HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մարիամ Չախոյան

Արարատի քաղաքապետին զեկուցել են, որ «Հետք»-ի հոդվածում բարձրաձայնված հարցերը ամեն ինչին «սեւ ակնոցներով» նայող բնակչի ուղղորդման արդյունք են

Արարատի Զոդի բանավանի բնակիչներն ահազանգում են. նկուղներում ջուրը կուտակվում է, ամռան տապին անտանելի գարշահոտությունից հավաքվում են անթիվ-անհամար մլակ-մոծակներ:

2017թ․ մայիսի 8-ին «Հետքը» «Նկուղներն ու տանիքներն՝ «իսկական աղետ»․ Արարատի բնակիչները գանգատվում են քաղաքապետարանի անտարբերությունից»   նյութ էր հրապարակել, որտեղ ներկայացված էր Արարատի բնակելի շենքերի վիճակը: Մեր այցելած մեկ տասնյակից ավելի շենքերի նկուղներ լցված էին կոյուղու, գրունտային ջրերով, տանիքները վնսաված էին եւ վերանորոգման կարիք ունեին։

Արարատ քաղաքի ՈԿՖ Զոդ բանավան և Արարատյան զանգվածի շենքերի  բնակիչները բողոքում էին քաղաքային իշխանությունների անտարբերությունից։ Այդ ժամանակ Արարատի փոխքաղաքապետ Խաչատուր Մնացականյանը հայտնել է, որ նկուղների վերանորոգման աշխատանքների մեկնարկն արդեն տրվել է:

Այսօր «Հետք»-ի զրույցում Մնացականյանն ասաց, որ շինարարական աշխատանքների կազմակերպման համար հայտարարված մրցույթն արդեն ավարտվել է, կա հաղթող կազմակերպություն, և շինաշխատանքները կսկսեն 10-15 օրվա ընթացքում: 

Հարցում էինք ուղարկել նաև Արարատի քաղաքապետ Հայկ Հայկյանին։ Հարցման պատասխանում քաղաքապետը գրել է․

«Ձեր կողմից նշված խնդիրներին համաձայն չեմ, քանի որ պարբերաբար վերանորոգման աշխատանքներ են կատարվում տանիքների, ջրագծերի և կոյուղագծերի սպասարկման ուղղությամբ: Ես գիտեմ, որ Ձեր լրագրողն ուղղորդված այցելել է մեկ բնակչի տուն, ով ամեն ինչին «սեւ ակնոցներով» է նայում: Քաղաքային համայնքի բյուջեի հնարավորությունները թույլ չեն տալիս մի անգամից լուծելու երեսուն տարի կուտակված խնդիրները: ԶՈԴ-ի բանավանի նկուղների ջրածածկումը  մեծ խնդիր է մեզ համար, որն այս տարի կլուծվի»։  

Քաղաքապետն իր պատասխանում անդրադարձել էր «Հետք»-ի բարձրացրած բոլոր հարցերին։ Ստորեւ ներկայացնում ենք հարցերը եւ պատասխանները։

Տանիքներ

1. Արարատ քաղաքային համայնքին վերջին հինգ տարիների ընթացքում տարեկան որքա՞ն գումար է հատկացվել մարզպետարանից և/կամ կառավարությունից՝ բնակելի շենքների կոմունալ պայմանները բարելավելու համար։ Մասնավորապես, քանի բնակելի շենքի տանիք է վերանորոգվել 2012թ․ սկսած՝ ըստ տարիների։

Համայնքի բյուջեի հաշվին կոմունալ տնտեսությունը պարբերաբար իրականցնում է վերանորոգման աշխատանքներ: 2016թ. մարզպետարանի կողմից գումար չի հատկացվել:

2015թ. մարզպետարանի կողմից գումար է հատկացվել Արարատ քաղաքում բազմաբնակարան երեք շենքերի տարնիքների վերանորոգման համար, որոնցից մեկը ԶՈԴ-ի բանավանի թիվ 7 շենքի տանիքն է:

Նկուղներ

2. Արդյո՞ք Զոդի բանավանի մեկ տասնյակից ավելի շենքների (նաև Արարատյան զանգվածի մեկ շենքի)  նկուղներում հավաքվող ջուրը երբևէ լաբորատոր փորձաքննության ենթարկվել է։ Եթե այո, ապա ե՞րբ է այն ենթարկվել փորձաքննության և ի՞նչ եզրակացություն է տրվել դրա ծագման մասին։ Եթե ոչ՝ ինչո՞ւ։ 

Պարբերաբար լաբորատոր փորձաքննություն է իրականացվում տեղամասային ջրային տնտեսության կողմից:

(Հիշեցնենք, որ շենքերի բնակիչներից մի քանիսը ասել են, որ խմելու ջրից վատ համ են առնում և ենթադրում են, որ այն խառնվում է կոյուղաջրերի հետ-հեղ․):

3. Տևական ժամանակ ջրի ազդեցության պատճառով քանի՞ շենք է գնահատվել վթարային։ Խնդրում եմ նշել շենքերի համարները և դրանց վթարայնության աստիճանը։

Շենքերի վթարայնության աստիճանը չի որոշվել, և դրա անհրաժեշտությունն էլ չկա:

(Բնակիչները պնդում էին, որ շենքերն արդեն տևական ժամանակ է ենթարկվել են ջրի ազդեցությանը, և շքամուտքերում անգամ նկատելի են առաջացած ճաքերը-հեղ․):

4. Արդյո՞ք շենքերի նկուղներում հավաքվող ջրի խնդիրը լուծելու համար 2017թ․ նախաձեռնվել է տևական, թե՞ ժամանակավոր լուծում։ Խնդրում եմ պատասխանը հիմնավորել։  

Շենքերի նկուղներում հավաքվող ջրի խնդիրը լուծելու համար 2017թ. նախատեսվել է կառուցել ներքին դրենաժային ցանց ամբողջ բանավանի համար:

5. Արդյոք արդեն իրականացվե՞լ են նախագծային աշխատանքները, և ե՞րբ է նախատեսվում սկսել վերանորոգումը։

Նախագծահաշվարկային աշխատանքները պատրաստ են:

6. Քանի՞ շենք է ներառվել նկուղների վերանորոգման ծրագրում։ Որքա՞ն գումար է հատկացվել նկուղների վերանորոգման համար։ 

Կառուցման աշխատանքները կսկսվեն մրցույթի կայանալուց 5 օր հետո:

(Մնացականյանի հաղորդմամբ` այն կսկսի 10-15 օր հետո-հեղ․):

7. Ինչպիսի՞ ընթացակարգ է սահմանված շենքերի վերանորոգման աշխատանքները կազմակեպելու համար՝ բաց մրցույթ հայտարարվո՞ւմ է, թե ոչ։

Նախագծում ներառված են ԶՈԴ-ի բանավանի բոլոր շենքերը:

8. Ի՞նչ մասնակցություն են ունենում համատիրությունները, և ինչպե՞ս է վերահսկվում կատարված  աշխատանքների որակը։ 

«Գնումների մասին» ՀՀ օրենքին համապատասխան կազմակերպվում է մրցույթ, որն իրականացվում է էլեկտրոնային եղանակով:  Ընդհանրապես տեխնիկական աշխատանքները վերահսկվում են տեխնիկական հսկողի կողմից, ով պատասխանատու է կատարված աշխատանքի նախագծային որակի համար:

***

Հաղթող կազմակերպության անունը փոխքաղաքապետը կկարողանա հայտնել միայն երկուշաբթի օրը, քանի որ գրասենյակում չէր և չէր հիշում:

Ի դեպ, պատասխան նամակում Արարատի քաղաքապետարանը ներկայացրել էր նաև 2016-2017թթ. կոմունալ տնտեսության կողմից իրականացված աշխատանքների ցուցակը: Արարատի Զոդի բանավանի ու Արարատյան զանգվածի բնակիչներին հորդորում ենք գտնել իրենց շենքը և մեզ մեկնաբանության միջոցով տեղեկացնել, թե արդյոք համապատասխանում է նշվածն իրականությանը և թե որքանով են գոհ կատարված աշխատանքներից:

Օրինակ` ՈԿՖ 11բ շենքից մեզ տեղեկացրեցին, որ 3 շենքերի՝ 11, 11ա, 11բ տանիքներն ամբողջությամբ նորոգված են և լավ վիճակում են, փոխվել են 11բ խմելու ջրի խողովակները, սակայն նկուղների հարցը դեռևս մնում է:

Բնակիչների օգնությամբ «Հետք»-ը կհետևի աշխատանքների կատարման  ընթացքին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter