ՌԴ-ում գտվելու ամբողջ ընթացքում Հրաչյա Հարությունյանը պատժախցում է եղել. այսօր նա դատարանում առանց պաշտպանի էր
Օրեր առաջ ՌԴ-ից Հայաստան տեղափոխված հայ վարորդ Հրաչյա Հարությունյանը կշարունակի պատիժը կրել Հայաստանի բանտում: Այսօր Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը ճանաչեց ՌԴ Մոսկվայի Տրոիցկի շրջանի դատարանի կողմից Հարությունյանի նկատմամբ կայացված դատավճիռը՝ բավարարելով Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության համապատասխան միջնորդությունը:
Նշենք, որ Հարությունյանի՝ Հայաստան տեղափոխվելուց հետո Քրեակատարողական վարչության իրավաբանական վարչության պետի տեղակալ Տիգրան Սահակյանը միջնորդել էր դատարանին ճանաչել ՌԴ Մոսկվայի Տրոիցկի շրջանի դատարանի դատավճիռը: Հրաչյա Հարությունյանը, ի պատասխան դատավորի հարցին, ասաց, որ համաձայն է ԱՆ քրեակատարողական հիմնարկների վարչության ներկայացրած միջնորդության հետ:
Վերջինս դատարանում պաշտպան չուներ, մինչ նիստի մեկնարկը լրագրողների հարցերին ի պատասխան ասաց, որ Ռուսաստանում պատժի կրման ողջ ընթացքում գտնվել է պատժախցում.
«Ճիշտ է, որ Ռուսաստանում բանտային պայմանները շատ վատն են եղել»,- ասաց նա:
Վերջինս նշեց, որ ընդունում է մեղադրանքն այն մասով, որ ճանապարհային երթևեկության կանոններ է խախտել, բայց ինչ վերաբերում է մեքենայի անսարք լինելուն, Հարությունյանը հայտարարեց, որ իր մեքենան սարքին է եղել»։
Հրաչյա Հարությունյանի հարազատները սպասում էին, որ նա դատարանից ազատ կարձակվի:
«Մեծ էր մեր սպասումները, սպասում էինք, որ ազատ կարձակվի, բայց հակառակը ստացվեց, հույս ունեինք, որ դատարանից իր հետ տուն կգնանք»,- լրագրողների հետ զրույցում ասաց Հրաչյա Հարությունյանի կինը՝ Անահիտ Մարտիրոսյանը:
Հիշեցնենք՝ Հրաչյա Հարությունյանն իր «Կամազ» մակնիշի մեքենայով 2013թ-ի հուլիսի 13-ին ՌԴ Պոդոլսկի շրջանի մերձակայքում բախվել էր մարդատար ավտոբուսին, ինչի հետևանքով զոհվել էր 18 մարդ: Հարությունյանը դատապարտվել էր 6 տարի և 9 ամիս ազատազրկման:
Դատավճռի համաձայն՝ Հրաչյա Հարությունյանը մեղավոր է ճանաչվել երկու հոդվածով` ճանապարհային երթևեկության, ինչպես նաև տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն առաջացրել է ծանր հետևանքներ:
Մեկնաբանել