HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կառավարությունը նվազեցնելու է գիտության ֆինանսավորումը

Կառավարությունն այս տարվա հուլիսի 6-ին հաստատել է ՀՀ 2018-2020 թթ. պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիրը, որով հաջորդ տարվանից նախատեսվում է գիտության պետական ֆինանսավորման նվազեցում:

«Պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի հիմնական նպատակը պետական ծախսերի կառավարման համակարգի արդյունավետության բարձրացումն է»,- ասվում է ծրագրում:

Ծրագրում ներկայացվել են գիտության ոլորտում առկա հիմնական խնդիրները.

  • գիտության պետական ֆինանսավորման անբավարար մակարդակը,
  • գիտության ֆինանսավորման մեջ տնտեսության մասնավոր հատվածի մասնակցության ցածր մակարդակը,
  • գիտության և տեխնոլոգիաների ոլորտի կառավարման համակարգի անհամապատասխանությունը ժամանակակից չափանիշներին,
  • գիտության որոշ բնագավառներում բարձր որակավորում ունեցող կադրերի ոչ բավարար թվաքանակը,
  • գիտաշխատողների բարձր տարիքային կազմը, գիտական կադրերի պատրաստման արդյունավետ համակարգի բացակայությունը,
  • գիտական կազմակերպությունների մեծամասնության զարգացման ռազմավարական ծրագրերի բացակայությունը,
  • գիտական ենթակառուցվածքների մեծամասնության անհամապատասխանությունն արդի չափանիշներին
  • տնտեսության կողմից գիտական հետազոտությունների իրականացման պատվերների անբավարար մակարդակը,
  • գիտություն-արտադրություն կապի խրախուսման մեխանիզմների բացակությունը,
  • կիրառական հետազոտությունների փոքրաթիվ թվաքանակը,
  • միջդիսցիպլինար հետազոտությունների համակարգման ոչ բավարար մակարդակը:

Թեև կառավարությունն առաջինը նշել է անբավարար պետական ֆինանսավորումը, հենց ինքն էլ պատրաստվում է 2018-ից պակասեցնել ոլորտի ֆինանսավորումը:

Ներկայացնենք 2013-2020 թթ. պետական ֆինանսավորման (բազային, նպատակային-ծրագրային և թեմատիկ) ծավալները գիտության ոլորտում (թվերը չեն ներառում պետական կառավարման մարմնի պահպանման ծախսերը):

Գիտության ֆինանսավորում. 2013-2020
Infogram

2018-2020 թթ. այս տարվա համեմատ բազային ֆինանսավորումը նվազելու է 4,98 տոկոսով: Նշենք, որ բազայինի մեջ են մտնում հիմնարար և կարևորագույն նշանակություն ունեցող կիրառական հետազոտությունները, գիտական կազմակերպությունների ենթակառուցվածքի պահպանումն ու զարգացումը, ազգային արժեք ներկայացնող գիտական օբյեկտների պահպանությունը, գիտական կադրերի պատրաստումը, գիտական և գիտատեխնիկական գործունեության ապահովումը, համատեղ օգտագործման գիտական սարքավորումների ձեռքբերումը և միջազգային համագործակցության ծրագրերի իրականացումը:

Բազային ֆինանսավորման մեջ են մտնում նաև գիտական աստիճանների համար գիտաշխատողներին տրվող հավելավճարները: 2018-ից այս տարվա համեմատ հավելավճարները նվազեցվելու են 3,32 տոկոսով: Հիշեցնենք, որ գիտության թեկնածուները որպես հավելավճար ստանում են 25 հազար, իսկ դոկտորները՝ 50 հազար դրամ, սակայն այս գումարները ևս հարկվում են:

Գալիք տարվանից 9,72 տոկոսով նվազելու է նպատակային-ծրագրային հետազոտությունների ֆինանսավորումը: 14,2 տոկոսով էլ պակասեցվելու է թեմատիկ հետազոտությունների պետական աջակցությունը:

Գիտության ֆինանսավորման նվազեցման մասին ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտի պետրոլոգիայի և իզոտոպային երկրաբանության լաբորատորիայի ղեկավարի պաշտոնակատար Ղազար Գալոյանն ասում է. «Մենք ոչինչ, բայց նոր մարդիկ հաստատ չեն մտնի (կամ հետաքրքրվի) գիտության ոլորտ: Այնպես որ, ուզում են փակել գիտությունը, ձևը չեն կարողանում հաջող մատուցել»:

ԳԱԱ Էկոկենտրոնի սննդի շղթայի ռիսկերի գնահատման տեղեկատվավերլուծական կենտրոնի ղեկավար Դավիթ Պիպոյանն էլ նշում է, որ իր տեսլականն այլ է գիտության ֆինանսավորման նվազեցման հարցում: Նա գիտության և հետազոտությունների զարգացման ռազմավարությունը տեսնում է միջազգային միտումներին համահունչ:

«Այսօր Եվրոպական միության նման հզոր գիտակրթական քաղաքականություն ունեցող միավորը գնում է հետազոտությունների կոմերցիալիզացիայի և նորարարությունների ուղղությամբ: Եթե ընդամենը 10 տարի առաջ որևէ փորձագետի ասեիք, որ ԵՄ գերազանցության գիտության ֆինանսավորումը (science for excellence) կկրճատվի՝ հօգուտ նորարարության, բոլորը կասեին, որ դա ֆանտաստիկայի ժանրից է: Այսօր ԵՄ հետազոտությունների ֆինանսավորման մեջ ֆունդամենտալ գիտության մասնաբաժինը շատ փոքր է, փոխարենը զարգանում է կիրառական և միջառարկայական հետազոտությունների ֆինանսավորումը: Հայաստանում գիտական համակարգը ռեստարտի կարիք ունի, այստեղ նկատի ունեմ նաև վերարժևորումը»,- նշում է Դ. Պիպոյանը:

Նրա խոսքով՝ այսօր աշխարհում գիտություն (science) բառն ավելի քիչ է օգտագործվում, քան հետազոտություն և զարգացում բառերը (research and development), ապա շարունակում է, որ միայն այս տարվա ընթացքում եղել է ԵՄ մի շարք գիտական հաստատություններում՝ իտալական, լեհական, գերմանական, որտեղ մարդիկ, գիտական լուրջ նվաճումներ ունենալով, իրենց հետազոտող են անվանում, այնինչ Հայաստանում ուրիշի գրած թեզով գիտական կոչում են ստանում:

«Ձեզ հավաստիացնում եմ, որ եղած ռեսուրսով էլ կարելի է շատ լավ պրոդուկտ տալ, եթե ճիշտ կառավարում լինի: Եթե այսօր քո գիտական պրոդուկտը ոչ մեկին պետք չէ, նմանատիպ գիտություն ունենալը ճոխություն է, ավելի լավ է ոչխարաբուծության զարգացմանն ուղղենք այդ ռեսուրսը, որովհետև հայկական գառը պահանջարկված է»,- ասում է Դ. Պիպոյանը:

Նրա կարծիքով՝ գիտություն-պետություն և գիտություն-մասնավոր հատված փոխհարաբերությունները պետք է վերանայել: Այսօր գիտական ինստիտուտը կարող է ահռելի փորձագիտական աշխատանք անել, սակայն ընդամենը մի չինովնիկ խանգարի դրան: «Գիտնականն էդ պայքարում միշտ պարտվողի դերում է: Սա շատ վատ երևույթ է մի քանի իմաստներով՝ չինվոնիկը գալիս և գնում է, իսկ գիտական հիմնարկը միշտ պետք է կայունություն ապահովի: Երկրորդ՝ պետությունը պետք է նեցուկ լինի, մրցույթներ պետք է կազմակերպվեն պետական կարիքների համար՝ բայց ոչ թե արդյունքները սառույցին գրելու, այլ կիրառելու համար: Հավատացեք, գիտնականն ու հետազոտողը պետականաշինության մեջ կարող են ունենալ շատ կարևոր դերակատարում»,- եզրափակում է Դավիթ Պիպոյանը: 

Մեկնաբանություններ (2)

Սահակ
Դուք ճիշտ եք, Ռուբեն...գիտության նկատմամբ մյուս հարվածի մասին երեկ քննարկում էր գնում ՞Հայկական ՈՒրբաթ՞ հաղորդման ընթացքում (խոսքը բուհերում տարկետման իրավունքի վերացման մասին է):
Ռուբեն
Այս իշխանությունը ՕՊՏԻՄԱԼԱՑՈՒՄ կոչվող գեղեցիկ տերմինի տակ հերթով խեղճացնում է ամենատարբեր ոլորտներ: Հիմա էլ հերթը հասել է գիտությանը: Նախ լուծարում են գործող կառույցը և փորձառու աշխատողներին թողնում բախտի քմհաճույքին, հետո նոր ստեղծվող իբր օպտիմալացված կառույցում հների փոխարեն տեղավորում են իրենց յուրայիններին: Եվ երկրորդ, շատ դժվար է հասկանալ թե ինչպես է հնարավոր` ֆինանսավորումը նվազեցնելով, գիտությունը բարելավել: Գիտությունն ավելի հեշտ կբարելավվի, եթե Գիտությունների Ակադեմիայի սեփական երկրի նկատմամբ ՔՈՍՈՏ պատկերացումներ ունեցող պաշտոնատար անձանց փոխարինեն իսկական և եռանդուն գիտնականներով (ոչ թե` կարծր մտածելակերպ ունեցող վարչարարներով): Էներգիայով լեցուն և ճկուն միտք ունեցող գիտնականն իր շուրջը կհամախմբի իր նմաններին և նրանք միասին ավելի հեշտ կգտնեն մեր երկրում գիտությունը զարգացնելու արդյունավետ ճանապարհները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter