HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Էդիկ Բաղդասարյան

Ետ տվեք Արմինեի ծննդականը, բժիշկ Միրաքյան

Գագիկ Հակոբյանի ընտանիքն ապրում է Չորրորդ գյուղի հարեւանությամբ գտնվող լքված ավտոբազայում` նախկին մեքենաների վերանորոգման համար նախատեսված տարածքում: Այս տարածքում, ինչպես արդեն պատմել ենք, ապրում է հինգ ընտանիք: Հողե հատակով այս կացարանը 16 քմ է, ապրում են չորսով: Տան մի անկյունում դրված են մեքենայի մի քանի մարտկոցներ, որոնցից լարերը ձգվում են մինչեւ առաստաղ: Այնտեղից կախված է փոքրիկ մի լամպ: Հենց դրանով էլ երեկոները Գագիկի ընտանիքը լուսավորում է տունը, միացնում ռադիոընդունիչը: 

«Մարտկոցները ամուսինս բերել է աղբանոցից, այնտեղ է աշխատում, առավոտյան յոթից գնում է, իրիկունը վերադառնում: Աղբանոցով ենք ապրում, ինչ արած:

Շշեր է բերում, ես լվանում եմ, հանձնում ենք հատը 10 դրամով»- շշերը լվանալով պատմում է կինը` Սիմա Խաչատրյանը: Նա օրական մոտ 150 շիշ է լվանում: Այսինքն` օրական աշխատում են 1500 դրամ: Տունը տաքացնում են աղբանոցից բերած պոլիէթիլենե տոպրակներով, հին կոշիկներով: 7 տարեկան Արմինեն շշերը լվանալիս օգնում է մորը, դարսում դրանք: Տան մի անկյունում նրա տիկնիկներն են, որոնց հայրը բերել է աղբանոցից: Արմինեն դրանք խնամքով լվացել է եւ ընկերուհիների հետ խաղում է: Այս տարի նա դպրոց է գնալու:

«Դեռ չգիտեմ` ինչպես եմ անելու, աղջիկս ծննդական չունի: 7 տարի առաջ ծննդաբերեցի Ապարան քաղաքում, ամուսինս այնտեղից է: Այդ ժամանակ կիսուրս մահացել էր, մեզ մոտ էլ փող չկար: Ծննդատնից դուրս գալուց մեզնից 15 հազար դրամ ուզեցին: Ամուսինս ասաց` չունենք, կարող ենք 5 հազար տալ: Ասացին չէ` 10 տվեք, մենք էլ միայն 5 հազար ունեինք: Երեխու ծննդականը վերցրին, հինգ հազար դրամն էլ հետը: Բժիշկ Միրաքյանը ասաց` երբ 5 հազար դրամը բերեք, երեխայի ծննդականը կտանք: Մի 15 օր առաջ ամուսինս գնացել էր Ապարան երեխու ծննդականը վերցնելու, Միրաքյանը նորից է ասել` չենք տա, մինչեւ 5 հազար դրամը չբերեք: Ամուսինս բողոքել է հիվանդանոցի գլխավորին: Նա էլ նույն բանն է ասել` մինչեւ փողը չբերեք, չենք տա ծննդականը: Թողել-եկել է, հիմա չգիտենք ինչ անենք»,-ասաց Սիմա Խաչատրյանը, իսկ հետո մեզ դիմեց խնդրանքով` եթե կարող եք, օգնեք ծննդական ստանանք, թե չէ աղջկաս դպրոց չեմ կարող տանել: Ծննդական չունենալու պատճառով Արմինեն հաշվառված չէ նաեւ պոլիկլինիկայում, ոչ մի պատվաստում չի ստացել եւ բժշկական քննության չի ենթարկվել: Մեզ մնում է ասել` ետ տվեք Արմինեի ծննդականը, բժիշկ Միրաքյան, այդ հինգ հազար դրամը կարող եք գալ ստանալ «Հետք»-ի խմբագրությունից:

Լուս.` Օնիկ Գրիգորյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter