HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Էդիկ Բաղդասարյան

էս մեր երկիրն է, ինչ կուզենք, կանենք

«Գիշերվա 1-ին ծածկոցը ձեռքիս եկա ոստիկանատան մոտ, մտածում էի` տամ որդուս, որ չմրսի: Ներս չթողեցին, ներքեւում` պատի մոտ կանգնած, լսում էի որդուս գոռոցները, իսկ ես ոչ մի բան չէի կարող անել, հետո աշխատակիցները եկան ինձ այդտեղից հեռացրին»,-արտասվելով պատմում է Արտաշատի շրջանի Շահումյան գյուղի բնակիչ, 73-ամյա Էմմա Գրիգորյանը: Ապրիլի 23-ին նրա որդուն` Գրիշա Վիրաբյանին, ընդդիմության հանրահավաքներին մասնակցելու համար ոստիկանները տարել են Արտաշատի ոստիկանատուն, հինգ ժամ ծեծելուց հետո գցել են մեկուսարան, իսկ ապրիլի 24-ին շտապ օգնության մեքենայով տարել են հիվանդանոց, որտեղ բժիշկները նրան վիրահատել են` հեռացնելով ձախ ամորձին: 

45-ամյա Գրիշա Վիրաբյանը մանկավարժ-պատմաբան է, ապրում է Արտաշատի Շահումյան գյուղում, ունի երկու անչափահաս դուստր: Նա ՀԺԿ վարչության անդամ է: Երկու տարի առաջ աշխատում էր ՀՀ կառավարությունում` վարչապետի աշխատակազմում: Գրիշան այժմ գտնվում է Արտաշատի հիվանդանոցում: Եղելությունը նա մեզ ներկայացրեց հետեւյալ կերպ. «Իմ հետեւից մի հինգ անգամ եկել են: Երեւանում էի մնում, գիտեի, որ հետեւիցս գալիս են: Մոտիս փողը վերջացել էր, ապրիլի 23-ին հետ եկա տուն, նորից պիտի գնայի: Արտաշատի ոստիկանության քրեականի օպեր, ինձ ծանոթ Ռուդիկը եկավ մեր տուն, ասաց, որ պետն ուզում է հետս զրուցի: Ասացի. «Ռուդիկ ջան, ես որ գամ, մեծ պրոբլեմ կլինի: Եւ հետո էլ ասացի, որ մեկ է` ես գնալու եմ միտինգի, իմաստ չունի ավելորդությունների: Բայց նա ասաց, թե պետն է ուզում խոսի եւ ասաց իմ պատասխանատվությամբ է, ոչ մի կալանք չի լինի, ուղղակի կզրուցի»: Ոստիկանությունում ընկերներ շատ ունեմ: Երեւանի ընկերներից մեկն էլ ասել էր, եթե հանկարծ քեզ տանեն ոստիկանություն, անմիջապես մտիր պետի մոտ եւ ասա, որ ՀԺԿ վարչության անդամ ես: 

Համաձայնեցի: Եկա հետը: Տարավ ոստիկանության քրեականի պետի` Հովիկ Մովսիսյանի մոտ: Հենց մտանք Հովիկն ասաց. «Գրիշա, էդ ի՞նչ իշխանափոխություն ես անում, մարդկանց միտինգի ես տանում, նախագահ ես փոխում»: Ասի` իմ փոխելով չի, իշխանափոխությունը անձով չի: Ասաց` ու՞մ ես տարել միտինգի, ասի ոչ մեկին: Բայց դե գիտեին, որ ոտքով մարդկանց միտինգի էի տանում: Ինքը գնաց պետի տեղակալի` Գարբուզյանի մոտ եւ ինձ կանչեցին նրա մոտ: Օպեր Ռուդիկը ինձ հետ էր: Հենց ներս մտա, Գարբուզյանն ասաց` ինչու՞ ես աղմկում, միջանցքում բարձր խոսում էիր: Ասի` ես միջանցքում ընդհանրապես չեմ խոսել եւ չեմ աղմկել: Ասաց` հենց հիմա ինձ հետ զազրախոսում ես, գործ կազմեք` վարչական կալանք: Էս ինձ տանող օպերը` Ռուդիկը, ասաց` ես չեմ կազմում: Ինձ տարան դիմացի կաբինետ, Ռուդիկն ասաց` ես չեմ գրի քո վրա, ուզում են թող ինձ գործից հանեն, իմ պատասխանատվությամբ ես եկել: Կանչեցին Արսեն անունով ուրիշ օպերի, ասաց. «Գրի՛շ, ասել են, որ քո վրա արձանագրություն կազմեմ»: Ես էլ ասացի` կազմիր, բայց ես ոչ մի հարցի չեմ պատասխանի: Մենակ կասեմ, որ բարձրագույն կրթություն ունեմ: Դա էլ ասացի, որ իմանան, թե ում հետ գործ ունեն, չմտածեն, թե ես քրեական տարր եմ: Էդ Արսենին սելեկտրով զանգեցին, ասին արագ գործը կազմիր, նա էլ ասաց, որ ես ոչ մի հարցի չեմ պատասխանում: Ես իրոք ոչ մի հարցի չպատասխանեցի: Զգում էի, որ մի բան ուզում են գլխիս սարքեն: Նստած էի Արսենի դիմացը: Ներս մտավ քրեականի պետը` Հովիկը Մովսիսյանը: Դռան դեմը կանգնած մեր հայհոյեց` ավելացնելով, թե «էս մեր երկիրն է, ինչ կուզենք կանենք, մեկ է դուք արդյունքի չեք հասնի, խելքներդ գլուխներդ հավաքեք»: Ասում եմ` Հովիկ, ինձ ճանաչում ես չէ՞, խոսելուդ տոնը փոխիր, մի հայհոյիր: Նորից հայհոյեց եւ մոտեցավ ինձ: Ես նստած էի սեղանի կողքը: Ոտքով հարվածեց կողքիս եւ երկու անգամ բռունցքով խփեց դեմքիս: Ես ափերից դուրս եկա, ինքնապաշտպանական բնազդս աշխատեց. սեղանին կաբել կար դրած, վերցրեցի խփեցի, պարզվեց հեռախոսի լիցքավորման սարքն է, որը պոկվեց եւ կպավ աչքի տակին: Նա ձեռքը տարավ աչքին եւ ասաց. «Վախ, էս ի՞նչ արիր»: Էդ րոպեին քրեականի տղերքը ներս մտան, ինձ տարան մյուս սենյակ: Անցավ երկու րոպե, եկան Հովիկը եւ մի ուրիշ օպեր Արմեն անունով, նրան Պոլիսի Արմեն են ասում: Արտաշատում էս Արմենը հայտնի է իր ծեծով. ում բռնում են, նա է ծեծում: Երկուսով սկսեցին ինձ խփել, կողքիս էին խփում, ես ձեն չէի անում, մտածում էի` թող խփեն հանգստանան, վերջանա էս ամեն ինչը: Հովիկն ու Արմենը առանց դադարի 10 րոպե ինձ ծեծեցին: Հետո Հովիկը գնաց, Արմենը մենակ շարունակեց խփել ոտքերիս արանքին, կողքիս ու երիկամներիս: Ես կողքիս անտանելի ցավ էի զգում: Արմենը դուրս եկավ, եկավ վարչության պետի տեղակալ Աշոտ Կարապետյանը: Հենց ներս մտավ, թքեց վրաս. «Բոմժե՛ր, ի՞նչ եք ուզում, էս երկիրը մեկ է չեք կարող փոխել»: Տեսավ, որ բոթասներով եմ, կրունկներով սկսեց խփել մատներիս, բոլորին դուրս հանեց, ինքը մենակ էր: Ես իրեն զգուշացրի, որ կողքիս չխփի: Սկսեց կողքիս խփել, զգում էի, որ արդեն վատանում եմ, ցավերս ուժեղանում էին: Ես ոչինչ չէի պատասխանում, մտածում էի, եթե մի բան ասեմ, ինձ կսպանեն: Խփելուց անընդհատ փորձում էի բռնել, թեթեւացնել հարվածը, ծնկով էր խփում, ձեռքին սեյֆի մեծ բանալի կար, դրանով էր խփում կողքիս, ոտքերիս արանքին: Տեսավ, որ խփելուց բռնում եմ, կանչեց տղաներին, ասաց` ձեռնաշղթա հագցրեք: Հետեւի կողմից ձեռնաշղթաներ հագցրեցին` պինդ սեղմելով: Ինքը թողեց դուրս եկավ, շտապ օգնության մեքենա կանչեցին, որպեսզի որոշեն` խմած եմ, թե ոչ: Շտապ օգնության աշխատողները եկան: Բժշկուհին թղթից ձագար սարքեց, ասաց` փչի, փչեցի` ասաց, որ խմած չեմ: Բժշկուհուն ասացի, որ վատ եմ զգում, սակայն թույլ չտվեցին օգնել ինձ: Կանչեցին ավտոտեսչության պետին, որ ամպուլա բերի, դրանով ստուգեն` խմած եմ, թե չէ: Ամպուլան բերեց պետը` Ավետիք Հարությունյանը, Ավո ենք ասում նրան, նա էլ ինձ ճանաչում է: Ձեռքերս կապած` ասում է փչի, ես մեծ դժվարությամբ փչեցի, նայեց, ասաց` խմած էս: Ասացի` Ավո՛, խմած չեմ, բռունցքով հարվածեց ճակատիս: Ես երեք անգամ կրկնեցի, երեք անգամ նա հարվածեց: Հետո մի անգամ էլ խփեց ոտքերիս արանքին ու դուրս եկավ: Ինձ ծեծել են այնքան, մինչեւ քրեականի պետը գնացել է Երեւան, աչքի տակին երկու կար են դրել, վերադարձել է: Ապրիլի 23-ին ժամը 20:00-ից մինչեւ ապրիլի 24-ի 01:30-ը ծեծում էին: Քրեականի պետը որ եկավ, տեսավ, որ շատ վատ եմ, բայց ոչ ոք օգնություն ցույց չէր տալիս: Էդ ժամանակ ես արդեն գիտակցությունս կորցնում էի: Օպերներից մեկը` Բաղդասարյան Մանվելը, տեսավ, որ վատ եմ, ձեռնաշղթաներս մի քիչ թուլացրեց, խնդրեցի մի քիչ ջուր տալ, նա ինքը խմացրեց ջուրը, հարցրեց, թե էլ ինչ եմ ուզում, խնդրեցի վրաս ջուր լցնի: Լցրեց, մի քիչ ուշքի եկա: Նա ինձ այդ ժամանակ ասաց, որ սարքը խմածություն ցույց չէր տալիս: Հետո քրեականի պետի տեղակալը, անունը Ռոմիկ է, ինձ ճանաչում է, եկավ, ասաց` նստի, ասացի չեմ կարող: Ձեռնաշղթաները հանեց, ասի` քեզ նեղություն կտան, ասաց` ոչինչ: Հետո ասացին, որ դատախազությունից եկել են քննիչը եւ փաստաբանը: Ես չկարողացա ցուցմունք տալ: Էդ ժամանակ միլպետը մոտեցավ, ասաց` խմա՞ծ ես, ասացի չէ, ասաց` բա արձանագրության մեջ նշված է, որ խմած ես: Ասացի` կողքս վատ է, տարեք ռենտգենի: Բերեցին հիվանդանոց: Այստեղ բժիշկ Ռոբերտ Լիլոյանը նայեց ինձ, բայց ոչ մի օգնություն ցույց չտվեց: Զանգեց միլիցիայի բաժին, չգիտեմ` ի՞նչ ասացին, մի թուղթ տվեց, որ առողջությանս վտանգավոր բան չկա: Նորից տարան բաժին, հետո իջացրին մեկուսարան: Մեկուսարանում երեք ժամ գոռացել եմ, ոչ ոք չէր մոտենում, հետո մահճակալից իջա, սողալով մի կերպ հասա դռանը, սկսեցի ոտքով հարվածել, հերթապահի օգնականը եկավ, ասացի` վատ եմ, բժիշկ կանչեք: Նորից շտապ օգնության նույն բժիշկը եկավ, ցավազրկող սրսկեց, քնեցի: Առավոտյան ցավերից նորից սկսեցի կանչել, շտապ օգնությունով բերեցին հիվանդանոց: Ինձ վրա քրեական գործ են հարուցել, վիրահատությունից հետո խափանման միջոցը փոխել են եւ ստորագրոււթյուն են վերցրել չբացակայելու մասին: Նրանք ինձ լավ գիտեին, հիմա էլ անընդհատ խոսք են գցում, որ չբողոքեմ»,-պատմությունն ավարտում է Գրիշա Վիրաբյանը: 

 «Ես ապրում եմ ոստիկանության բաժնի մոտերքում: Գնացի հետաքրքրվեցի, որ իմանամ ոնց է վիճակը, ծխախոտ, ուտելիք տանեմ: Ասացին` այստեղ այդպիսի մարդ չկա: Ասացի` ուզում եմ պետին տեսնել, ասացին, թե պետն էլ տեղում չէ»,-պատմեց Գրիշայի հորեղբայր Սաշիկ Վիրաբյանը:

«Բժիշկներով խորհրդակցելուց հետո որոշվեց կատարել ձախակողմյան պոշտահատում, որ մաշկի տակ հավաքված արյունը կամ արյունազեղումը շուտ նստի: Ամորձու բնոցից մակարդուկներ սկսեցին դուրս գալ: Ամորձու ռեվիզիա կատարելուց հետո պարզվեց, որ օրգանը սնուցումից զրկված է եւ ոչ մի շանս չկա փրկելու: Երեւանից էլի բժիշկներ կային, ամորձու հետին պատը ամբողջությամբ պատռված էր, մակամորձու հետ միասին, որտեղից դուրս թափվեց չորս հարյուր գրամ մակարդուկ: Ոչ մի կենդանի բջիջ չկար, լրիվ ջնջխված էր, քայքայված«,-պատմեց Արտաշատի հիվանդանոցի ուրոլոգ, վիրահատությունն իրականացրած բժիշկ Գարիկ Համբարձումյանը: 

 Ըստ բժշկի` տեսականորեն հնարավոր է, որ մի հարվածից նման բան պատահեր: Սակայն Գրիշայի մարմնի կապտուկներից ակնհայտ է, որ նրան ծեծել են մինչեւ ուժասպառություն: Վնասված է նաեւ Գրիշա Վիրաբյանի ձախ կողը: Առայժմ ոստիկանությունը այս փաստի առթիվ որեւէ պաշտոնական հաղորդագրությամբ կամ մեկնաբանությամբ հանդես չի եկել: 

Լուս.` Օնիկ Գրիգորյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter