HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մահացել է Պերճ Զեյթունցյանը

Այսօր 79 տարեկան հասակում կյանքից հեռացել է արձակագիր, թարգմանիչ, հրապարակախոս Պերճ Զեյթունցյանը։

«Հետքը» խորին ցավակցությունն է հայտնում Զեյթունցյանի ընտանիքին եւ հարազատներին։

Ծնվել է 1938թ. հուլիսի 18-ին, Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքում: 1948թ. տեղափոխվել է Հայաստան: 1956թ. լույս է տեսել պատմվածքների առաջին ժողովածուն: 1957թ-ից Հայաստանի գրողների միության անդամ է: 1963թ. ավարտել է Պյատիգորսկի օտար լեզուների ինստիտուտը: 1963-64թթ սովորել է Մոսկվայի բարձրագույն սցենարական դասընթացներում: 1965-68թթ եղել է «Հայֆիլմ» կինոստուդիայի խմբագիրը, 1965-75թթ` հեռուստաֆիլմերի «Երևան» ստուդիայի գլխավոր խմբագիրը, 1975-86թթ՝ Հայաստանի գրողների միության վարչության քարտուղարը:

Հեղինակել է մի շարք վեպեր, վիպակներ, պիեսներ, որոնց մեծ մասը պատմական են։ Հրատարակվել են նրա «Նրա առաջին ընկերը» (պատմվածքներ, 1956թ.), «Մեր թաղի ձայները» (պատմվածքներ, վիպակ, 1959թ.), «Մեզանից հետո» (վեպ, 1963թ.), «Փարիզի համար» (պատմվածքներ, 1965թ.), «Կլոդ Ռոբերտ Իզերլի» (վեպ, 1968թ.), «Կատակերգություն առանց մասնակիցների» (վիպակներ, 1975թ.), «Ավերված քաղաքի առասպելը» (1975թ.), «Արշակ Երկրորդ» (վեպ, 1977թ.), «Աստվածների կանչը» (1980թ.), «Ամենատխուր մարդը» (պիեսների ժողովածու, 1981թ.), «Իրիկնային հեքիաթներ» (պատմվածքներ, հեքիաթներ, 1983թ.), «Մեծ լռություն» (պիեսներ, 1985թ.), «Ընտիր երկեր» (1987թ.), «Վերջին արևագալը» (վեպ, 1989թ.), «Ծնվել է ու մահացել» (1995թ.), «Հիսուս Նազովրեցին և իր երկրորդ աշակերտը։ Խոր վիրապ» (2001թ.), «Ոտքի, դատարանն է գալիս» (պիեսներ, 2014թ.), «Փարիզյան դատավճիռ: ԱՍԱԼԱ» (2015թ.) գրքերը: Անգլերենից թարգմանել է Էրսքին Քոլդուելի «Տաք գետը» (1962թ.), Գրեհեմ Գրենի «Խաղաղ ամերիկացին» (1963թ.), Էռնեստ Հեմինգուեյի «Կիլիմանջարոյի ձյուները» (1963թ.), «Հրաժեշտ զենքին» (1972թ.) երկերը:

«Հայֆիլմ» կինոստուդիան նրա սցենարով նկարահանել է «Երևանյան օրերի խրոնիկա» ֆիլմը: Պիեսները բեմադրվել են Երևանի Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական և  Հ.Ղափլանյանի անվան պետական դրամատիկական թատրոններում։ Նրա ստեղծագործությունները թարգմանվել են ֆրանսերեն, անգլերեն, ռուսերեն, արաբերեն, չեխերեն, հունգարերեն և այլ լեզուներով։ Հռոմի արվեստների և հասարակական գիտությունների «Թիբերինա» ակադեմիայի պատվավոր անդամ է: 1981թ. «Աստվածների կանչը» պիեսի համար արժանացել է ՀՀ Պետական մրցանակի, 1999թ. «Խոր Վիրապ» պիեսի համար՝ «Ոսկե եղեգն» գրական պետական մրցանակի: 1989թ. արժանացել է Հայաստանի մշակույթի վաստակավոր գործչի կոչման, 1998թ.՝ ՀՀ «Մովսես Խորենացի» մեդալի, 2004թ.՝ Թեքեյան մշակութային միության «Հայկաշեն Ուզունյան» մրցանակի, 2005թ.՝ «Երևանի պատվավոր քաղաքացի» կոչման, 2007թ.՝ Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի «Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ» պատվո շքանշանի, 2008թ.՝ ՀՀ «Մեսրոպ Մաշտոց» շքանշանի, 2013թ.՝ ՀՀ վարչապետի հուշամեդալի, 2016թ.՝ ՀՀ Պատվո շքանշանի:

Լուսանկարը՝ Սուրեն Մանվելյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter