HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Էդիկ Բաղդասարյան

Սահմանամերձ գյուղացին մենակ է

Պատերազմը կոտրեց գյուղի մեջքը 

Տավուշի մարզի Ներքին Կարմրաղբյուր գյուղի տների 80 տոկոսը ռազմական գործողությունների հետեւանքով ավերվել է: Գյուղ մտնելիս միանգամից աչքի են զարնում կիսափուլ պատերով, ջարդված պատուհաներով լքված տները: Պատերազմն իր դրոշմը դրել է գյուղի վրա: Կառավարությունը 54 ընտանիքի փոխհատուցում է տվել, որպեսզի վերականգնեն իրենց տները, սակայն ընտանիքների մի մասը չի կարողացել վերանորոգել` շինանյութը թանկ է, տները մեծ են, եւ հատկացված գումարով հնարավոր չէ վերանորոգել տանիքը, պատուհանները, պատերը: Փախստականների նորվեգական խորհուրդը ներկայումս ուսումնասիրություններ է կատարում, որպեսզի վերականգնի գյուղի տները: Կազմակերպության ներկայացուցիչներն այցելում են տուն առ տուն, որոշում վնասի չափը, ընտանիքի սոցիալական վիճակը:

«350 տուն կա գյուղում: Դրանց 80 տոկոսն ավերված է: Պետության տված փողով մի մասը կարողացել է վերանորոգել, մի մասը՝ ոչ, որովհետեւ մեծ տներ կան, որոնց վթարային աստիճանը շատ մեծ էր եւ անհնար էր այդ փողով վերանորոգել: Կվերանորոգվեն նաեւ գյուղը լքածների տները: Մոտ երկու հազար դոլարի չափով կծախսվի յուրաքանչյուր տան վերականգնման համար»-ասում է գյուղի հողաշինարար Հրայր Ավագյանը: 

«Պատերազմի տարիներին գնդակոծությունից տունը վթարային վիճակում է հայտնվել: Եկել նայել, համարել են վթարային վիճակ, շնչերը հաշվել են, խոստացել են վերանորոգել: 7 շունչ են ապրում, երկու տղաս, հարսս, ամուսինս ու երկու թոռներս: Փոքր տղաս բանակում է: Հողամասում ցորեն, գարի ենք ցանում, խաղող ունենք: Ուրիշ տեղից եկամուտ չունենք, էդ հողամասով ենք ապրում: Շատ քիչ բան վաճառում ենք, հազիվ մեզ է հերիքում: Մեր տունը ոչ մի կոպեկ փող չի մտնում, երեխաների համար էլ փող չենք ստանում: Հոսանքի, ջրի վարձը բերքից ենք տալիս: Անասուն չունենք, պատերազմի տարիներին ամուսինս պոստերում չէր հասցնում պահել, ծախել ենք ու մնացել առանց անասունի ու հիմա չենք կարողանում նորը առնել: Որ լինի իհարկե կպահենք, չենք հասցնում, չենք կարողանում մի բան ետ գցել, որ անասուն առնենք: Քայքայված, քանդված գյուղ է էլի, պատերազմը գյուղի մեջքը ջարդեց»,-խարխլված տան դիմաց կանգնած՝ պատմում է æուլիետա Ղահրամանյանը: 

 Վաղինակ Վարդանյանը կառավարության հատկացրած գումարով կարողացել է տուն գնել, հարսն ու թոռներն այնտեղ են ապրում, իսկ ինքը կնոջ հետ շարունակում է ապրել կիսափուլ տանը: «Ես գոհ եմ պետությունից, փող է տվել տուն եմ առել»,-ասում է 77-ամյա ծերունին: «Արտ ունեմ, կհնձեմ, եթե ամեն ինչ լավ լինի, լավ բերք կստանամ: Էս տարի միրգ չկա: Հիմա թոռս ուզում է սովորի: Մի կով ունենք, պիտի ծախեմ, որ ուսման վարձը տանք»: Հարցնում եմ՝ «Իսկ երկրորդ թոռանդ համար ի՞նչ ես անելու»: «Աստված մեծ է, մի բան կլինի, քանի սաղ մնանք, սրա համար էլ ավելի լավ կլինի»,-պատասխանում է Վաղինակ պապը: 

Պատերազմի տարիներին գնդակոծվել է նաեւ գյուղի մշակույթի պալատը եւ ամբողջությամբ վառվել: «Իմ տունն էլ է ամբողջությամբ վառվել, ոչ մի բան չկարողացանք հանել տնիցս: Հիմա կնոջս հետ դոմիկում ենք ապրում»,- գյուղամիջի մեր խոսակցությանը միանում է Արտակ Ադամյանը: 

Գյուղն ունի 1186 բնակիչ, դպրոցում 186 աշակերտ կա: Պատերազմի տարիներին զոհվել է 8, վիրավորվել՝ 9 մարդ: Համեմատած հարեւան գյուղերի հետ՝ այստեղից շատ չեն արտագաղթել: Գյուղապետարանի տվյալներով՝ ժամանակավոր արտագնա աշխատանքի է մեկնել 15 մարդ: 

 Ն. Կարմրաղբյուրը ուղիղ գծով 2 կմ հեռավորության վրա է գտնվում ադրբեջանական սահմանից, իսկ վարելահողերով կպած է ադրբեջանական գյուղերի հողերին: Հողերի 40 տոկոսն ականապատված է: Ընդ որում՝ դրանք լավագույն վարելահողերն են, ընկնում են հայերի եւ ադրբեջանցիների հենակետերի մեջտեղում եւ մարդիկ չեն կարողանում օգտագործել: «Եղած հողերն էլ չենք կարողանում մշակել: Մեզ մոտ վառելիքը շատ թանկ է, չգիտես՝ վառելանյութի փող տաս, մեխանիզատորին տաս, չի ստացվում: 20լ բենզինը 7200 դրամ է հիմա: Մայրաքաղաքից գալիս են, իրենց ուզած գներով տանում են մեր ունեցածը: Իրենք են գին թելադրում: Կարիքավոր գյուղացուց իրենց ուզած գնով տանում են: Մի գառ են վերցնում, մի պարկ պեսոկ են տալիս, տավարի միսը 700 դրամով են տանում, խոզի միսը՝ 900 դրամով, իսկ իրենք վաճառում են 1900-ով: Իսկ գյուղացին իր գոմաղբը չի կարողանում հասցնել հողամաս»,-ասում է Ա. Ադամյանը: 

 «Կտրված ենք քաղաքից, սպառման շուկա չկա: Գյուղացին թեկուզ արտադրում է, սպառելու տեղ չունի: Ճանապարհածախսը մեծ է, դժվար է: Ներդրումներ էլ խուսափում են անել, ասում են ձեր ճանապարհները վատ են, սահմանամերձ են: Ասում են մեր մեքենաների ամորտիզացիայի ծախսերը նույնիսկ չենք կարող հանել»,- ավելացնում է Հրայր Ավագյանը: 

1988թ. գյուղն ուներ 82 հա խաղողի այգի: Այդ տարիներին Ներքին Կարմրաղբյուրը Այգեպար գյուղի Գինու գործարանին էր հանձնում տարեկան մինչեւ 1300 տոննա խաղող: Հիմա այգիները 30 հա են կազմում, որոնց 70 տոկոսը, ինչպես գյուղացիներն են վկայում, արդեն ծեր է: «Պետք է նոր այգիներ հիմնվեն: Գյուղացին ընդհանրապես ոչ մի բանի հնարավորություն չունի»,-շարունակում է Հրայրը: 

 «Վարկավորման ծրագրեր չկա՞ն»,-հարցնում եմ: «Դրանց մասին միայն հեռուստատեսությամբ ենք լսում,-պատասխանում է Հրայրը,-Մեր գյուղում շատ կան երիտասարդներ, որոնք ուզում են անասնապահական, դաշտավարական իրենց փոքր տնտեսությունները ստեղծել, բայց հնարավորություն չկա: Ինձ որպես գյուղապետարանի աշխատակցի երիտասարդները գալիս դրա մասին հարցնում են: Բայց չկա, եթե մի հինգ տարի ժամկետով վարկ տրվի, կհասցնենք ոտի կանգնել: Եթե չէ, էսպես էլ կմնանաք, ավելի կվատանա վիճակը: Մեր ծնողները լավ են ապրել, 40 հա պտղատու այգի ենք ունեցել, հիմա մի հատ ծառ չունենք: Էդ ամբողջը պատերազմի հետքն է: 10 տարի մարդիկ փաստորեն ոչինչ չեն արել: Ավտոմատը ձեռքներին հսկում էին»,-ասում է հողաշինարար Հրայր Ավագյանը, որը բանակից զորացրվել է 1994-ին:

Վերջը լավ է լինելու 

Մեր այցելության օրը գյուղում էին նաեւ Երեւանի կոնյակի գործարանի ներկայացուցիչները: Նրանք բուժանյութ էին բերել գյուղացիներին: 

 «Պեռնո Ռիկարի» ներկայացուցիչները պարարտանյութը եւ բուժանյութը բաժանել են խաղողի տարծքներին: «Խաղողագործությունն արդեն վերացման վտանգի տակ էր եւ էս ֆրանսիական ընկերությունը բավականին բարենպաստ գործունեւություն ծավալեց, որովհետեւ տարվա այս ժամանակ գյուղացիները միջոցներ չեն ունենում գնումներ կատարելու, բուժանյութեր գնելու համար, նրան նախապես տալիս են եւ բերքը հանձնելուց հետո էդ ծախսերը հանում: 

 Նրանք խոստացել են նաեւ տնկիներով օգնել»,-զրույցին խառնվում է դպրոցի պատմության եւ իրավունքի ուսուցիչ Հենրիկ Գալստյանը եւ քիչ հետո ավելացնում,-առաջին հերթին դպրոցն է գյուղին պահողը, նույնիսկ պատերազմի տարիներին այն չի փակվել: Պատերազմին հաջորդած 10 տարում բուհ ընդունվող չունեինք: Սակայն վերջին երեք տարիների ընթացքում արդեն հինգ հոգի ունենք: Այս փլված գյուղից միանգամից երկու պատմաբան ուսանող ունենք: Ես ինձ փոխարինող պատրաստել եմ եւ այդ իմաստով արդեն հանգիստ եմ»: 

 Հարցնում եմ` գյուղի խնդիրների մասին գիտի՞ իրենց պատգամավորը` Հովիկ Աբովյանը: Պարզվում է, որ միայն նախընտրական փուլում է երեւացել, ինչ-որ խոստումներ է տվել ու գնացել:

 Դրանից հետո նրան ոչ ոք չի տեսել Ն. Կարմրաղբյուրում: 

Գյուղը նաեւ մանկապարտեզ ունի, ուր հաճախում է 25 երեխա: Տնօրեն Սվետլանա Մանուչարյանը պատմեց, որ մանկապարտեզին սննդով օգնում են միջգային տարբեր կազմակերպություններ: Յուրաքանչյուր երեխայի համար ծնողներն ամսական 1000 դրամ են վճարում, մնացածը տալիս է գյուղապետարանը: «Ծնողների մի մասը երբեմն չի կարողանում վճարել, փոխարենը մթերք են բերում: Երեխաներ շատ կան, բայց ծնողները չեն կարողանում վճարել, դրա համար էլ չեն բերում մանկապարտեզ»,-ասում է տնօրենը: 

Սաթենիկ տատը 99 տարեկան է: 2005թ. սեպտեմբերի 1-ին նրա հարազատները կտոնեն տատի 100-ամյակը: Նա առույգ է եւ ամեն ինչ հիշում է: «Երկու աղջիկ ունեմ, 6 թոռ, 9 ծոռ, 2 կոռ ու դեռ ավելանում են: Ինձ լավ են նայում, նստում եմ, ամեն ինչ անում են»,-ժպտալով պատմում է Սաթենիկ տատը: Հարցնում եմ՝ իսկ ոգելից խմիչք օգտագործու՞մ է: «Հա, թթի օղի եմ խմում, բայց հիմա որ խմում եմ, ոտներս իմը չեն, վեր եմ ընկնում»,-ծիծաղելով պատասխանում է տատը: «Լավ, տատի, էդքան կյանքի փորձ ունես, մեր վերջն ի՞նչ է լինելու»,-հարցնում եմ Սաթենիկ տատին: 

 «Վախիլ միք, վերջը լավ է լինելու»:

 Լուսանկարները` Օնիկ Գրիգորյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter