Երկուշաբթի, 24 սեպտեմբերի

Ալաշկերտ համայնքի ղեկավարը հավաքած հարկերը կրկին բաժանել է բնակիչներին՝ որպես սոցիալական օգնություն



Արմավիրի մարզի Ալաշկերտ համայնքի ղեկավար Կարեն Հովհաննիսյանը սոցիալապես անապահով է համարում համայնքի բնակիչներից յուրաքանչյուր 3-րդին (բնակչության թիվը՝ 1848): Նա ամեն ամիս, ավագանու որոշման հիման վրա, դրամական օգնություն է հատկացնում նրանց՝ յուրաքանչյուրին 50 000 դրամ:

Ալաշկերտ համայնքի 2017թ. տարեկան բյուջեն մոտ 50 մլն դրամ է, որից 31 մլն 917 հազարը պետական բյուջեից համայնքին տրվող դոտացիան է կազմում, 16 մլն 470 հազար դրամը՝ սեփական եկամուտը: Տարվա 8-րդ ամսին համայնքապետարանը սեփական եկամուտները՝ գույքահարկ, հողի հարկ եւ տեղական տուրքեր, կիսով է հավաքագրել: Դատելով ավագանու կայացրած` դրամական օգնություններ հատկացնելու մասին 5 որոշումներից, հավաքագրած հարկերը դարձյալ բաժանել է բնակիչներին` որպես սոցիալական օգնություն:

Այս տարվա բյուջեով համայնքի ղեկավարը 7 մլն 270 հազար դրամ է հատկացրել սոցիալական օգնություններին, սակայն հունիս ամսին արդեն 7 մլն 660 000 դրամ բաժանել է բնակիչներին: Բյուջեի այս տողում 390 000 դրամի պակասորդ գրանցելու հրատապությունը չենք կարող բացատրել, քանի որ ավագանու որոշումներից ոչ մեկը հիմնավորում չունի, թե ում եւ ինչու է դրամական օգնությունը տրվել. «... հիմք ընդունելով համայնքի ղեկավարի կամավոր լիազորությունների հանձնաժողովի եզրակացությունը Ալաշկերտ համայնքի ներքոհիշյալ բնակիչներին տալ դրամական օգնություն՝ յուրաքանչյուրին հիսուն հազարական դրամ»,- սա է այն ամբողջ «հիմնավորումը», որով բաշխվել է բյուջեի 7 660 000 դրամը:

Ալաշկերտ համայնքի ավագանին 7 անդամ ունի: Ավագանու նիստերին, հիմնականում, մասնակցել է նրանցից 5-ը, որից 3-ը քվեարկել է սոցիալական օգնություններ տրամադրելու որոշման օգտին:

Հիշյալ որոշումներից մեկով 53 անձի բաշխվել է 2 610 000 դրամ, մեկ այլ որոշումով՝ 51 անձի՝  2 465 000 դրամ, 26 անձի՝ 1 300 000 դրամ, 14 անձի՝ 700 000 դրամ, 12 անձի՝ 585 000 դրամ:

Հանձնաժողովի եզրակացությամբ եւ առանց դրա

Համայնքներում մեծ տարածում ունեցող այս արատավոր երեւույթի՝ սոցիալական օգնությունների անվան տակ բյուջեի գումարները փոշիացնելու մասին «Հետք»-ում բազմաթիվ հրապարակումներ կան: Որպեսզի համայնքների ղեկավարներն իրենց վերապահված այս լիազորությունից բացի այլ աշխատանքներ էլ իրականացնեն եւ վերջ տրվի բյուջեի թալանին, 2017 թ. հունվարի 1-ից ուժի մեջ մտած «Տեղական ինքնակառավարման մասին» նոր օրենքի 13 հոդվածի 6-րդ կետը համայնքի ղեկավարներին պարտավորեցնում է մշտական հանձնաժողովներ ձեւավորել, եթե ավագանին կազմված է 9 եւ ավելի անդամից:

Հանձնաժողովներն ստեղծվում են որոշումների նախագծերի եւ այլ առաջարկությունների նախնական քննարկման եւ դրանց վերաբերյալ համայնքի ավագանուն եզրակացություններ տալու նպատակով։ Ըստ այդմ, բազմաթիվ համայնքներ արդեն ձեւավորել են 3 եւ ավելի մշտական հանձնաժողովներ·

  1. սոցիալական, մշակույթի եւ երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողով

  2. քաղաքաշինության, հողօգտագործման, բնապահպանության, ենթակառուցվածքներին առնչվող հարցերի մշտական հանձնաժողով,

  3. ֆինանսավարկային, բյուջետային եւ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով:

Հանձնաժողովներ ձեւավորելը կարեւոր է ոչ միայն այն առումով, որ ավագանուն պարտավորեցնում է իրական մասնակցություն ունենալ համայնքի կառավարմանը, ծանոթանալ փաստաթղթերին եւ կարծիք ներկայացնել, այլեւ ապագայում կնպաստի, որպեսզի ավագանու անդամների ընտրության ժամանակ որակական ընտրություն կատարվի մասնագետների շրջանում: Իհարկե, բազմաթիվ համայնքներում, որտեղ ավագանին կազմված է մինչեւ 15 անդամից, դեռեւս չեն շտապում հանձնաժողովներ ձեւավորել, սակայն վաղ թե ուշ հարկադրված կլինեն կատարելու օրենքի պահանջը:

Իսկ հանձնաժողովներով եւ առանց դրանց գործելու տարբերությունը ներկայացնենք այն համայնքների օրինակով, որոնք արդեն սոցիալական անապահովությունը հստակեցնելու, անապահովների նկատմամբ քաղաքականությունը փաստաթղթավորելու եւ կիրառելու աշխատանքներ են իրականացնում:

Ալավերդի համայնքի ավագանին 2017թ. հունիսի 29-ի N 22-Ա որոշումով հստակեցրել է անապահովության շրջանակը եւ դրամական օգնություն տրամադրելու կարգը` «Համայնքի զոհված զինծառայողների, զինծառայողների ընտանիքների սոցիալական պաշտպանվածության բարելավման, պատերազմի վետերանների սոցիալական խնդիրների լուծման, հաշմանդամների, կերակրողին կորցրած ընտանիքների, սոցիալապես անապահով այլ խավերի սոցիալական պայմանների բարելավման վերաբերյալ դիմումները քննարկելու նպատակով ստեղծել մշտական գործող հանձնաժողով եւ հաստատել կազմը»:

Հանձնաժողովը ձեւավորվել է համայնքի ղեկավարի աշխատակազմի, ավագանու անդամներից եւ հասարակական կազմակերպության՝ Պատերազմի եւ աշխատանքի վետերանների խորհրդի, «Վորլդ Վիժն Հայաստան»-ի ներկայացուցիչներից:

Սա այն իդեալական տարբերակն է, որը քարոզել ենք երկար տարիներ, եւ հանձնաժողովների ձեւավորումը տեղական ինքնակառավարման մարմիններում դրան հասնելու հուսալի սկիզբ համարենք:

Նկատելի է նաեւ, որ այն համայնքներում, որտեղ համայնքի ղեկավարը դրամական օգնությունը հատկացրել է հանձնաժողովի եզրակացության հիման վրա, օգնությունների չափը զգալիորեն նվազեցվել է եւ մոտեցվել հանրապետությունում ընդունված սոցիալական նպաստների չափին:

Օրինակ, Թումանյան համայնքում 20 000-25 000-ական դրամ է կազմում անձին տրվող օգնությունը, Ախթալայում՝ 15 000-40 000 դրամ, Գորիսում՝ միջինը 25 000 դրամ, Ստեփանավան համայնքում՝ 10 000-ական դրամ: Մեր նախորդ հրապարակումներում անձին 300 000 դրամ եւ ավելի գումար հատկացնելու դեպքեր ենք ներկայացրել:

Ստեփանավանում 50 000-ական դրամներ տրամադրվել է միայն կոնկրետ դեպքի համար· Ստեփանավան համայնքի ղեկավարին են դիմել համայնքի ազատամարտիկները, որոնց հանգիստը Աջարիայի Քոբուլեթի քաղաքում կազմակերպելու համար ART ընկերությունը ուղեգրեր է ձեռք բերել: Ուղեգրերի արժեքի 60%-ը ART ընկերությունն է ֆինանսավորել, իսկ 40%-ը տրամադրելու խնդրանքով ազատամարտիկները դիմել են համայնքի ղեկավարին: Համայնքի ավագանին որոշել է բյուջեից 50 000-ական ՀՀ դրամի չափով սոցիալական աջակցություն տրամադրել համայնքի ինն ազատամարտիկների եւ մեկ զոհված ազատամարտիկի ընտանիքի անդամին:


Գլխավոր էջ



Մեկնաբանություններ (2)
1. an23:46 - 21 օգոստոսի, 2017
Կարեն Հովհաննիսյանը վարվել է այնպես ինչպես անում են եվրոպայում այսինքն հարկը բաժանել է անապահով ընտանիքներին, արդար և խելոք մարդ
2. ՌՈՒԶԱՆՆԱ09:41 - 22 օգոստոսի, 2017
Հարգելի ՀԵՏՔ, Համայնքի զոհված զինծառայողների, զինծառայողների ընտանիքների սոցիալական պաշտպանվածության բարելավման, պատերազմի վետերանների սոցիալական խնդիրների լուծման, հաշմանդամների, կերակրողին կորցրած ընտանիքների, սոցիալապես անապահով այլ խավերի սոցիալական պայմանների բարելավման վերաբերյալ դիմումները քննարկելու նպատակով հանձնաժողով ստեղծելը դեռ չի նշանակում, որ սոցիալական օգնությունները տրամադրվում են այդպիսի կարիքի մեջ գտնվող անձանց, արդյոք տեսել եք այդպիսի հանձնաժողովի գոնե մեկ եզրակացություն այն էլ պատշաճ պատճառաբանված և հիմնավորված եզրակացություն: Մարզպետարաննեի կողմից մշակված կարգի համաձայն ՏԻՄ-երում ստիպված են եղել հաստատել կամավոր լիազորությունների իրականացման կարգերը և ստեղծել վերոնշյալ հանձնաժողովները: Իսկ իրականում որոշում կայացնելու մենաշնորհը պատկանում է համայնքի ղեկավարմերին, որովհետև թե վերոնշյալ հանձնաժողովները և թե անգամ համայնքի ավագանու անդամները համայնքի ղեկավարի համախոհներն են և բացարձակապես կրում են ձևական բնույթ: Հավատացեք Հայաստանի Հանրապետության բոլոր համայնքներում, բոլոր համայնքներում անխտիր համայնքի ավագանին կրում է բացարձակապես ձևական բնույթ համայնքի ղեկավարները համայնքի բյուջեն տնօրինում են իր կամքով և իր հայեցողությամբ, այն էլ դյուքյանչու հոգեբանությամբ.....
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ