HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Երեխաները կարուսել չեն գնացել, կարուսելն է եկել նրանց մոտ

Я играю на гармошке…երգի հնչյունները լսվում են գյուղի փողոցում: Մեծ ու փոքր բակերից վազում են դուրս՝ տեսնելու, թե ինչ է կատարվում: Հաշված րոպեների ընթացքում փողոցում աշխուժություն է տիրում, կարծես րոպեներ առաջ մեռյալ լռությունը չէր եղել: Գունավոր, նկարազարդ, գնացքին նմանվող տրանսպորտային միջոցը կանգնած էր մայթին ու սպասում էր իր ուղևորներին: Հնչեց շչակը: 5 րոպեի ընթացքում հավաքվեցին նաև հարևան փողոցներից:

Վարորդները երկու երիտասարդներ էին և սպասում էին դեպի իրենց վազող փոքրիկներին:

-Մամա՛, ես էլ եմ ուզում

- Համբերի հերդ գա նոր, մոտս փող չկա

- Չէ՛, հիմա եմ ուզում

- Հասմի՛կ, 200 դրամ տուր, մերոնք գան տուն` կտամ:

Ուղևորները պատրաստ են, նստատեղերը լրացել են, և վարորդը պետք է միացնի շչակն ու շարժվի: Երեխաները 200 դրամի դիմաց գունավոր գնացքով շրջում են գյուղի փողոցներով, հասնում հարևան գյուղի տարածք և հետ գալիս: Սա էր ամբողջ իրարանցման էությունը: Բայց երեխաներն անդրդվելի էին, իրար հերթ չտալով էին տեղավորվում նստարաններին և կլորացրած աչքերով հիացած նայում շուրջը: Ամռան ամիսներին նրանք չեն գնացել կարուսել, բայց կարուսելն է եկել իրենց մոտ: Սա արդեն լուրջ իրադարձություն էր նրանց և ընդհանրապես՝ գյուղաբնակների համար:

Երեխաների համար հետաքրքիր է նույնիսկ շրջել այն փողոցով, որտեղ ոտաբոբիկ վազում են, ցեխերի հետ խաղում: Իրենց հյուր եկած գնացքով փողոցի գույները փոխվում են, տարածքն է փոխվում՝ դառնում յուրահատուկ: Դրա վկայությունն էր նաև այն, որ մի քանի երիտասարդ կին նույնպես չդիմացավ գայթակղությանը և երեխայի հետ նստեց գյուղում հայտնված գնացքը: Երբ նույն գնացքը փողոցով անցավ հերթական անգամ, նկատեցի արդեն, որ ուղևորների գերակշիռ մասը երեխայի տարիքից վաղուց դուրս էին եկել:

Մի քանի օրից կավարտվեն ամառային արձակուրդները և այսօր ցեխերում վազվզող երեխաները գնալու են դպրոց: Ավանդույթի համաձայն` ուսուցչուհին նրանց կհարցնի, թե ինչպես են անցկացրել ամառային արձակուրդները, կհանձնարարի այդ թեմայով շարադրություն գրել: Հիշեցի տարիներ առաջ իմ դասընկերոջ այդ թեմայով շարադրությունից մի հատված. «Կալբաստը դրեցի ջեբս ու պապայիս հետ գնացի հողամասը ջրելու: Ջուրը գողացել էի Գագո ձաձայից: Հետո ինձ ծեծեց իրեն քֆրտելու համար…»:

Դասընկերս վատ սովորող էր, և ուսուցչուհին նրանից շատ բան չէր պահանջում: Սակայն, շատ պարզ, իր խոսակցական բառերով պատմել էր երեք ամիսների իր առօրյայի մասին: Մոտ 4 էջանոց շարադրության բովանդակությունը հողամասը ոռոգելու, լուսադեմին հայրիկի հետ շուկա գնալու, փողոցում խաղալու մասին էր: Նա այդ ամենի մասին պատմել էր դետալ առ դետալ: Երկար ժամանակ քննարկում էինք նրա շարադրությունը, նունիսկ ծիծաղում, բայց լուռ էր միայն ուսուցչուհին:

Այնպես չէր, որ մենք ամառային արձակուրդներն անցկացրել էինք Բուլղարիայի Վառնա քաղաքի ոսկեգույն ավազների վրա, կամ՝ ամառը վայելել էինք ճամբարներում, հանգստյան տներում: Գրեթե նույն առօրյան ունեցել էինք նաև մենք, գրել այդ մասին, իհարկե՝ մի քիչ լիրիկական զեղումներով, բայց ուսուցչուհին կենտրոնացել էր հատկապես դասընկերոջս շարադրության վրա: Թեև շարադրությունից տպավորություն էր ստեղծվում, որ դասընկերս գրել էր կարմիր գրիչով, իսկ ուսուցչուհին ուղղել կապույտով, բայց դա չէր խանգարել ուսուցչուհուն, որ համեմատաբար բարձր գնահատականի արժանացնի աշխատանքը:

Այսօր այդ դասընկերոջս երեխան նստած էր գյուղում հայտնված գունավոր գնացքում և շատ երջանիկ տեսք ուներ: Մտովի արդեն կարդացի նրա՝ «Իմ ամառային արձակուրդները» վերնագրով շարադրությունը: Նա էլ հայրիկի նման զերծ կմնա «թիթիզություններից»:

Կարուսել գնալն այսօր թանկ հաճույք է արևի ուղիղ ճառագայթների տակ հողի հետ կռիվ տվող ծնողների ու հոգսը կիսող երեխաների համար: Սրա համար ամենևին մեղավոր չեն այգիներում հովանոցներով զբոսնող քաղաքաբնակ երեխաներն ու նրանց ծնողները: Գյուղում բնակվելն այդ մարդկանց ընտրությունն է, այդ երեխաներն այդպիսին են՝ պարզ ու մի քիչ էլ դժվար ընկալելի: Բայց վաղը նրանք համալսարան են ընդունվելու, դառնալու են դատավոր, լրագրող, քննիչ, ուսուցիչ, տնտեսագետ…

Я играю на гармошке…գունավոր գնացքը հերթական շրջապտույտն է կատարում, ու ներսից լսվում են երեխաների ծիծաղի ձայները:

 

Մեկնաբանություններ (1)

Գրիգոր
Վաղը այդ երեխաները գալու են Երևան՝ դատավոր, լրագրող, քննիչ, ուսուցիչ, տնտեսագետ դառնալու համար, և կտեսնեն, որ մի գեղ էլ՝ Երևանն է դարձել: Որովհետև գեղչուկների նախորդ սերունդները լցվել են Երևան, դարձել դատավոր, լրագրող, քննիչ, ուսուցիչ, տնտեսագետ, և ... քանդել քաղաքը ապօրինի անգեղ շինություններով, գեղավարի կենցաղով ու սովորույթներով

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter