Երկուշաբթի, 23 հոկտեմբերի

Դատարան հասանք «հացի» մեքենայով



Մհեր Ենոքյան

«Հետքի» թղթակիցը «Նուբարաշեն» բանտից

Անասելի տոթ է երկաթբետոնյա բանտախցում: Բայց այնտեղ, որտեղ այս ամառ մի քանի անգամ հայտնվեցի այլ կալանավորների հետ միասին, հիմա թույլ է տալիս վայելել բանտախցի «զովությունը»…

Կալանավորների հետ «Նուբարաշեն» բանտի ներսի ավտոկայանատեղիում կանգնած էինք բաց երկնքի տակ: Անփոխանցելի զգացողություն էր, ասես ազատության մեջ էի: Մի տարեց կալանավոր, ով շատերի հետ միասին կանգնած էր պատի ստվերի տակ, ասաց.

-Վտանգավոր ա էս ուժեղ արևի տակ կանգնելը, արի ստվերի տակ:

Հասկանում եմ, որ լավը ցանկանալով է ասում, բայց չգիտի…

-22-րդ տարին ա՝ ստվերի տակ եմ: 

Ուզում եմ շարունակել, բայց…

Երիտասարդ կալանավորներից մեկն իմ փոխարեն է շարունակում.

-Չհաշված երկու անգամվա արձակուրդները:

Մեկը մյուսի հետ սկսում են խոսել իմ ու Սողոմոնի երկու փախուստների մասին: Ցույց են տալիս 6-րդ հարկի տանիքը, պատմում, որ այնտեղից պարանով իջել ենք:

Րոպեներ անց հերթով սկսում ենք նստել դեռ սովետական տարիներից մնացած հացի մեքենայի նման վորոնյոկը: Բնականաբար, չկա ոչ մի օդորակիչ: Պատկերացնում եք`42 աստիճան շոգին 4-5 տղամարդ խցկված տաքացած մետաղական թիթեղներից կես մետրը` մեկ ու կեսի վրա արկղի մեջ: Կարծում եք չե՞ն տեղավորվի: Տեղավորում են:

Խնդրում եմ, որ վերջում նստեմ, որ կարողանամ դռան վրայի ճաղերի արանքից քաղաքը տեսնել մինչև տեղ հասնենք: Ոստիկանները համաձայնվում են:

Ի դեպ, նրանք էլ մի լավ վիճակում չեն. դիմացի մասում 3-4 հոգի իրար կպած` մոտավորապես նույն տարածքի վրա, հաճախ` կիսապպզած, գումարած համազգեստը, ոմանք էլ՝ սապոգներով: Սա անմարդկային, արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունք է թե ազատազրկվածների, թե ոստիկանների նկատմամբ:

Կան նաև նոր մոդելի ավելի փոքր մեքենաներ`նախատեսված նույն նպատակի համար: Դրանցով էլ մի քանի անգամ վերջերս շրջագայեցի, բայց նույն բանն է`առանց օդորակիչի ու էլ ավելի նեղ խցերով: Անցած տարվա Կաբրիոլետը այս տարի չկար: Ամեն դեպքում, փառք Աստծո, որ գոնե այս կերպ տեսնում եմ բաց երկինքը և նորից շրջում Երևանի փողոցներով:

Հիմա այդ «նացիստական» վորոնյոկներից հետո խցում բավական հով է թվում: Ինչ արած, գրեթե ամեն բան համեմատական է…

Բանտի տարածքը լքելու ընթացքում տարբեր մարդկանց հետ եմ հանդիպել, ծանոթացել: Լինում են բավական ինքնատիպ, հետաքրքիր մարդիկ թե՛ ազատազրկվածների, թե՛ մեզ ուղեկցող ոստիկանների մեջ: Միգուցե առաջիկայում գրեմ այս մասին:

Այսօր մի դեպքի մասին եմ ուզում պատմել ձեզ:

Երկու երիտասարդ տղաներ վորոնյոկների հրապարակում սպասելիս կանգնած էին հիմնական խմբից մի փոքր առանձին: Զրուցում էին: Ոստիկաններից մեկը հրամայական, բայց ոչ վիրավորական տոնով նրանց դիմեց (առհասարակ ուղեկցող ոստիկանների աշխատանքը բարձր մակարդակի վրա է).

-Էս կողմ էկեք`պատի տակ կանգնեք:

Երիտասարդներից մեկն այսպես արձագանքեց.

-Մեր հետ էդ տոնով չխոսաս, մենք դատապարտյալ չենք, կալանավոր ենք, դատավճիռ չկա…

Վիճաբանություն չեղավ, երկուսն էլ կանգնեցին պատին մոտ: Դրվագն ուշագրավ է, քանի որ դատաիրավական, մանավանդ քրեակատարողական համակարգի աշխատակիցների ճնշող մեծամասնությունն ունի սխալ պատկերացում, ըստ որի` ոչ միայն դատապարտված մարդը, այլև ոստիկանական բաժանմունքում այս կամ այն պատճառով հայտնվածը, հակաօրինական արարքի մեջ կասկածվող քաղաքացին արդեն հասարակության անդամ չէ, ավելին`էլ քաղաքացի չէ, չունի իրավունքներ:

Նման մոտեցում ենք տեսնում անգամ ապագա իրավաբաններ կրթող որոշ գիտնական իրավաբանների կողմից: Հիմա ասեմ, թե ինչի մասին է խոսքը: Արդեն վերջացրեցի Սլավոնական համալսարանից ուղարկված «Քրեական դատավարության պարզեցման հիմնախնդիրները» գիտագործնական ձեռնարկի ուսումնասիրությունը: Կարևոր աշխատություն է, չնայած նրան, որ իրականում հաճախ գրածի հակառակն է կյանքի կոչվում:

Նամակ-հոդվածումս բարձրացվող խնդրի լույսի ներքո ցանկանում եմ մեջբերել նշված գրքից մի նախադասություն. ««Քրեական պատասխանատվությունից ազատման ենթակա հանցանք կատարած անձ» ասելով պետք է հասկանալ քրեական հետապնդման ենթարկված անձ: Քանի որ քրեական հետապնդում հարուցելը կապվում է ձերբակալման, խափանման միջոց կիրառելու կամ անձին որպես մեղադրյալ ներգրավելու հետ, հետևաբար հանցանք կատարած անձ են համարվում կասկածյալը և մեղադրյալը» (ընդգծումն իմն է):

Իրավաբանների համար հասկանալի է, թե ինչի մասին է խոսքը, սակայն, յուրաքանչյուր պարագայում, կարծում եմ`կասկածյալը ոչ մի դեպքում չի կարող համարվել հանցանք կատարած անձ, քանի դեռ չկա օրինական ուժի մեջ մտած մեղադրական դատավճիռ: Հենց այս պատճառով էլ անձը կոչվում է ընդամենը կասկածյալ :

Համոզված եմ՝ հատկապես նախկինում մահապատժի դատապարտվածների գործերով հավանական դատական սխալների ճանաչման ճանապարհին խոչընդոտ է նաև կարծրատիպը`եթե դատել են, ուրեմն մեղավոր է, ճիշտ այնպես, ինչպես`եթե հայտնվել է ոստիկանության բաժանմունքում, կասկածվում է հանցանք կատարելու մեջ, ուրեմն արդեն հանցագործ է: Բայց այս կարծրատիպը կոտրվում է հատկապես Ամերիկայից, Եվրոպայից ստացվող բարի լուրերով՝ արդարացման դատավճիռների մասին: 


Գլխավոր էջ


Տես նաև՝

ավելին



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ