HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վանի արևը՝ Սասունիկում. գինեգործությունը Հայաստանում մեծ ներուժ ունի

«Ասում են, թե երկու տեղից հետ չեն գալիս՝ մեկ էն աշխարհից, մեկ էլ՝ Ամերիկայից»,- կատակում է գինեգործ Վարուժան Մուրադյանը: Ինքը հետ է եկել Ամերիկայում 20 տարի ապրելուց հետո: Երևանից այնտեղ էր գնացել 1991-ին կնոջ հետ, ԱՄՆ-ում էլ ծնվել են 4 զավակները:

Պատմում է, որ այնտեղ աուդիտորական ընկերություն ուներ, հարկային փաստաբան էր, ֆինանսապես լավ վիճակում էր, կյանքը հրաշալի էր: «Գրասենյակային աշխատանքն այդքան էլ իմ սրտով չէր: Անպայման ուզում էի Հայաստանում լինել, գինեգործությամբ զբաղվել: Ինչքան ուսումնասիրեցի, հասկացա, որ հայկական արևը, հայկական կիլման, հողը, ամեն ինչը շատ լավ է, և պիտի աշխարհի մակարդակով լավ գինի պատրաստենք: Հիմա արդեն աշխարհի մակարդակով շատերը ցույց են տալիս դա»,- նշում է գինեգործը:

Արագածոտնի մարզի Սասունիկ գյուղը Երևանից մոտ 30 կմ է հեռու: 2006-07 թթ. այստեղ հողի, կլիմայի ուսումնասիրություններից հետո Վարուժան Մուրադյանն ընտրել է գինեգործությամբ զբաղվելու վայրը: Տարածքը հարավարևելյան թեքություն ունի, ինչն, ըստ Վարուժանի, կարևոր է խաղողի համար նրանով, թե արևն ինչ անկյան տակ է անցնում: 2008-ին առաջին տնկիներն են դրել, 5 տարի անց սկսել են գինի արտադրել:

Վարուժանն արմատներով Վանից է, նաև ասում է, որ դեռ Վանի թագավորությունում՝ Ուրարտուում էր գինու արտադրությունը զարգացած: Գործարանի անվանումն էլ այդտեղից է ծագել՝ «Վան Արդի», արդի նշանակում է արև:

Գործարանը հիմնելիս նախագծել էին, որ արտադրամասը պիտի լիներ հանդիպակաց բլրի վրա, սակայն բավարար գումար չունենալու պատճառով հետաձգեցին աշխատանքն ու ավելի փոքր արտադրամաս հիմնեցին այգու կողքին:

Գինեգործը մատնացույց է անում ներկայում ընթացող շինարարությունը, նոր արտադրամասը տեղակայվելու է բլրի վրա, իսկ այսօր գործողն ու դրա բակը դառնալու են գինու զբոսաշրջության վայր:

Խաղողի այգին ու հեռվում խանձված դաշտերը հակադրություն են: Տեղանքն առհասարակ քարքարոտ է: Գինեգործը հիշում է, որ երբ սկզբից ընտրել էր վայրը, շատերը խղճում էին իրեն, ասում էին՝ ղռերի, քարերի մեջ ի՞նչ պիտի անի: «Երբ գործդ սիրում ես, չես նկատում դժվարությունները»,- նկատում է Վարուժանը:

Միհարկանի փոքր արտադրամասը, կարծես, իդիլիա է ստեղծում: Հանգստություն կա այդտեղ, որը երբեմն խզվում է զբոսաշրջիկների ծիծաղով, բարձր զրույցով: Արդեն մի քանի ամիս է՝ գործարանը գինու զբոսաշրջության վայր է: Եթե ամբողջ աշխարհում սա տարածված երևույթ է, ապա Հայաստանում նոր-նոր է սկսել տարածում գտնել: Գործարանի տարածքում սեպտեմբերի 2-ին ջազ համերգ են կազմակերպելու, ինչն, ըստ Վարուժան Մուրադյանի, առաջինն է լինելու, բայց ոչ վերջինը. մտադիր են հաճախակի կազմակերպել նման համերգներ: «Մեր նպատակը ոչ միայն գինի արտադրելն է, այլև գինու արվեստը, մշակույթը զարգացնելը»,- ասում է գինեգործը:

Մեր զրույցը շարունակում ենք արտադրամասում: Մեծ մետաղական պահամանների դիմաց դրված են կաղնուց տակառները՝ արցախյան և ֆրանսիական արտադրության: Արտաքինից չեն տարբերվում, սակայն փայտն առանձնահատկություն ունի՝ պայմանավորված հողով ու կլիմայով:

Գինեգործի կարծիքով՝ գինու բնավորությունը պիտի հասկանաս խմելուց: «Գինին վերևից ներքև են գնահատում՝ աչք, քիթ, բերան: Սկզբից գույնն ենք գնահատում, հետո՝ հոտը, ապա՝ համը: Ամեն մարդ կարող է համն ու հոտը յուրովի զգա, ուղղակի խաղողի տեսակներին հատուկ համեր կան, որոնք չես կարող շփոթել: Սա, օրինակ, արենի է (մեզ գինի է հյուրասիրում անմիջապես ռեզերվ տակառներից- հեղ.), մեզ մոտ աճող արենի է: Այն թյուր կարծիքը, թե արենին միայն Վայոց ձորում է աճում, ճիշտ չէ, Աշտարակում էլ է աճում, որով մենք ոսկե մեդալներ ենք շահում»,- նշում է Վ. Մուրադյանը:

Ըստ նրա՝ ամեն մի գինեգործ գինու իր ձեռագիրն ունի, գինին ոչ միայն խմիչք է, այլև փիլիսոփայություն, համտեսողը գինեգործի ձեռագիրն անպայման պիտի հասկանա: Կարևորը, Վարուժանի կարծիքով, ոչ թե խաղողի բերքի և գինու քանակն է, այլ որակը:

Համոզված է, որ լավ գինին գրքով չեն պատրաստում, և միայն աշխատանքի ժամանակ ես հասկանում, որ այն օրգանիզմ է ու ամեն բան կարող է կլանել՝ անգամ տրամադրությունը: Երբեմն այգու մոտ երաժշտություն է միացնում, աշխատողները նաև գիտեն, որ այգի պետք է մտնեն լավ տրամադրությամբ, խաղողի վազերի մոտ Փաշիկ չլսեն, որ խաղողը սթրես չապրի:

«Առաջին գինին որ եղավ, պահամանի միջից փորձում էինք համը, իմ դուրը չեկավ, արդեն պատրաստ էի թափել դա, հազիվ ինձ պահեցին, ջղայնանում էի, ինձ համար կարևոր է որակը, որակը, որակը: Էն, ինչ որ ուզում էի թափել, հիմա եմ խմում, արդեն շշալցված, չնաշխարհիկ գինի է»,- ասում է Վարուժան Մուրադյանը:

Այսօր արդեն 6 տեսակի գինին ունեն՝ սպիտակ, ռոզե և 4 տիպի կարմիր: Արտադրում են միայն անապակ՝ չոր գինի:

Խաղողի այգին 9 հեկտար է, բայց առաջիկայում մտադիր են այն մեծացնել, քանի որ գինու պահանջարկն աճել է: Խաղողի 5 տեսակ են աճեցնում՝ արենի, կախեթ, հաղթանակ, կանգուն և ֆրանսիական սիրա: Գինու 60 տոկոսն արտահանում են Եվրամիության երկրներ՝ Շվեդիա, Ֆրանսիա, Անգլիա, Բելգիա, Նիդեռլանդներ, Լյուքսեմբուրգ, նաև ԱՄՆ:

Վերջին 3-4 տարիներին, Վարուժան Մուրադյանի կարծիքով, Հայաստանի գինեգործության ոլորտում շատ փոփոխություններ են եղել: Ասում է, որ այն, ինչ կատարվել է, դեռ սկիզբն է, և հայկական գինին օտարերկրյա ցուցադրությունների ժամանակ գրավում է օտարերկրացիներին: Օրինակ՝ նշում է գերմանական Դյուսելդորֆում կազմակերպված գինեգործության ցուցադրությունը, որտեղ ամեն մի տաղավարը մի ֆուտբոլի դաշտի չափ էր, և այդպիսի 22 տաղավար կար: Չնայած սկզբում մտածում էին, թե հայկական գինին ինչով պիտի հետաքրքրի մարդկանց, հետո տեսել են օտարերկրացիների հոսքը հայկական գինու տաղավար: «Սա դեռ իրոք սկիզբն է, ասում են, որ ճիշտ գինեգործն իր լավագույն գինիները ստանում է 10 տարի հետո, էլի փառք աստծո, որ գնահատվում ենք էսպես: Ես զգում եմ, որ հայկական գինին մեծ պոտենցիալ ունի»,- նկատում է Վարուժանը:

Պահամաններից քիչ հեռու «Վան Արդիի» բերած պատվոգրերն են Դյուսելդորֆից՝ ոսկիներ ու արծաթ են շահել: «Շատ երկրներ կերազեին, որ գինեգործության մեկնարկային վիճակն էսպիսին լիներ: Բացի նրանից՝ որ բնակլիմայական բոլոր պայմանները կան, նոր խաղացողներ ունենք, որոնք շուկա են մտնում, այս ամենը դեռ սկիզբն է»,- ավելացնում է գինեգործը:

Մյուս գինեգործական ընկերությունների մասին խոսելիս Վարուժան Մուրադյանը որևէ քննադատական խոսք չի ասում, հակառակը՝ թվարկում է նրանցից յուրաքանչյուրի այն գինիները, որոնք ինքը հավանում է, ապա շեշտում է, որ գինին «գայլային» օրենքներ չի սիրում, այս ոլորտում պիտի լինի հանգստություն ու մարդկային մոտեցում:  

Լուսանկարները՝ Սարո Բաղդասարյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter