HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Զորականի ղեկավար. «Եթե բնությունը մի քիչ օգներ, ժողովուրդը չէր ագրեսիվանա»

Տավուշի մարզի Զորական և Բերդավան գյուղերի բնակիչներն արդեն 2 շաբաթ է՝ ոռոգման ջուր չունեն, և եթե առաջիկայում խնդիրը լուծում չստանա, պատրաստվում են փակել Երևան-Թբիլիսի ճանապարհը:

Զորականի բնակիչ Ռաֆիկ Բաբաջանյանը գյուղատնտեսությամբ է զբաղվում: Ասում է՝ Զորականն ամենաանտեսված գյուղն է, ջրի խնդիր միշտ էլ առկա է եղել գյուղում, այլ կերպ ասած՝ «միշտ պիտի պայքարեն, խնդրեն»: 

Եթե Բերդավանը 2 պոմպակայան ունի, ապա Զորականում ոռոգման ջուրը ստանում են քառաստիճան տարբերակով՝ Դեբեդից ջուրը մղելու համար 4 պոմպ է գործարկվում: Քառաստիճան պոմպերի համակարգից օգտվում է նաև Բերդավանը: Ռ. Բաբաջանյանն ասում է՝ տարեկան 3-4 անգամ են ոռոգման ջուր ստանում, բայց քանի որ այս տարի անձրև չկար, ջերմաստիճանն էլ +40 էր, ծառերը սկսեցին չորանալ: Ջուր ստանալու համար Ռաֆիկը դիմել էր գյուղաջակցման կենտրոն, որտեղից էլ տեղյակ են պահել «Տավուշ» ՋՕԸ-ին:

Զորականի վարչական ղեկավար Սուրեն Մարտիրոսյանն էլ (գյուղը խոշորացվել է, Կողբ համայնքի կազմում է) նշում է, որ քառաստիճան համակարգով տարեկան 4-6 անգամ են ստանում ոռոգման ջուր:

«Ժողովրդի ու ջրի հիմնարկի պրոբլեմն էն ա, որ եթե մի քիչ բնությունը մեզ օգներ, ժողովուրդը չէր ագրեսիվանա, էս տարի համարյա անձրև չեկավ, ու ինչ մշակաբույս ունենք, համարյա չորացել է»,- ասում է վարչական ղեկավարը: Գյուղում 1158 բնակիչ կա, վարելահողերը 60-70 հա են, 500-600 հա-ն էլ արդեն մի քանի տարի վերածվել է արտովայրերի: Զորականում հիմնականում աճեցնում են եգիպտացորեն, արևածաղիկ, ծխախոտ: Մրգատու այգիները մոտ 25-30 հա են:

Սուրեն Մարտիրոսյանն ասում է, որ օգոստոսի 23-ին 5-րդ անգամ ոռոգման ջուր կստանան, արդեն խոսել են «Տավուշ» ՋՕԸ-ի հետ:

ՋՕԸ-ի տնօրեն Յուրա Ոսկանյանը «Հետքի» հետ հեռախոսազրույցում ասաց, որ օգոստոսի 1-5-ը քառաստիճան սկզբունքով 4-րդ անգամ ջուր են մատակարարել Զորական և Բերդավան գյուղերին, իսկ 24-25-ին պատրաստվում էին 5-րդ անգամ տալ, սակայն կտան ավելի շուտ՝ ամսի 23-ին:

Վաղը պոմպակայանները կստուգեն, ինչը պարտադիր է շահագործումից առաջ, ապա ջուրը կմատակարարեն: Երկու համայնքների բնակիչներն էլ, ըստ Ոսկանյանի, ջրի պարտքեր ունեն:

«Քառաստիճանի սկզբունքը հետևյալն է. 4 պոմպակայան է, առաջին պոմպակայանը ջուրը մղում է երկրորդին, երկրորդը՝ երրորդին, երրորդը՝ չորրորդին, ապա չորրորդից հեռացնող ջրանցքներով ջուրը գնում է դեպի տարածքները: Մղվող ընդհանուր ջրաքանակի համար ընդհանուր հայտ պիտի ներկայացնեն, հայտերը ներկայացնում են, մենք խմբավորում ենք»,- ասում է Յուրա Ոսկանյանը:

«Կոմունիստներից հետո խմելու ջրի խնդիր էլ ունենք: Մեր գյուղացիների շնորհիվ սարքած մի քանի աղբյուր կա, որոնք աղային, կավային հատկություններով են: Մարդիկ ստիպված խմում են դա. կաչկաներով, էշերով տանում են տուն»,- իր հերթին պատմում է Ռաֆիկ Բաբաջանյանը:

Ս. Մարտիրոսյանի խոսքով՝ երկու տարի առաջ «Հայջրմուղկոյուղին» սկսել էր խմելաջրի պոմպակայանի տեղադրման, ջրագիծ անցկացնելու աշխատանքները: Գյուղապետարանը նախորդ տարի 3 միլիոն դրամ ներդրում է կատարել: «Հայջրմուղկոյուղին» կեսը կառուցել է, կեսն էլ մնացել է: «Հայջրմուղոկուղուն» հաջորդած «Վեոլիա Ջուրը» կիսատ աշխատանքը դեռ չի իրականացրել: 1 կմ ջրագծի անցկացման և պոմպի համար անհրաժեշտ է 40-50 հազար դոլար: Մարտիրոսյանի ասելով՝ Սոցներդրումների հիմնադրամով էլ (ներկայում՝ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամ) գյուղի խմելաջրի ներքին ցանցը պիտի կառուցվեր, բայց խնդիրն առ այսօր լուծում չի ստանում:

Զորականն առայժմ խմելու ջուրը վերցնում է աղբյուրներից, որոնց մեծ մասը, Ս. Մարտիրոսյանի ասելով, չորացել են այս եղանակին: Նրա փոխանցմամբ՝ խմելու ջրի խնդրի մասին տեղեկացրել են վարչապետին, բայց առայժմ արձագանք չկա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter