Կիրակի, 23 սեպտեմբերի

Նյու Յորք-Հայաստան խաչմերուկում․ «Կարմիր խնձորները»՝ օվկիանոսից այն կողմ



Դեռ մայիսի սկզբին ֆեյսբուքում ոգեւորության ալիք էր բարձրացրել այն փաստը, որ ազգությամբ հայ երիտասարդ պրոդյուսեր-սցենարիստի կարճամետրաժ գեղարվեստական ֆիլմը կինոարվեստի ամերիկյան ակադեմիայի «Օսկար» մրցանակաբաշխության մասնակցության իրավունք է ստացել։ Ֆիլմը՝ «Կարմիր խնձորները», Կոլումբիայի համալսարանի կինոֆակուլտետի ուսանող Օֆելյա Հարությունյանի ավարտական աշխատանքն էր։ Կինոաշխարհ Օֆելյան մուտք է գործել ոչ միանգամից․ նախ կրթությունն ստացել է Հայաստանում՝ որպես իրավաբան, մագիստրոսական թեզը նույն ոլորտում պաշտպանել է Շվեդիայում։

Օֆելյան արագ քայլվածքով մտնում է սրճարան․

  • Անու՞շ։

  • Այո, ես եմ։

Նստում է, սուրճ է պատվիրում՝ դառը, մեկ րոպե չանցած սկսում է միանգամից խոսել։ Դեռ հարց չեմ տվել։ Խոսում է այն մասին, թե որքան խորն է ընդունում ցանկացած ինֆորմացիա, որը ներկայացվում է լսարանին, որքան ծանր է տանում, երբ տեսակետը ներկայացված է որպես պնդում, փաստ, ու այդ փաստը կարող է վնասել մեկին, ով երբեւէ նման բանի չէր գնա կամ գոնե չի գնացել։ Գլխումս պտտվում են հարցերը, որոնք պետք է տամ, հետո մտածում եմ` հետաքրքիր է, որ երիտասարդը մեր ժամանակներում կարող է մի քանի տարվա ընթացքում հասցնել մտնել եվրոպական կրթական համակարգ, հետ վերադառնալ, ուրիշ տեղից սկսել, հետո մեկնել ավելի հեռու, փոխել մասնագիտությունը ու հիմա խոսել այնպես, որ այդ մասնագիտությունը երեւա իր շարժումների, տոնայնության մեջ, իր դեմքին ու ժեստերի միջոցով։

Հիմա ապրում եւ ստեղծագործում է Նյու Յորքում, աշխատում է Ալեքս Գիբնիի (Alex Gibney) ստուդիայում։ Հայաստան է վերադարձել մի քանի օր առաջ եւ նորից մեկնելու է։

Որոշել էի այս հարցից չսկսել, բայց, այնուամենայնիվ, կարեւոր է, երբ այլ տեղ ներկայանում ես քո գործով ու միանգամից մրցանակներ ես ստանում։ Փոփոխություն է մտցնում՝ անկախ հանգամանքներից։ «Կարմիր խնձորները» նման փոփոխության հիմքում էին։ Հետաքրքիր է՝ արեւմուտքն ինչպե՞ս վերաբերեց պատմությանը, ֆիլմին։

«Կարմիր խնձորներ»-ի պոստերը

Կոլումբիայի համալսարանի ավարտական ֆիլմերի ամենամյա կինոփառատոնում արժանացել է «Լավագույն ֆիլմ» եւ «Լավագույն պրոդյուսեր» մրցանակներին, բայց ինձ համար զարմանալի էր, երբ Օսթինում «Հանդիսատեսի համակրանք» մրցանակին արժանացավ։ Օսթին, Տեխաս, որտեղ ընդամենը մի հայ ընկեր ունեմ, ով եկել էր ֆիլմը դիտելու, ու չկար այնպիսի տարբերակ, որ իմ ընկերները ներկա լինեին, քվեարկեին, ու հանդիսատեսի համակրանքը ստանայի։ Մարդիկ, իրոք, քվեարկել էին։

Մինչ այդ ֆիլմը տարբեր տեղերում էր ցուցադրվել․ մոտեցել են, ասել են, որ նման խնդիրներ իրենց երկրներում էլ կան, բայց Ամերիկայի Տեխաս քաղաքում հաստատ այդ խնդրի առկայությունը չկա, ու դա չի, որ կարող էր հանդիսատեսին անհանգստացնել, գրավել․․․ Հասկացա, որ ֆիլմին նայել են նախ որպես ֆիլմ, երկրորդ «կապվել» (connect) են ֆիլմին, գտել են իրենց համար մի անկյուն, որը համեմատության է տարել։ Սա արդեն բավարար է։

Ամերիկացի մի երիտասարդ կին դիտումից հետո մոտեցավ, ասեց, որ շատ է ազդվել։ Զարմացած նայեցի դեմքին։ Պատմեց, որ նոր է ամուսնացել, ու հարսանիքի օրն իր համար շատ ուրախ եւ կարեւոր է եղել։ Ասեց, որ ֆիլմը նայելուց հետո պատկերացրել է, թե հանկարծ իր հետ նման բան տեղի ունենար, երբ իրեն թվում է՝ հաջորդ առավոտյան կյանքի նոր երջանիկ փուլ է սկսվում, իսկ իրականում տեղի է ունենում այլ բան (ինչպես մեր իրականության «կարմիր խնձորը»)։

Ահա, «եթե ես լինեի»․․․ Ֆիլմի հաջողության գրավականներից մեկը, երբ դու քեզ նույն իրավիճակում ես պատկերացնում։

Հա, ինքն ուղղակի չէր նայել սովորույթին որպես սովորույթ, ինքը մտածել էր, որ հարսանիքի հաջորդ օրը պետք է ավելի ուրախ լինես, եւ հանկարծ հակառակ բան էր տեսել։

Մենք շատ էինք անհանգստանում այս հարցի շուրջ՝ արդյոք արեւմուտքը իսկապես կհասկանա ֆիլմի նյութը։ Ես մեկ այլ խնդիր էլ էի դրել իմ առաջ․ ֆիլմը հայ հանդիսատեսին պետք է ներկայանա առանց էքսպոզիցիայի․ հայ հանդիսատեսը գիտի՝ ինչ է կատարվում հարսանեկան առաջին գիշերը եւ հաջորդ օրը, պետք չի բառացի ասել դա։ Շատ ենք աշխատել ֆիլմի էլեմենտների, կադրերի, խաղի վրա, որ պարզություն տանք, բայց թեման ուղիղ կերպով դիալոգի մեջ չենք մտցրել։

Պրոդյուսերական «անհանգստության» մասին խոսենք։ Պրոդյուսերը, կարծում եմ, ծանր որոշումներ ընդունող է․ մի կողմից հնարքներ կան, որոնք կարող են կոմերցիոն հաջողություն բերել ֆիլմին, մյուս կողմից՝ այդ հնարքներից կարող է տուժել ֆիլմի հիմնական ասելիքն ու գեղարվեստականությունը։ Որպես պրոդյուսեր, ով նաեւ սցենարիստ է, նման բախումներ լինու՞մ են։

Շատ հետաքրքիր հարց է, որովհետեւ երբ սցենար ես գրում, ինչ էլ լինի, մտածում ես տեխնիկական շատ հարցերի շուրջ։ Բայց դա պետք է մի կողմ դնել։ Նախնական փուլում «Կարմիր խնձորների» հարսանիքի տեսարանը չկար, հետո ավելացավ։

Մի ամբողջ գիշեր նկարեցինք․ վերջում հասկացա, որ իրական հարսանիքի էինք պատրաստվել՝ տոնական տորթ, ռեստորան, մասսայական տեսարան, հարսանեկան զգեստ․․․ Եթե այդ տեսարանն ավելացնելիս մտածեի որպես պրոդյուսեր, սցենարը կտուժեր։

Նշածս տեսարանի փորձից հասկացա, որ սցենար գրելիս ուղղակի ուղեղիս «պրոդյուսերական» հատվածն անջատել է պետք, հետո արդեն, երբ գոհ լինեմ սցենարից, ռեժիսորի հետ կաշխատեմ փոփոխությունների վրա, լուծումներ կգտնենք, որ ամեն դեպքում սցենարը չտուժի։

Կան դեպքեր, երբ սահմանափակում ես քեզ որոշ հարցերում, ու դրա արդյունքում են ծնվում ստեղծագործ մտքերը։ Դրանից է գուցե, որ սիրում եմ աշխատել այն ռեժիսորների հետ, ովքեր մինչեւ վերջ «ստիպում» են գտնել իրենց ուզածը, բայց նաեւ ինչ-որ պահից սկսած, եթե դա անհնարին է դառնում, համակերպվում են։

Կադր «Կարմիր խնձորներ» ֆիլմից

Ասացիր՝ սիրում ես աշխատել այն ռեժիսորի հետ, ով «ստիպում» է գտնել իր ուզածը։ Պրոդյուսեր-սցենարիստ-ռեժիսոր աշխատանքային հարաբերությունները ե՞րբ են կայանում։

Ռեժիսորի հետ համատեղ աշխատանքը կստացվի, եթե ինքը վստահում է քեզ որպես պրոդյուսերի։ Շատերն են պրոդյուսերներին նայում որպես մեկի, ով ֆինանսների հարց լուծողն է, տեխնիկական պատասխանատուն, կազմակերպիչը, ու ինքը պիտի չխառնի ընդհանուր ընթացքին։ Ինձ այդ դեպքը չի հետաքրքրում։ Ես “line” պրոդյուսեր չեմ․ ես պրոդյուսեր եմ։ Դրա համար սիրում եմ աշխատել այն ռեժիսորների հետ, ովքեր կարող են լսել։ Այսինքն համագործակցող ռեժիսորի հետ եմ նախընտրում աշխատել։

Ֆիլմն արտադրվեց, ցուցադրվեց, դիտեցին։ Հետոն միշտ բարդ ընթացք է ենթադրում։

Կախված, թե ֆիլմն ինչ նպատակով ես նկարել․ օրինակ Հայաստանում ֆիլմեր կան, որոնք նկարահանում են զուտ կոմերցիոն նպատակով․ ֆիլմն ուղղակի մտնում է կինոթատրոն, գովազդվում է հեռուստատեսությամբ, մարդիկ նայում են, ուրախանում ու վերջ։ Կա տարբերակ, երբ ֆիլմը որպես այցեքարտ են օգտագործում՝ դեբյուտային ֆիլմեր են, որոնց միջոցով հեղինակը ցույց է տալիս իր պրոֆեսիոնալիզմը դաշտ մտնելու համար։ Եվ կան այլ ֆիլմեր, որոնք փառատոններով են գնում, հետո կոմերցիայի ուղով եւ դեռ շարունակում են «ապրել»։ Ինձ համար այս վերջին տարբերակն է հոգեհարազատ։

Համեմատենք Indie (Independent film-«անկախ» ֆիլմ) եւ հոլիվուդյան ֆիլմերը․ հոլիվուդյանի դեպքում փառատոնի խնդիր չկա՝ այսպես թե այնպես մասսայական կարող են դառնալ, եւ փառատոններն էլ, իրենց հերթին, նման ֆիլմի կարիք չունեն։

Ինձ համար՝ որպես Indie filmmaker, կարեւոր է, որ ֆիլմի ճանապարհն սկսվի փառատոնից, որպեսզի հանդիսատեսի բազմազանություն ունենա։ Օրինակ, մեր ֆիլմն էնպիսի երկրներով է պտտվել, որ ես այլ կերպ չեմ պատկերացնում, թե ինչպես կարող էինք այդքան հանդիսատեսի ուշադրություն գրավել։

Դրանից հետո պետք է կոմերցիոն կյանք ունենա, որովհետեւ ֆիլմը նկարում ես պատմություն պատմելու համար․ որքան մեծ եղավ լսարանը, այնքան լավ։ Կոմերցիոն տարբերակների միջով պետք է անցնես, որ գումար աշխատես։ Ես ուրիշ գործով չեմ զբաղվում եւ պետք է գումար աշխատեմ ոչ միայն ապրելու համար․․․ Եթե իմ ֆիլմով գումար չեմ աշխատում, հաջորդին ոչ ոք ֆինանսավորել չի ցանկանա։ Սցենար գրելու պահից սկսած պետք է մտածել այս բոլոր հարցերի շուրջ։

Հայաստանը՝ որպես պատմությունների, պատումի երկիր․․․

Հայաստանը պատմությունների երկիր է, այդպես է, ուղղակի մի քիչ թերագնահատում ենք մեզ՝ մտածելով, որ մեր պատմությունները դրսում հետաքրքիր չեն, որովհետեւ չափից շատ «հայկական» են։ Սխալ մոտեցում է։ Եթե դուք որակյալ, ճիշտ ձեւով ամենահայկական պատմությունն էլ ներկայացնեք օտար հանդիսատեսին, նայելու են։

Հիմա կինոյի հանդիսատեսը շատ կրթված է․ որակյալ կինո է պահանջում։ Շատ են ուզում հետաքրքիր պատմություններ բացահայտել, նոր անկյուններ տեսնել։ Եթե մի փոքր մտածենք նաեւ դրսի հանդիսատեսի տեսանկյունից, ճիշտ դասավորություն անենք, ավելի հեշտ կլինի հաջողության հասնել։

Ինչպես, օրինակ, Իրանի ժամանակակից կինոն է։

Հա՜, շատ ուժեղ ֆիլմեր ունեն։ Ես միշտ Իրանի ժամանակակից կինոն օրինակ եմ բերում։ Իրենք գրաքննության ու ճնշման տակ տողատակերով հարուստ, հզոր կինո են ստեղծում։ Այդպես Խորհրդային շրջանում լեհական կինոն էր։ Չեմ ասում, թե մենք պետք է անպայման քննադատության ու ճնշման տակ լինենք, որ լավ կինո նկարենք, բայց պետք է հաշվի առնենք բոլոր նրբությունները, մակերեսային չնայենք ստեղծածին։

Վերջին տարիների ընթացքում, երբ բացակայել ես Հայաստանից, կա՞ հայկական ֆիլմ, որի մասին այնտեղ լսել ես եւ հետաքրքրություն է առաջացրել։

«Կյանք ու կռիվն» էր, որի մասին լսել եմ, բայց դեռ չեմ նայել։ Հակասական կարծիքներ եմ լսել․ կուզեմ նայել։ Կարճամետրաժ դոկումենտալ ֆիլմ եմ նայել՝ «Ջիլիզից Ջիլիզը»։

Մարինե Քոչարյանի եւ Սոնա Քոչարյանի ֆիլմը․․․

Հա՜, ու սիրել եմ այդ ֆիլմը։ Լավ պատմություն են գտել ու լավ են նկարել։ Կերպարն է գտնված, մոնտաժային լուծումները։ Արդյունքը լավն է։ Ցանկություն ունեմ տեսնելու հայ երիտասարդների ֆիլմերը։

Հետաքրքիր է՝ ծնվել, մեծացել ես Հայաստանում, իրավաբանի կրթություն ես ստացել, Եվրոպայում պաշտպանել մագիստրոսական թեզը, հետո մեկնել Միացյալ նահանգներ ու․․․ կինո։ Եթե փորձենք հստակեցնել տեղի հարցը՝ ստեղծագործողի տեսանկյունից, քո տեղը ո՞րն է։

Տե՛ս՝ Լոս Անջելեսում կենտրոնացած են հոլիվուդյան ֆիլմերի, Նյու Յորքում՝ «անկախ» ֆիլմի ստեղծման վրա։ Ես ապրում եմ Նյու Յորքում։ Դեմ չեմ Լոս Անջելես գնալուն, համ էլ այնտեղ արեւ կա, բայց ինձ հիմա Նյու Յորքի կինոաշխարհն է հետաքրքրում։ Ու ինձ չեմ տեսնում Նյու Յորքի ու Լոս Անջելեսի խաչմերուկում․ ես Հայաստան-Նյու Յորք խաչմերուկում եմ։ Կատարյալ կլինի աշխատել եւ այստեղ, եւ այնտեղ։ Եվրոպան այլ հարց է՝ այլ համակարգով, դեռ չեմ կենտրոնացել այդ հարցի շուրջ։

Հայաստան-Նյու Յորք խաչմերուկը հետաքրքիր է․ Նյու Յորքում ընդունվել է հայկական պատմությունը, Հայաստանում ամերիկյան հնարքները կինոյի աշխարհում՝ գուցե բարդ լինի։

Երկու ֆիլմի վրա աշխատել եմ այստեղ։ Տարբեր է։ Նույնիսկ տեխնիկական փոքր հարցերում։ Մենք այնտեղ նկարահանման հրապարակում գոռում ենք “action”, որպեսզի նկարահանման պրոցեսն սկսվի, այստեղ չգիտեի, որ «սկսեցինք» կամ «մատոռ» պետք է ասեմ։ Այսպիսի շատ փոքր հարցերից մինչեւ ավելի մեծ, գլոբալ հարցեր։

Ընդհանուր առմամբ ռիթմն է տարբեր։ Նույնիսկ քայլելը․․․ Ես չափից շատ արագ եմ քայլում։ Մարդիկ գուցե մտածում են, որ շտապում եմ, բայց իրականում A կետից B կետ եմ տեղափոխվում նպատակային։ Իսկ շատերն այստեղ քայլում են ուղղակի քայլելու համար․․․

Բայց անկախ այս ռիթմից էլ, շատ եմ ուզում հայկական իրականության նկարահանման հրապարակում հայտնվել, աշխատել այստեղ։ Երբ ֆինանսապես անկախ լինեմ, հնարավորություն ունենամ երկու ամիս փակվել սենյակում, արդեն այլ կլինի։ Այդպես նաեւ հնարավորություն կունենամ ավելի երկարաժամկետ նախագծեր իրականացնելու Հայաստանում։ Համոզված եմ՝ կգա այդ պահը։

Գլխավոր լուսանկարը՝ Սարգիս Բուլղադարյանի


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ