HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

«Տարոն-Ավիան» ձեռք է բերել «Արմավիայի» նախկին օդանավերից եւս մեկը

Գյումրիում գործող «Տարոն-Ավիա» ընկերությունը չնայած «Շիրակ» օդանավակայանից թռչում է ընդամենը 4 ուղղությամբ՝ Կրասնոդար, Սամարա, Դոնի Ռոստով, Մոսկվա, եւ դրա համար օգտագործում է միայն մեկ օդանավ, համալրել է իր ավիապարկը չորրորդ ինքնաթիռով:

Հայաստանում գրանցված քաղաքացիական օդանավերի մասին պատմող հոդվածում գրել էինք, որ Գառնիկ Պապիկյանի ավիաընկերությունը 4 ինքնաթիռ ունի: Բոլորն էլ «Boeing 737-500»-ներ են: Դրանցից միայն EK-73797-ն է ծառայում հայաստանցի ուղեւորներին: EK-73775-ն ու EK-73772-ը շարունակում են վարձակալական հիմունքներով շահագործվել Սուդանում «Badr Airlines»-ի կարիքների համար: ՔԱԳՎ-ն «Հետքին» տրամադրած ցուցակում նշել էր եւս մի օդանավ՝ EK-73776 գրանցման համարով: Եթե սրանց օպերատորը «Տարոն-Ավիան» է, ապա սեփականատերը Շարժայում գրանցված «Meridien FZE»-ն է, որն, ամենայն հավանականությամբ, եւս պատկանում է Գառնիկ Պապիկյանին, ինչպես նախորդ սեփականատեր, նույնպես արաբական «Ala International FZE»-ն:      

EK-73776-ի վերաբերյալ կասկած ունեինք, որ սա կարող է լինել նախկին ազգային փոխադրող «Արմավիայի» շահագործած EK-73771-ը, որի գրանցման համարը պարզապես փոխվել է: Բանն այն է, որ «Տարոն-Ավիային» մոտ կանգնած աղբյուրը դեռ 2015-ին մեզ հայտնել էր EK-73771-ի հանդեպ ընկերության հետաքրքրության մասին: Սրան անդրադարձել էինք:

Aerotransport.org կայքը EK-73771-ի օպերատոր է նշում հենց «Տարոն-Ավիային», բայց քանի որ ՀՀ օդանավերի ռեգիստրում նման համարով օդանավ չկա, պիտի ենթադրենք, որ սա Գյումրու ավիաընկերության տրամադրության տակ հայտնված նույն EK-73776-ն է:

Այս տարեսկզբին գրել էինք, որ գործարար Միխայիլ Բաղդասարովն իր օֆշորային «Mika Limited» ընկերության միջոցով 2011-ին չեխերից գնել էր 3 հատ «Boeing 737-55S» (EK-73771, EK-73772, EK-73775), որոնց շահագործող էր դարձել «Արմավիան»: Օդանավերը ձեռք էին բերվել չեխական «PPF banka»-ից վերցրած 23,4 մլն դոլար վարկով եւ գրավադրվել էին: Քանի որ Բաղդասարովի ընկերություններն ամբողջությամբ չէին մարել պարտքը, չեխական կողմը դիմել էր դատարան, չնայած կարող էր վաճառել գրավադրված օդանավերը՝ վարկի չվճարված գումարները ստանալու համար: Փոխարենը 2015-ին EK-73775-ն ու EK-73772-ը արդեն որպես «Տարոն-Ավիայի» օդանավեր թռել էին Աֆրիկա, որտեղ մնում են մինչ օրս: Չեխերի ու Բաղդասարովի դատական վեճն այսօր էլ ընթացքում է, բայց ստացվում է, որ այլեւս խաղից դուրս է հայտնվել նաեւ երրորդ ինքնաթիռը, ու գնորդը կրկին Գառնիկ Պապիկյանն է:

EK-73771-ը (արտադրված է 1997-ին), ինչպես եւ մյուս երկուսը, մինչեւ հայկական դառնալը, շահագործվում էր «Չեխական ավիաուղիների» կողմից: 2011-ի աշնանը «Արմավիան», չօգտագործելով ինքնաթիռը, այն հանձնեց Բաղդասարովի նորաստեղծ «Slovakian Airlines»-ին, որի միջոցով հայ գործարարը փորձում էր ավիացիոն բիզնեսն ընդլայնել Եվրոպայում: Ընկերությունը սպասում էր թռիչքներ կատարելու թույլտվության, նույնիսկ օդանավն էր արդեն ներկվել նոր գույներով, բայց սայլը տեղից չշարժվեց՝ Բաղդասարովի նոր նախագիծն ավարտվեց՝ չմեկնարկած: Որոշ ժամանակ անց EK-73771-ը Բրատիսլավայից վերադարձվեց Հայաստան ու սկսեց ծառայել «Արմավիային», սակայն «Slovakian Airlines»-ից մնացած գույները չփոխվեցին:

Դեռ «Արմավիայի» գործունեության ավարտից (01.04.2013) առաջ օդանավը տեղափոխվել էր լեհական Կատովիցե քաղաքի օդանավակայան՝ մնալով կանգնած երկար ժամանակ: Համացանցում կարելի է գտնել այս տարվա հունվարին Կատովիցեում արված EK-73771-ի լուսանկարը՝ պատված ձնով (տես առաջին լուսանկարը):

Կատովիցեի օդանավակայանում (26.01.2015)    

Անկախ ամեն ինչից՝ ուրախալի է, որ հայկական օպերատորներից գոնե մեկը մեկից ավելի մարդատար օդանավ ունի, ինչը թռիչքների ցանցը եւ ծառայությունների շրջանակն ապագայում ընդլայնելու գլխավոր պայմաններից է: Եվ չնայած դեպի Մոսկվա թռչելուց առաջ Գ. Պապիկյանն ասել էր, որ Հայաստան կբերեն երկրորդ օդանավը, առայժմ բավարարվում են մեկով:  

Առաջին լուսանկարում՝ EK-73771-ը՝ Կատովիցեում (15.01.2017). հեղինակն ապրիլին նշել է, որ ինքնաթիռը «Linetech» լեհական ընկերության հանգարում ձեւափոխվում է բեռնատար տարբերակի 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter