Կիրակի, 23 սեպտեմբերի

Բնապահպանները միակարծիք են, որ պետությունը պատրաստ չէր հրդեհներին



«Էկո-մեդիա» լրագրողական ակումբի համահիմնադիր Նարինե Կիրակոսյանն օգոստոսի 10-ին Արտավանում բռնկված հրդեհը նկարագրելիս ասում է, որ մարդիկ տեսնում էին, թե վառվող արջը ոնց էր գլորվում, վառված թաթերով նապաստակները ոնց էին վազում: Նարինեն եղել է դեպքի վայրում: Ըստ նրա՝ ցավալին այն է, որ վառվել են տարածքներ, որոնք խաչմերուկ են կենդանիների միգրացիայի համար՝ բեզոարյան այծերի, գորշ արջերի, հարավկովկասյան ընձառյուծների: Բնապահպան լրագրողն առանձին նշում է վառված գիհիների մասին, որոնց վերականգնման համար երկար տարիներ են պետք:

Հիշեցնենք, որ օգոստոսի 10-ին Վայք-Սարավան հատվածի 10-րդ կմ-ին՝ դեպի Արտավան գյուղ ընկած տարածքում, հրդեհ էր բռնկվել: Օգոստոսի 12-ին էլ հրդեհ էր առաջացել Արարատի մարզի Ուրցաձոր գյուղից 20 կմ հյուսիս՝ «Խոսրովի անտառ» պետական արգելոցում:

«Ամսի 12-ի ժամը 12-ի կողմերն էր, մեկ էլ տեսանք, որ «Խոսրովի» ժողովուրդը, որ եկել էին օգնելու Արտավանին, մեքենաները նստեցին, թափով գնացին, ասացինք՝ ի՞նչ է եղել, բա՝ հրդեհ է եղել»,- պատմում է Նարինեն:

ԱԻՆ-ի՝ այսօր ներկայացրած տվյալներով՝ Արտավանում այրվել է 15,6 կմ պարագծով խոտածածկ տարածք, որից 320 հեկտարը՝ անտառածածկ: Խոսրովի անտառում էլ, որտեղ դեռ շարունակվում են հրդեհաշիջման աշխատանքները, ԱԻՆ-ի գնահատականներով, այրվել է 16 կմ պարագծով բուսածածկ տարածք, որից 360-ը՝ անտառածածկ:

«Իրավիճակից պարզ դարձավ, որ մեր պետությունը պատրաստ չէ, որովհետև տեխնիկական առումով տեսանք, թե ինչ է կատարվում: Լավ, ասենք, պաշտոնական տեղեկատվությունը լռում է այդ մասին, այդ դեպքում տրամաբանական չէ՞ հարց տալ՝ իսկ ո՞նց է լինում, որ դուք ուրիշից եք ուզում տեխնիկա (ԱԻ նախարարի խնդրանքով ռուսական կողմը Խոսրովի անտառի հրդեհը մարելու համար օդանավ է ուղարկել- հեղ.): Ու ո՞նց է լինում, որ ես, լրագրող լինելով, գնում եմ, տեսնում եմ՝ միայն մարդիկ են, տեխնիկա չկա, միակ տեխնիկան էլ, որ էնտեղ աշխատում էր, մասնավոր ընկերություն՝ «Լիդիան Արմենիա»-ինն էր, իսկ «Խոսրովում» ինչ-որ ձկնաբուծական կազմակերպությանն էր («Ինտեր Ակվա»- հեղ.)»,-նշում է Նարինեն:

Հավելում է, թե աշխարհի շատ երկրներում է եղել, 2006-2007-ին Կալֆոռնիայի մեծ հրդեհների ժամանակ այնտեղ էր, բայց երբեք չի տեսել, որ ցեմենտով հրդեհ հանգցնեն, ինչպիսին տեսել է Արտավանում: Ասում է՝ պատկերացնո՞ւմ եք, ցեմենտը գցեցիր, ջուրն էլ գալու է քարացնի:

Հայկական բնապահպանական ճակատի անդամ Լևոն Գալստյանը երեկ է եղել Խոսրովի անտառում: Նրա խոսքով՝ դեռևս դժվար է թիվ նշել, բայց այնտեղ շրջանառվող խոսակցությունների համաձայն՝ խոսքը հազարավոր հեկտարների մասին է:

Լևոնն ասում է՝ չի ցանկանում քննադատել, թե ինչ է արվել կամ չի արվել, բայց ամսի 12-ին բռնկված հրդեհի մասին ոչ մի պաշտոնական տեղեկատվություն հստակ չի եղել:

«Սկզբից մի ինֆորմացիա են տվել, որ հրդեհ է բռնկվել մոտ 100 հա տարածքում, որից հետո հստակ պաշտոնական ինֆորմացիա չի տրվել, այլ աղբյուրներից ենք իմացել, թե ինչ իրավիճակ է, այսինքն՝ իրենք չեն ցանկացել իրական պատկերը ներկայացնեն, և ի սկզբանե չեն կարողացել հստակ համակարգված մոբիլիզացիա իրականացնել, որ հրդեհի տարածումը հնարավորինս կանխարգելվի: Երբ իրավիճակը վերահսկողությունից դուրս է եկել, այդ ժամանակ նոր դիմել են օդանավի համար»,- նշում է բնապահպանը:

Վերջինիս խոսքով՝ խնդիրն այն է, որ պետությունը պատրաստ չէ նման իրավիճակների, նույնիսկ հարցը հրշեջ օդանավ ունենալ-չունենալը չէ, այլ այն, թե ինչպես ես գնահատում իրավիճակը, ինչ քայլեր ես ձեռնարկում, ինչ մեթոդներ ես կիրառում: «Առաջին օրը բազմաթիվ մարդիկ առաջարկներ են արել, որ ինքնաթիռ պիտի բերվի, որովհետև այլ ձև հնարավոր չէ, բայց այդ որոշում կայացնողները չեն ցանկացել, մենք լսել ենք, որ մարդիկ են եղել, որ ասել են՝ ամոթ է, էս փոքր բանի համար օգնություն ուզենք Ռուսաստանից… Էնտեղ հազարավոր հեկտարներով անտառներ են վառվում, բայց ոչ թե իրավիճակն էին գնահատում, այլ՝ ամոթ է, ամոթ չէ: Ամոթն էսպիսի պետություն և պետական համակարգ ունենալն է»,- ասում է Լ. Գալստյանը:

«Էկոլուր» ՀԿ-ի նախագահ Ինգա Զարաֆյանն էլ նշում է, որ Հայաստանում հրդեհների թիվը մոտ 40 տոկոսով ավելացել է: Իբրև այս ինֆորմացիայի աղբյուր Զարաֆյանը նշում է ԱԻՆ-ին: Այս ցուցանիշը, ըստ նրա, վկայում է, որ մեզ մոտ մարդիկ պատասխանատվության զգացում չունեն, և որ բնության հանդեպ վերաբերմունքը փոխվել է դեպի վատը:

«Մեզ մոտ ամեն տարի նման բաները շարունակվում են, անցյալ տարի «Խոսրովի անտառ» արգելոցում մի քանի տեղ հրդեհ է եղել, 2,5-20 հա այրվել է, նույնը՝ «Արևիկ» ազգային պարկում: Ամենախոցելին համարվում է Սյունիքի մարզը՝ Մեղրու տարածաշրջանը, որովհետև ամենաշոգն այնտեղ է: Մենք պետք է որ պատրաստ լինեինք»,- ասում է Զարաֆյանը:

Նրա խոսքով՝ առողջապահության նախարարությունն այս օրերին պետք է հերթապահություն նշանակեր Արտավանում և Խոսրովի անտառում, այնինչ այդ մասին որևէ պաշտոնական տեղեկատվություն չի եղել: «Մենք ոչ թե պիտի տեսնենք լրագրողական տեսնյութեր կամ հոդվածներ, այլ պաշտոնական հաղորդագրություններ: Կարծես, մեր բոլոր կառավարման մարմինները քնել են»,- ավելացնում է նա:

«Խոսրովի անտառ» պետական արգելոցը հիմնադրվել է 1958 թ.-ին: Տարածքը, ըստ բնապահպանության նախարարության, 23.878 հա է: Պահպանվող օբյեկտներն են չոր, նոսրանտառային, ֆրիգանային և կիսանապատային լանդշաֆտները, բուսական և կենսաբանական եզակի համակեցությունները, 1800 անոթավոր բույսեր, 210-ից ավելի ողնաշարավոր կենդանիների տեսակներ:


Գլխավոր էջ



Մեկնաբանություններ (1)
1. James21:19 - 18 օգոստոսի, 2017
To see an update on this event please watch from the 7th minute. http://www.1tv.am/hy#video70732-Օրակարգ 13:00
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ