HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արագած Ախոյանի ընկերությունը չի ավարտել Վարդենիսի դպրոցի շինարարությունը. գյուղացիները մտադիր են դիմել վարչապետին

Ազգային ժողովի նախկին պատգամավոր Արագած Ախոյանի «Սպիտակ կամար» ընկերությունն արդեն 5-րդ տարին է` չի ավարտել Արագածոտնի մարզի Վարդենիս գյուղի դպրոցի շինարարությունը:  Չնայած անձնակազմն ու աշակերտները ցրտերն սկսելուն պես տեղափոխվել են նոր դպրոց, որովհետև հին դպրոցը վթարային էր և այլևս ձմռանը հնարավոր չէր այնտեղ դաս անցկացնել, սակայն դպրոցն ամբողջությամբ դեռ շահագործման չի հանձնվել: 

Դպրոցի տնօրեն Ավետիք Ավետիսյանը «Հետք»-ին ահազանգեց, որ կիսատ թողնված շինարարական աշխատանքներն այս օրերին չեն շարունակվում: Շենքի մի մասն է մասնակի ավարտված: Առ այսօր չեն սարքվել սպորտ դահլիճը, հանդիսությունների դահլիճը, չեն իրականացվել դպրոցի բակի բարեկարգման աշխատանքները:

Հիշեցնենք, որ դեռևս 2011թ.-ին կառավարությունը հաստատել էր 430,7 մլն դրամ արժեքով Արագածոտնի մարզի Վարդենիս գյուղի դպրոցի կառուցման աշխատանքների ձեռքբերման մրցույթների արդյունքները: 2013թ.–ին Քաղաքաշինության նախարարության «Քաղաքաշինական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկը պետական գնման պայմանագիր է կնքել կապալառու «Սպիտակ կամար» ընկերության հետ: Պայմանագրային արժեքը կազմել է 420 մլն դրամ:

Շինարարական աշխատանքների ձգձգման հետևանքով դպրոցի երկհարկանի շինությունը 2015-ի գարնանը լցվել էր անձրևաջրերով, որովհետև պատգամավորի ընկերությունը դրա նախորդ տարին չէր կարողացել տանիքի կառուցման աշխատանքներն ավարտին հասցնել: Շինության ներսում գաջապատման աշխատանքներ էին կատարվել: Այնուհետև գարնանը, որպեսզի երկրորդ հարկը ջրից ազատեն, շինարարները ծակել էին պանելները: 

Շենքի հյուսիսային կողմի վթարային մուտքի աստիճանավանդակներն էլ ծածկ չունեն, և այժմ էլ այդտեղից են անձրևաջրեր լցվում նորակառույց շենք, ինչի հետևանքով խոնավացել, բորբոսապատվել է շենքի այդ հատվածը:

«Խոստացել էին դրա վրա ծածկ անել, դա էլ չեն արել: Մի խոսքով` շատ ու շատ բաներ են խոստացել ու չեն արել»,- ասում է տնօրեն Ավետիք Ավետիսյանը:

Դպրոցի հանձնումը մի մասով է եղել, մնացած մասով դեռևս հանձնման ակտը չի ստորագրվել:

«Մեզ նաև գույքի խնդիրն է շատ անհանգստացնում, որ մինչև հիմա միայն մարզպետարանն է Սոցներդրումներով աշակերտական սեղան-նստարաններ տվել, ուրիշ ոչ մի բան չկա` ոչ համակարգիչներ, ոչ այլ պարագաներ: Նոր դպրոցը պետք է ունենա նոր համալրում»,- ասում է տնօրեն Ավետիսյանը:

ԾԻԳ-ին են տեղեկացրել, որ աշխատանքներ չեն կատարվում: Սակայն առ այսօր ոչ մի քայլ չի նախատձեռնվել: Դպրոցի անձնակազմն ու գյուղացիները մտադիր են դիմել վարչապետ Կարեն Կարապետյանին: Նրանք մտավախություն ունեն, որ տաք եղանակներին աշխատանքներ չիրականացնելու պատճառով ևս մեկ տարով կձգձգի դպրոցի վերջնական շահագործման հանձնման գործընթացը: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter