HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մարիամ Չախոյան

Ի՞նչ կանխարգելիչ միջոցառումներ են նախատեսված հանքավայրերին և մետաղամշակման կոմբինատներին մոտ գտնվող բնակավայրերում. պատասխանում է ԱԻՆ-ը

Այս տարվա մայիսին «Հետքը» հրապարակել էր «Ինչպես է «Գեոպրոմայնինգ»-ն աղտոտում բնությունը երեք երկրներում» հետաքննությունը, որն իրականացրել էինք մեր վրացի ու ռուս գործընկերների հետ միասին:

Նյութում ներկայացված էր, թե ինչպես է «Գեոպրոմայնինգ» ընկերությունը ոսկի ու այլ թանկարժեք մետաղներ արդյունահանելու ընթացքում վնասում Հայաստանի, Վրաստանի ու Ռուսաստանի բնությունը՝ մարդկանց ու բնությանը պատճառված վնասի համար չկրելով պատասխանատվություն: 

Վերջերս կատարած այցելության ժամանակ Սոթքի հանքավայրին հարակից բնակավայրի բնակիչները «Հետք»-ի հետ կիսել էին իրենց դիտարկումներն ու մտահոգությունները. կենդանիները երբեմն սատկում են առանց պատճառի, հանքավայրից դեպի բնակավայր եկող փոշին գլխացավեր է առաջացնում, շնչառական հիվանդությունները հաճախակի կարելի է հանդիպել, պայթյունների հետևանքով մարդկանց տների պատերին ճաքեր են գոյացել և այլն: Հարցված բնակիչներից մի քանիսը նկատել էին, որ ծառերի բերքատվությունն ընկած է, բանջարաբոստանային կուլտուրաները լավ չեն աճում:  Իսկ Արարատում բնակիչներից մեկը նշել էր, որ նկատել է` գործարանից փչող քամին բերում է ցիանիտի հոտը. նա նշել էր, որ եղել է Արմաշի լճերի մոտ թափվող պոչամբարին մոտիկ և շատ լավ կարողանում է տարբերակել այդ հոտը:

Այս ամենը բազմաթիվ հարցեր էր բարձրացնում, որոնց պատասխանները փորձեցինք ստանալ Արտակարգ իրավիճակների, Առողջապահության, Բնապահպանության և Գյուղատնտեսության նախարարություններից: 

ԱԻՆ-ից փորձել էինք պարզել, թե որքանով ենք նախապատրաստված հանքարդյունաբերության արդյունքում ծագած տեխնածին աղետներին, ինչպես են դրանք կանխարգելում, և ինչ հաճախականությամբ են բնակչության շրջանում իրականացվում իրազեկման աշխատանքներ:  

Նախարարության աշխատակազմի ղեկավար Գագիկ Հայրապետյանը իր պատասխանում նշել է.

«ՀՀ տարածքում արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության հարցերով իրազեկումն իրականացվում է ՀՀ կառավարության 2015 թվականի հունվարի 22-ի թիվ 46-Ն որոշմամբ սահմանված ուսուցման գործընթացի շրջանակներում:

Ամեն տարի պետական կառավարման տարածքային մարմինները մշակում են արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և քաղաքացիա­կան պաշտպանության համակարգերի նախապատրաստման հիմնական միջոցա­ռում­ների պլաններ:

Համաձայն վերը նշված պլանի` մարզի համայնքներում և կազմակերպություններում բնակչության ներգրավմամբ անցկացվում են տարաբնույթ ուսումնավարժություններ, որոնց հիմնական նպատակն է կատա­րելագործել ՀՀ պետական կառավարման, տարածքային և տեղական ինքնակառավարման մարմինների ու կազմակերպությունների ղեկավար կազմի, ինչպես նաև անձնակազմի տեսական գիտելիքները և գործնա­կան ունակությունները, բնակչության պաշտ­պանու­թյան և քաղաքացիական պաշտպա­նության միջոցառումների իրականացման բնագավառում և արտակարգ իրավիճակներում գործելու ուղղությամբ բնակչության ուսուցման կազմակերպումը»:

Հարցման մեջ մասնավորապես խնդրել էինք անդրադառնալ «Գեոպրոմայնինգ» ընկերության կողմից շահագործվող ոսկու հանքին, Արարատում գտնվող ոսկու կորզման գործարանին և նույն ընկերության կողմից շահագործվող «Ագարակի պղինձամոլիբդենային կոմբինատի» հարակից բնակավայրերի բնակիչների շրջանում անվտանգության ապահովմանն ուղղված  կանխարգելիչ միջոցառումներին:

Ստացված պատասխանից կարելի է եզրակացնել, որ պետությունը տեխնածին աղետներից իր բնակչության պաշտպանության գործառույթը լրիվ կամ մասնակիորեն կարող է վստահել և վստահում է մասնավոր ընկերություններին։  Այսպես՝

«ՀՀ Արարատի մարզում ոսկու հանքավայրեր չկան, իսկ Արարատ քաղաքում գտնվող ոսկու կորզման գործարանը բնակչության անվտանգությունն ապահովելու նպատակով իրականացնում է կանխարգելիչ միջոցառումներ՝ «Հայգունմետգիտնախագիծ ինստիտուտ» ՓԲԸ-ի կողմից մշակված անվտանգության վկայագրում ներառված միջոցառումներին համապատասխան:

Գործարանի տարածքում քիմիական չափիչ սարքերի օգնությամբ վերահսկվում է օդի և հողի թույլատրելի աղտոտվածության սահմանաչափը:

Պարբերաբար իրականացվում են իրազեկման և ուսուցման միջոցառումներ գործարանում աշխատող անձնակազմի համար»:

Նախարարության պատասխանում նշվում է, որ գործարանի տարածքում քիմիական չափիչ սարքերի օգնությամբ օդի և հողի թույլատրելի աղտոտվածությունը չափվում է հենց գործարանի կողմից, սակայն չի նշում, թե ինչ հաճախականությամբ է դրանց հավաստիությունը ստուգվում պետական որևէ գերատեսչության կողմից: Եվ նույնիսկ եթե նշվեր, որքանո՞վ են վստահելի այդ չափումները:

Անդրադառնալով բնակչության շրջանում կազմակերպվող իրազեկմանը` ԱԻՆ-ը նշել է.

«Վերջին հինգ տարվա ընթացքում Արարատ քաղաքում և հարակից գյուղական համայնքներում Արարատի մարզային փրկարարական վարչության կողմից կազմակերպվել և իրականացվել են տարաբնույթ վարժանքներ և ուսումնավարժություններ»:

Սակայն պատասխանում չի նշվում, թե կոնկրետ ե՞րբ և  ի՞նչ վարժանքներ էին դրանք, կամ բնակչության ո՞ր հատվածն է մասնակցել այդ վարժանքներին: Ուշագրավ է, սակայն, որ Արարատ քաղաքի ԶՈԴ-ի բանավան հատվածում հարցված շուրջ 30 բնակչից և ոչ մեկը իր խոսքում չէր նշել այդպիսի վարժանքների անցկացման մասին:

Միևնույն ժամանակ, ԱԻՆ իր պատասխանում նշել է, որ Արարատ քաղաքում 2017թ. օգոստոսի 23-ին նախատեսված է շտաբային ուսումնավարժություն, ճիշտ է, այլ թեմայով՝ «Ուժեղ երկրաշարժի դեպքում բնակչության պաշտպանության միջոցառումների կազմակերպումը և իրականացումը» թեմայով:

Գեղարքունիքի մարզի Սոթք համայնքի վրա «Գեոպրոմայնինգ» ընկերության կողմից շահագործվող ոսկու հանքի թողած ազդեցության վերաբերյալ հարցին պատասխանելով` նախարարությունը նշել է, որ այս համայնքի «բնակչության վրա ազդեցությունը պարզելու նպատակով կատարվել են ուսումնասիրություններ՝ դիտարկումներ, զրույց բնակչության և համայնքի ղեկավարի հետ»: Սակայն չի նշվում, թե երբ են կատարվել ուսումնասիրությունները:

Մեզ հետ զրույցում համայնքի ղեկավար Կոլիկ Շահսուվարյանը հաստատեց, որ ԱԻՆ-ի հետ տարեկան հանդիպումը տեղի է ունեցել բոլորովին վերջերս,  որի ժամանակ թարմացվեցին համայնքապետարանի աշխատակիցների գիտելիքներն այն մասին, թե ինչպես տարհանել բնակչությանը աղետների ժամանակ:

«Բնապահպանության նախարարությունից, օրինակ, չեն գալիս, նստեն դիմացս, որ ես մտահոգություններս հայտնեմ», - ասում է համայնքապետը։ Ըստ նրա՝ Բնապահպանության նախարարությունից վերջին անգամ համայնք են այցելել «երևի մի չորս տարի առաջ»:

Մյուս կողմից, ԱԻՆ նամակից կարելի է հետևություն անել, թե ինչպես է այս գերատեսչությունը գնահատում ռիսկերը հանքավայրերին մոտիկ բնակավայրերի համար.

«Ոսկու հանքավայրերը գտնվում են Սոթք համայնքից մոտ 8 կմ արևելք [սա վիճելի պնդում է], և ըստ բնակիչների՝ հանքավայրի շահագործման ընթացքում հիմնական ազդեցությունը պարբերաբար իրականացվող պայթեցումներից առաջացող փոշին է, որն, ի վերջո, նստում է արոտավայրերի և ցանքատարածքների բուսականության վրաԱյդ փոշու բաղադրության և համայնքով հոսող գետի ջրի որակի ուսումնասիրության արդյունքների մասին գյուղապետարանում տեղեկություններ չունեն, և դժվար է գնահատել դրանց բացասական ազդեցության աստիճանը: Համապատասխան ծառայությունների կողմից ստուգվել  են համայնքի խմելու  ջրի 4 աղբյուրը, և դրանք համարվել են  պիտանի  օգտագործման համար»:

Համայնքի ղեկավար Կոլիկ Շահսուվարյանը հաստատեց սա։ Ըստ նրա՝ թեև «Գեոպրոմայնինգ»-ի աշխատակիցները կանոնավոր կերպով իրականացնում են ստուգումներ, որոնց մի մասն են միայն իրեն ներկայացնում, պետական և ոչ մի գրատեսչությունից կանոնավոր վերահսկողություն չի կատարվում, իսկ հանքի տերերը կարող են ներկայացնել այն, ինչ իրենց է ձեռնտու:

Ըստ ԱԻՆ-ի պատասխանի՝ Սոթք համայնքում ոչ այնքան վաղ անցյալում անցկացվել է 2 շտաբային ուսումնավարժություն՝ 2015 թվականի սեպտեմբերի 17-ին և 2016 թվականի սեպտեմբերի 23-ին, բայց ահա, թե ինչ թեմայով՝

«Քաղաքացիական պաշտպանության միջոցառումների կազմակերպումը և իրականացումը քաղաքացիական պաշտպանության համակարգի խաղաղից պատերազմական դրության փոխադրման ժամանակ:

2015 թվականին կատարվել են նաև համայնքային մասնակցությամբ աղետներից խոցելիության և կարողությունների գնահատման աշխատանքեր, ինչի արդյունքում կազմվել է համայնքի աղետների ռիսկի նվազեցման պլան», - ասվում է պատասխանում:

Սոթք համայնքի ղեկավարը հաստատեց, որ բոլորովին վերջերս՝ մեկ ամիս առաջ են հանդիպել ԱԻՆ-ի աշխատակիցների հետ, ռիսկերի նվազեցման պլան իսկապես գոյություն ունի: Նա շեշտեց, որ նման գործողություններ չեն արվում բնակչության հետ, աշխատանքներ չեն տարվում հանքը շահագործող ընկերության կողմից: Նա նշում է, որ «Գեոպրոմայնինգ»-ը վերանորոգել է դեպի հանքերը տանող ճանապարհը, ինչի արդյունքում նվազել է բույսերի վրա ու տները լցվող փոշին, անհրաժեշտության դեպքում պատրաստակամորեն օժանդակում է` համայնքին տեխնիկա տրամադրելով, երբ դիմում են իրենց, բայց իրազեկում երբեք չի իրականացրել կամ կանխարգելիչ միջոցառումներ չեն ձեռնարկվում: Թեև մտաբերեց, որ երկու-երեք ամիս առաջ «Գեոպրոմայնինգ» -ից իրեն հրավիրել էին լսումների, որի ժամանակ քննարկվում էր հանքի փակ շահագործման հարցը, որին անցումը կտևի մոտ երեք տարի:  

Պատասխանում ԱԻՆ անդրադարձել էր նաև Սյունիքի մարզի «Ագարակի պղինձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ին պատկանող հանքավայրերին մոտ 1 կմ հեռավորության վրա գտնվող Կարճևան և Կուրիս բնակավայրերի բնակիչների շրջանում  անցկացվող անվտանգության միջոցառումներին՝ նշելով, որ  «այստեղ ևս  կոմբինատի ղեկավարությունը տարեկան 4 անգամ բնակչության հետ անց է կացնում անվտանգության պահպանման միջոցառումներ»:

Որքա՞ն հաճախ են բնապահպանական  ստուգումներ անցկացվում ոսկու հանքավայրերի և կորզման ֆաբրիկաների մոտակայքում. պատասխանում է բնապահպանության նախարարությունը

Բնապահպանության նախարարությունից հետաքրքրվել էինք, թե ի՞նչ հաճախականությամբ է Բնապահպանական պետական տեսչության կողմից իրականացվում բնապահպանական  լաբորատոր փորձաքննություններ ոսկու հանքավայրերի և կորզման ֆաբրիկաների մոտակայքում:  Մասնավորապես, Սոթքում և Արարատում վերջին անգամ ե՞րբ է իրականացվել ջրի, հողի և օդի փորձագիտական քննություն: Խնդրել էինք տրամադրել վերջին երկու լաբորատոր փորձաքննությունների արդյունքները:

Նախարարության աշխատաազմի ղեկավարը հայտնել է, որ «համաձայն «Ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի լաբորատոր հետազոտություններն իրականացնում է բացառապես տվյալ կազմակերպությունում իրականացվող ստուգումների ընթացքում: Իսկ ստուգումների հաճախականությունը որոշվում է օրենքի 2.1 կետով սահմանված կարգով»:

 ««Գեոպրոմայնինգ Գոլդ» ՍՊԸ-ի կողմից Սոթքի հանքավայրի մշակում իրականացնող «Արարատ ոսկի գործարան» ՍՊԸ-ում վերջին ստուգումներն անց են կացվել 2014թ. դեկտեմբերին», հայտնաբերվել է Ջրային օրենսգրքի  խախտում, և  տնօրենը ենթարկվել է 300 հազար դրամ տուգանքի, կազմվել է 14,3 միլիոն դրամ շրջակա միջավայրին պատճառված վնասի հատուցման ակտ: Իսկ «Ագարակի ՊՄԿ» ՓԲԸ-ում ստուգումներն անց են կացվել 2015թ., ինչի արդյունքում ընկերությունը ենթարկվել է 200 հազար դրամ վարչական տուգանքի, կազմվել է 3,475 մլն. դրամ  շրջակա միջավայրին հասցված վնասի հատուցման ակտ»:

Նախարարությունը հաճախակի ստուգումներ չանցկացնելու հանգամանքը պատճառաբանում է «ՀՀ կառավարության 2015թ. հուլիսի 30-ի թիվ 839-Ա որոշմամբ սահմանված ստուգումների սահմանափակումներով»:

Պատասխանում նշված է, որ բնակչության անվտանգությանն ուղղված միջոցառումները սահմանված են ՀՀ ընդերքի օգտագործման մասին օրենսգրքով և ենթաօրենսդրական ակտերով:

Սակայն բնապահպանների կողմից անընդհատ հնչեցվող ահազանգերից և սահմանափակ վերահսկողության պայմաններից կարելի է հետևություններ անել,  թե որքան արդյունավետ են դրանք իրականացվում:

Պատասխանում նշված է նաև, որ նախարարությունն այժմ մշակում է «ՀՀ ընդերքի օգտագործման մասին օրենսգրքի և բնապահպանական կորուստները նվազեցնելու, բնության վրա անվերադարձ ազդեցության կանխարգելման նպատակով պլանավորված մշտադիտարկումների իրականացման արդյունքների վերաբերյալ ամփոփ տարեկան հաշվետվությունների ներկայացման կամ ընդերքօգտագործողի էլեկտրոնային կայքում տեղադրման կարգը, մշտադիտարկումների պլանի կառուցվածքը, տարեկան հաշվետվությունների օրինակելի ձևը հաստատելու մասին և ՀՀ կառավարության 2012թ. մարտի 22-ի թիվ 437-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագծերը:

Այս «իրավական ակտերի ընդունմամբ հնարավորություն կընձեռվի ապահովել ընդերքօգտագործողների ստանձնած բնապահպանական նորմերի կատարման ընթացքի թափանցիկությունը՝ հանրությանը հասանելի դարձնելով ընդերքօգտագործան արդյունքում շրջակա միջավայրի աղտոտման վերաբերյալ տեղեկատվությունը»,-ասվում է նամակում: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter