HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Անհրաժեշտ է խրախուսել երիտասարդների ներգրավվածությունը համայնքային կյանքին վերաբերող ծրագրերում

Մեծ սպիտակ թղթերը բավական արագ ծածկվում են քննարկման մասնակիցների առաջարկներով ու ցանկություններով՝ դեղատուն, շինանյութի խանութ, ճանապարների բարեկարգում, գազալցակայան, վարսավիրանոց, նոր բնակարանների կառուցում, հասարակական զուգարանների տեղադրում, տուրիզմի զարգացում եւ այլն: Ամասիա խոշորացված համայնքում Գյումրու «Խորանարդ» ինտելեկտուալ կենտրոնի կազմակերպած «Համայնքի զարգացման նախաձեռնությունների բաց տարածք-ֆորում»-ին մասնակցում են ոչ միայն Ամասիայի բնակիչներն, այլեւ նրա կազմում գտնվող Բանդիվան, Ջրաձոր, Արեգնադեմ, Մեղրաշատ բնակավայրերից հրավիրված ներկայացուցիչներ:

Սեյրան Մարտիրոսյանը

Համայնքների խոշորացումից հետո կազմվել են զարգացման 5-ամյա ծրագրեր, սակայն ինչպես հայտնի է, բնակչության մասնակցությունն այդ գործընթացին չնչին է, եթե ոչ՝ զրոյական: «Մեր ֆորումի նպատակն է, որ հատկապես երիտասարդությունն իր առաջադեմ գաղափարներով, ծրագրային մասնակցությամբ ցանկանա որեւէ բան փոխել սեփական համայնքում,- ասում է «Խորանարդ» ինտելեկտուալ կենտրոնի ներկայացուցիչ Սեյրան Մարտիրոսյանը,- ինչպես հայտնի է, խոշորացման ծրագիրը դա վերեւից պարտադրված բան է համայնքների համար, իսկ զարգացման ծրագրերի կազմումն ակնկալվում է ներքեւից եւ այս գործընթացներում վերեւն ու ներքեւը, կարելի է ասել, շատ քիչ են խաչվում: Շատ դեպքերում համայնքների իրական կարիքներն այդպես էլ չեն արտացոլվում զարգացման ծրագրերում»:

Սեյրան Մարտիրոսյանի համոզմամբ` համայնքների խոշորացման պիլոտային ծրագրից հետո հապճեպ իրականացրած մյուս փնջերի ձեւավորումը բավական բարդ իրավիճակ է ստեղծել բոլոր խոշորացված համայնքներում: Պիլոտային ծրագրի ոչ խորը վերլուծությունը հանգեցրել է նրան, որ թերությունների վերացման մեխանիզմները փորձում են գտնել ընթացքում, իսկ զարգացման ծրագրերը կազմելիս շատ հաճախ ներառվում են այնպիսի ստանդարտ խնդիրներ, ինչպիսիք են ճանապարհների նորոգումը, ոռոգման ցանցի անցկացումը, գիշերային լուսավորության ցանցի անցկացումը կամ համալրումը եւ այլն:

«Ավելի խորքային, տվյալ համայնքի առանձնահատկությունները հաշվի առնող, տվյալ համայնքի պոտենցիալի զարգացումը հաշվի առնող ծրագրեր դեռ չեն կազմվել, եւ ես մտավախություն ունեմ, որ երբեք էլ չեն կազմվի, որովհետեւ էս խոշորացումը բերելու է ի վերջո նրան, որ մարդկանց շատ ավելի նեղ խումբ է զբաղվելու սրանցով՝ պատրաստի ծրագրեր հրամցնելով,- նկատում է Սեյրան Մարտիրոսյանը,- համայնքի բնակիչների՝ հատկապես երիտասարդների կարծիքն ու առաջարկությունները հաշվի առնելու մեխանիզմներ չկան, կամ եթե կան, դրանք ոնց որ թե գլխացավանք են իշխանությունների համար, եւ նրանք գերադասում են պարզապես շրջանցել այդ հնարավորությունները: Մեր աշխատանքը էդ բաց տարածքի կազմակերպումն է, որտեղ ամենատարբեր տարիքի մարդիկ, ամենատարբեր ոլորտներ ներկայացնող՝ սկսած համայնքապետարանի աշխատակիցներից, վերջացրած սովորական բնակիչով, հնարավորություն ունեն ասելու, թե իրենց տեսանկյունից ինչ հիմնախնդիրներ եւ ինչպիսի ծրագրերի իրականացման կարիք կա»:

Գեւորիկ Հովակյանը

Ֆորումին մասնակից Ջրաձոր բնակավայրի վարչական ղեկավար Գեւորիկ Հովակյանի կարծիքով` նմանատիպ հանդիպում-քննարկումները դրական են ունեցած պրոբլեմներն եւս մեկ անգամ բարձրաձայնելու եւ լուծման տարբերակներ քննարկելու առումով: Կոնկրետ Ջրաձորի համար մշտական ու տարիներ շարունակ չլուծվող խնդիր է նոր բնակարանների կառուցումը: Ե´վ նախկինում, ե´ւ խոշորացումից հետո այս հարցը մնում է բաց՝ կապված գումարների հետ:

«Տեսեք, հիմա ֆորումի շրջանակներում մենք էլի էս մասին խոսեցինք, բայց գիտենք, որ ռեալ լուծում չի կարող առաջարկվել, քանի որ անցած տարվանից դրվել է Կապսի ջրամբարի կառուցման հարցը,- նշում է Գեւորիկ Հովակյանը,- աշխատանքներ են սկսվել ու Ջրաձորում ոչ թե նոր բնակարանների կառուցման, այլ ամբողջ գյուղը տեղահանելու հարց կարող է առաջանալ` կախված նրանից` 24 մլն խմ, թե 64 մլն խմ ծավալով կկառուցվի ջրամբարը: Եթե ընտրվեց մեծ ծավալը, ապա գյուղն անպայման կտեղահանվի: Ու էս սպասողական վիճակով Ջրաձորում մինչեւ 2018թ-ը որոշակի ծրագրերի իրագործումն անհեռանկարային կլինի»:

Քննարկման մասնակիցներից առավել ոգեւորված են երիտասարդները: Նրանցից շատերին՝ սեփական բնակավայրերում նոր գաղափարներ իրականացնելու հնարավորությունը համայնքային կյանքին առավել ակտիվ միջամտելու ցանկություն է առաջացնում: Ամասիայի բնակիչ, 26-ամյա Արսեն Յայլոյանն, ով դասավանդում է Ամասիայի արհեստագործական ուսումնարանում, մտադիր է սեփական բնակավայրում «Վոլդ վիժն» կազմակերպության աջակցությամբ իրականացրած ծրագիրը ներդնել նաեւ խոշորացված համայնքի կազմում ընդգրկված մյուս բնակավայրերում:

Արսեն Յայլոյանը

«Ֆորումն ինձ տվեց այդ միտքը: Նախ էստեղ հանդիպեցի իմ հասկակիցների հետ մյուս գյուղերից, խոսեցինք, քննարկեցինք ու որոշեցինք իրենց մոտ էլ այդ ծրագիրն անել: Խոսքը միջին տարիքից բարձր անձանց համակարգչային տարրական գիտելիքներ սովորեցնելու, ինտերնետից օգտվելու մասին է: Ամասիայում ամիս ու կես ժամանակահատվածում ենք իրականացրել եւ բավականին անձինք են օգտվել: Բացի դրանից, կարող ենք գյուղերում ռոբոտաշինության լաբորատորիաներ ստեղծել երեխաների համար: Տեսնենք, կարեւորը ցանկությունն է ու էս պահին, երբ ակտիվ քննարկումներ են գնում, վստահ եմ, որ ինչ մտածել ենք իրականություն կդառնա»,- ասում է Արսեն Յայլոյանը:

Սեյրան Մարտիրոսյանի համոզմամբ` ֆորումի ընթացքում հավաքված առաջարկները անգնահատելի են տեղեկատվական առումով: Համայնքն այդպիսով կարողանում է պատրաստի ծրագրեր ունենալ ձեռքի տակ, եւ երբ միջազգային կառույցները կհայտարարեն դրամաշնորհային մրցույթներ, ապա չեն մոլորվի ու տարակուսի, թե ինչը ինչպես ներկայացնեն: «Դրա համար անհրաժեշտ է նաեւ խրախուսել երիտասարդների ներգրավվածությունը համայնքային կյանքին վերաբերող զարգացման ծրագրերի կազմմանը,- ասում է Սեյրան Մարտիրոսյանը,- քանի որ նրանց խենթ ու առաջադեմ գաղափարներն, ինչպես փորձն է ցույց տվել, ավելի շատ են օգուտ բերում համայնքին»:

Մեկնաբանություններ (1)

Աշոտ Կարապետյան
Լավ կլիներ, որ նման քննարկումնան արդյունքները պարտադիր լինեին ներառելու համայնքների զարգացման ծրագրերի մեջ, որ շաբլոն կետերից ազատվենք: Այսինքն քննարկմանը ներկա լինեն մարզպետարանի և տարածքային կառավարման նախարարության համապատասխան ներկայացուցիչները, որոնք արձանագրեն գտնված խնդիրները, առաջարկած լուծուները և հետևեն դրանց ներառումը համայնքային զարգացման ծրագրերում: Հիման նմանատիպ միջոցառում անկացնում է ՓՄՁ-ն և տարածքային նախարարությունը, բայց անհասկանալի մեթոդաբանությամբ և ոչ մի զուգահեռ բնակչության կարծիքի հետ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter