար 43.2% և 12.4%, հաշվարկված՝ չափահաս բնակչության քանակից: 2016թ. ըստ տարիքի` արտագաղթի դիրքորոշումն ամենից բարձրն է եղել 30-45 տարեկանների խմբում` 50.5%։ Արտագաղթի դիրքորոշումն ունի նվազման միտում 18-29 տարեկանների խմբում, սակայն աճում է 40-60 տարեկանների խմբում:

Եթե 2011-2013թթ. գործազրկության մակարդակը Հայաստանում նվազել է, ապա 2013-2016թթ․՝ աճել և 2016թ․ դեկտեմբերին կազմել է 26.4%: Ուսումնասիրողները փաստել են, որ հատկապես անհանգստացնող պետք է գնահատել գործազրկության շատ բարձր մակարդակը 18-29 տարեկանների խմբում, որը 2016թ․ կազմել է 36.6% և կտրուկ աճել է 2015թ․ համեմատ՝ 28.8%։ Երիտասարդության շրջանում գործազրկության նման բարձր մակարդակը հասարակական հուզումների դեպքում լուրջ վտանգ կարող է ներկայացնել հասարակության կայունության համար։

«2011-2016թթ գործազրկության ընդհանուր մակարդակը, անկախ դրա փոփոխության միտումներից, ցույց է տալիս, որ Հայաստանում առկա է շատ բարձր կառուցվածքային գործազրկություն, որը տվյալ դեպքում նշանակում է ոչ միայն Հայաստանում տնտեսության և աշխատուժի կառուցվածքների անհամապատասխանություն, այլև, որ Հայաստանի տնտեսությունն ունի անհամեմատ ավելի փոքր ծավալ, քան անհրաժեշտ է բնակչության գործազրկությունը ֆոնային համարվող 5-7% մակարդակի վրա պահպանելու համար։ Գործազրկության նման մակարդակը հանդիսանում է ոչ միայն արտագնա աշխատանքների, այլև արտագաղթի նշանակալի գործոն»,-նշված է ուսումնասիրության մեջ:

Արտագնա աշխատող ունեցող ընտանիքների հարաբերական քանակը համեմատաբար ավելի մեծ է գյուղերում՝ 27.5% (2016թ.), քաղաքներում այդ թիվը 20.7% է, իսկ Երևանում՝ 12.2%:

Հայաստանում ընտանիքների բնակարանների վիճակը գտնվում է «շատ ցածր» գնահատականների տիրույթում: Լավ կամ գերազանց վիճակում են ընտանիքների միայն 19%-ի բնակարանները: Մյուս կողմից՝ կապիտալ վերանորոգման կարիք ունեն բնակչության մոտ 50%-ի բնակարանները:

Աճել է նաև ուրիշի տանը վարձով կամ առանց որևէ վճարի ապրող քաղաքացիների թիվը: Եթե 2015թ. հարցվածների 4.1%-ն է բնակվել վարձով, ապա 2016թ.՝ 6.3%-ը: 3.5%-ից 5%-ի է հասել նաև ուրիշի տանն առանց վարձ տալու ապրողների ցուցանիշը:

Հայաստանում ընդհանուր առմամբ 2014-2016թթ․ ընթացքում աճել է այն անձանց քանակը, ովքեր համարում են, որ իրենց ընտանիքի կենսամակարդակը չի փոփոխվում։ Ընդ որում, նվազում է և՛ վիճակի վատթարացում, և՛ վիճակի բարելավում ընկալող անձանց քանակը։  2016-ին իրենց ընտանիքի վիճակը վերջին մեկ տարվա ընթացքում անփոփոխ է գնահատել հարցվածների 46.3%-ը, բարելավում է հաղորդել՝ 9.8%-ը, իսկ վատթարացում՝ 43.9%-ը:

Իշխանությունը պատկանում է մեծահարուստներին

«Կյանքի որակի մասին» ուսումնասիրություններով պարզվել է, որ «իշխանությունը Հայաստանում պատկանում է մեծահարուստներին»: Նման պատասխան է տվել հարցվածների 58%-ը, «պետական բարձրաստիճան պաշտոնյաներին»՝ 17%-ը, «կուսակցական առաջնորդներին»՝ 17%-ը։ Հարցվածների ընդամենւ 3.5%-ն է համարում, որ «իշխանությունը Հայաստանում պատկանում է ժողովրդին»։

«Պետությունն առաջին հերթին պաշտպանում է մեծահարուստների շահերը». այպես է կարծում հարցվածների 54%-ը, «պետական պաշտոնյաների շահերը»՝ 26%-ը, «կուսակցական առաջնորդներինը»՝ 9%-ը, իսկ ամբողջ ժողովրդինը՝ 5.3%-ը։

Ուշագրավ է նաև այն, որ «Մեծահարուստներն են իրենց կամքը թելադրում պետությանը» պատասխանն է տվել հարցվածների 71%-ը, հակառակ կարծիքին է 17%-ը` «Պետությունն է իր կամքը թելադրում մեծահարուստներին»։ Ընդ որում, հարցվածների 7.3%-ը ինքնաբերաբար պատասխանել է, որ «դրանք նույնն են»:

Այս ամենով հանդերձ` 2016թ. դրական սպասումները Կարեն Կարապետյանի կառավարումից բարձր գնահատականների տիրույթում են՝ 64%: Հարցված բնակչության միայն 18%-ն է կարծում, որ Կարեն Կարապետյանի կառավարման ընթացքում հասարակությունը էական դրական տեղաշարժեր չի զգա:

Վստահության մակարդակը քաղաքական և սոցիալական ինստիտուտների նկատմամբ չափվել է 0-10 սանդղակի կիրառմամբ, որտեղ 0-ն նշանակում է լիակատար անվստահություն, իսկ 10-ը՝ լիակատար վստահություն: Հայաստանի հասարակությունում վստահության մակարդակը քաղաքական ինստիտուտների նկատմամբ՝ ՀՀ նախագահ, Ազգային Ժողով և Կառավարություն, շատ ցածր է և գտնվում է 2.2-2.7-ի միջակայքում:

Մասնավորապես, Ազգային ժողովին բոլորովին չի վստահում (վստահության գնահատականը՝ 0) բնակչության 36%-ը, նախագահին՝ 38%-ը, Կառավարությանը՝ 34%-ը: Ազգային ժողովին լիովին վստահում է (վստահության գնահատականը՝ 10) հարցվածների 3%-ը, նախագահին՝ 6%-ը, Կառավարությանը՝ 5%-ը:

Հայկական բանակի նկատմամբ վստահության մակարդակը գնահատվում է բարձր և շատ բարձր` 7.7: Մասնավորապես, վստահության մակարդակը 10 միավոր է գնահատել հարցվածների 55%-ը:

Վստահության մակարդակը բոլոր դիտարկված ինստիտուտների նկատմամբ համեմատաբար ավելի ցածր է բարձրագույն կրթությամբ անձանց և Երևանի բնակչության շրջանում: Համեմատաբար ավելի բարձր է գյուղերում և 18-29 տարեկանների շրջանում։ Իսկ հայկական բանակի նկատմամբ վստահության մակարդակը համեմատաբար ավելի բարձր է տղամարդկանց և 60-ից բարձր տարիքի բնակչության շրջանում: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter