HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Խոսրովի անտառ» պետական արգելոցին հարող որսահանդակներում որսը կարգելվի

«Խոսրովի անտառ» պետական արգելոցում բռնկված հրդեհի պատճառով վայրի որոշ  կենդանիներ և թռչուններ տեղափոխվել են հարակից անվտանգ շրջաններ: ՀՀ բնապահպանության նախարարությունն օրեր առաջ կոչով դիմել էր հանրապետության բնակչությանը` ցուցաբերել զգոնություն, զգուշություն ու նաև  հորդորել էր չվնասել աղետի պատճառով անվտանգ վայրեր ու թաքստոցներ փնտրող կենդանիներին:  

Նախարարությունը նաև դիմել էր որսորդներին` օգոստոսի 26-ից սկսվող սիրողական որսաշրջանի ժամանակ զերծ մնալ արգելոցի մերձակա բարձրադիր գոտիներում որս իրականացնելուց: Այնուհետև նախարարությունում կայացել է խորհրդակցություն, որին մասնակցել են նաև որսորդմիությունների ղեկավարները։ Քննարկման արդյունքում համաձայնություն էր ձեռք բերվել համապատասխան փոփոխություն կատարել  ՀՀ բնապահպանության նախարարի՝ Հայաստանի որսահանդակներում որսի կենդանիների 2017-2018 թվականների սիրողական որսի համար թույլատրելի չափաքանակները և որսի ժամկետները սահմանելու մասին սույն թվականի օգոստոսի 1-ին ստորագրված հրամանում։
   
Հրամանի փոփոխությունն արդեն կատարված է, համաձայն որի` որս չի թույլատրվում ՀՀ Արարատի մարզի հյուսիս-արևելյան որսահանդակում, որը գտնվում է ՀՀ Կոտայքի, Գեղարքունիքի  և մասամբ Վայոց ձորի մարզերի հետ սահմանագծով անցնող Գեղամա լեռնաշղթայի հարավ-արևմտյան լանջին տեղակայված բարձր լեռնային գոտու տարածքներում` Լանջազատ, Ն.Դվին, Վ.Դվին, Նորաշեն, Նարեկ, Քաղցրաշեն, Զանգակատուն, Ուրցաձոր համայնքների վարչական սահմաններում, ՀՀ Արարատի մարզի կենտրոնական - հյուսիսային որսահանդակում, որը գտնվում է «Խոսրովի անտառ» պետական արգելոցին հարող Երանոսի լեռնաշղթայի հարավ-արևմտյան լանջին տեղակայված նախալեռնային գոտու տարածքներում` Գետազատ, Լանջազատ, Ն.Դվին, Վ.Դվին, Նորաշեն, Նարեկ, Քաղցրաշեն, Ուրցաձոր, Այգեզարդ, Դաշտաքար, Գինեվետ համայնքների վարչական սահմաններում և ՀՀ Վայոց ձորի Վայք որսահանդակում, որը գտնվում է ՀՀ Սյունիքի մարզի հետ սահմանագծով անցնող Զանգեզուր լեռնաշղթայի արևմտյան լանջերում` սկսած Կորդաբակ լեռան լանջերից մինչև Ամուլսարի ստորոտները` Սարավան, Արտավան, Գոմք, Մարտիրոս, Սերս, Բարձրունի, Զառիթափ համայնքների վարչական սահմաններում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter