Կիրակի, 23 սեպտեմբերի

Բերքաբերում անտեսում են պատերազմը, արարում, անեկդոտներ հորինում


Մինչեւ Թիֆլիս-Ղազախ-Դիլիջան-Երեւան ավտոճանապարհի կառուցումը, երբ ԽՍՀՄ կառավարությունը որոշեց իրար ավելի մոտեցնել երեք «եղբայրական» հանրապետությունների մայրաքաղաքները, Բերքաբերը` այն ժամանակ Ջողազ (Ճոխազ) անունով, շատ կարեւոր ու զարգացման մեծ հեռանկարով բնակավայր էր։

Տեղացիներն ասում են՝ ասես աշխարհի կենտրոնը լիներ։ Ժամանակին եղել է Թիֆլիս-Կարմիր կամուրջ-Դիլիջան-Երևան թագավորական քարավանային ճանապարհի վրա։

Գյուղի պատմաազգագրական թանգարանում մի քանի հարյուր ցուցանմուշ կա Բերքաբերի փառունակ անցյալի մասին։

Հայ-ադրբեջանական պատերազմի սկսվելուց ի վեր Բերքաբերում, թվում է, մեկ բան է մնացել՝ կրակոցներ, պատերազմ։ Բերքաբեր բառն ասոցացվում է պատերազմի հետ։

Գյուղն ադրբեջանական զինուժի խրամատներից բաժանվում է առանձնապես ոչ խոշոր Ջողազի ջրամբարով։ Ու չնայած սահմանային իրադրության լարվածությանը, թե´ այս կողմից, թե´ այն, ձկնորսները որս են անում։ Եթե լարվածությունը շատ է, ապա որսը կատարվում է գիշերով։

Բերքաբերի գյուղապետարանում փակցված է տեղեկանք այն մասին, թե ռազմական գործողությունների ժամանակ ինչպես ստեղծել պարզագույն թաքստոցներ

Գյուղապետարանում փակցված այս թերթոնը բացատրում է, թե ինչպես կառուցել պարզագույն թաքստոցներ

Բերքաբերի դիմաց մեկ ադրբեջանական գյուղ կա՝ Մազամը։ Եւս մեկ գյուղ գոյություն ուներ պատերազմից առաջ։ Դա Ղզլհաջին էր։ Բերքաբերցիները պատմում են, որ Ղզլհաջին ավիրվեց պատերազմի ժամանակ, բնակչություն չկա, լքել են իրենց տները, տարածքն անցել է հայկական զինված ուժերի վերահսկողության տակ։

Ասում են` եթե Մազամն էլ դատարկված լիներ, մեր վիճակը շատ վատ կլիներ։ Մազամը զսպաշապիկ է ադրբեջանցի զինվորների համար։ Երբ ադրբեջանցի զինվորները Բերքաբերի ուղղությամբ կրակում են, մազամցիները գնում են դիրքեր ու զսպում իրենց զինվորներին, քանի որ ի պատասխան՝ հայկական զինված ուժերն էլ նշանառության տակ են պահում Մազամը։

Այս անգամ պատմությունը, սակայն, Բերքաբերի տեսած պատերազմի մասին չէ։ Գյուղում կան ստեղծագործ մարդիկ, կան մարդիկ, ովքեր ապրում են թշնամու դիրքերի դեմ-դիմաց՝ չվախենալով Ջողազի ջրամբարի ափին սուրճ խմել, պահպանում լավատեսությունն ու անգամ քաղաքական անեկդոտներ հորինում։

Արմինե Եգանյանը եւս երկու բերքաբերցի կանանց հետ արջուկներ է գործում։ Հելունագործություն սովորել են «Բերդի կանանց ռեսուրս կենտրոն» հիմնադրամի կազմակերպած դասընթացներում։

Նախագիծը կոչվում էր «Բերդի արջուկներ»։ Ստեղծվել են ինքնատիպ արջուկներ եւ մեղուներ, որոնք բերքաբերցի կանայք գործել են հատուկ մեղր արտադրող ընկերության համար։ Արջուկները վաճառվել են մեղրի տակառների հետ միասին։

Արմինեն պատմում է, որ որոշ ժամանակ իր ընտանիքը կայուն եկամուտ է ունեցել արջուկների շնորհիվ։ «Առաջին պատվերում 10 հատ էր, երկու օրում գործել եմ, տնային գործերիս զուգահեռ։ Մենք հումքը ստանում էինք, եւ յուրաքանչյուր արջուկի դիմաց վարձատրվում 2000 դրամով։ Ամեն դեպքում, ամսվա մեջ քանի հատ էլ գործեինք, Բերքաբերի պայմաններում՝ կայուն եկամուտն ապահովված էր։ Գոհ էինք»,- պատմում է Արմինե Եգանյանը։

Արմինեի ամսական եկամուտը կազմել է մինչեւ 40 հազար դրամ։

Ներկայումս կանայք հելունագործությամբ շարունակում են զբաղվել սեփական հաճույքի համար։ Արջուկների պատվերներ այլեւս չեն ստանում։ Ակնկալում են, որ պատերազմից հեռու եւ ավելի ապահով «աշխարհներում» մի նոր նախաձեռնություն կլինի, եւ իրենց արտադրանքը՝ արդեն նոր կերպարների տեսքով, կրկին շուկա կհանվի։

Բերքաբերի ճանապարհները՝ թե´ գյուղ տանող, թե´ գյուղամիջյան, սարսափելի վատ վիճակում են։ Եթե երբեւէ, պայմանավորված պատերազմական իրավիճակով, կարիք լինի բնակչությունն էվակուացնելու, ապա բերքաբերցիները դրա համար շատ մեծ գին կվճարեն՝ սեփական անվտանգությունը։

Ու քանի որ գյուղում հարթ ու բարեկարգ ճանապարհներ չկան, Արմինեի ամուսնու՝ Բոբիի, այս տարի խոպանից բերած միակ նվերը՝ hoverboard-ը, նրա որդին վարում է տան պատշգամբում։

Բերքաբերը շատ թաքնված գանձեր ունի։ Հազարից մեկ գյուղում կարող ես գտնել մոտ 150 տարվա հարսի զգեստ։

Աննա Մուրադյանը ցուցադրում է իր ամուսնու տատիկի՝ Ալմաստի հարսանեկան կարմիր զգեստը։

Ալմաստն ապրել է Մոկսում։ Նրա հարսանիքը, ըստ ժառանգների, տեղի է ունեցել 1870-1880-ական թվականներին։ Գաղթի տարիներին նա, տեսողությունը կորցրած, հրաժարվել էր հեռանալ ծննդավայրից։ Սակայն որդին մորը ստիպողաբար հանել է Մոկսից, մոր հետ էլ՝ նրա հարսանեկան կարմիր զգեստը, որով այսօր կհպարտանար ցանկացած պատմաազգագրական թանգարան։

Տիկին Աննան ասում է, որ զգեստը վերցնելու, թանգարաններ տեղափոխելու առաջարկներ շատ է ստացել, բայց իր ընտանիքը միշտ մերժել է։ Այն ոչ միայն Մուրադյանների, այլեւ ողջ Բերքաբերի գանձն է։


Գլխավոր էջ

Տպել    |  In English

Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։