Չորեքշաբթի, 20 սեպտեմբերի

Արթուր Ալեքսանյանը՝ աշխարհի եռակի չեմպիոն



Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում այսօր մեկնարկեց հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունը: Մրցումային առաջին օրը գորգ դուրս եկան Հայաստանը ներկայացնող 4 ըմբիշներ:

Ռիոյի՝ 2016 թվականի օլիմպիական խաղերի չեմպիոն, 98 կգ քաշային Արթուր Ալեքսանյանը կարիերայում երրորդ անգամ հռչակվեց աշխարհի չեմպիոն: Ալեքսանյանը եզրափակիչ գոտեմարտում ուժերն էր չափում Ռուսաստանը ներկայացնող Մուսա Եվլոևի հետ: «Ճերմակ արջ» մականունով հայտնի հայ ըմբիշը կարողացավ 3:1 հաշվով առավելության հասնել ռուս մարզիկի նկատմամբ:

Արթուր Ալեքսանյանը պայքարը սկսեց 1/16 եզրափակիչ փուլից, որտեղ 3:1 հաշվով պարտության մատնեց իրանցի մարզիկ Սեյեդմոստաֆա Սալեհիազադեին: 1/8 եզրափակչում հայ ըմբիշը 10:1 հաշվով հաղթեց ամերիկացի Թրեյսի Հանկոկին: Քառորդ եզրափակչում Ալեքսանյանը կրկին խնդիրներ չունեցավ և 6:2 հաշվով առավելության հասավ վրացի Ռևազ Նադարեիշվիլիի նկատմամբ: Եզրափակիչ դուրս գալու համար Ալեքսանյանը 8:0 հաշվով ջախջախեց ուզբեկ Ռուստամ Ասակալովին: Հիշեցնենք, որ 26-ամյա ըմբիշը աշխարհի չեմպիոն էր դարձել նաև 2014 և 2015 թվականներին:

Մրցագորգ դուրս եկած մյուս հայ ըմբիշները չկարողացան մրցանակային տեղեր զբաղեցնել: 71 կգ քաշային Վարշամ Բորանյանը պարտություն է կրել հենց առաջին գոտեմարտում: 85 քաշային կարգում հանդես եկող Արթուր Շահինյանը հաղթանակով է մեկնարկել, սակայն 1/16 եզրափակչում ճանապարհը զիջել է բուլղարացի մարզիկին:

Մեդալ նվաճելու իրական հնարավորություն ուներ 75 կգ քաշային Կարապետ Չալյանը, ով հասավ մինչև քառորդ եզրափակիչ, որտեղ 2:1 հաշվով պարտվեց սերբ Վիկտոր Նեմեսին: Չալյանը հնարավորություն ստացավ մասնակցելու սփոփիչ գոտեմարտի, որում հաղթելու դեպքում կկարողանար պայքարել բրոնզե մեդալի համար, սակայն այնտեղ նույնպես պարտություն կրեց և մնաց առանց մեդալի:

Լուսանկարը՝ gettyimages.com


Գլխավոր էջ

Տպել    |  In English



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ