HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գագիկ Աղբալյան

Արարատը մեր լեռն ա Սեւ ծովի ափին

Հուլիս-օգոստոս ամիսներին առնվազն մի քանի տասնյակ հազար հայ հանգստանում է Աջարիայի լողափերում։ Ծով չունեցող երկրի համար հարեւան Վրաստանը դարձել է ամառային հանգիստն անցկացնելու շատ հարմար վայր։ Գոնե ֆինանսական առումով։

Ու սեզոնին Սեւ ծովի ափն ակամա դառնում է տարածաշրջանի ժողովուրդների ազգային նկրտումների դրսեւորման բեմահարթակ։ Հայերն առաջին դիրքերում են։

Ցերեկային ժամերին Քոբուլեթիում հայերն աննկատ են, հայկական պետհամարանիշներով ավտոմեքենաներն ընդհանուրի մեջ մեծ թիվ չեն կազմում՝ հազիվ 10-15 տոկոս։ Ուրիշ է, երբ սկսվում է երեկոյան ժամանցը։

Քոբուլեթին աշխարհահռչակ ջազ-փոփ երգչուհի Նինո Կատամաձեի ծննդավայրն է։ Բայց տուրիստական շրջանում այն վերածվում է Արմենչիկի ու Թաթա Սիմոնյանի երկրորդ հայրենիքի։

Քոբուլեթիի քաղաքային հիվանդանոցի հարեւանությամբ տեղակայված ծովափնյա երեք սրճարաններից երկուսում անդադար հայկական երաժշտություն է հնչում, այն էլ՝ չափազանց բարձր ձայնով։ Մինչեւ գիշերվա երկուսն անհնար է աչք փակել։ Գիշերային ժամերին տարածքին իշխողը Թաթան ու Արմենչիկն են։ Իսկ երեկոյի ամենասպասված երաժշտական համարը Վարդանիկի (ոստիկանության կողմից ներկայումս հետախուզվում է) «Արարատը մեր լեռնա» երգն է եւ Արա Գեւորգյանի «Արցախը»՝ այսպես ասած ռաբիս կատարմամբ։

Սրճարանների «պարահրապարակը» լցվում է երիտասարդ ու տարեց հայերով, ովքեր Քոբուլեթիում են ողջ տարվա հոգնածությունը թոթափելու համար։ «Արարատը մեր լեռն ա, եղեռնը թուրքի բեռնա»՝ հնչում է ձայնագրությունն, ու սրճարանի հայ այցելուները, որ մոտ 90 տոկոս են կազմում, դոփում են պարի հայկական, վրացական ու աջարական էլեմենտներով։

«Արարատը մեր լեռնա, եղեռնը թուրքի բեռնա»՝ ու հայերն ավելի ուժեղ են դոփում` փոշի բարձրացնելով, ասես եկել են Սեւ ծովը գրավելու։

Թուրքեր Քոբուլեթիում քիչ կան։ Փոխարենը շատ են ադրբեջանցիները։ Բայց ադրբեջանական երաժշտություն սրճարաններում չես լսի։ Գոնե՝ բարձր։ Անգամ վրացականն է քիչ։

Իմ նշած երեք սրճարաններից երկուսն անմիջապես հարեւանությամբ են ու մրցակցում են, թե ով ավելի շատ հաճախորդի կգրավի։ Նրանցից մեկը՝ «Sun House» անունով, միշտ կիսադատարկ է։ Երկրորդում այցելուների պակաս չկա։ Այստեղ երեկոյան ժամերին հայերն են քեֆ անում։

Երրորդը՝ «Աֆինան», մի փոքր ավելի հեռավորության վրա է։ Սա էլ է «հայերինը»։ «Աֆինայի» մենեջերին հարցնում եմ՝ հայ հաճախորդները վճարու՞մ են հայկական երգերի համար, դրանք պատվերնե՞ր են։ Զարմացած պատասխանում է․ «Ո՜չ, ինչ եք ասում։ Հայերը մեզ համար սպասված հաճախորդներ են»։ Դիտարկմանը, թե Քոբուլեթիում միայն հայեր չէ, որ հանգստանում են, հատկապես ռազմահայրենասիրական երգեր հնչեցնելը մյուսներին կվիրավորի, մենեջերը ժպիտով է պատասխանում ու բացում գաղտնիքը. «Աֆինայի» տիրուհին ազգությամբ հույն է, սիրում է հայերին, եւ նրա համար մեկ է, թե ինչ կմտածեն թուրքերը։

Գեորգին ու կավե սպասքը

Քոբուլեթիի կենտրոնական մարզադաշտի հարեւան փողոցներից մեկում աղմուկ է՝ հայ երեխան անզգուշորեն դիպել է խանութներից մեկի մոտ տեղադրված կավե սպասքին, որն ընկել ու ջարդվել է։ Խանութպանը՝ միջին տարիքի մի տղամարդ, երեխայի մորից ու տատից պահանջել է 25 լարի վճարել։ Նրանք փորձել են սակարկել, եւ խանութպանը երեխայի մորն այսպես ասած պատանդ է վերցրել՝ խանութի դուռը ներսից փակել է` երիտասարդ կնոջը չթողնելով դուրս գալ խանութից։ «Մինչեւ փողս չտաս, դուրս չես գա»,- ասել է։

Երեխայի մայրն ու տատը ոստիկանություն են կանչել։ Խանութպանը փախել է տարածքից։ Մի խումբ հայեր ոստկաններից պահանջում են բերման ենթարկել խանութպանին։

«Մեզ ձեր քրջոտ իրերը պետք չեն, որ մի հատ էլ գերու նման կողպեք խանութում»,- գոռում են երեխայի մայրն ու տատը։ Ոստիկանը փորձում է հարթել խնդիրը։ «Դուք վճարել եք, նրանք պահանջ չունեն, դուք՝ նույնպես»,-ասում է կոչումով ավելի ավագը։ «Ոչ։ Ես հայտարարություն ունեմ անելու։ Ուզում եմ գրել։ Կանչեք դրան, թող էստեղ գա»,- ասում է հայ կինը։

Հարեւան աջարները փորձում են պաշտպանել խանութպանին․ «Տիկին, եթե ջարդել եք սպասքը, ինչու՞ չպետք է վճարեք»։ Ոստիկաններին դժվարությամբ է հաջողվում հարթել միջադեպը։

Մեկ օր անց տեղի է ունենում հաջորդ միջադեպը, կրկին հայերի մասնակցությամբ։ Հենց հիվանդանոցի հարեւանությամբ վիճում էին չորս երիտասարդներ ու տեղացի ոստիկաններ։ Երիտասարդները Մոսկվայում բնակվող ջավախցիներ են, եկել են հանգստանալու։

Վիճաբանություն է տեղի ունեցել նրանց եւ երեք վրացիների միջեւ, ծեծել են միմյանց, վրացիները փախել են, հիմա ջավախցիները վրացի ոստիկաններից պատիվ են պահանջում։

Տղաներից մեկի՝ Գիորգիի դեմքն ու վերնաշապիկն արյան մեջ են։ Ականատեսները պատմում են, որ հայերը ծեծել են վրացիներին, պարզապես Գիորգին դեմքին ուժեղ հարված է ստացել։ Հավաքված վրացիները փորձում էին արդարացնել իրենց հայրենակիցների պահվածքը, հայերը՝ հակառակը։

Հայերը, ցույց տալով Գիորգիի արնաշաղախ դեմքը, սպառնում էին նույնն անել Մոսկվայում բնակվող վրացիների հետ։ Ամեն ինչ վերջանում է նրանով, որ տարածք են ժամանում եւս երկու ոստիկանական մեքենաներ, Գիորգին ինքնակամ գնում է հիվանդանոց՝ բուժօգնություն ստանալու` միաժամանակ սպառնալով դիմել դատարան։

Նոդարը, բայց ոչ Դումբաձեն

Բազմաթիվ հայեր Սեւ ծովի ափերին սոցիալական խնդիր են լուծում։

Բաթումիի Բարաթաշվիլու փողոցում, քաղաքային իշխանությունների կողմից գծված սպիտակ գծերի տարածքում՝ վճարովի կայանատեղիում, կայանում եմ ավտոմեքենան։ Դիմացի մայթից արագորեն մոտենում է գազարագույն ժիլետով, ակնոցներն արծվաքթին մի երիտասարդ ու հայերենով ողջունում։

Նոդարն է՝ ծնունդով զեյթունցի։ Վերջին մի քանի ամիսներին, իր պատմելով, Բաթումիում է աշխատում, իսկ տուրիստական սեզոնից հետո մեկնելու է Ռուսաստան։ Նոդարի աշխատանքը համապատասխան վճարի դիմաց ավտոմեքենաները հսկելն է։

Բարաթաշվիլու փողոցը կենտրոնականներից է։ Ինչպես Երեւանում, այնպես էլ Թբիլիսիում եւ Բաթումիում ավտոկայանատեղիները վճարովի են։ Միայն ի տարբերություն Երեւանի` Վրաստանի քաղաքներում «կարմիր գծերը» սպիտակ գույնով են ներկված։ Անգամ եթե հյուր ես՝ կայանելու դիմաց չվճարելու դեպքում կտուգանվես։

Նոդարը վստահեցնում է, որ «սպիտակ գծերի» համար վճարելու կարիք չկա, ինքը գործին «տեր» կկանգնի։ «Դե որ մենք մերոնցով ենք, բռատ ջան, ինչ կտաս՝ տուր, խնդիր չունես։ Կուզես՝ 5 լարի տուր, մինչեւ առավոտ թող կանգնած մնա։ Հարեւանությամբ Էմզարի ռեստորանն ա («Քարավանը»)։ Էստեղ ում հարցնես, ինձ գիտեն։ Խնդիր չունես»,- ասում է Նոդարը։

Որպես հայրենակցի` Նոդարն ինձ «խնայում է»․ «Ինչ կտաս՝ կտաս»։ Կասկածում եմ՝ իսկ եթե տուգանվե՞մ քաղաքային իշխանությունների կողմից, օրենքով չվճարելու համար։ Նոդարը երաշխավորում է․ «Եթե տուգանեն, մեքենայիդ դիմապակուն ծանուցում կտեսնես։ Բայց մինչեւ ուշ գիշեր էստեղ եմ, ես տեր եմ, չես տուգանվի»։

Վերադառնում եմ մոտ երեք ժամից։ Նոդարի գործոնն «աշխատում է»․ ավտոմեքենայիս դիմապակուն որեւէ գրություն չկա։

Տուրիզմ բոլորի համար

Դեռեւս 2010 թվականին Վրաստանի խորհրդարանն ընդունել է Քոբուլեթիի ազատ զբոսաշրջային գոտու մասին օրենքը, որը մասնակիորեն ազատում է ներդրողներին, որոնք հյուրանոցների շինարարության համար ներդրում կկատարեն։ Ընդունելի մակերեսը 11,4 հեկտարն է։

Օրենքի համաձայն` այն ներդրողները, որոնք առնվազն 1 միլիոն լարի կներդնեն հյուրանոցների կառուցման համար, 15 տարվա ընթացքում ազատված կլինեն եկամտային եւ գույքային հարկերից։ Ընկերությունը, որը կներդնի 1 միլիոն լարի, ազատ զբոսաշրջային գոտում կստանա տարածք խորհրդանշական 1 լարիի դիմաց։

Միեւնույն ժամանակ, վրացական կառավարությունը պարտավորություն է վերցրել շինարարության տարածքում ապահովելու գազատարի, ջրատարի, էլեկտրականության անցկացումն ու ճանապարհի կառուցումը։

Քոբուլեթին տարեցտարի դառնում է ավելի գրավիչ։ Քաղաքում փոփոխություններ են կատարվում շատ արագ։ Եթե 5-6 տարի առաջ այն գյուղի տպավորություն էր թողնում, ապա այսօր արդեն բոլոր փողոցները սալապատված են։

Վրաստանի իշխանություններն ամեն ինչ անում են երկիրը տուրիստների համար գրավիչ դարձնելու եւ մեծ եկամուտներ ապահովելու համար։ Եվ խոսքն ամենեւին էլ ափերը մասնավորի կողմից գրավելու մասին չէ, ինչպես Սեւանում է։

Եկամուտ ստանում են բնակիչները՝ ծառայությունների մատուցման դիմաց։ Քոբուլեթիում թերեւս չկա տուն, որտեղ վարձով սենյակներ չտրվեն զբոսաշրջիկներին։ Տուրիստական թեժ շրջանում նվազագույն գինը 15 լարին է (մոտ 3000 դրամ)՝ մեկ անձի համար։

Աջարական լողափերն ազատված են ամեն տեսակի «բիսեդկաներից»։ Եվ ընդհանրապես, այստեղ «բիսեդկաներ» չեն տրվում վարձակալության։ Բացի փոքրիկ նավակներ վարձակալության տալն ու որոշ էքստրեմալ ծառայությունները, որոնք ուղիղ կապ ունեն ծովի հետ, մյուս բոլոր ծառայություններն իրականացվում են ափից մի քանի տասնյակ մետր հեռավորության վրա։

Ափն այստեղ իրականում հանրային է։

Մեկնաբանություններ (1)

Վարազ Սյունի
Եթե հայերը խելացի լինեն,հայաստանյան բոլոր դպրոցներում վրացերեն կմտցնեն ու կփորձեն գրավել (դեպի Սև ծով տանող) Վրաստանը՝ տնտեսապե՛ս:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter