HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Մոնթեի խաչքարը շինաշխատանքների վայրից չի ապամոնտաժվել, ոստիկանությունն էլ հետաքննում է ծառահատման փաստը

Մաշտոց 52 հասցեում գտնվող Երևանի պետական համալսարանի հյուրատան նախկին շենքը վերակառուցվում է հյուրանոցային համալիրի: Հյուրանոցային համալիրը կառուցում է «Էս Էռ հոթել» ընկերությունը: Այն հիմնադրվել է 2015 թվականին, սեփականատերը ՀՀԿ անդամ, պատգամավոր Արկադի Համբարձումյանի (Դերժավայի Արկադի) 21-ամյա որդին է՝ Ստանիսլավ Համբարձումյանը:

«Հետք»-ին դիմել էր տեղի բնակիչներից մեկը՝ հայտնելով, որ կառուցապատվող հյուրանոցի տարածքում ապօրինի ծառահատումներ են իրականացվել: Ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից պարզաբանեցին, որ հուլիսի 22-ին Կենտրոնի ոստիկանական բաժանմունք է դիմել մի քաղաքացի` հայտնելով, որ շինարարական աշխատանքների պատճառով աղմուկ է, և այն խանգարում է իր հանգիստը:

Համակեցության կանոնները խանգարելու հետքերով դեպքի վայր մեկնած ոստիկանները, սակայն, պարզել են, որ կառուցապատման ժամանակ հատվել է 6 եղևնի և մեկ դեկորատիվ ծառ: Ծառահատումների փաստով այժմ հետաքննություն է կատարվում, նշանակված է փորձաքննություն, որի արդյունքները դեռևս հայտնի չեն:

ԵՊՀ հյուրատան շենքի դիմաց տեղադրված է Հայաստանի եւ Արցախի ազգային հերոս Մոնթե Մելքոնյանին նվիրված խաչքար: Կառուցապատման աշխատանքներ իրականացնելու համար պատվիրատու ընկերությունը հուլիսի վերջին դիմել է Երևանի քաղաքապետարան՝ խնդրելով թույլատրել ժամանակավոր ապամոնտաժել հուշարձանը՝ հետագայում այն նույնությամբ տեղադրելու համար: Ինչպես «Հետք»-ին պարզաբանեցին քաղաքապետարանի լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ իրենք ընկերությանը թույլատրել են հուշարձանը ժամանակավոր ապամոնտաժել, որպեսզի շինաշխատանքների իրականացման ընթացքում չվնասվի: Պատվիրատուն պարտավորվել է հուշարձանը զգուշությամբ ապամոնտաժել, պահել ապահով վայրում, հետագայում նույնությամբ տեղադրել:

Մենք այցելել ենք այժմ կառուցվող հյուրանոցի տարածք: Հուշարձանը ապամոնտաժված չէ, այն ծածկված է կապույտ պոլիէթիլենային թիթեղով, իսկ տարածքում շինարարություն է ընթանում:

Շինաշխատանքներն իրականացնող «Սամ Կար Շին» ընկերության հիմնադիր տնօրեն Սամվել Խաչատրյանը «Հետք»-ի հետ զրույցում նշեց, որ ըստ նախագծի՝ նոր կառուցվող շենքի մոտ լինելու է Մոնթե Մելքոնյանի հուշարձանի համար հատկացված վայր: Ասաց՝ դեռևս պետք է որոշվի՝ նույն խաչքա՞րն է տեղադրվելու, թե՞ մեկ ուրիշը, սակայն, Խաչատրյանի փոխանցմամբ, մի բան հստակ է՝ հյուրանոցային համալիրի շենքի մոտ տեղադրվելու է Մոնթեի հուշարձանը:

«Որը կլինի` ես այսօր չգիտեմ: Դժվար այս շենքի վրա լինի այս հուշարձանը: Ինձ թվում է՝ ավելի լավ հուշարձան կլինի»,-նշեց նա:

Այն դիտարկմանը, որ հուշարձանը պետք է ապամոնտաժվեր և տեղափոխեր անվնաս տեղ, Խաչատրյանը պատասխանեց, թե հուշարձանն անվտանգ վայրում է, քանի որ տարածքում բանվորներն աշխատում են: Ասաց՝ պետք է միտում լինի, որ հուշարձանը վնասվի, այն էլ այն դեպքում, երբ այն փակված է պոլիէթիլենային թիթեղով:

Անդրադառնալով ծառահատման փաստին՝ Խաչատրյանը նշեց, որ ծառահատում չի եղել, եղևնիները չորս օր շարունակ ջրվել են և հատուկ տեխնոլոգիայով տեղափոխվել: Ըստ նրա` պետք է եղևնիները տեղափոխելու թույլտվություն լիներ, ինքը՝ որպես շինարար, չի արել այդ տեղափոխումը, այդ իսկ պատճառով թույլտվության մասին փաստաթղթից տեղյակ չէ: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter