Երեքշաբթի, 18 սեպտեմբերի

«Լույս». եվրոպացի հանդիսատեսի կողմից ամենասպասված հնգյակը Հայաստանից



«Լույս» վոկալ կվինտետը նոր է վերադարձել Ավստրալիայից: Հուլիս-օգոստոս ամիսներին բացառապես կանացի ձայներից բաղկացած այս գեղեցիկ հնգյակը Սիդնեյում մի քանի համերգ ունեցավ: Սա նրանց արտերկրյա հերթական հանդիպումն էր երաժշտություն սիրող և արվեստի այս ճյուղի դերը գնահատող մարդկանց հետ: Եվ հերթական անգամ դահլիճը քարացած, հուզված ու մաքրված ինքն իրենից, բացահայտել է հայ երաժշտության մեծությունը: 2009թ. թողարկված «Լույս» խորագրով ձայնասկավառակում, որպես նշանաբան, ներառված էին Կոմիտասի իմաստուն խոսքերը՝ «Երաժշտությիւնն ամէնէն մաքուր հայելին է ցեղին…»: Վոկալ հնգյակն այս միտքն ընդունել է որպես ուղենիշ ու արդեն 15 տարի հնչեցնում, երգի միջոցով պատմում է մեր իրական ներուժի, զգացմունքների, ստեղծած արժեքների ու կյանքի հանդեպ ունեցած մեր մեկ այլ ընկալման մասին: Սա այն տարածքն է, որտեղ ոչինչ խաթարված չէ, և ձայնն այստեղից հնչում է  բնական խորքից: Ահա թե ինչու, լսելով այս երաժշտությունը, ինքնամաքրման, ինքնաճանաչման, ինքնահաստատման զգացողություն ու մտքեր ես ապրում: Վստահ եմ, դա կվկայեն բոլոր նրանք, ովքեր գոնե մեկ անգամ ունկնդրել են այս խմբին և ովքեր լավ գիտեն հոգևոր ու ժողովրդական մաքուր երաժշտության փոխանցած զորությունը:

Մի առիթով, կարծեմ ինչ-որ արտասահմանյան հոդվածում, կարդացի, որ շվեյցարական հոգեբանական կազմակերպություններից մեկը «Լույս»-ի երաժշտությունն օգտագործում է հոգեկան խնդիրներ, սթրես ապրած մարդկանց բուժման նպատակով: Ինչպես աղջիները հետո հաստատեցին, նրանց այդ մասին ասել են Գերմանիայում և որ իրենց երգացանկից հիմնականում կոմիտասյան «Սուրբ Սուրբ» և «Ուր ես մայր իմ» շարականները հնչեցրել են երաժշտական թերապիաների ժամանակ:

Հինգ հայուհի՝ ճաշակավոր ու ինքնատիպ տարազներով, գողտրիկ համերգասրահներում՝ շուրթերին մաքուր հայ երգը, ինքնուրույն, սեփական ուժերին ու մեր մեղեդային ներուժին ապավինելով՝ առաջ են տանում հայ երաժշտության լույսը դեպի եվրոպական ափեր: Առանց հետագա բարձրաձայնում-գոչյունների, առանց ավելորդ մեկնաբանության… Առաջին անգամ լսելով նրանց կատարումը Գառնիի տաճարում՝ ամերիկացի կոմպոզիտոր Ջոն Հոդյանը ցնցվեց դրա գեղեցկությունից: Նա որոշեց գրել երաժշտություն հատուկ այս խմբի և հատկապես սոպրանո Հասմիկ Բաղդասարյանի ձայնի համար: 2011թ. «Վերադարձ» երաժշտական փառատոնին նա ներկայացրեց իր նոր նախագիծը՝ «Նաղաշ» անսամբլը՝ «Լույս» վոկալ կվինտետի, երգչուհի Բեթ Ուիլիամսի և լարային, ժողովրդական գործիքների համադրությամբ: Այսօր նախագիծն արդեն ավելի մեծ կազմով ու երգացանկով շրջագայում է Եվրոպայում:

«Լույս» վոկալ կվինտետը ստեղծվել է 2002 թվականին: Կազմն այսպիսին է. սոպրանո՝ Հասմիկ Բաղդասարյան և Մարիամ Մայիլյան, ալտ՝ Շահանե Զալյան, Մարինե Նազարյան, Սոֆիա Կոնջոյան: Երգացանկում ընդգրկված են հայ միջնադարյան հոգևոր երգեր, հատվածներ Սուրբ Պատարագի երգեցողությունից, ժողովրդական երգերի` մասնավորապես կոմիտասյան մշակումներ:

Վոկալ հնգյակը հանդես է եկել Գերմանիայում, Անգլիայում, Շվեյցարիայում, Իտալիայում, Կանադայում, Ավստրիայում, մասնակցել փառատոների և մրցույթների: Ունի ևս երկու ձայնասկավառակ՝ «Լույս աշխարհին» (2003թ., Գերմանիա) և «Դեպի լույս» (2004թ., Գերմանիա): Նրանց լսելուց հետո, եվրոպացի մի ունկնդիր ասել է. «Ես հիմա գիտեմ, թե դրախտում ինչ երաժշտություն է հնչում»:

2013թ. Վենետիկում կայացած «“Venezia in Musica” International Choir Competition & Festival» 11-րդ փառատոն-մրցույթում «Լույս» վոկալ կվինտետը արժանացավ երկու Ոսկե դիպլոմի՝ «Հոգևոր երգ» և «Ժողովրդական երաժշտություն» անվանակարգերում: Հայաստանը հեղինակավոր այս փառատոնին մասնակցում էր առաջին անգամ, 17 երկրից մասնակցած 26 երգչախմբի հետ: Մինչև 50 հոգանոց կազմ ընդգրկող երգչախմբերի մեջ «Լույս» հնգյակը տպավորել էր իր ձայնային ներդաշնակությամբ, կոմիտասյան հոգևոր և աշխարհիկ երգերով, միջնադարյան հոգևոր աղոթքների երաժշտական ազդեցությամբ: Հասմիկ Բաղդասարյանի ներկայացմամբ՝ փառատոնին մշտապես մասնակցում են այն երկրները, որտեղ երգչախմբային արվեստն առաջնային է համարվում, իսկ մրցույթի հանձնաժողովում ընգրկվում են աշխարհահռչակ խմբավարներ, երաժշտության գիտակներ:

Լույսի արտերկրյա համերգների ունկնդիրը հիմնականում օտարերկրացիներն են: «Բոլոր այն երկրներում, որտեղ ներկայացել ենք, ունկնդիրը զարմացել է հայ երաժշտության խորությունից,- ասում են նրանք,- պատահում է, որ ոմանք ծանոթ են լինում նախապես, սակայն շատերն առաջին անգամ են լսում ոչ միայն մեր երաժշտությունը, այլև Հայաստանի մասին: Եվ զարմանում են, թե ինչու՞ մինչ օրս այն հայտնի չէ այնպես, ինչպիսին որ թույլ է տալիս իր էությունը: Ոմանք այդ ազդեցությամբ որոշում են այցելել Հայաստան»:

2012թ. «Լույս» հնգյակը որպես հատուկ հյուր մասնակցել էր գերմանական «International A Cappella Contest Leipzig» փառատոնին: Աշխարհի տարբեր երկրներից մասնակցող երաժշտախմբերի և երգիչների մեջ կային այնպիսի հայտնի անուններ, որպիսիք են Բոբի Մըքֆերին, գերմանական շատ հայտնի «Amarcord» կվինտետը և այլք: Աղջիկները, որպես հատուկ հրավիրյալ խումբ, երգեցին գալլա համերգին աշխարհահռչակ «Գևանդհաուզի» մեծ համերգասրահում: «Մեզ համար մեծ պատիվ էր այդ մեծանուն բեմը, այդ նախագիծն ու հանդիսատեսին մեր կյանքում ունենալը,- ասում է Մարիամ Մայիլյանը:- Եվ երբ տեսնում ես, որ քո ժողովրդի երաժշտությամբ այդպես հուզել, տպավորել ես այդ անծանոթ մարդկանց, հասկանում ես, որ երջանիկ ես քո այս հնարավորությամբ: Դա մեծագույն պարգև է»:

Աղջիկներն ասում են, որ  մենք տարիներ շարունակ մենեջմենեթի և միջավայրի խնդիրներ ունենք, մինչդեռ դրսում, ավելի հստակ Եվրոպայում, այս երաժշտության հանդեպ մոտեցումն այլ է: «Եթե այնտեղի լսարանն ու միջավայրը մի հսկա լճի համեմատությամբ դիտարկենք, ապա նրանում նետած մի փոքրիկ քարն այնպիսի մեծ ալիք կարող է առաջացնել,- ասում է Հասմիկ Բաղդասարյանը,- իսկ այստեղ կարող է լինել մի չափազանց ոգևորված ու քեզ էլ ոգևորող արձագանք, որին հաջորդում է սովորական առօրյան, հետո՝ ճահճացող անտարբերությունը: Բայց դրսում այդ նետած քարի պղպջակները շարունակություն են ստանում և գնալով ավելի ու ավելի մեծ շրջանակներով են տարածվում: Զարգանում են և կանգ չեն առնում»:

Վենետիկում անցկացվող վերը հիշատակած փառատոն-մրցույթին «Լույսը» մասնակցել էր գերմանական միջամտության ու բարի ցանկության շնորհիվ: Մենեջերներից մեկն ասել էր, որ չնայած մասնակից երգչախմբերը մեծ կազմեր ունեն, բայց մրցույթում կարևորը որակն է: «Լույսի» մատուցած որակին գերմանական բարձրաճաշակ լսողությունը ոչ մի րոպե չէր կասկածել ու, ինչպես պարզվեց, չէր սխալվել: Եվ չնայած ներսի ու դրսի ծայրահեղ տարբեր այս մթնոլորտին՝ երգչուհիները բոլորն էլ կարևորում են մի անփոխարինելի առավելություն. հոգևոր առումով սնվում ու կատարելագործվում են միմիայն այս հողից:

Հասմիկն ասում է, որ անտարբերությունը, ինքնաճանաչողության պակասն ու սեփական արժեքների հանդեպ ոչ ճիշտ մոտեցումը միայն մերօրյա խնդիր չէ. «Նման մոտեցումը մեր մեջ ապրել է դարերով, և պատմությունը միշտ էլ փաստել է, որ ինչ-որ բան փոխվել է միայն անհատների շնորհիվ»:

Ավստրալիայում իրականացվող համերգը մի փոքր այլ էր: «Հրավերը ստացանք հայ առաքելական եկեղեցու Ավստրալիայի և Նոր Զելանդիայի թեմի կողմից և անմիջական նախաձեռնությամբ,- ասում է Հ. Բաղդասարյանը,- Անսահման տպավորված ենք և՛ հանդիսատեսի ջերմ արձագանքներից, և՛ կազմակերպչական պրոֆեսիոնալիզմից»:

Գլխավոր համերգը կայացել է օգոստոսի 6-ին՝ Սիդնեյում, սակայն մինչ այդ ևս երկու մեծ համերգ են ունեցել Մելբուռն քաղաքում և Սիդնեյի եկեղեցիներից մեկում: Բացի այդ, կազմակերպվել են հանդիպում-վարպետության դասեր տեղի երգչախմբերի հետ: Նախորդած երկու համերգի տպավորությամբ՝ ունկնդիրների հոսքն էլ ստիպում է կազմակերպիչներին գլխավոր ելույթի համար առավել մեծ սրահ գտնել: Այս համերգը ևս ամրապնդել է աղջիների համոզմունքը՝ հայ երաժշտությունը, չնայած իր ժամանակակից ձևափոխություններին ու «առաջարկ-պահանջարկ» պատճառաբանություններին, գտնում է իր ունկնդրին:

«Համերգն ընդհատվում էր հանդիսատեսի հարցերով, մեր մեկնաբանություններով, հետո մենք փորձում էինք նրանց ևս սովորեցնել երգել,- պատմում է Հ. Բաղդասարյանը:- Իրականում, ոմանց մոտ երբևէ չերգված, բայց ընտանիքի մեծերից փոխանցված երաժշտությունը ներքին հիշողությամբ բացվում էր: Մենք հասկացանք, որ որքան էլ հեռու լինենք մեր բնօրրանից, այդ հեռավորությունը զուտ տարածքային է: Ինչքան էլ փորձենք ձուլվել, նույնականացվել, խառնվել, նմանվել այն մշակույթին, որի հետ ստիպված ենք հարմարվել, միևնույն է՝ մենք մե՛ր մշակույթի գենետիկ կրողն ենք: Դրսում, իր մաքուր երաժշտությունից հեռացած հայ հանդիսատեսի մոտ իրականում ներքին պահանջ ու կապ կա, որը շատ անգամ արտաքին ազդեցությունների մեջ չես գիտակցում, բայց որը անմիջապես դուրս է հորդում, երբ դրա հնարավորությունն ընձեռում ես»:

Այդպես է ոչ միայն Սփյուռքում, այլև, որոշ դեպքերում առավելապես հենց Հայաստանում: Նրանց կարծիքով՝ խնդիրը ոչ միայն մատուցման ձևի մեջ է, այլ նրա, թե ո՞վ և ի՞նչ է մատուցում:

«Բոլորը խոսում են «ինչ անել»-ուց, բոլորը գիտեն թե ինչպես պետք է ինչ-որ բան փոխել, բայց քչերն են անում,- ասում են նրանք:- Ավելի շատ խոսում ու քննադատում ենք, քան գործում: Մեր միջավայրում, մեր կյանքում մենք բազմաթիվ խնդիրներ ունենք, բայց երբեք դրանք չեն կարողանալու ազդեն մեր մասնագիտության ու գործի վրա, որովհետև ամեն դեպքում, պետք է զբաղվես միայն այն գործով, որը իսկապես կարող ես անել: Մենք մեր մասին սիրում ենք մեծ-մեծ խոսել, բայց մեր դռնից դուրս ոչինչ չենք ուզում տեսնել: Քեզ շրջապատող միջավայրը, աչքիդ տեսածն ու հատկապես կենցաղը իրենց գործն անում են: Բավական է մի քիչ շրջես քաղաքում և այլևս ոչ մի հոգևոր վեհության մասին մտածելու ուժ չունենաս: Ներքին կրթության խնդիր ունենք՝ հսկայական ամբիցիաներ ունենալով հանդերձ: Օրինակ՝ քաղաքին քաղաքային մտածողությամբ մոտեցում է պետք, ոչ թե քաղքենի, նեղմիտ ու ցուցադրական…»:

Որպես հանդիսատես` Հասմիկ Բաղդասարյանն իր համար բացառապես առանձնացնում է գերմանացիներին: Ասում է, որ բոլորն էլ յուրահատուկ են, բայց միշտ  հիացնում է գերմանական ներքին կարգապահությունը, որն առանձնահատուկ հմայքով է դրսևորվում հատկապես երաժշտությունն ունկնդրելիս: Ու այս ֆոնին կատակով հիշում է որոշ դրվագներ. երբ օտարերկրացու հարգալից ունկնդրման լռությունը հանկարծ խաթարվում է տեղական միջամտությամբ՝ թղթի ճռճռոցին հաջորդած կոնֆետի շրխկոցով:

«Երաժշտությունից կոնկրետ նպատակներ ու սպասելիքներ ակնկալելու փոխարեն ուղղակի իմանալ և պահպանել է պետք, և դա մնում է «Լույսի» համար հիմքերից հիմքը,- ասում է նա:- Ժամանակակից հետաքրքիր ու իրապես գեղեցիկ մոտեցումների մեջ, միևնույն է, ամենամնայունն ու խորքայինը հիմքն է՝ ամենամաքուրը, ամենաիսկականը: Դա ոչ միայն երաժշտության, այլև թատրոնի, կինոյի, կերպարվեստի և այլ բնագավառների համար է: Որքան էլ արտաքին էֆեկտները կամ ժամանակակից միջամտությունները ձևավորեն նոր ասելիքը, դրանք նոր չեն, քանի որ ցանկացած նոր բան հնի հիմքի վրա է կառուցվում: Դրանք ժամանակավոր են, միգուցե ավելի շքեղ ու բարձրաձայն հնչողությամբ, բայց ժամանակավոր են: Շատ արագ էլ հանգչում են՝ իրենց բոլոր տեսակի մեծամասշտաբ մուտքերով հանդերձ: Կարևորը մաքուր հիմքի վրա հենված լինելն է: Ինչպես ժողովրդական երգերի անզուգական կատարող Հասմիկ Հարությունյանն է ասում` մաքուր աղբյուրից բխող ջրի նման, որից հյութ, զանազան խառնուրդներով ըմպելիքներ կարող ես ստանալ»:

«Լույս»-ը գրեթե ամեն օր երգում է Գեղարդում: Առաջիկայում նախատեսված են համերգներ Երևանում, «Նաղաշ» անսամբլի հետ՝ Գերմանիայում, Բելգիայում, Նիդեռլանդներում, Ֆրանսիայում: «Նաղաշը» սկսվեց ու շարունակվեց «Լույսով», բայց հետո նոր գործերի ու մատուցման պահանջով որոշակի փոփոխություն ունեցավ կազմում: Այսօր կանացի վոկալից բացի կենտրոնական են ժողովրդական նվագարանները և դաշնամուրը: Միջնադարյան տաղերգու, Մկրտիչ Նաղաշի բանաստեղծություններով, խրատներով և յուրահատուկ երաժշտությամբ ներկայացող խումբը հանդես է եկել եվրոպական մի շարք երկրներում:

Աղջիկներից ամեն մեկը վոկալ հնգյակից բացի՝ անհատական գործունեություն ունի՝ տարբեր ծրագրերի և երգչախմբերի հետ համագործակցություն, երգարվեստի դասավանդում և այլն:

«Մենք երգում ենք, դա մեր մասնագիտությունն է, մեր կոչումը, մեր ունեցածը… մենք դա ենք կարողանում անել, և պետք է ամեն մեկս խորանա իր գործը ավելի ու ավելի լավ անելու ուղղությամբ: Իսկ այս ճանապարհին մեր ամենամեծ աջակիցն ու հենարանը հայ երաժշտությունն է՝ ժողովրդական երգի, միջնադարյան հոգևոր շարականների ողջ հմայքով ու իմաստությամբ»:

Լուսանկարները վերցված են «Լույս» ձայնային հնգյակի ֆեյսբուքյան էջից


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ