HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Ջերմուկում բջջային կապի ալեհավաքների համար գանձվող գումարները տնօրինում է համայնքապետարանը

Ջերմուկի «Ձախափնյակ» թաղամասի թիվ 26ա եւ 26բ 9 հարկանի շենքերի տանիքներին տեղադրված հեռահաղորդակցության կապի ալեհավաքները աչքի են զարնում քաղաքի ցանկացած անկյունից: Ջերմուկ խոշորացված համայնքում, ըստ քաղաքապետարանի տրամադրած գրավոր տեղեկատվության, տեղադրված է հեռահաղորդակցության կապի 9 ալեհավաք, որից Կարմրաշեն եւ Գնդեվազ բնակավայրերում ֆիզիկական անձերին պատկանող մասնավոր տարածքներում տեղադրված է մեկական ալեհավաք, մեկ ալեհավաք` Կեչուտում, իսկ մնացած 6-ը՝ Ջերմուկ քաղաքի տարածքում: Խոշորացված համայնքի կազմում ընդգրկված բնակավայրերից միայն Հերհերում չկա տեղադրված ալեհավաք:

Մոտ 6 հազար բնակիչ ունեցող Ջերմուկ քաղաքում չկան ձեւավորված համատիրություններ, եւ ալեհավաքներից ստացվող վարձավճարները մուտք են արվում համայնքային բյուջե: Ջերմուկ համայնքի ղեկավար Վարդան Հովհաննիսյանն ասում է, որ տարիներ առաջ համատիրության ստեղծման փորձ եղել է, սակայն հաջողությամբ չի պսակվել: Նախաձեռնություն բնակիչները ցուցաբերել են 8-9 տարի առաջ, երբ տեղադրում էին հեռահաղորդակցության կապի առաջին ալեհավաքները: Առաջարկի հեղինակները 9 հարկանի երկու բնակելիների բնակիչներից են եղել, ովքեր հաշվարկելով ալեհավաքներից տարեկան գանձվող վարձավճարների չափը` որոշել են իրենք տնօրինել գումարը՝ համատիրության միջոցով:

Վարդան Հովհաննիսյանը

«Իրենք ուզում էին միայն երկու շենքի մակարդակով ստեղծել համատիրություն, որը հնարավոր չէր՝ պետք էր առնվազն շրջակայքի 6-7 շենքի սպասարկումն էլ հանձն առնել, որ համատիրություն ասվածը ծառայեր իր նպատակին: Իրենք չհամաձայնվեցին, ասում էին՝ չէ, էդ երկու շենքը տվեք մենք սպասարկումը կազմակերպենք: 5-րդ հարկի բնակիչը հետս կռվում էր, թե ճառագայթվողը մենք ենք, ուրեմն գումարն էլ մենք պիտի տնօրինենք: Ես էլ ասում էի՝ դեմ չեմ, բայց միայն երկու շենքով համատիրություն չի լինում, վերցրեք եւս մի քանի շենք: Բայց դա իրենց ձեռք չէր տալիս ու դրա համար էլ համատիրություն չձեւավորվեց»,- բացատրում է Վարդան Հովհաննիսյանը:

Քաղաքապետի փոխանցմամբ` մեկ ալեհավաքի համար ամսական գանձվում է 100 հազար դրամ վարձավճար: Սեփական տարածքները տրամադրած բնակիչներն իրենք են ստանում գումարը, քաղաքապետարանը տնօրինում է համայնքի սեփականություն հանդիսացող տարածքում տեղադրված ալեհավաքներից գանձվող գումարները: Սա չի ենթադրում տվյալ շենք-շինության նկատմամբ, որտեղ տեղադրված է ալեհավաքը, առանձնահատուկ մոտեցում կամ առաջնահերթություն նորոգչական աշխատանքների առումով:

«Ջերմուկում 52 բազմահարկ բնակելի կա: Բոլորի սպասարկումն իրականացնում է համայնքապետարանը բյուջեի հաշվին: Հիմա, որ ասենք էդ շենքի վրա ալեհավաք կա, էն մյուսի վրա չկա, ինչ անե՞նք, վերցնենք էդ սաղ գումարը ծախսեք տվյալ շենքի վրա, մնացածին անտեսե՞նք,- հարցնում է քաղաքապետը,-էն ժամանակ, որ էդ անտենաները չկային, մենք ինչ է, չէի՞նք սպասարկում 9 հարկանիները՝ իհարկե սպասարկում էինք: Ժամանակին երկու վերելակի համար 3-5 մլն դրամ ենք տրամադրել, նորոգել ենք, որ կարողանան մարդիկ 9-րդ հարկ բարձրանալ ու էդ ժամանակ անտենա չկար տանիքում տեղադրված, չանեի՞նք, որովհետեւ հավելյալ գումար չկա՞ր: Հիմա էդ գումարները մուտք են լինում բյուջե ու ծախսվում համայնքի կարիքների համար: Եթե լիներ համատիրություն, բնականաբար համատիրությունը կզբաղվեր էս հարցերով, հիմա չկա՝ մենք ենք անում»:

Ջերմուկի երկու 9 հարկանի բնակելիներում կա 72 բնակարան, սակայն ոչ բոլորն են մշտական բնակեցված: Բնակիչների մի մասը տարվա մեջ ընդամենը 3-4 ամիս է բնակվում, քիչ չեն նաեւ վարձակալության տված բնակարանները: Նշված բազմահարկերում մի քանի դռներ ապարդյուն թակելուց հետո, հնարավոր եղավ զրուցել բնակիչներից երկուսի հետ: Նրանք չցանկացան ներկայանալ: Տղամարդկանցից մեկը դա բացատրեց նրանով, որ «ինքը աշխատող է»: Սա Ջերմուկում առաջին դեպքը չէ, երբ բնակիչները հրաժարվում են անգամ ամենապարզունակ հարցի շուրջ հարցազրույց տալ եւ կարծիք հայտնել՝ վախենալով, թե իրենց կազատեն աշխատանքից:

Իմ զրուցակիցներն առաջարկեցին պարզապես տեսախցիկով ֆիքսել մուտքերի վիճակը՝ նշելով, որ դրանից առավել արտահայտիչ իրենք դժվար թե կարողանան ներկայացնել իրականությունը: Զրույցից պարզվեց, որ վերջին 10 տարում մուտքում նորոգման աշխատանքներ չեն իրականացվել: Շենքերի մուտքերը զրկված են դռներից, դրսի աստիճանավանդակները քայքայված վիճակում են: Ուրախացնողը վերելակների անխափան աշխատանքն է եւ դեպքից դեպք ներկվող տանիքը:

Տղամարդկանցից մեկը լավատեղյակ էր համատիրության ստեղծման ձախողված փորձից: Վերջինս նշեց, որ երկու շենքի սպասարկումն ապահովելու առաջարկը մերժվել է քաղաքապետարանի կողմից, իսկ մի քանի շենք ներգրավելը նախաձեռնող կողմի համար դժվարություն է հարուցել:

Ջերմուկում այս տարի նախատեսված է 10 մլն ԱՄՆ դոլարի ասֆալտապատում եւ բարեկարգում իրականացնել, այդ թվում, քաղաքապետի փոխանցմամբ՝ շենքերի մուտքերի եւ տանիքների նորոգում: Վարդան Հովհաննիսյանն ասում է, որ ծրագրի շնորհիվ նախորդ տարիներին չլուծված պրոբլեմները լուծում կստանան: Իսկ ինչ վերաբերում է համատիրությունների ստեղծմանը, ապա փորձում են որոշակի քայլեր անել, սակայն կա մի խնդիր, որն այդ ճանապարհին ամենամեծ խոչընդոտն է:

«Ջերմուկում տուրիստական սեզոնին, ինչպես գիտեք, մարդիկ իրենց բնակարանները օրավարձով են տալիս: Աջափում, օրինակ, բնակարանների մեծ մասը տուրիստների համար է նախատեսված: Շատ ջերմուկցիներ քաղաքում չեն ապրում: Գրանցված են այստեղ, մեր բնակիչն են, բայց ասենք ապրում են Երեւանում, բնակարանն էլ վարձով են տալիս: Սա է պատճառը, որ եթե անգամ համատիրություն ձեւավորվի, ապա չի կարողանա նորմալ աշխատել՝ ու՞մից գումար հավաքեն,-նկատում է Վարդան Հովհաննիսյանը,- դրա համար էլ որոշել ենք մի ձեւ մշակել, որով կկարողանանք էդ վարձով տրվող բնակարաններից վճար գանձել: Այ, էդ ժամանակ էլ հնարավոր կլինի համատիրություն ձեւավորել: Թե չէ մենակ անտենայի հույսով անհնար է: Դա էն գումարը չէ, որով կարելի է ասենք 10 շենք սպասարկել»:

Մեկնաբանություններ (1)

Անահիտ
Շուտով ամեն ընտանիքին մի եկեղեցի կհասնի․ Փեխանակ մի հատ թեկուզ գուլպայի գործարան կան նման թեթև տեղեր բացեն այդ փողերով եկեղեցի են կառուցում մի գլուխ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter