Կիրակի, 19 նոյեմբերի

Երեւանում փոշու, ծծմբային եւ շմոլ գազերի բարձր մակարդակներ են գրանցվում


Տարվա առանձին օրերին Երեւանի օդում արտանետումների չափերը հասնում են մտահոգիչ չափերի։ Մայրաքաղաքի առանձին հատվածներում գրանցվում են այսպես ասած պիկեր՝ սահմանային թույլատրելի կոնցենտրացիային (ՍԹԿ) մոտ, կամ ՍԹԿ-ից բարձր:

Բնապահպանության նախարարության «Շրջակա միջավայրի վրա ներգործության մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի մոնիտորինգի արդյունքները ցույց են տալիս, որ  արտանետվող գազերի՝ ՍԹԿ-ն գերազանցող աղտոտումներ են գրանցվում ոչ միայն Կենտրոն վարչական շրջանում եւ ավելի հարավ ընկած հատվածներում, ինչպես ընդունված է կարծել, այլեւ՝ հյուսիսային մասում, որի վերաբերյալ հաճախ ասում են՝  «օդն այնտեղ մաքուր է»։

«Շրջակա միջավայրի վրա ներգործության մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը Երեւանի 7 դիտակայանում շուրջօրյա ակտիվ նմուշառման եղանակով իրականացնում է օդային ավազանի դիտարկումներ: Մեկ տարվա ընթացքում վերցվում է մոտ 9-10 հազար փորձանմուշ:

Մոնիտորինգի համաձայն՝ ածխածնի մոնօքսիդը (CO, նույնն է՝ շմոլ գազ), ծծմբի երկօքսիդը (SO2), փոշին եւ գետնամերձ օզոնը 2016 թվականի միջին տարեկանով չեն գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիաները: Բայց ահա նոյեմբերի 10-ին` ժամը 19:45-ին Երեւանում գրանցվել է CO-ի տարվա առավելագույն կոնցենտրացիան` 13.13 մգ/խմ, ինչը մոտ 4 անգամ գերազանցում է ՍԹԿ-ն (3 մգ/խմ): 

CO-ի ավելի բարձր ցուցանիշներ գրանցվում են երեկոյան ժամը 4-ից մինչեւ կեսգիշեր ընկած ժամանակահատվածում: Ամենաղտոտված հատվածներից մեկը Կենտրոնն է, մասնավորապես՝ Խանջյան փողոցը:

2016 թվականի փետրվարի 2-ին` ժամը 17-ին գրանցվել է ամենաբարձր ցուցանիշը ծծմբի երկօքսիդի (SO2) համար՝ 2.93 մգ/մխ (ՍԹԿ-ն 0,05 մգ/մխ է), ինչն ավելի քան 50 անգամ բարձր է ՍԹԿ-ից: Սա՝ Կենտրոն վարչական շրջանի տարածքում:

2016 թվականին գրանցվել է ծծմբի երկօքսիդի՝ ՍԹԿ-ի գերազանցման 27 (տարածքը՝ Քանաքեռ-Զեյթուն, Ազատության պողոտա), ազոտի երկօքսիդի (NO2)` 321 (տարածքը՝ Շենգավիթ), փոշու` 328 (տարածքը՝ Շենգավիթ, Նժդեհի հրապարակ), գետնամերձ օզոնի 1 դեպք (տարածքը՝ Արաբկիր, Կոմիտասի պողոտա):

Ինչպես պատկերված է գրաֆիկում, 2016 թվականի հունվարին Նորագյուղի տարածքում (Կենտրոն վարչական շրջան) ծծմբի երկօքսիդի ՍԹԿ-ն գերազանցվել է անընդմեջ: Իսկ այսպես ասած պիկերը՝ առավելագույն ցուցանիշները, գրանցվել են ժամը 8-ից 16-ն ընկած ժամանակահատվածում: 

Փետրվար ամսին, օրինակ, մթնոլորտային օդում ծծմբի երկօքսիդի քանակությունը ՍԹԿ-ին մոտ է եղել Արաբկիրում (դիտակետը՝ Կոմիտաս 29) եւ Կենտրոնում (Խանջյան 51):

2016-ի փետրվար ամսին Արաբկիրում եւ Կենտրոնում մի քանի օր ՍԹԿ-ն գերազանցվել է նաեւ ազոտի երկօքսիդի համար:

2016 թվականի մարտ ամսին NO2-ի գերազանցումներ են գրանցվել Շենգավիթում (Արշակունյաց 135/10):

Վերջին մի քանի տարիներին փոշու՝ ՍԹԿ-ի գերազանցման մի քանի հարյուր դեպքեր են գրանցվել։ 2014 թվականին գրանցվել է 694, 2015 թվականին՝ 1548, 2016-ին՝ 328 դեպք: 2014-2015 թվականներին գերազանցումները դիտարկվել են Շենգավիթ վարչական շրջանի տարածքում, իսկ 2016-ին՝ Շենգավիթ, Մալաթիա-Սեբաստիա եւ Կենտրոն վարչական շրջանների սահմանագծին:

2017 թվականի առաջին երկու ամիսներին Երեւանի օդում փոշու ցուցանիշների գերազանցման 117 դեպք է արձանագրվել: Հունվար ամսվա պիկային կետերը՝ պատկերում.

Վերջին երեք-չորս տարիներին կառավարությունը փոխել է մոնիտորինգի մեթոդաբանությունը: Այժմ իրականացվում է 24-ժամյա դիտարկում, իսկ մինչեւ 2013 թվականն իրականացվում էին դիտարկումներ ըստ կոնկրետ ժամերի՝ ժամը 13-ին, 17-ին եւ 21-ին: Սա ԽՍՀՄ տարիներից փոխանցված մեթոդաբանություն էր, որով հաշվարկվում էին պիկերի միջին արդյունքները:

Այս մեթոդաբանությամբ՝ տարեկան միջին ցուցանիշներն այսօրվա թվերից անհամեմատ բարձր են եղել:

Աղտոտումներն ու մարդու առողջությունը

«Հետք»-ը Առողջապահության նախարարությանը գրավոր հարցում է արել` խնդրելով պարզաբանել, թե ինչ հիվանդություններ են առաջանում CO գազի եւ SO2-ի բարձր արտանետումներից, ինչպես նաեւ օդի մեջ փոշու պարունակության բարձր ցուցանիշներից:

Խնդրել ենք տրամադրել նաև համապատասխան հիվանդությունների վերաբերյալ վիճակագրություն՝ հանրապետության եւ մասնավորապես մայրաքաղաքի տարածքում։

ԱՆ աշխատակազմի ղեկավար Նելսոն Զուլոյանը հարցմանն ի պատասխան հայտնել է, որ CO եւ SO2 գազերն առաջացնում են թունավորում, որի նշանները կախված են օդում գազի կոնցենտրացիայից եւ ազդեցության տեւողությունից

«Իսկ մթնոլորտային օդում փոշու ազդեցությունը մարդու առողջության վրա կախված է փոշու մասնիկների չափերից եւ բաղադրությունից, ինչպես նաեւ ազդեցության տեւողությունից։

Փոշին կարող է նպաստել բազմաթիվ հիվանդությունների առաջացմանը, սակայն հարկ է նշել, որ վերջիններս բազմագործոնային են եւ միայն փոշու ազդեցության չեն պայմանավորված»։

Համաձայն վիճակագրական տվյալների` 2016 թվականին Հայաստանում արձանագրվել է CO-ից թունավորման 398 դեպք, որից 87-ը՝ Երեւանում։ 2017-ին գրանցվել է 399 դեպք, որից 100-ը՝ Երեւանում։

SO2-ից թունավորման դեպքեր չեն արձանագրվել։

Բժիշկ-փորձագետ, «Հայ կանայք հանուն առողջության եւ առողջ շրջակա միջավայրի» կազմակերպության ներկայացուցիչ Քնարիկ Գրիգորյանը «Հետք»-ի հետ զրույցում նշեց, որ պարզելու համար օդի աղտոտվածության եւ մարդկանց առողջության պատճառահետեւանքային ուղիղ կապը, պետք է շատ կոնկրետ ուսումնասիրություններ կատարել։ Դիտարկել, թե աղտոտումներով բարձր տարածքների բնակչությունը տվյալ օրերին առողջական ինչ խնդիրներ է ունեցել։ Պետք է ստուգել առողջական քարտերը եւ այլն։

Բայց, ըստ փորձագետի, անվիճելի է, որ բարձր աղտոտումների օրերին տվյալ տարածքի բնակչության մոտ տեղի են ունենում առողջական վիճակի եւ ինքնազգացողության փոփոխություններ։ Հիվանդությունները սրվում են, հատկապես՝ սուր շնչառական եւ սիրտ-անոթային։ Իսկ եթե կլիման խոնավ է, ապա երկուսը միասին թթվային միջավայր են ստեղծում` գրգռելով մարդու շնչառական ուղիները։

«CO-ն բերում է կենտրոնական նյարդային համակարգի խանգարման։ SO2-ը բերում է ալերգիկ երեւույթների, կարող են նաեւ շնչառական ուղիների բորբոքումների հանգեցնել։

Փոշին բարձր մակարդակի դեպքում իր վրա է ուղղում գազերը, եւ ազդեցությունը դառնում է համակցված։ Փոշին ազդում է իմուն հակամարմինների վրա, տեղի են ունենում բորբոքային ազդեցություններ։

Շատ կարեւոր է, թե փոշին ինչ քիմիական նյութերից է։ Փոշին պետք չէ հասկանալ հողի կտոր։ Այն ե´ւ բակտերիալ է, ե´ւ քիմիական։ Այն նաեւ իր ազդեցությունն է ունենում մաշկի, դեմքի վրա»,- ասաց Քնարիկ Գրիգորյանը։   

Ծանր մետաղներ` փոշում

Մի բան է փոշին, մեկ այլ բան՝ փոշու մեջ ծանր մետաղների առկայությունը: ԳԱԱ Բուսաբանության ինստիտուտի շրջանավարտ Նաիրուհի Մաղաքյանը կենսաբանական գիտությունների թեկնածուական ատենախոսության շրջանակներում ուսումնասիրել է Երեւանի օդի աղտոտվածությունը:

Երեւանի օդային ավազանի փոշու ծանր մետաղների երկրաքիմիական եւ սանիտարահիգիենիկ ինտեգրալ գնահատումը ցույց է տվել, որ աղտոտման գումարային գործակցի (ԱԳԳ) միջին արժեքները ե´ւ ամռանը, ե´ւ ձմռանը գտնվում են գերբարձր աղտոտման մակարդակում:

Ե´վ տերեւների, ե´ւ ձյան փոշում որպես առաջնային աղտոտիչներ առանձնանում են հիմնականում մոլիբդենը (Mo) եւ կադմիումը (Cd):

Մոդելային մանկապարտեզի տարածքից վերցվել են տերեւների, հողի, դրսի եւ ներսի փոշու նմուշներ: Հողի եւ փոշու նմուշներում որոշվել են կադմիում (Cd), արսենիում (As), կապար (Pb), քրոմ (Cr), նիկել (Ni), կոբալտ (Co), ցինկ (Zn), պղինձ (Cu), արծաթ (Ag), սնդիկ (Hg), մոլիբդեն (Mo) տարրերի պարունակությունները: Այստեղ ՍԹԿ-ն գերազանցել են միայն կապարը, ցինկը, պղինձը:

Նմուշառվել են ծառեր քաղաքի տրանսպորտային խիստ ծանրաբեռնված (Հերացի փողոց) եւ այգու տարածքից (Անգլիական այգի): Ամռանը փոշու ծանրաբեռնվածության միջին արժեքը կազմել է 471.4 կգ/կմ² օրական, որը համապատասխանում է մթնոլորտի փոշով աղտոտման բարձր, վտանգավոր մակարդակին: Փոշու ծանրաբեռնվածության ամենաբարձր մակարդակը գրանցվել է քաղաքի հյուսիսում, ամենացածրը` հարավում: 

Փոշու մեջ ծանր մետաղների ծանրաբեռնվածության տատանման սահմանը կազմել է 0.09-14.94 կգ/կմ² օրական: Առավելագույն արժեքը գրանցվել է քաղաքի հարավում, ինչը Նաիրուհի Մաղաքյանը կապում է տեղանքում մետաղական խտանյութեր վերամշակող արդյունաբերական ձեռնարկությունների առկայությամբ (օրինակ` «Արմենիան Մոլիբդեն Պրոդաքշն», «Մաքուր Երկաթ»):

Տերեւների փոշում ուսումնասիրված 11 տարրերից առավել մեծ չափաբաժինները գրանցվել են մոլիբդենի, կապարի, կոբալտի եւ ցինկի համար: Պարզվել է, որ քաղաքի մեծ մասը գոտիավորում են աղտոտման բարձր եւ գերբարձր մակարդակները: Գերբարձր մակարդակները դիտվել են քաղաքի հարավում եւ հյուսիս-արեւմուտքում:

Ծառերի տերեւների փոշու ծանր մետաղներից մարդու առողջությանն ուղղված ռիսկի գնահատումը ցույց է տվել, որ քաղցկեղածին ռիսկ առկա է քրոմի եւ արսենիումի դեպքում՝ կլանման ուղուց:

Ձմռանը Երեւան քաղաքի օդային ավազանում փոշու ծանրաբեռնվածությունը տատանվել է 38.3-2072.3, միջինում` 383.4 կգ/կմ օրական, որը համապատասխանում է աղտոտման միջին, չափավոր վտանգավոր մակարդակին: Ձմռանը փոշու ծանրաբեռնվածության բարձր մակարդակ դիտվել է քաղաքի կենտրոնական հատվածում, չափազանց բարձր մակարդակ` քաղաքի հյուսիսում եւ հյուսիս-արեւելքում:

Ձյան փոշում ուսումնասիրված տարրերից առավել մեծ չափաբաժինները գրանցվել են մոլիբդենի, արծաթի, կապարի եւ ցինկի համար:

Աղտոտման շատ բարձր եւ բարձր մակարդակները գրանցվել են քաղաքի արդյունաբերական հարավում եւ կենտրոնում:

Ամռանը փոշում ծանր մետաղների պարունակություններն առավել բարձր են, քան ձմռանը, ինչն էլ պայմանավորում է ամռանը ինչպես աղտոտման մակարդակների առավել բարձր դաշտերը, այնպես էլ առավել մեծ ռիսկեր մարդու առողջության համար: 

Փոշու ծանրաբեռնվածության բարձր մակարդակով ե´ւ ամռանը, ե´ւ ձմռանը առանձնանում է Կենտրոն վարչական շրջանը:

Լուսանկարները՝ հեղինակի


Գլխավոր էջ

Տպել    |  In English

Մեկնաբանություններ (3)
1. Sergey Manoyan15:18 - 21 օգոստոսի, 2017
Shame on the Yerevan municipality for letting this PROBLEM fester. We are being poisoned and the government sits and does not take any sensible measures to mitigate this unacceptable situation. 1) Set STRICTER standards and fine those who exceed carbon emission levels (hey, it's a source of revenue for you! ) 2) Limit the number of cars per household 3) Build more parks / Stop poisoning us, NOW!
2. Steve09:00 - 22 օգոստոսի, 2017
According to YouTube posting from "Yerevan everyday" the weather is perfect in Yerevan everyday.
3. Vahe20:51 - 22 օգոստոսի, 2017
Air pollution kills about 7 million people worldwide every year (Guardian.com). 80% of people living in cities breathe in dirty fumes, raising the risk of lung cancer, stroke and heart disease (Mail Online) Many cities in developed countries have banned cars from city centers, others have restricted diesel policies as citizens are encouraged to buy more electric cars.
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։