HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կայացել է ՀՔԾ-ի քննիչի` Միհրան Պողոսյանի գործի վերաբերյալ որոշումներ չտրամադրելու գործով նիստը

Ամալյա Մարգարյան

ՀՔԾ-ի կողմից ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի նկատմամբ հարուցված քրեական գործը հարուցելու, ապա կարճելու որոշումները «Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ին չտրամադրելու գործով դատական նիստը մեկնարկեց։ Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն ընդհանուր իրավասության դատարանում բողոքաբեր Էդիկ Բաղդասարյանի ներկայացուցիչներ Արա Ղազարյանը և Արտակ Զեյնալյանը հանդես եկան բողոքով։

Ա.Ղազարյանը նշեց, որ «Հետաքննող լրագրողներ» կազմակերպությունը, օգտագործելով իր մասնագիտական կարողությունները, ձեռք է բերել հանրային նշանակության տեղեկություն և որոշել հրապարակել այն, որը հասարակության մեջ ընդվզումներ է առաջացրել։ «Քաղաքական որոշումներ կայացվեցին՝ պաշտոնից ազատվեց ԴԱՀԿ-ի նախկին պետը։ ԶԼՄ-ի հրապարակած տեղեկության հիման վրա հարուցվեց  քրեական գործ, որը որոշ ժամանակ անց կարճվեց։

 «Հետքննող լրագրողներ» ՀԿ-ը դիմել էր կարճման որոշումը ստանալու նպատակով, սակայն չեն տրամադրվել։ Եթե «Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ն իմանար, որ չի հաջողվելու բողոքարկել որոշումը, տեղեկությունը չէր տարածի. հանրությունը կզրկվեր կարևոր տեղեկությունից»,-հայտնեց իրավաբանը։

Հիշեցնենք, որ նախկին գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանի կողմից առերևույթ ձեռնարկատիրական գործունեության ապօրինի մասնակցելու դեպքի առիթով քրեական գործը հարուցվել է «Հետք»-ի հրապարակման հիման վրա, սակայն ՀՔԾ-մ մերժել է տրամադրել այդ որոշումը, ինչպես նաև գործի կարճման որոշումը`  նշելով «…Դուք չեք հանդիսանում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 262-րդ հոդվածի 1-ին մասում հիշատակված անձ, ուստի քրեական հետապնդում չիրականացնելու և քրեական գործով վարույթը կարճելու մասին որոշման պատճենը և գրության մեջ նշված փաստաթղթերը չեն կարող տրամադրվել Ձեզ»,- պատասխանել է ՀՔԾ-ն:

«Բողոքարկող կազմակերպությանը տեղեկատվություն ստանալու իրավունքից զրկելը հանրային նշանակության խնդիր է բարձրացնումՎարույթն իրականացնող մարմինը նշում է, որ տեղեկությունը տարածվել է լրատվամիջոցի միջոցով, հանցագործության առիթ է, իսկ լրատվամիջոցը չի հանդիսանում շահագրգիռ անձ»,-հայտնեց Արա Ղազարյանը, այնուհետև նշեց, որ անիրավաչափ է տարանջատել «Հետք» կայքը «Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ից։ 

«Գտնում եմ, որ պետք է վերացվի քննչական ծառայության քննիչ Դ.Կոստանդյանի որոշումը և պետք է հանձնարարվի վարույթն իրականացնող մարմնին տրամադրել քրեական գործը հարուցելու, նույն քրեական գործը կարճելու մասին որոշման պատճենները: Գտնում եմ` այստեղ դրված է հանրային նշանակության խնդիր։ Հանրությունը պետք է տեղյակ լինի՝ ինչ հիմքերով է կարճվել այս քրեական գործը»,-եզրափակելով խոսքը` նշեց իրավաբանը։

ՀՔԾ-ի քննիչ Դավիթ Կոստանդյանը հայտնեց, որ չեն տարանջատում «Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ն «Հետք» լրատվական կայքից: «Քրեական դատավարության օրենսգրքի 262-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված գործ հարուցելու առիթներն են տարանջատում։ Սույն քրեական գործը հարուցվել է լրատվության միջոց հանդիսացող «Հետք» կայքի հրապարակման հիման վրա, իսկ քրեական դատավարության օրենսգրքի հիման վրա լրատվամիջոցի հաղորդման հեղինակն իրավունք չունի քրեական վարույթի և այն կարճելու մասին որոշում ստանալ։ Այդ պատճառով ՀԿ-ի նախագահ Էդիկ Բաղդասարյանին գրությամբ մերժել ենք համապատասխան տեղեկություն տրամադրել»։

Քրեական դատավարության օրենսգրքի 262-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ քննիչը քրեական գործով վարույթը կարճելու և քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշման պատճենն ուղարկում է կասկածյալին, մեղադրյալին, պաշտպանին, ինչպես նաև տուժողին, նրա ներկայացուցչին, քաղաքացիական հայցվորին, քաղաքացիական պատասխանողին կամ նրանց ներկայացուցչին, ինչպես նաև ֆիզիկական անձի կամ իրավաբանական անձի ներկայացուցչին, որոնց հայտարարության հիման վրա հարուցվել է քրեական գործը: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն հոդվածի առաջին մասում նշված անձինք իրավունք ունեն քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով ծանոթանալ կարճման գործի նյութերին:

« «Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ն հաղորդում չի ներկայացրել հանցագործության մասին, այն ներկայացնող անձը չի զգուշացվել սուտ մատնության համար, այլ լրատվամիջոցն ընթերցողների համար նյութ է հրապարակել»,-ասաց քննիչը և հավելեց, որ եթե որոշումը տրամադրեն, պետք է քրեական նյութերը ևս տրամադրեն։

Դատավոր Դավիթ Գրիգորյանը հարց ուղղեց` եթե իրավաբանական անձ հանդիսացող ՀԿ-ն իր կայքում հաղորդում է տեղադրում, այդ դեպքում «Հետքաննող լրագրողներ» ՀԿ-ը որպես իրավաբանական անձ հանդես չի՞ գալիս, որին ի պատասխան` քննիչը նշեց: «Հաղորդում տվող իրավաբանական անձանց հաղորդումները կարգավորվում են քրեական դատավարության 178-րդ հոդվածով: Այն է` իրավաբանական անձի հաղորդումը պետք է ունենա ծառայողական նամակի կամ վավերացված հեռագրի, հեռախոսագրի, ռադիոգրի, էլեկտրոնային փոստի կամ հաղորդումների այլ ընդունված ձև: Հաղորդմանը կարող են կցվել հանցանքի կատարումը հաստատող փաստաթղթեր:

Լրատվական միջոցի հրապարակումները հաղորդումներ չեն, դրանք տարբեր են: Ուղղված է եղել հանրությանը, ոչ թե իրավական մարմնի ներկայացուցչին: Չենք դիտել ՀԿ-ի նախագահին որպես սուբյեկտ, քանի որ չի պահպանվել 178-րդ հոդվածով սահմանված կարգը»,-հայտնեց Դավիթ Կոստանդյանը, ապա ավելացրեց, որ եթե լրատվամիջոցին դիտեն որպես իրավաբանական անձ, այդ դեպքում չեն առանձնացնի լրատվական միջոցի և իրավաբանական անձի հաղորդումները:

Դատախազ Հայկ Պետրոսյանը ևս նշեց, որ իրավաբանական անձի ներկայացրած հաղորդումը և լրատվամիջոցի հրապարակումը տարբեր առիթներ են: «Սոցիալական կայքերում շատ մարդիկ անանուն հրապարակումներ են անում, որոնք շատ դեպքերում հանդիսանում են որպես քրեական գործ հարուցելու առիթ: Կարճման որոշումը կարելի է տրամադրել նաև այն անձանց, ում շահերը առնչվում են տվյալ քրեական գործի շրջանակում: Տվյալ դեպքում որևէ հիմնավորում չբերեցին, ինչքանով է առնչվում «Հետք»-ի նախագահի շահերը: Եթե ուզում էր հաղորդում` պատշաճ կարգով բերեր»: Նշեց նաև, որ անգործության մասին խոսք լինել չի կարող:

Արա Ղազարյանը հայտնեց, որ պետք է տարբերակված վերաբերմունք ցուցաբերել և լրատվամիջոցին որպես կողմ ճանաչել, քանի որ հանրային նշանակության գործ է: «Խոսքը վերաբերում է պետական բարձր պաշտոն զբաղեցնող անձի կողմից միլիոնավոր դոլարներ օֆշորային գոտում թաքցնելու վերաբերյալ փաստական տվյալներին: Դատախազությունը պետք է տարբերակված վերաբերմունք ցուցաբերի և Էդիկ Բաղդասարյանին համարի շահագրգիռ անձ` վկայակոչելով քրեական դատավարության 290-րդ հոդվածի 1-ին մասը»:

Արտակ Զեյնալյանը միջնորդեց դատավորին գործն ուղարկել Սահմանադրական դատարան, սակայն դատավորը մերժեց միջնորդությունը:

Նիստը հետաձգվեց, հաջորդ նիստը տեղի կունենա սեպտեմբերի 4-ին, ժամը 10-ին:

Մեկնաբանություններ (1)

միհոն
Ըստ քննիչների, մամուլի հրապարակումը «հաղորդում» չէ, քանի որ «մամուլ» է՝ ինչ ասես կարող ա գրեն: Իրավաբանորեն ասած, իրենց համար «առ ոչինչ» է: Բարի, այդ դեպքում «առ ոչնչի» վրա մարդուն ոնց են գործից հանել ու հալածել? Իրենք իրենց լեզվով ասում են «Հետքի» - ի հիման վրա, որով եւ ընդունվում է որ այն «առ ոչինչ» չի եղել! Բայց ինչ զարմանաս, հայ օրինապահների մոտ էսօր մածունը սեւ է, վաղը կարող ա կարմիր լինի, իսկ թե երբ այն կսպիտակի՝ այ դա է հարցերի հարցը: Հազար ուրիշ հարցեր են առաջանում՝ բա ինչու խեղճ մարդուն չեն վերականգնել ու չաշխատաց օրերի համար վճարել? Բա ինչու թերթին դատի չի տվել ու ներողություն պահանջել? Թե՝ որ բզբզեն էն հասկանալի բանը դուս ա գալու: Մնում է «թու՜» ասել ու սպասել ...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter