HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

«Բազմաթիվ աշխատակիցներ շանտաժով են տեղափոխվել ԿԲ Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոն». նամակ ընթերցողից

2013 թվականից Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում գործում է ՀՀ կենտրոնական բանկի հիմնադրած  ուսումնահետազոտական կենտրոնը։ Կենտրոնի շինարարարական աշխատանքները սկսվել են 2009 թվականից՝ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի՝ Դիլիջանը ֆինանսական կենտրոն դարձնելու գաղափարի շրջանակներում։ Երևանից Կենտրոնական բանկը պարբերաբար աշխատակիցներ է տեղափոխում Դիլիջանի կենտրոնում աշխատելու համար։ Այնտեղ աշխատակիցների համար կառուցվել է բազմաբնակարան շենք։

Ընթերցողներից մեկը «Հետք»-ին ուղարկած նամակում անդրադարձել է աշխատակիցների տեղափոխմանը՝ ընդգծելով, որ նրանցից շատերը Երևանից Դիլիջան են տեղափոխվել շանտաժով և այլընտրանք չունենալով։  

«Ցանկանում եմ բարձրաձայնել խնդիրներ, որոնք չեն բարձրաձայնվում և փակ են պահվում»

«Արդեն մի քանի տարի է, ինչ ՀՀ ԿԲ մասնակի տեղափոխում է կատարել Դիլիջան քաղաք` այնտեղ կառուցելով «ՀՀ ԿԲ Դիլիջան ուսումնահետազոտական կենտրոնը», զուգահեռ` Երևանից Դիլիջան տեղափոխված աշխատակիցների համար կառուցելով բնակելի շենքեր և քոթեջներ` ծախսելով ահռելի գումարներ:

Ցանկանում եմ բարձրաձայնել խնդիրներ, որոնք չեն բարձրաձայնվում և փակ են պահվում: Հուսով եմ՝ Ձեր օգնությամբ թե´ պետությունը և թե´ հասարակությունը կծանոթանա նաեւ մեդալի հակառակ կողմին»,- գրել է ընթերցողը, որի նամակը ներկայացնում ենք ստորև.

 «Բազմաթիվ աշխատակիցներ Դիլիջան են տեղափոխվել, կարելի է ասել, շանտաժով` այլընտրանք չունենալու և գործազուրկ չդառնալու: Ինչպես գիտեք, ՀՀ ԿԲ աշխատանքի վարձատրությունն, ի տարբերություն այլ պետական կառույցների, ավելի բարձր է: Վերջիններիցս շատերի ընտանիքիները, կարելի է ասել, մասնատված են, ամուսիններն աշխատանքային օրերին իրար հետ չեն ապրում, մի մասը Երևանում են, մյուս մասը՝ Դիլիջանում, նույնն էլ երեխաների մասին է: Ամուսիններից մի մասն էլ (քիչ աշխատավարձ ստացողները) ազատվել են աշխատանքից և տեղափոխվել Դիլիջան` ընտանիքի հետ լինելու համար:

Շատերը, Դիլիջան տեղափոխվելու փաստին չհարմարվելով, զրկվել են աշխատանքից, դարձել գործազուրկ, կան երիտասարդներ, ովքեր անգամ լքել են Հայաստանի Հանրապետությունը` հարմար այլընտրանք չգտնելու արդյունքում:

Ներկայումս սկսվել է աշխատակիցների տեղափոխման հերթական հոսքը: Չհաջողված ծրագիրը շարունակեց գործել և հերթական մեծ գումարները ծախսվեցին նոր բնակարաններ կառուցելու և աշխատակիցների նոր հոսքի տեղափոխման համար:

Այս անգամ ավելի կտրուկ միջոցներով՝ կրկին առանց այլընտրանքների:

Իսկ փորձը ցույց տվեց, որ այս տարիների ընթացքում Դիլիջանի սոցիալ-տնտեսական կյանքն առանձնապես չի փոխվել Երևանից մարդկանց տեղահան անելով և «սածիլելով» Դիլիջան քաղաքում: Բանկի աշխատակիցներն ապրում են մեկուսացած, կղզիացած, հիմնական գնումները շարունակում են իրականացնել Երևանից և այլն: Նոր աշխատատեղեր գրեթե չեն բացվել տեղի բնակչությանը ՀՀ ԿԲ-ում աշխատանքով ապահովելու համար: Փոխարենը ծախսվել են բյուջեի միջոցները և խթանում են գործազրկության բարձրացմանը:

Ինքս էլ կողմ կլինեի Երևանից հեռու գտնվող մեր քաղաքների զարգացմանը, սակայն ոչ նման միջոցներով, քանի որ փաստացի ոչինչ էլ չի զարգանում: Գումարները կարող էին ներդրվել ինֆրակառուցվածքների զարգացման, ուսումնա-մշակութային կենտրոնների, հիվանդանոցների շենքային և անձնակազմային որակի բարձրացման ուղղությամբ, համապատասխան գործարանների, արտադրության ֆինանսավորմամբ, տուրիզմի վրա: Փոխարենը ամեն ինչ մնացել է նույնը, պարզապես կղզիներ են ստեղծվել Դիլիջանում, որոնք այդպես էլ կղզիացած են մնացել:

Երևան-Դիլիջան ճանապարհին վերջին տարիներին եղել են նաև բազմաթիվ ավտովթարներ աշխատակիցների կամ վերջիններիս ընտանիքի անդամների երկու ուղղություններով տեղափոխման ընթացքում:

Վերջերս էլ աշխատակիցներին տեղափոխող ավտոբուսն էր վթարի ենթարկվել, բարեբախտաբար զոհեր չեն եղել, սակայն կան տուժածներ:

Տեղափոխված բնակիչների բնակարանների պայմանագրերն են վերանայվել` ի վնաս աշխատակիցների:

Հիմա էլ շարունակվում է 30-40 հոգու, այսպես ասած, բռնի տեղափոխումը, այլընտրանքը գործազրկություն, ընտանիքիների անդամների անջատում միմյանցից, որակյալ մասնագետներից հրաժարվելուց, ինչից կտուժի նաև աշխատանքի որակը: Ցավոք, աշխատակիցներն արդեն ծանուցվել են տեղափոխման հետ չհամաձայնվելու դեպքում աշխատանքից ազատվելու փաստաթղթերով:

Ակնկալում եմ, որ Ձեր խմբագրությունը կարծարծի խնդիրը, կլուսաբանի այն հարցերը, որոնք բաց են բոլորի մոտ, սակայն աշխատակիցները վախենում են բարձրաձայնել:

Գործազրկության, ստիպողաբար տեղափոխման, այլընտրանքների բացակայության, ընտանիքների ջլատման և այլնի հետ կապված և միգուցե ՀՀ ԿԲ ղեկավարությունն ու ՀՀ իշխանություններն ավելի ռացիոնալ և ճիշտ որոշումներ կկայացնեն»:

Նամակի հեղինակը նախընտրել է անանուն մնալ։

Կենտրոնական բանկ. «Տեղափոխմամբ պայմանավորված ազատման դիմումներ չեն ներկայացվել»

Կենտրոնական բանկից «Հետք»-ին տեղեկացրին, որ ներկայում Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնն ունի 178 աշխատակից։ Նրանցից 106-ը տեղափոխվել են Երևանից, իսկ 72-ը՝ Դիլիջանի և հարակից տարածքների բնակիչներ են։         

Աշխատակիցների համար կառուցված բազմաբնակարան բնակելի շենքն ունի 64 ծառայողական բնակարան՝ 6290 քմ. ընդհանուր բնակելի տարածքով: ԿԲ-ից նշում են, որ շենքի կառուցման ծախսերն իրականացվել են ԿԲ կապիտալ ներդրումների ծրագրի շրջանակում, որը չի ֆինանսավորվում ՀՀ պետական բյուջեի միջոցներից (ՀՀ ԿԲ կապիտալ ներդրումների ծախսերն իրականացվում են էմիսիայի միջոցով):

Կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից, ի պատասխան նամակում հնչեցված մտահոգության, որ բազմաթիվ աշխատակիցներ Դիլիջան են տեղափոխվում ոչ իրենց կամքով, ներկայացրել են, թե ինչ պայմաններով են ապահովվել աշխատակիցները Դիլիջանում։ Ինչպես նաև նշել, որ այս պահի դրությամբ աշխատակիցների կողմից Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոն տեղափոխմամբ պայմանավորված ազատման դիմումներ չեն ներկայացվել:

«Կենտրոնական բանկի աշխատակիցների տեղափոխությունը Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոն շարունակական գործընթաց է: Ի սկզբանե կայացվել է որոշում առ այն, որ Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնում է տեղակայվելու Կենտրոնական բանկի հետազոտական ներուժը: Հետազոտություններով զբաղվող և այդ հետազոտությունների արդյունքներն իրենց աշխատանքում անմիջականորեն կիրառող երեք ստորաբաժանումներ՝ Տնտեսական հետազոտությունների վարչությունն ամբողջ կազմով, Դրամավարկային քաղաքականության և Վիճակագրության վարչությունների աշխատատեղերի մի մասը տեղափոխվել են Դիլիջան առաջին փուլով՝ 2013-2014 թթ. ժամանակահատվածում: Նույն ժամանակահատվածում Դիլիջան են տեղափոխվել աջակցող/օժանդակող ստորաբաժանումների որոշ աշխատատեղեր զբաղեցնող աշխատակիցներ՝ իրավաբաններ, ՏՏ մասնագետներ և այլն»,- նշված է պատասխանում:

Տեղափոխված աշխատակիցների համար, ըստ ԿԲ-ի, ստեղծված են բոլոր անհրաժեշտ պայմաններն՝ իրենց աշխատանքային գործունեությունն արդյունավետ իրականացնելու համար: Տնտեսագիտական հետազոտությունների թիմի անդամներին հնարավորություն է ընձեռվել մասնակցելու Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնում կազմակերպվող միջազգային գիտաժողովների, կոնֆերանսների և բարձրակարգ մասնագետների կողմից անցկացվող վերապատրաստման դասընթացների։

«Տեղափոխված աշխատակիցների համար ստեղծված են նաև անհրաժեշտ պայմաններ իրենց և իրենց ընտանիքի անդամների կենցաղն ապահով կազմակերպելու համար: Լուծում է տրվել տեղափոխված աշխատակիցների նախադպրոցական և դպրոցահասակ երեխաների որակյալ կրթությունն ապահովելու խնդրին:

Դիլիջան ուսումնահետազոտական կենտրոնում աշխատող ՀՀ կենտրոնական բանկի աշխատակիցների համար կառուցված բազմաբնակարան բնակելի շենքի առաջին հարկում գործում է միջազգային լավագույն չափանիշներին համապատասխան «Բողբոջ» ցերեկային ժամանցի մանկական կենտրոնը, ուր հաճախում են 2-6 տարեկան երեխաներ՝ թե՛ Կենտրոնական բանկի աշխատակիցների եւ թե՛ Դիլիջանի բնակիչներ: Կենտրոնն ունի երեխաների առողջ եւ բազմակողմ զարգացման համար անհրաժեշտ բոլոր պայմանները:

Կենտրոնական բանկի նախաձեռնությամբ և ֆինանսավորմամբ, ԱՅԲ հիմնադրամի հետ համատեղ ստեղծվել է Դիլիջանի կենտրոնական դպրոցը, որտեղ եւս Կենտրոնական բանկի աշխատակիցների երեխաներից բացի, հաճախում են երեխաներ Դիլիջան քաղաքից եւ տարածաշրջանից: Դպրոցն իր գաղափարախոսությամբ ու տեսլականով, ուսումնական ծրագրով, դասավանդման մեթոդաբանությամբ ու մոտեցումներով, ուսուցիչների եւ աշակերտների ընդունելության քաղաքականությամբ ամբողջությամբ սինխրոնացված է Երևանի «ԱՅԲ» տարրական և միջին դպրոցների հետ: Դպրոցի կառուցման վայրն ընտրվել է՝ նաև հաշվի առնելով տարածքի բարեկարգման և հարակից բնակելի թաղամասի հասարակական և սոցիալական կյանքի ակտիվացման կարևորությունը»,- նշված  է ԿԲ-ի պատասխանում:

ԿԲ-ից առանձնացրել են նաև Դիլիջանի նախկին քաղաքային գրադարանի շենքի վերակառուցումը, «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի Դիլիջանի մասնաճյուղի հիմնումը։

Այժմ ընթանում է աշխատակիցների տեղափոխման երկրորդ փուլը, որի ընթացքում Դիլիջան են տեղափոխվելու Վիճակագրության և Դրամավարկային քաղաքականության վարչությունների դեռևս չտեղափոխված բաժինների աշխատակիցներն՝ իրենց զբաղեցրած աշխատատեղերով: 

Մեկնաբանություններ (2)

Կարեն
Շանտաժի մասին են բողոքում։ Ընտանիքներ են կիսում, տեղահան անում, և այլն։ Բայց կյանքում ամենինչ չի հեշտ տրվում։ Ճիշտ է արել պետությունը նման տեղափոխությամբ, պետք է երկրի տարբեր մասերը զարգացնել, Երևվանը չի կարող մնալ ամենինչի կենտրոնը։ Հենց նման քայլեր անելով է կարելի միայն կասեցնել մարդկանց արտագաղթը փոքր քաղաքից և երկրից։ Հիմա բողոքում եք թե զգալի ազդեցություն չի ունեցել Դիլիջանի վրա աիս տեղափոխությունը, և տեղական էկոնոմիկան չի զարգանում։ Բոլորովին համաձայն չեմ։ Բերելով բարձր աշխատավարձով ընտանիքներ Դիլիջան՝ պետությունը հնարավորություն է ստեղծում քաղաքի ձեռներեցներին զարգացնել իրենց բիզնեսները, նոր սպառողներ գտնել որոնք ավելի վճարունակ են։ Եվ վաղ թե ուշ լոկալ բիզնեսները կզարգանան և նոր մարդկանց կբավականացնեն իրենց առաջարկով։ Պարզապես իրենք պիտի հասկանան ինչպես մատուցել իրենց սպասարկումն ու առաջարկը նոր և տեղականից տարբեր սպառողներին։ Իսկ ընտանիքների կիսվելու հաշվով՝ կյանքում պետք է ռիսկերի դիմել և փորձել բարելավել կյանքի պայմանները։ Եթե ձեռ չի տալիս հեռվից հեռու ապրել, արժի կողմորոշվել որ քաղաքն է ավելի կարևոր ապրելու համար և դժվար որոշում առնել՝ ընտանիքից ով է իր գործը կամ Դիլիջանում, և կամ թե Երևնում թողնելու և տեղափոխվելու նոր քաղաք նոր զբաղմունքով զբաղվելու որպեսզի ընտանիքը լինի միասին։
Anahit
Բոլորը կառչում են Երևանից, հիանալի պայմաններ են ստեղծված, տուն, աշխատանք, բնություն ...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter