HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Էդիկ Բաղդասարյան

Կնքվեց հաշտության պայմանագիր

«Հետքը»-ն անդրադարձել էր, թե ինչպես քաղաքապետի որոշմամբ 88-ամյա Արաքսյա Հայրապետյանի 13 տարի մշակած այգին աճուրդով հատկացվել էր Ազգային ժողովի պատգամավոր Հարություն Փամբուկյանին: Ա. Հայրապետյանը չէր ուզում այդ տարծքն ազատել, նա իր աղջիկների հետ 13 տարիների ընթացքում 1300 քմ ամայի, քարքարոտ հողակտորը դարձրել է ծաղկուն այգի («Պատգամավոր Հարություն Փամբուկյանի ներկայացուցիչներն ահաբեկել են 88-ամյա կնոջը»): 

 Հոդվածից հետո Հարություն Փամբուկյանը զանգեց «Հետք»-ի խմբագրություն եւ առաջարկեց միասին այցելել Արաքսյա Հայրապետյանին, որպեսզի փորձի լրագրողի ներկայությամբ ինչ-որ համաձայնության գալ: Երկու ժամ տեւած հանդիպումը ոչ մի արդյունք չտվեց:

Արաքսյա Հայրապետյանը եւ նրա դուստրերը չէին ուզում որեւէ խոսք լսել իրենց այգուց հրաժարվելու մասին: 2003թ. հոկտեմբերին Հարություն Փամբուկյանը դիմել է Աջափնյակ եւ Դավիթաշեն համայնքների առաջին ատյանի դատարան՝ խնդրելով Արաքսյա Հայրապետյանին վտարել իր սեփականությունը հանդիսացող հողատարածքից: 

 Հիշեցնենք, որ Հ. Փամբուկյանը 2001թ. սեպտեմբերի 26-ին անհատական բնակելի տան կառուցման համար 2 մլն 461 հազար 200 դրամով Երեւանի Հալաբյան փողոցին հարող տարածքում աճուրդով գնել էր 1600 քմ հողամաս: Հատկացված տարածքում էր նաեւ Արաքսյա Հայրապետյանի 1300 քմ-ի վրա գտնվող այգին, տնակը եւ փոքրիկ լողավազանը:

17 տեսակի 200 բերքատու ծառերով այգին Արաքսյա Հայրապետյանն ու իր աղջիկները մշակել են 13 տարի: Վերջիններս բազմիցս դիմել են թաղապետարան եւ քաղաքապետարան, սակայն տարբեր պատճառներով նրանց մերժել են սեփականացնել հողատարածքը: 

 Հունվարի 26-ի դատական նիստի ժամանակ Ա. Հայրապետյանի փաստաբան Կարեն Քամալյանը միջնորդեց հետաձգել վտարման հարցի քննարկումը, քանի որ հունվարի 23-ին Ա. Հայրապետյանի լիազորված անձ, նրա դուստր Ռոզա Հարապետյանն աճուրդն անվավեր ճանաչելու հայտ էր ներկայացրել դատարան: Դատական նիստը չհետաձգվեց:

Կարեն Քամալյանը մատնանշեց ՀՀ Հողային օրենսգրքի 72-րդ հոդվածի 2-րդ կետը, որտեղ հստակ նշվում է այն իրավաբանական անձանց մասին, որոնք ավելի քան 10 տարի անընդմեջ, բարեխիղճ ու բացահայտ, սակայն առանց իրենց իրավունքների ձեւակերպման, օգտվում են այդ համայնքի հողերից եւ ունեն այդ հողերի սեփականության իրավունքից հողամաս ձեռք բերելու նախապատվություն:

Նույն օրենսգրքի 66-րդ հոդվածի 4-րդ կետի հիման վրա նախապատվություն ունեցող մարդիկ տարածքները պետությունից պետք է վաճառքով գնեն: Իսկ աճուրդի մասին 67-րդ հոդվածում ասվում է, որ աճուրդը թույլատրվում է, բացառությամբ 66-րդ հոդվածի 4-րդ կետի:

«Դատավորն ասաց, որ իմ փաստաբանը հոդվածները լավ չի բացատրել ինձ, եւ այդ հոդվածները չպետք է այդպես հասկանալ»,-ասում է Ռոզա Հայրապետյանը:

Հարություն Փամբուկյանի լիազորված ներկայացուցիչ Գագիկ Հայրապետյանը ներկայացրեց վաճառքի վերաբերյալ բոլոր փաստաթղթերը: Դատավոր Ե. Դանիելյանը վճիռ կայացրեց Հարություն Փամբուկյանի օգտին: Վերջում էլ ավելացրեց, որ աճուրդն անվավեր ճանաչելու հայտը բավարարվելու դեպքում այս որոշումը չեղյալ կհամարվի: 

 Փետրվարի 20-ին նույն Դավթաշեն եւ Աջափնյակ համայնքների 1-ին ատյանի դատարանում քաղաքապետարանի կայացրած աճուրդն անվավեր ճանաչելու հայցով դատական նիստի ժամանակ դատավոր Էռնա Հայրյանը լսեց վկաներ Ամալյա Պողոսյանին, Մարիա Գրիգորյանին եւ Սամվել Գեւորգյանին: Բոլորն էլ միաբերան պնդեցին, որ հողամասը դեռ վաղուց, երբ աղբանոց էր, մշակել ու հոգ են տարել Արաքսյա Հայրապետյանն ու իր աղջիկները: 

 Ամիսներ տեւած երկար քաշքշուկներից հետո 2004թ.-ի ապրիլի 6-ին կողմերը կնքեցին հաշտության պայմանագիր: Ըստ պայմանագրի` Ռոզա Հայրապետյանը հրաժարվում է Արաքսյա Հայրապետյանի` Հարություն Փամբուկյանի դեմ աճուրդի պայմանագիրն ու սեփականության իրավունքի վկայականն անվավեր ճանաչելու եւ ձեռք բերման վաղեմության իրավունքով հողամասի նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու վերաբերյալ հայցից:

Նա պարտավորվում է նաեւ ազատել եւ այլեւս չօգտագործել վիճելի հողամասը եւ Հ. Փամբուկյանի դեմ երբեւէ որեւէ պահանջ չնեկայացնել վիճելի հողամասի նկատմամբ: 

 Հարություն Փամբուկյանը, որպես փոխհատուցում, պարտավորվում է Արաքսյա Հայրապետյանի դուստր Ռիմա Հայրապետյանին սեփականության իրավունքով հատկացնել Երեւանի Աջափնյակ համայնքում գտնվող 1000 քմ. բնակելի տուն կառուցելու համար նախատեսված հողամաս եւ Ֆիզիկայի ինստիտուտի տարածքում գտնվող երկաթյա տնակը տեղափոխել եւ տեղադրել վերոհիշյալ հողամասում: 

Էդիկ Բաղդասարյան, Վարդուհի Զաքարյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter