HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

22-ամյա Լևոն Սահակյանի սպանության գործով վկան պնդում էր՝ ամբաստանյալն անհանգստացել է երիտասարդի համար

Ամալյա Մարգարյան

22-ամյա բժիշկ Լևոն Սահակյանի սպանության համար մեղադրվող «Պատանի լրագրողների դպրոցի» տնօրեն Վահան Ղազարյանի գործով նիստին հարցաքննվեց վկա Վլադիմիր Մխիթարյանը, ով ամբաստանյալ Վահան Ղազարյանի հորաքրոջ որդին է։ Վկան դատարանում հայտնեց, որ դեպքի մասին Վահան Ղազարյանն է պատմել, անձամբ ներկա չի գտնվել։ Նշեց, որ Վահանին մի երիտասարդ է զանգահարել, նույն օրը հանդիպել են, ապա ավելացրեց, որ Վահանն աշխատողներից մի աղջկա գումար է պարտք եղել, ընկերները գնացել են գրասենյակ` գումարը վերցնելու։

«Օֆիսում հանդիպել են, վիճաբանել են, խփել, Վահանը ընկել է, վեճ է սկսվել, ապակի է կոտրվել։ Հետո Վահանը դանակով հարվածել է»,- հայտնեց վկան։

Վկայի պատմելով` Վահան Ղազարյանը դեպքից հետո իրենց տուն է գնացել` իր հետ տանելով պլանշետը։ Հագուստի վրա արյան հետքեր չի նկատել։ Հաջորդ օրը կանգառից ճանապարհել է, որպեսզի գնա հանձնվի։

«Լարված վիճակում էր Վահանը, ճակատին կապտուկներ, քերծվածքներ կային, շատ էր ծխում։ Էդ օրը մի քանի բաժակ օղի եմ հյուրասիրել, որպեսզի հանգստանա, կարողանա քնել։ Բառերով էր արտահայտում, որ լավ բան չի ստացվել»։

Վկան նշեց, որ ամբաստանյալի պատմելով` աշխատասենյակ եկած երիտասարդներն իրեն հարվածել են, ընկել է, ընկած տեղը ևս շարունակել են հարվածել, ինքն էլ դանակով խփել է։ «Երբ տղաները վեր են կացել, որ հեռանան, Վահանը նկատել է, որ երկու տեղից է հարված եղել»։

Ամբաստանյալը նշեց, որ Վահանն ամբողջ գիշեր զանգահարել է գործընկերոջը, որպեսզի գնա հիվանդանոց, իմանա դանակահարված տղայի վիճակի մասին։ Անհանգիստ է եղել, սակայն տեսել է, որ երիտասարդը ոտքի վրա կարողանում է կանգնել։ Վլադիմիր Մխիթարյանը ցուցմունքի մեջ նշեց նաև, որ Վահանի մոտ զենք չի եղել, միայն պլանշետ է եղել, իսկ դանակահարության գործիքի մասին տեղյակ չէ։

Դատարանը եզրակացրեց, որ վկայի նախաքննական և դատաքննության ընթացքում հնչեցված ցուցմունքներում կան էական հակասություններ, ուստի ընթերցվեց նախաքննական ցուցմունքը։ Վկան չէր հիշում, թե հարվածից հետո որտեղ է ընկել Վահան Ղազարյանը՝ հատակի՞ն, թե հպվել է որևէ առարկայի։ Նա ասաց, որ դեպքից հետո երկար ժամանակ է անցել, այդ պատճառով լավ չի հիշում հորաքրոջ որդու պատմածը։

Վկան ցուցմունքի մեջ նշել էր, որ ծեծկռուքի ընթացքում Վահանն ընկել է, բայց նրան շարունակել են հարվածել, ինքն էլ դանակահարել է երկու տեղից՝ կողքից  և ոտքից. «Ինքը որ ընկել է, վերևից հարվածել են, նստած դիրքում է եղել»։

Դատավոր Արմեն Խաչատրյանը հարց ուղղեց՝ ինչպե՞ս կարող է նստած դիրքում հարված հասցնել դիմացինի կողքին, ինչին ի պատասխան` վկան ասաց. «միգուցե երիտասարդը Վահանի վրա ընկած է եղել, կանգնած չի եղել»։

Դատական նիստը հետաձգվեց,  քանի որ մյուս վկան չէր ներկայացել։ Հաջորդ նիստը տեղի կունենա օգոստոսի 31-ին։

կենտրոնում` «Պատանի լրագրողների դպրոցի» տնօրեն Վահան Ղազարյանը

Հիշեցնենք, որ «Պատանի լրագրողների դպրոցի» տնօրեն Վահան Ղազարյանը մեղադրվում է 2016-ի հոկտեմբերի 19-ին Լևոն Սահակյանի հետ վիճաբանության ընթացքում նրան դանակով հարվածներ հասցնելու մեջ, որի պատճառով Լ․ Սահակյանը սրտի և թոքի վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց, ապա մահացել։ Վահան Ղազարյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով՝ սպանություն, որը պատժվում է ազատազրկմամբ՝ 8-15 տարի։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter