HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Բանկերի մեծ մասն ավելացրել է հարկերը

Այս տարվա առաջին կիսամյակում Հայաստանում գործող 17 առևտրային բանկերը պետական բյուջե են վճարել ավելի քան  21.6  մլրդ դրամի հարկեր  և տուրքեր։ 2016 թվականի նույն ժամակահատվածի համեմատ բանկային համակարգի նույն խաղացողներից բյուջե հոսած հարկերի ծավալն ավելացել է շուրջ 3.3 մլրդ դրամով կամ 17.9%-ով։ Այս մասին են վկայում ՀՀ պետական եկամուտների կոմիտի հրապարակած տվյալները հանրապետության խոշոր հարկատուների վերաբերյալ։

Վերջին տվյալներով հայաստանյան բանկային համակարգի խոշորագույն  հարկատուն «Արդշինբանկ»-ն է, որն այս տարվա առաջին վեց ամիսների վճարել է ավելի քան 2.7 մլրդ դրամի հարկ։ Եռյակում են «Ամերիաբանկ»-ն (2.3 մլրդ դրամ) ու «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկ»-ը (2.3  մլրդ դրամ)։

Նրանց հաջորդում են «ՎՏԲ-Հայաստան բանկ»-ն ու «Հայբիզնեսբանկ»-ը։

Ըստ ՀՀ ՊԵԿ տվյալների

Առաջին տասնյակից միայն  մեկ բանկ է նվազեցրել հարկերը

Նախորդ տարվա նույն ժամակաշրջանի համեմատ «Արդշինբանկ»-ի վճարած հարկերի ծավալն ավելացել է 829.3 մլն դրամով կամ 43.3%-ով։

Երկրորդ հարկատուի՝  «Ամերիաբանկ»-ի հարկերը պակասել են 348.9 մլն դրամով կամ 13.1%-ով։

«Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկ»-ը հակերն ավելացրել է 471  մլն դրամով կամ 25.6%-ով։

Չորրորդ տեղում գտնվող «ՎՏԲ-Հայաստան բանկ»-ի հարկերն աճել են 199.4 մլն դրամով կամ շուրջ 9.9%-ով։

Հնգյակը եզրափակում է «Հայբիզնեսբանկ»-ը, որի հարկերն ավելացել են շուրջ 159 մլն դրամով կամ 9.3%-ով։

Առաջին տասնյակում գտնվող բանկերի հարկերի վճարած ծավալը 2016թ. և 2017թ. առաջին կիսամյակներում՝ ինֆոգրաֆիկայում.

Ըստ ՀՀ ՊԵԿ տվյալների

Ինչպես երևում է ինֆոգրաֆիկայից, այս տարվա առաջին կիսամյակում, ըստ հարկերի ծավալի, առաջին տասնյակում գտնվող բանկերից միայն մեկն է նվազեցրել հարկերը՝ «Ամերիաբանկ»-ը։ 2016 թվականի տարեկան տվյալներով այս բանկը ոլորտի խոշորագույն հարկատուն էր, սակայն տարվա ընթացքում նվազեցրել էր հարկերի ծավալը, ինչի արդյունքում մոտ 26%-ով ավելի քիչ հարկ է վճարել, քան 2015 թվականին։

«Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան»-ի վայրէջքը հարկատուների ցանկում

Բանկային համակարգի մյուս խոշոր հարկատուներից հարկերի աճ են գրանցել 4-ը, իսկ 3-ի հարկերը՝ անկում։

Այսպես, «Հայէկոնոմբանկ»-ի, «Արարատբանկ»-ի, «Պրոմեթեյ Բանկ»-ի ու «Մելլաթ Բանկ»-ի հարկերն ավելացել են։

Իսկ «Բիբլոս Բան Արմենիա»-ի, «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան»-ի ու «Արցախբանկ»-ի մասով անկում ունենք։

Ուշագրավ է հատկապես «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան»-ի ցուցանիշն։ Այս տարվա հունվար-հունիսին բանկը պետբյուջե է վճարել  մոտ 116.7 մլն դրամ։ 2016-ի նույն ժամակահատվածի համեմատ այն նվազել է 674.6 մլն դրամով կամ 85.2%-ով։ Արդյունքում բանկը երկրի 1000 խոշոր հարկատուների ցանկում նախորդ տարվա 71-րդ հորիզոնականից այս տարի նահանջել է  477-րդ հորիզոնական։

Ըստ ՀՀ ՊԵԿ տվյալների

Ամենամեծ ծավալի հարկեր վճարած բանկերի առաջին հնգյակից «Արդշինբանկ»-ը հանրապետության 1000 խոշոր հարկատուների ցանկում այս պահի դրությամբ 19-րդ տեղում է, «Ամերիաբանկ»-ը՝ 22-րդ, «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկ»-ը՝ 23-րդ, «ՎՏԲ-Հայաստան բանկ»-ը՝ 24-րդ, իսկ «Հայբիզնեսբանկ»-ը՝ 32-րդ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter