HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մթերող ընկերություններին արտոնյալ պայմաններով վարկ կտրամադրվի

Հայաստանի գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանը, կառավարության աշխատակազմի «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի գյուղական ֆինանսավորման կառույցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վահե Հարությունյանը և «ՓՄՁ ներդրումներ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի գործադիր տնօրենի տեղակալ Հրաչ Դարբինյանն այսօր ստորագրել են եռակողմ հուշագիր: Այս մասին հայտնում է գյուղատնտեսության նախարարությունը:

Ստորագրված փաստաթղթով կողմերը նախատեսում են համագործակցել գյուղատնտեսական հումքի մթերումների (գնումների) նպատակով ագրովերամշակման ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների մասնակի սուբսիդավորման պիլոտային ծրագրի իրականացումն ապահովելու նպատակով:

«Ծրագրով վերամշակման ոլորտում գործող ընկերություններին պտուղ-բանջարեղենի և խաղողի մթերումների իրականացման համար տրամադրվելու է տարեկան 3% տոկոսադրույքով վարկ մեկ տարի ժամկետով: Քանի որ ծրագիրը փորձնական է, այս տարի յուրաքանչյուր շահառու կկարողանա ստանալ մինչև 150 մլն դրամ, սակայն հաջորդ տարիներին տրամադրվող  գումարի չափը կավելացվի», - նշել է Ռոբերտ Մակարյանը:

Տեղեկացնելով, որ արդեն երեք բանկ պատրաստակամություն է հայտնել միանալ ծրագրին` փոխնախարարը միաժամանակ հավելել է, որ առաջիկայում ծրագրին կմիանան  նաև այլ բանկեր:

«ՓՄՁ ներդրումներ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի գործադիր տնօրենի տեղակալ Հրաչ Դարբինյանն ընդգծել է, որ ծրագիրը հնարավորություն կտա ագրովերամշակման ոլորտում գործունեություն իրականացնող ձեռնարկություններին աննախադեպ մատչելի ֆինանսական ռեսուրսներ ներգրավել մթերումների դիմաց վճարումներ իրականացնելու համար, ինչը հնարավորություն կընձեռի նշված ընկերություններին ընդլայնել մթերման ծավալները և մթերվող ապրանքի տեսականին, ինչպես նաև ավելացնել արտահանման ծավալները:

ՀՀ ԿԱ «ԳՏՏԶ ԾԻԳ» ՊՀ գյուղական ֆինանսավորման կառույցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վահե Հարությունյանն իր հերթին ընդգծել է ծրագրի արդիականությունը` հաշվի առնելով, որ ընթացքի մեջ է մթերումների գործընթացը: 

«Այժմ հանրապետությունում մթերումների շրջան է և բազաթիվ մթերողներ ունեն ֆինանսական միջոցների կարիք: Նախորդ տարիների փորձը ցույց է տալիս, որ մթերողներն այդ միջոցները ձեռք էին բերում բավական բարձր տոկոսադրույքով` չկարողանալով մարել մթերումների դիմաց կուտակված պարտքերը, մինչդեռ այս ծրագիրը թույլ է տալիս լուծել այդ խնդիրը», - նշել է Վահե Հարությունյանը:

Պաշտոնական հաղորդագրության համաձայն `հուշագրով նախատեսվում է աջակցություն ցուցաբերել կայուն, կանխատեսելի և բարենպաստ բիզնես միջավայրի ապահովմանը, ճշգրտել տվյալ տարվա խաղողի, պտղի և բանջարեղենի մթերման առաջնահերթություններն ըստ տեսականու և մարզերի, բացահայտել մթերման գործընթացում առկա խնդիրները:

Ակնկալվում է, որ ծրագրով նախադրյալներ կստեղծվեն ոլորտում վարկունակ պահանջարկի մակարդակի բարձրացման համար, ինչը կհանգեցնի գյուղատնտեսական մթերքների գնման դիմաց գյուղացիական տնտեսություններին կատարվող վճարումները կարճ ժամկետում կատարելուն, կնվազեն բանկերի և վարկային կազմակերպությունների ռիսկերը: Բացի այդ, որոշակիորեն կբարձրանա գյուղատնտեսական մթերքներ վերամշակող արդյունաբերոթյան ոլորտի գրավչության մակարդակը, էականորեն կմեղմվի գյուղատնտեսական մթերքների իրացման հիմնախնդիրը:

«Ծրագրի գործողության առաջին տարվա արդյունքներից ելնելով հնարավորություն կստեղծվի ձևավորել առաջարկություններ ծրագրի իրականացման ընթացքի արդյունավետության բարձրացման ուղղությամբ»,- գրված է գյուղնախարարության հաղորդագրության տեքստում:

Մեկնաբանություններ (1)

վախթանգ Սիրադեղյան
Առաջին հայացքից օգտակար գործ է կատարվել, ինչի արդյունքում, եթե, ինչպես նշված է հոդվածում, ապահովվի բանկային մասնակցությունը, վերամշակողները կունենան լրացուցիչ շրջանառու միջոցներ այլևայլ ծախսերի համար: Սակայն պետական արդյունավետ կառավարումը ենթադրում է պայմանագրի կնքում ոչ թե պետության երեք գերատեսչությունների միջև, այլ դրանցից մեկի և բանկերի միջև՝ մինչ այդ գերատեսչական մակարդակում պայմանավորվածություն մշակելով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter