HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

«Խոսրովի անտառ»-ում դեռևս մարում և մեկուսացում չի արվել

Ռուսաստանի Դաշնության արտակարգ իրավիճակների նախարարությունը համաձայնել է Հայաստանին տրամադրել հրդեհաշիջման աշխատանքներ իրականացնող ինքնաթիռ՝ «Խոսրովի անտառ» պետական արգելոցում բռնկված հրդեհի մարման աշխատանքներին աջակցելու համար։ Այս մասին «Հետք»-ին հայտնեց արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պատասխանատու Նանա Գնդոյանը: 

Գնդոյանի փոխանցմամբ՝ այս պահին ռուսական կողմի հետ տեխնիկական հարցերի շուրջ բանակցում են՝ ուղղաթիռը հնարավորինս շուտ Հայաստան տեղափոխելու հարմար։ Հիշեցնենք, որ մինչ այս  հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավված են եղել պաշտպանության նախարարության ավիացիայի ուղղաթիռները։ Առավոտյան նախարարության ուղղաթիռը երկու հրդեհաշիջող թռիչք է իրականացրել։

Քիչ առաջ քննչական կոմիտեն հաղորդագրություն տարածեց, որ Վեդիի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում բռնկված հրդեհի դեպքի առթիվ։ Գնդոյանի փոխանցմամբ՝ ԱԻՆ-ը դեռևս տեղեկություն չունի՝ արդյո՞ք այս պահին անտառում հրդեհ բռնկելու փաստով քննչական մարմինները ունեն կասկածյալ, թե ոչ։

Ըստ նրա` դեռևս տվյալներ չունեն, թե ինչի հետևանքով է անտառում հրդեհ բռնկվել։ Այդ մասին կկարողանան նախնական տեղեկատվություն փոխանցել, երբ հրդեհը մարեն և մեկուսացնեն. «Ցավոք սրտի, դեռ մարում և մեկուսացում չի եղել։ Քանի որ քամին էլ «շատ լավ աջակցում է» կրակի տարածմանը»։

ԱԻՆ-ի նախնական տվյալներով՝ անտառում այրվել է 200-250 հա բուսածածկ և անտառածածկ տարածք: Սակայն Գնդոյանն ասում է՝ սա շատ նախնական տվյալ է, շատ ավելի քիչ։

Վնասի մասին վերջնական հաշվարկ կարվի, երբ կրակն ամբողջությամբ մարվի, իսկ այժմ դեռևս հրդեհաշիջման աշխատանքներ են։

Քիչ առաջ անտառ են գնացել նաև կամավորներ, ովքեր փորձելու են հրշեջներին օգնել։ ԱԻՆ-ին որոշ բնապահպաններ մեղադրում էին, թե աշխատանքներում կամավորներ չի ներգրավում։

Սակայն Նանա Գնդոյանը հավաստիացնում է, որ կամավորներ ներգրավելը միայն ցանկություն չէ,  նրանք պետք է պատրաստված լինեն, քանի որ նախարարությունն է պատասխանատվություն կրելու յուրաքանչյուր կամավորի կյանքի համար. «Հրդեհաշիջման աշխատանքներում հատուկ պատրաստվածություն է անհրաժեշտ, այդ իսկ պատճառով աշխատանքներում ներգրավվել են նաև ուժային կառույցի ներկայացուցիչները»։ Գնդոյանը նաև հավաստիացնում է, որ հրդեհը մարելու գործում մեծ նշանակություն ունի տեխնիկան, այս պարագայում անտառի տարածք գնացած կամավորները միգուցե թիկունքում որոշ աշխատանքներ կատարեն, որոնք կորոշի այնտեղ աշխատող օպերատիվ խումբը։

Հիշեցնենք, որ օգոստոսի 12-ին, ժամը 12:30-ին ահազանգ էր ստացվել, որ Արարատի մարզի Ուրցաձոր գյուղից մոտ 20 կմ հյուսիս՝ «Խոսրովի անտառ» պետական արգելոց պետական ոչ առևտրային կազմակերպության «Զիմա»կոչվող տարածքում այրվում է բուսածածկ տարածք: 

Օգոստոսի 14-ին, ժամը 14:00-ի դրությամբ դեպքի վայրում գտնվում են 75 փրկարար, ՊՆ 132 զինծառայող, ոստիկանության 70 աշխատակից, անտառտնտեսության 50 աշխատակից, 1-ին անցակետում են գտնվում մոտակա գյուղերի 60 գյուղապետ՝ մոտ 600 բնակչի հետ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter