HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ավարտվել է Աշտարակ քաղաքի բնակչի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը

ՀՀ քննչական կոմիտեից հայտնում են, որ ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում ավարտվել է Աշտարակ քաղաքի բնակիչ՝ Հ.Մովսիսյանի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը. մեղադրանք է առաջադրվել մեկ անձի:

2017թ. ապրիլի 10-ին Աշտարակ-Գյումրի ավտոճանապարհից մոտ 250 մետր հեռավորության վրա գտնվող վագոն տնակում հայտնաբերվել էր Աշտարակ քաղաքի բնակիչ Հ.Մովսիսյանի դին՝ հրազենային բազմաթիվ վնասվածքներով:

Դեպքի առթիվ հարուցված քրեական գործով ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, շարժառիթը, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով հանդիսանում է Աշտարակի քաղաքի 46-ամյա բնակիչը:

Մասնավորապես՝ նախնական քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ Հ.Մովսիսյանի և 46-ամյա տղամարդու միջև, ովքեր եղել են մտերիմ հարաբերությունների մեջ, 2017թ. ապրիլի 10-ին Աշտարակ քաղաքում գտնվող վագոն տնակում կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն է սկսվել, որի ժամանակ 46-ամյա տղամարդն ինքնաձիգից կրակահերթ է արձակել Հ.Մովսիսյանի ուղղությամբ՝ պատճառելով կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ։ Ապա հանցագործության գործիք հանդիսացող ինքնաձիգն ու վագոն տնակում առկա մյուս ինքնաձիգը 46-ամյա տղամարդը դրել է տուժողի «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենայի սրահում և նշված ավտոմեքենայով դիմել փախուստի՝ ուղևորվելով Աշտարակ քաղաքի հրապարակի ուղղությամբ, սակայն ճանապարհին վթարի է ենթարկվել՝ բախվելով մի քանի ավտոմեքենաների և, մեքենան թողնելով վթարի վայրում, հեռացել է: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում՝ տղամարդը հայտնաբերվել է և ներկայացվել վարույթն իրականացնող մարմնին։

Մինչդատական վարույթում ձեռք բերված բավարար  ապացույցների համակցությամբ՝ 46-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով և 235-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter